Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԱՆԴ/0046/01/16

Գործ թիվ ԵԱՆԴ/0046/01/16

Նախագահող դատավոր՝

 Մ․Պապոյան

Դատավորներ՝

 Ս․Մարաբյան

 Ա․Վարդանյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

27 դեկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Մկրտիչ Սահակի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17809215 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական օրենսգիրք)՝ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2015 թվականի դեկտեմբերի 24-ին Մկրտիչ Սահակի Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

2015 թվականի դեկտեմբերի 26-ին նախաքննության մարմնի որոշմամբ Մկրտիչ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Մ.Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի սեպտեմբերի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճռով Մ.Բաբայանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ ազատազրկում՝ 17 (տասնյոթ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Մ.Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 21 (քսանմեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ից: Մ.Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Լևոն Մելքոնյանը:

3. Ամբաստանյալ Լ.Մելքոնյանի և նրա պաշտպան Ա.Ջուվանովայի, ինչպես նաև ամբաստանյալ Մ․Բաբայանի պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ՝ 2021 թվականի հունվարի 25-ին և նույն թվականի փետրվարի 9-ին վճռաբեկ բողոքներ են ներկայացրել համապատասխանաբար պաշտպաններ Լ.Սիմոնյանը և Ա.Ջուվանովան: Պաշտպան Ա.Ջուվանովայի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 7-ի որոշմամբ մերժվել է։ Պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 նոյեմբերի 8-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է բողոքում վկայակոչված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի՝ նախկինում կայացրած որոշումներին, ինչպես նաև թույլ են տրվել ամբաստանյալ Մ.Բաբայանի իրավունքների հիմնարար խախտումներ: Ըստ բողոքաբերի՝ դատարանները սխալ են գնահատել գործով ձեռք բերված ապացույցները և ամբաստանյալ Մ.Բաբայանի մեղավորության վերաբերյալ իրենց հետևությունների հիմքում դրել են ենթադրություններ ու անթույլատրելի ապացույցներ: Ամբաստանյալ Մ.Բաբայանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը ստացվել է քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, մասնավորապես անցկացվել է գիշերային ժամին, այն է՝ սկսվել է 25.01.2019 թվականին՝ ժամը 00:55-ին և ավարտվել է 04:40 րոպե, թեև ձերբակալման արձանագրությունը կազմվել է նախորդ օրը՝ ժամը 19:40-ին: Նշյալ հանգամանքը հանգեցրել է նրան, որ ամբաստանյալ Մ.Բաբայանը, հոգնած և շփոթված վիճակում գտնվելով, ցուցմունքում նշել է իրականությանը չհամապատասխանող տվյալ:

6. Բողոքաբերի պնդմամբ՝ ամբաստանյալ Մ.Բաբայանի դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե տուժողին մահ պատճառելուն, այլ ավազակային հարձակում կատարելուն, և նրա արարքում, բացի տուժողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով հափշտակություն կատարելուն ուղղված գործողություններից, այլ գործողություններ առկա չեն: Ինչպես երևում է դատաքննությամբ հետազոտված՝ «Արաքս» բենզալցակայանի տեսախցիկների զննության արձանագրությունից և նկարահանված տեսանյութերից, Մ.Բաբայանի արարքում բացակայում են տուժողին մահ պատճառելուն ուղղված գործողությունները, այսինքն՝ սպանության օբյեկտիվ կողմը: Դրա մասին է վկայում նաև Մ.Բաբայանի կողմից տուժողին պատճառած վնասվածքների ծանրության աստիճանը: Ինչպես երևում է գործի փաստական հանգամանքներից և Մ․Բաբայանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումից, վերջինս կրակայրիչ-ատրճանակի կոթով հարվածներ է հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխի և դեմքի շրջաններին:

Վերը նշվածից հետևում է, որ Մ.Բաբայանի գործողությունները՝ նրա կողմից տուժողին պատճառած վնասվածքները, որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես նրան մահ պատճառելուն ուղղված գործողություններ, քանի որ դրանք վերջինիս կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չեն եղել:

Բացի այդ, նույնիսկ եթե դատարաններն ապացուցված են համարել մյուս ամբաստանյալի արարքում սպանության հանցակազմի առկայությունը, ապա ամբաստանյալ Մ.Բաբայանի գործողությունները նման պայմաններում չէին կարող որակվել միևնույն հոդվածով, քանի որ տեղի է ունեցել հանցակցի սահմանազանցում: Գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհիմնավորեր ամբաստանյալների մոտ տուժողին մահ պատճառելու նախնական համաձայնությունը:

6.1. Բողոք բերած անձի կարծիքով, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը թույլ են տվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտում: Մասնավորապես, սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ քրեական գործն Առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին, գործի քննությունը տևել է երեք տարի երեք ամիս, Վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքները վարույթ է ընդունել 2020 թվականի փետրվար ամսին, իսկ դատական ակտը կայացվել է տասը ամիս անց՝ այն դեպքում, երբ գործի քննությունն իրականացվել է վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, այն է՝ լսվել են ներկայացված բողոքների հիմնավորումները և դրանց վերաբերյալ մեղադրողի պատասխանը:

7. Բողոքի հեղինակը պնդել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը Մ.Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակելիս ևս թույլ է տվել դատական սխալ։ Որպես մեղմացնող հանգամանք հաշվի չառնելով այն, որ Մ.Բաբայանը մեղադրանքի մի մասով իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարվածի համար և տվել է խոստովանական ցուցմունքներ, Առաջին ատյանի դատարանը նշանակել է ակնհայտ խիստ պատիժ:

8. Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը միջին ծանրության հանցագործություն է, և այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անցել է հինգ տարի: Սույն դեպքում ամբաստանյալ Մ.Բաբայանին մեղսագրված վերոգրյալ արարքն ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին և նրա նկատմամբ մինչ օրս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հետևապես Մ.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբաստանյալ Մ.Բաբայանի մասով բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով ճանաչել վերջինիս անմեղությունն ու արդարացնել, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նշանակված պատժաչափը մեղմացնել, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Մ.Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

10. Նախաքննության մարմնի որոշմամբ Մկրտիչ Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա, ուրիշի գույքն ավազակային հարձակման եղանակով հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկեր, Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 22-րդ շենքի 23-րդ բնակարանի բնակիչ Լևոն Մելքոնյանի հետ, այդ նպատակով նախապես ձեռք են բերել դիմակ, հակագազ, ներծալովի դանակ, 2 զույգ բժշկական ձեռնոցներ և կրակայրիչ ատրճանակ, 2015թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով գնացել են Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» բենզալցակայանի մոտ, որտեղ Մ.Բաբայանը հագել է դիմակ և բժշկական ձեռնոցներ, վերցրել որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող կրակայրիչ-ատրճանակը, իսկ Լ.Մելքոնյանը հագել է հակագազն ու բժշկական ձեռնոցները, զինվել է որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող դանակով, որից հետո խմբով հարձակվել են «Արաքս» բենզալցակայանի աշխատակից, Երևան քաղաքի Մոլդովական 28/1 շենքի 36 բնակարանի բնակիչ Ավետիք Ազատի Մարտիրոսյանի վրա և պահանջել են գումար, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը, ուրիշի գույքին տիրանալու իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, վերջինիս շահադիտական դրդումներով զուգորդված ավազակությամբ սպանելու դիտավորությամբ նրա նկատմամբ կիրառել են կյանքի համար վտանգավոր բռնություն, այն է՝ Մ.Բաբայանը քաշքշել է Ա.Մարտիրոսյանի զգեստից, ձեռքով փակել է նրա բերանն ու իր ձեռքին գտնվող որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող կրակայրիչ ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառել մարմնական վնասվածքներ, այդ կերպ թուլացնելով վերջինիս դիմադրությունը, իսկ Լ.Մելքոնյանը, նշված գործողություններին զուգահեռ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Մարտիրոսյանի ձախ ձեռքի և որովայնի շրջաններին, պատճառելով՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի մկանների, առպատային թոքամզի, սրտապարկի, սրտի և ձախ թոքի վերին բլթի վնասումով, ձախ նախաբազկի շրջանի միմյանց հետ հաղորդակցվող ծակած-կտրած վերքեր նախաբազկի առաջնային մակերեսի մկանների և փոքր տրամաչափի երակների վնասումով, ձախ դաստակի ներսային մակերեսի ծակած կտրած վերք՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Այդ պահին Մ.Բաբայանը և Լ.Մելքոնյանը նկատելով իրենց մոտեցող «Իբիցա» հյուրանոցային համալիրի աշխատակիցներին դիմել են փախուստի, իսկ Ա.Մարտիրոսյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է: Բացի այդ, Մ.Բաբայանը գործով չպարզված աղբյուրից և ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Նոր Նորքի Գայի պողոտայի 37-րդ շենքի 6-րդ բնակարանի, իր ննջասենյակի պահարանում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող 24 հատ 7,62 մմ տրամաչափի և 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք 24.12.2015թ. նշված հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են»2:

11. Ամբաստանյալ Մ.Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղավոր է ճանաչել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից տուժողին կյանքից զրկելու ուղղությամբ ոչ մի գործողություն չի իրականացվել, առավել ևս իր և Լ.Մելքոնյանի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել` տուժողին կյանքից զրկելու վերաբերյալ3:

12. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է հետևյալը․ «(...) [Վ]երլուծելով ամբաստանյալներ Լ.Մելքոնյանի և Մ.Բաբայանի դատաքննության ու նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, համադրելով դրանք դատաքննության և նախաքննության ընթացքում (…) ձեռք բերված և հետազոտված այլ ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը հաստատված է համարում, որ. (…) Ամբաստանյալ (…) Մ.Բաբայանի կատարած հանցանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին։

(…)

Դատարանն ամբաստանյալ Մ.Բաբայանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չի արձանագրում, իսկ որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հանցանքներն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Հաշվի առնելով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը՝ Դատարանը հանգում է հետևության, որ նրա նկատմամբ պատիժ անհրաժեշտ է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի և որի կիրառմամբ կապահովվեն նրան ուղղելու, նոր հանցանքի կատարումը կանխելու և սոցիալական արդարությունը վերականգնելու ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները և կպահպանվեն ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները»4:

13. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ (…) Մկրտիչ Բաբայանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից և պատժից:

Այդ առումով Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով ամբաստանյալներ Լևոն Մելքոնյանին և Մկրտիչ Բաբայանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չլինելու վերաբերյալ պաշտպանների փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար (...)»5։

13.1. Անդրադառնալով պաշտպանների կողմից վերաքննիչ բողոքներում նշված՝ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժների արդարացիության հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ (...) Մկրտիչ Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այլև նրա անձը։

(...) Որպես ամբաստանյալ Մկրտիչ Բաբայանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք` Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել հանցանքներն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, իսկ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ չի արձանագրել, որպիսի պայմաններում եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալ Մկրտիչ Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 21 (քսանմեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման»6։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Մ.Բաբայանի արարքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

15. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»։

Վճռաբեկ դատարանն Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ՝

1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից,

2. գործողությունների համատեղությունը,

3. հանցակցության դիտավորյալ բնույթը:

Հանցակցության առաջին օբյեկտիվ հատկանիշը՝ հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու կամ մի քանի անձ։ Հանցակիցներ կարող են լինել քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղսունակ ֆիզիկական անձինք։ Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը։

Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը՝ հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը։ Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում։ Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է։ ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը։ Հանցակցության նման բնորոշումը հստակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն դիտավորյալ հանցագործություններում (...)։

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի (...) 2-րդ մասը սահմանում է, որ կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ (...)։ Եթե կատարողները երկու կամ ավելի անձիք են, ապա այդպիսի հանցակցությունը կոչվում է համակատարում, որի դեպքում հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է կատարի հանցագործության օբյեկտիվ կողմը։ Համակատարում նշանակում է, որ երկու կամ ավելի անձինք անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը»7։

16. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանրացնող հանգամանքներում՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարած սպանության համար:

Վճռաբեկ դատարանը Վալերի Բաբայանի գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու համար: Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, երբ երկու և ավելի անձինք, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու պրոցեսին՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, ընդ որում պարտադիր չէ, որ մահ առաջացնող վնասվածքները պատճառված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից (օրինակ՝ մեկը հաղթահարում է տուժողի դիմադրությունը՝ զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ մյուսը պատճառում է մահացու վնասվածքներ,

(...) Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն համարելով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ըստ էության տարբերություն չի դնում, թե խումբը սպանությունը կատարել է նախնական համաձայնությամբ, թե առանց նախնական համաձայնության:

Ինչպես առանց նախնական համաձայնության, այնպես էլ նախնական համաձայնությամբ խմբի կողմից սպանություն կատարելու դեպքում պարտադիր պայման է երկու կամ ավելի կատարողների՝ համակատարողների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը պետք է անմիջականորեն՝ լրիվ կամ մասամբ կատարի հանցագործության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ:

Սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանության պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամբ, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը՝ ներառյալ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնությունը, կատարվել է հանցակիցներից յուրաքանչյուրի կողմից:

Փաստորեն, սպանության համատեղ կատարման տակ պետք է հասկանալ հանցակիցների փոխադարձ համաձայնությամբ հանցագործության օբյեկտիվ կողմի կատարումը: Ընդ որում, համատեղ կատարած սպանության դեպքում պարտադիր չէ, որ համակատարողները կատարեն միևնույն գործողությունները, նրանց գործողությունները կարող են տարբեր լինել:

(…) Ելնելով հանցանքը համատեղ կատարելու մասին ունեցած պայմանավորվածությունից՝ հանցակիցների միջև կարող է կատարվել դերաբաշխում: Այս դեպքում հանցակցի կողմից կատարվող գործողությունների ծավալը կարող է էապես տարբերվել հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մյուս հանցակցի գործողություններից, սակայն համակատարողների ունեցած մասնակցության աստիճանն արարքի որակման համար նշանակություն չունի: Եթե խմբակային սպանության օբյեկտիվ կողմի կատարման դեպքում համակատարողների միջև կարող է դերաբաշխում կատարվել, ապա այդ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հետ կապված նույնը լինել չի կարող, քանի որ հանցակիցներից յուրաքանչյուրը գիտակցում և խմբի այլ անդամի կամ անդամների հետ համատեղ իրականացնում է հանրորեն վտանգավոր արարքը:

(...) Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցակազմի համար պարտադիր է ինչպես հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը՝ երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, այնպես էլ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշի առկայությունը՝ սպանությունը միասին կատարելու հանցակիցների գիտակցումը»8:

17. Սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Բաբայանի մեղքը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված արարքում հաստատված է, և այդ մասով բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են, մասնավորապես, Մկրտիչ Բաբայանի և Լևոն Մելքոնյանի, որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված ցուցմունքներով, տուժողի իրավահաջորդ Ազատ Մարտիրոսյանի, տուժողի ներկայացուցիչ Էդիկ Մելքոնյանի, վկաներ Աննա Ոսկանյանի, Նոնա Թամրազյանի, Սեյրան Գևորգյանի, Իշխան Վարոսյանի, Մարիամ Դավթյանի, Արտյոմ Կիրակոսյանի, Հովհաննես Սևլիկյանի, Վահե Աղանիկյանի, Արտաշես Հարությունյանի, Վահե Սարգսյանի, Գեղամ Դավթյանի, Արմենակ Համբարձումյանի, Աշոտ Միասնիկի Ղազարյանի, Հարություն Չեգելեզյանի, Արամ Վարդանյանի, Աշոտ Գուրգենի Ղազարյանի, Արթուր Վարդանյանի, դատաձգաբանական փորձաքննության թիվ 3696-15, դատագենետիկական փորձաքննության թիվ 200 և թիվ 201, դատաբժշկական փորձաքննության թիվ 1406, դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության թիվ 03381606, դատակենսաբանական փորձաքննության թիվ 502 եզրակացություններով, տուժող Ավետիք Ազատի Մարտիրոսյանի դիակի զննության արձանագրությունով, դեպքի վայրի` Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանի զննության արձանագրությունով, նույն բենզալցակայանին պատկանող՝ տեսանկարահանող համակարգերի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի ժամը 04:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունով, նույն բենզալցակայանից առգրավված «Ֆիլա» ապրանքանիշի սպորտային բաճկոնի զննության արձանագրությունով, նույն բենզալցակայանի և դրա հարակից տարածքի զննության արձանագրությունով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից առգրավված տուժող Ա․Մարտիրոսյանի հագուստների զննության արձանագրությամբ, Երևան քաղաքի Գայի պողոտայի 37-րդ շենքի 6-րդ բնակարանի խուզարկության արձանագրությունով, մեղադրյալ Լևոն Մելքոնյանի մասնակցությամբ կատարված՝ Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանի և դրա հարակից տարածքի զննության արձանագրությունով և զննության տեսաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակով, մեղադրյալ Մկրտիչ Բաբայանի մասնակցությամբ կատարված Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գտնվող «Արաքս» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանի և դրա հարակից տարածքի զննության արձանագրությունով և զննության տեսաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակով, «Ալեքս Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Գայի պողոտա 16-րդ հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի դեղատանն առկա տեսախցիկի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակի զննությունով9:

18․ Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում նշված փաստարկին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 15-16-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ արարքը որպես խմբի կողմից կատարված սպանություն որակելու համար, ամենևին պարտադիր չէ, որպեսզի տուժողի մահը վրա հասնի համակատարողներից յուրաքանչյուրի կողմից հասցված վնասվածքների արդյունքում, այլ բավարար է արձանագրել, որ նրանցից յուրաքանչյուրը կատարել է տուժողին կյանքից զրկելու օբյեկտիվ կողմը կազմող որոշակի գործողություն՝ այն գիտակցմամբ, որ գործում է խմբի մյուս անդամի հետ համատեղ, նրանց գործողությունները համաձայնեցված են և ուղղված միևնույն հանցավոր հետևանքին, նախատեսում է այդ հետևանքի վրա հասնելը, ցանկանում այն կամ գիտակցաբար թույլ տալիս։ Սույն գործով Մ․Բաբայանը, թեև անմիջականորեն տուժողին մահ առաջացնող վնասվածքներ չի պատճառել, սակայն իր գործողություններով նպաստել է Լ․Մելքոնյանի կողմից այդպիսիք կատարելուն, մասնավորապես՝ քաշքշել է տուժողի զգեստից, փակել է բերանը և կրակայրիչ ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և դեմքին՝ այդպիսով կոտրելով վերջինիս դիմադրությունը և զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ Լ.Մելքոնյանը, նշված գործողություններին զուգահեռ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Մարտիրոսյանի ձախ ձեռքի և որովայնի շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում տուժողը մահացել է։

19․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`

(…)

5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.

(…)։

2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսևորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ»:

Ապացույցների թույլատրելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի գործով որոշմամբ , այնուհետև ներկայացված իրավական դիրքորոշումները զարգացնելով՝ Սարիբեկ Հարությունյանի գործով որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]պացույցների ձեռքբերման գործընթացում էական չեն կարող համարվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի այն խախտումները, որոնցով չեն սահմանափակվել դատավարության մասնակիցների` օրենքով երաշխավորված իրավունքները կամ այդ իրավունքներից նրանք չեն զրկվել, ինչպես նաև այն խախտումները, որոնք ստացված փաստական տվյալների հավաստիության վրա չեն ազդել կամ չէին կարող ազդել։ Այլ խոսքով` քննչական կամ այլ դատավարական գործողություննների կատարման ժամանակ թույլ տրված քրեադատավարական օրենսդրության խախտումները պետք է գնահատվեն` ելնելով դրանց բնույթից, ծանրությունից և վերոնշյալ գործողությունների արդյունքում ստացված ապացուցողական նյութի որակի և հավաստիության վրա դրանց ազդեցության աստիճանից։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացույցն անթույլատրելի ճանաչելը` որպես իրավական հետևանք, պետք է տեղի ունենա միայն քրեադատավարական օրենսդրության էական խախտման առկայության պարագայում։ Հակառակ դեպքում ապացույցների թույլատրելիության հարցին կցուցաբերվի ձևական մոտեցում, ինչն էլ կհանգեցնի ապացուցողական նյութի անտեղի կորստի»11:

19.1. Անդրադառնալով Մ.Բաբայանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը քրեադատավարական օրենսդրության էական խախտմամբ ձեռք բերված լինելու վերաբերյալ բողոքաբերի պնդումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ. գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ Մ․Բաբայանը ձերբակալվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19․40-ին, իսկ նրա՝ որպես կասկածյալ հարցաքննությունը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00․55-ին, և ավարտվել 04․40-ին։ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 20․00-ից 23․50-ն ընկած ժամանակահատվածում, հարցաքննվել է կասկածյալ Լ․Մելքոնյանը, իսկ 23․55-ից սկսած կատարվել են այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ կայացվել են մի շարք փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներ, որոնց ծանոթացվել է կասկածյալ Լ․Մելքոնյանը, ինչպես նաև Մ․Բաբայանը ծանոթացվել է որպես կասկածյալ իր իրավունքներին և հայտնել, որ չի ցանկանում պաշտպան ունենալ12։

Վերոգրյալ փաստական հանգամանքների համատեքստում, հիմք ընդունելով սույն որոշման 19-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում թույլ չի տրվել քրեադատավարական օրենսդրության այնպիսի էական խախտում, որը կհանգեցնի ձեռք բերված ապացույցի անթույլատրելիության, հետևաբար վերոնշյալի կապակցությամբ բողոքաբերի փաստարկներն անհիմն են։

19.2. Ինչ վերաբերում է սույն որոշման 6.1-րդ կետում մեջբերված՝ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանների կողմից ողջամիտ ժամկետի խախտում թույլ տալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով քննվող գործի ծավալը, բնույթն ու բարդությունը, հանցակիցների կողմից կատարված լինելու հանգամանքը, ինչպես նաև գործի քննության ընդհանուր տևողությունը, արձանագրում է, որ դրանք բավարար չափով հիմնավորված չեն։

20. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մ.Բաբայանի արարքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են13:

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Մ.Բաբայանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

22. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

Նշված օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»։

23. Մեջբերված նորմերի վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Դավիթ Հովհաննիսյանի գործով որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը. «(...) Պատիժ նշանակելու արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով։ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով։ Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով՝ հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ է և բավարար այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար»14։

24․ Մեղքն ընդունելու և խոստովանական ցուցմունքներ տալու հանգամանքի նշանակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սերոբ Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ, ըստ որի՝ «(...) Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, թե ամբաստանյալ Ս.Սարգսյանի կողմից մեղքն ընդունելը և կատարածի համար զղջալը չի կարող դիտվել որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք (․․․)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղքն ընդունելը կամ չընդունելն անձի սուբյեկտիվ իրավունքն է, որը նախատեսված և երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 21-րդ և 22-րդ հոդվածներով։ Հետևաբար, մեղքը չընդունելը չի կարող պատիժ նշանակելիս հաշվի առնվել և հակառակը` մեղքն ընդունելը և կատարածի համար անկեղծորեն զղջալը ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում բարենպաստ քրեաիրավական նշանակություն ունեցող հանգամանք է և կարող է կատարել պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի դեր։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղքն ընդունելը և կատարածի համար անկեղծորեն զղջալը, որպես մեղավոր անձի հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, զղջացել է դրա համար։ Մեղքն ընդունելու պարագայում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է»15։

25․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Բաբայանը մասնակիորեն ընդունել է մեղքը, մասնավորապես, որպես կասկածյալ տված ցուցմունքով ընդունել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարումը, այդ մասով տվել է խոստովանական ցուցմունքներ, որպես մեղադրյալ տված բոլոր ցուցմունքներում չի փոխել իր դիրքորոշումը, իսկ դատաքննության ընթացքում տված ցուցմունքով իրեն մեղավոր է ճանաչել նաև նույն օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ16։

26․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 23-24-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, սույն գործով պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ չարձանագրելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել գործի նյութերով հաստատվող այն հանգամանքը, որ Մ․Բաբայանը նախաքննության և դատաքննության ընթացքում մասնակիորեն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասով, ընդունել է իր մեղքը, այդ մասերով տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել է կատարած արարքների համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ստորադաս դատարաններն ամբաստանյալի կողմից մեղքը մասնակիորեն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալը և կատարվածի համար զղջալը չեն դիտարկել որպես պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք և այդ առումով կայացրել են թերի պատճառաբանված դատական ակտեր, այդուհանդերձ, հաշվի առնելով կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքի առկայությունը (հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը), ինչպես յուրաքանչյուր հանցագործության համար առանձին, այնպես էլ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նշանակել են համաչափ պատիժ։ Այլ կերպ՝ սույն գործի հանգամանքների համատեքստում վերլուծելով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Մ․Բաբայանի նկատմամբ նշանակված կոնկրետ պատիժները և դրանք մասնակիորեն գումարելու արդյունքում նշանակված վերջնական պատիժը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննարկվող մեղմացնող հանգամանքը հաշվի չառնելն ըստ էության չի հանգեցրել անհամաչափ պատժի նշանակման։

Հետևաբար, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Մ.Բաբայանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են։

27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Մ․Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

28․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

(…)»։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

29. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները17:

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցանքն ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին18: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Մ.Բաբայանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2020 թվականի դեկտեմբերի 9-ին19: Նշված որոշման դեմ Մ.Բաբայանի պաշտպանը՝ 2021 թվականի հունվարի 25-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ20:

31. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Մ.Բաբայանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի նրա նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

32. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ամբաստանյալին մեղսագրվող հացակազմերում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերոնշյալ փոփոխություններն ամբաստանյալ Մ.Բաբայանի նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու հնարավորության հարցին։

33. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սպանությունը՝

(…)

7) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

8) շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,

(…)

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սպանությունը՝

(…)

8) մի խումբ անձանց կողմից, (…)

10) շահադիտական դրդումներով,

(…)

պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:

Մեջբերված նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ նախկին խմբագրությամբ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սպանության՝ ավազակությամբ զուգորդված լինելու ծանրացնող հանգամանքը գործող քրեական օրենսգրքով վերացվել է, միևնույն ժամանակ շահադիտական դրդումներով սպանությունը՝ որպես ծանրացնող հանգամանք, պահպանվել է։ Մ.Բաբայանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության համար ։ Այլ կերպ՝ շահադիտական դրդումները՝ որպես սպանության ծանրացնող հանգամանք, Մ.Բաբայանի մեղադրանքի ծավալում ընդգրկված են եղել, հետևաբար գործող քրեական օրենսգրքով կատարված փոփոխությունը որևէ կերպ ամբաստանյալի վիճակը չի բարելավում։ Ընդհակառակը, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատ, խստացվել է, այն է՝ տասներկուսից քսան տարի ժամկետով ազատազրկման փոխարեն նախատեսվել է տասնչորսից քսան տարի ժամկետով ազատազրկում։ Այսինքն՝ Մ.Բաբայանին մեղսագրվող հանցագործության համար նախատեսված պատիժը խստացվել է, ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կատարված փոփոխությունները չեն կարող հետադարձ ուժ ունենալ։

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մ.Բաբայանը ենթակա է քրեական պատասխանատվության 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով սպանության համար։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում Մ.Բաբայանի մեղադրանքի ծավալից հանել սպանության՝ ավազակությամբ զուգորդված լինելու հանգամանքը՝ նկատի ունենալով, որ վերոնշյալ ծանրացնող հանգամանքն օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացվել է։

34. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, (…)

4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ,

(…)

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (…)»:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ավազակությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Ավազակությունը, որը կատարվել է՝

(…)

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, (…)

5) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, (…)

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով (…)»:

Ավազակության հանցակազմի նախկին և նոր խմբագրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական զարգացումների արդյունքում այն էական փոփոխությունների է ենթարկվել։ Նախ՝ գործող քրեական օրենսգրքով ավազակությունը նախատեսվել է նյութական հանցակազմով։ Այսպես՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածում ավազակությունը բնութագրվում է որպես հափշտակություն, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, իսկ հափշտակությունը, նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն, ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելն է, որը համարվում է ավարտված, եթե հանցավորն այդ գույքն ապօրինաբար տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել։

Էական փոփոխություններ են կատարվել նաև ավազակության հանցակազմի ծանրացնող հանգամանքներում, մասնավորապես, նախատեսվել են ինչպես մի շարք նոր ծանրացնող հանգամանքներ (հղի կնոջ, անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, առանձին դաժանությամբ կատարված), այնպես էլ որոշ ծանրացնող հանգամանքներ ընդհանրապես վերացվել են (առողջությանը ծանր վնաս պատճառելով կատարված)։

Բացի այդ, որոշակի փոփոխություն է տեղի ունեցել ավազակության հանցակազմի սանկցիայում։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատ, մեղմացվել է՝ վեցից տասը տարի ժամկետով ազատազրկման փոխարեն նախատեսվել է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում։

35. Սույն գործի փաստերից հետևում է, որ Մ.Բաբայանն իր հանցակցի հետ միասին չի կարողացել հափշտակությունն ավարտին հասցնել, այլ կերպ՝ ավազակային հարձակման արդյունքում նրանց չի հաջողվել տիրանալ ուրիշի գույքին22, հետևաբար, ըստ գործող քրեական օրենսգրքով նախատեսված նոր կարգավորումների, հանցագործությունն ընդհատվել է հանցափորձի փուլում։ Այսպիսով, Մ.Բաբայանին մեղսագրվող հանցավոր արարքը համապատասխանում է ավազակության փորձի հատկանիշներին՝ նախատեսված ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-րդ և 252-րդ հոդվածներով։

Միևնույն ժամանակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժատեսակի ստորին շեմը մեղմացվել է՝ վեց տարի ժամկետով ազատազրկումից դառնալով հինգ տարի։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածով նախատեսված՝ ավազակության հանցակազմում կատարված փոփոխությունները պատիժը մեղմացնող են, հետևաբար նոր քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ ունի։ Այսպիսով, Մ.Բաբայանը ենթակա է քրեական պատասխանատվության 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ հինգից տասը տարի ժամկետով ազատազրկման շրջանակներում։

36. Ընդհանրացնելով սույն որոշման 33-35-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Մ.Բաբայանին մեղսագրվող հանցավոր արարքները համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (առանց ավազակությամբ զուգորդված ծանրացնող հանգամանքի) նախատեսված հանցակազմերի հատկանիշներին։

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ամբաստանյալի քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, այն է՝ մեղքը մասնակիորեն ընդունելը և ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, ծանրացնող հանգամանքի առկայությունը՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորությունը, ինչպես նաև վերջինիս անձը բնութագրող տվյալները, գտնում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով Մ.Բաբայանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝ ազատազրկում՝ 16 (տասնվեց) տարի ժամկետով։

Անդրադառնալով հանցանքների համակցության դեպքում պատիժ նշանակելու կարգին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով կիրառելի է նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոնը, քանի որ այն, գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համեմատ, անձի համար, ընդհանուր առմամբ, նախատեսում է պատիժ նշանակելու առավել նպաստավոր կանոններ։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով։

Այսպես՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով նշանակված 16 (տասնվեց) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով Մ.Բաբայանի նկատմամբ նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումից 3 (երեք) տարին՝ ամբաստանյալ Մ.Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում՝ 19 (տասնինը) տարի ժամկետով, իսկ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2015 թվականի դեկտեմբերի 24-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Մկրտիչ Սահակի Բաբայանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել:

2. Մկրտիչ Սահակի Բաբայանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով Մկրտիչ Սահակի Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով Մկրտիչ Սահակի Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 16 (տասնվեց) տարի ժամկետով։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Մկրտիչ Սահակի Բաբայանի նկատմամբ նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով նշանակված 16 (տասնվեց) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումից 3 (երեք) տարին՝ Մկրտիչ Սահակի Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում՝ 19 (տասնինը) տարի ժամկետով։

Պատժի կրման սկիզբը հաշվել 2015 թվականի դեկտեմբերի 24-ից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________

1  Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2  Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 179։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 181։

4  Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 193-194։

5  Տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 146:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 147։

7  Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարւթյունյանի գործով 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-29-րդ կետերը։

8  Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վալերի Բաբայանի գործով 2009 թվականի օգոստոսի 21-ի թիվ ԵՔՐԴ/0512/01/08 որոշման 9-11-րդ կետերը։

9  Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 179-192

10  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Սարգսյանի գործով 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշումը։

11  Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սարիբեկ Հարությունյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ0189/01/12 որոշման 20-րդ կետը։

12  Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 157-183։

13  Տե՛ս սույն որոշման 12-13-րդ կետերը։

14  Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Հովհաննիսյանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 10-րդ կետը։

15  Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սերոբ Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 27-րդ կետը։

16  Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 178, 222, հատոր 2-րդ, թերթ 147, հատոր 13-րդ, թերթեր 181-184։

17  Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։

18  Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

19  Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

20  Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

21  Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

22 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 193։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան