ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օտարերկրյա արժեթղթերի` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխման և հրապարակային առուվաճառքի կարգը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«օտարերկրյա արժեթուղթ է համարվում ոչ ռեզիդենտի կողմից թողարկված արժեթուղթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաներում առևտրին թույլատրված ցանկացած արժեթուղթը: Ռեզիդենտությունը կիրառվում է ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով և նոր պարբերությունով`
«ժ) օտարերկրյա այն արժեթղթերով, որոնք գրանցված են կամ որոնց ազդագիրը կամ նմանատիպ այլ փաստաթուղթը գրանցված է օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող համապատասխան պետական մարմիններում, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ և (կամ) այն օտարերկրյա արժեթղթերով, որոնք թույլատրված են առևտրին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաներում` տվյալ բորսաների կողմից սահմանված կարգով: Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի սահմանելու սույն ենթակետով սահմանված բացառություն կազմող օտարերկրյա արժեթղթերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:
Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ սահմանելու Հայաստանի Հանրապետության տարածքում սույն հոդվածի «ժ» ենթակետով սահմանված արժեթղթերի վաճառքի նկատմամբ ներկայացվող պահանջներ և կարգ:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում 1-ին կետի «3 օրինակից, որոնք պետք է ստորագրված լինեն» բառերը փոխարինել «մեկ օրինակից, որը պետք է ստորագրված լինի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում 2-րդ կետի «6 հոդվածի «ա», «բ», «գ» և «ը»» բառերը փոխարինել «6 հոդվածի «ա», «բ», «գ», «ը» և «ժ»» բառերով:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Բրոքերներին և դիլերներին արգելվում է կատարել ցանկացած գործարք այն արժեթղթերով, որոնց գրանցումը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կասեցված է:»:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում`
ա) 1-ին և 2-րդ կետերի «(բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածին համապատասխան բացառություն կազմող արժեթղթերի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի առաջին պարբերության «ա-թ» ենթակետերով սահմանված արժեթղթերի)» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`
«5. Կենտրոնական բանկն իրավունք ունի պարզեցված կարգով (առանց նախնական ծանուցման և լսման հնարավորության ընձեռման) իր որոշմամբ կասեցնելու կամ արգելելու Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով սույն օրենքի 6 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի հրապարակային առաջարկը և (կամ) վաճառքը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով տվյալ արժեթղթերի հրապարակային առաջարկը կամ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում վտանգում է ներդրողների շահերը:
Բրոքերներին և դիլերներին արգելվում է հրապարակային առաջարկ կամ վաճառք իրականացնել այն արժեթղթերով, որոնց հրապարակային առաջարկը և (կամ) վաճառքն արգելված կամ կասեցված է սույն կետով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի «28 հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «28 հոդվածի 2-րդ կամ 5-րդ կետերով» բառերով:
Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը ցանկացած արժեթուղթն է, որը գրանցվել է, կամ որի գրանցումը պահանջվում է սույն օրենքի III գլխի համաձայն, որը ցուցակված է ֆոնդային բորսայում, վաճառվում է ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն կամ հանդիսանում է սույն օրենքի 6 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթուղթ:»:
Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի «(բացի սույն օրենքի 6 հոդվածի համաձայն բացառություն կազմող արժեթղթերից)» բառերը փոխարինել «(բացի սույն օրենքի 6 հոդվածի «ա-թ» ենթակետերով սահմանված արժեթղթերից)» բառերով:
Հոդված 11. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով`
«7. Բրոքերները (դիլերները) մինչև սույն օրենքի 6 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը և (կամ) վաճառելը պարտավոր են տվյալ արժեթղթերի և թողարկողի վերաբերյալ հրապարակել տեղեկություններ, որոնց կազմին և հրապարակման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները կարող է սահմանել Կենտրոնական բանկը:
Բրոքերը (դիլերը) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով հրապարակված տեղեկատվության կեղծ, սխալ կամ ապակողմնորոշիչ լինելու համար, բացառությամբ եթե ապացուցվի, որ բավարար ջանքեր է գործադրել պարզելու համար այդ տեղեկատվության արժանահավատությունը և չէր կարող իմանալ այդ տեղեկատվության կեղծ, սխալ կամ ապակողմնորոշիչ լինելու մասին:
8. Բրոքերներին և դիլերներին արգելվում է սույն օրենքի 6 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը և (կամ) վաճառելը, եթե նրանք գիտեին կամ կարող էին իմանալ օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող համապատասխան պետական մարմիններում կամ օտարերկրյա բորսաներում այդ արժեթղթերի գրանցման, ցուցակման կամ վաճառքի թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|