Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-169
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.07.2002-21.12.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.18/14(146) Հոդ.331
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքը կարգավորում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի իրավասությունները:

2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ֆոնդային բորսաների պետական գրանցման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

3. Հասարակական միավորումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ժամկետները սահմանվում են համապատասխան օրենքով:

4. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հաշվառման, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(1-ին հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-361-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ և ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Պետական գրանցումն ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումն է պետության կողմից:

2. Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից, իսկ նրա գործունեությունը դադարած` գործունեության դադարման պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը հավաստվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի (այսուհետ` պետական ռեգիստր) տարածքային ստորաբաժանման կողմից տրված համապատասխան վկայականով:

3. Հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Նրանց գրանցումը նույնպես հավաստվում է համապատասխան վկայականով:

4. Սույն օրենքի 11-14-րդ հոդվածներով սահմանված գործառույթները հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների համար իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը:

5. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումներն իրականացվում են սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով` պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ

 

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցման, կորցրած պետական գրանցման վկայականի փոխարեն նորը տալու, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու համար գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական գրանցումն ընդգրկում է`

ա) իրավաբանական անձի պետական գրանցումը, որը գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի մասին սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառումն է պետական գրանցամատյանում.

բ) իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը, որը իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության (այսուհետ` փոփոխությունների) պետական գրանցումն է.

գ) իրավաբանական անձի լուծարման (գործունեության դադարման) պետական գրանցումը, որը գրանցված իրավաբանական անձի գոյության դադարման մասին պետական գրանցամատյանում գրառում կատարելն է:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից իրավաբանական անձանց պետական գրանցումը կատարվում է ըստ նրանց գտնվելու վայրի, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելվում է: Առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

1. Պետական ռեգիստրը պահպանում է բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման փաստաթղթերը:

2. Իր գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ արխիվային գործը ենթակա է պահպանման պետական ռեգիստրի արխիվում հինգ տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում է պետական արխիվ: Իր գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը ենթակա է ոչնչացման` սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 7. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ

 

1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրը, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում: Պետական ռեգիստրը կազմված է կենտրոնական մարմնից և տարածքային ստորաբաժանումներից:

2. Պետական ռեգիստրը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը:

3. Պետական ռեգիստրի ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

4. Պետական ռեգիստրը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

5. Պետական ռեգիստրի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Պետական ռեգիստրի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական ռեգիստրի ղեկավարի միջոցով կազմակերպում և մեթոդական ղեկավարություն է իրականացնում պետական ռեգիստրի նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը`

ա) սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի և պետական միասնական գրանցամատյանի վարման կարգը.

բ) հաստատում է փաստաթղթերի ընդունման մատյանները, դրանց ձևերը և վարման կարգը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը.

դ) սահմանում է պետական գրանցման համար օգտագործվող փաստաթղթերի (դիմումների, գրանցման քարտերի և այլն) ձևերը.

ե) սահմանում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի արխիվային գործերի վարման և պահպանման կարգը.

զ) հաստատում է ոչնչացված վկայականների գրանցման մատյանների ձևերը, դրանց վարման կարգը.

է) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը`

ա) կազմակերպում է պետական գրանցման գործընթացը.

բ) հսկողություն է իրականացնում տարածքային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.

գ) իրականացնում է հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցումը.

դ) իրականացնում է իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրատվության միջոցներով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.

զ) իրականացնում է հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցամատյանի և իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը, օրենքով սահմանված դեպքերում վարում է առևտրային կազմակերպությունների մասնակիցների ռեեստրը.

է) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից.

ը) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են տվյալ տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում վարվում է տվյալ տարածքում գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյան, որը հանդիսանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի մասը:

3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը և աշխատակիցները նշանակվում և ազատվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից` պետական ռեգիստրի ղեկավարի ներկայացմամբ:

4. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները գործում են պետական ռեգիստրի կանոնադրությանը համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 11. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Իրավաբանական անձանց պետական գրանցման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց գտնվելու վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, ինչի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել բնակության կամ պետական գրանցման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում:

2. Նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպությունների պահանջով պետական ռեգիստրի կողմից տրամադրվում են գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևեր, որոնցում առևտրային կազմակերպությունները լրացնում են միայն իդենտիֆիկացնող (անհատականացնող) տեղեկություններ: Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի (դիմումի ձևի, կանոնադրության, հիմնադիր ժողովի որոշման) նմուշային ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում է իրավաբանական անձի կազմավորման կարգը և ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին: Հիմնադիր փաստաթղթերի նմուշային ձևեր ներկայացվելու դեպքում ստուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:

4. Փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացնում է պետական գրանցման քարտում (այսուհետ` քարտ), կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատասխան կոդավորում է իրավաբանական անձը, շնորհում գրանցման համար, ստորագրում և կնքում է քարտը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է պետական գրանցման վկայական:

5. Հասարակական միավորումների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են կենտրոնական մարմին:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված փոփոխությունների պետական գրանցման համար, սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է համապատասխան գրառում:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին:

3. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը փոփոխությունների մասին տեղեկությունները լրացնում է քարտերում, անհրաժեշտության դեպքում կոդավորում է տեղեկությունները, ստորագրում ու կնքում է քարտերը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու դիմողին տալիս է պետական գրանցման վկայականի հերթական ներդիրը: Փոփոխությունների պետական գրանցումը համարվում է կատարված` քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից:

4. Անհատ ձեռնարկատերը փոփոխությունների պետական գրանցման նպատակով դիմում է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում` սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «դ»-«ը» ենթակետերով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում: Փոփոխությունների պետական գրանցումը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) փոփոխության պետական գրանցումը կատարում է մինչև փոփոխությունը գրանցելու պահը գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) տարածքային ստորաբաժանումը, որը համապատասխան պետական գրանցումը կատարելուց հետո իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գրանցման գործերը տեղափոխում է համապատասխան տարածքային բաժին:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմին, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում:

2. Պետական ռեգիստրը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին:

3. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պետական գրանցումների այն բոլոր դեպքերում, երբ`

ա) ստեղծվում է նոր իրավաբանական անձ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում տրվում է նոր վկայական, որի ներդիրում կատարվում է նշում` իրավահաջորդության մասին.

բ) իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում են փոփոխություններ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով.

գ) իրավաբանական անձի գործունեությունը դադարում է, ապա պետական գրանցումը կատարվում է 14-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պետական գրանցումներ իրականացնելուց հետո պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը գրանցման բոլոր փաստաթղթերն ուղարկում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում, որոնք հիմք են հանդիսանում պետական գրանցամատյաններում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

5. Վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում տրվում է նոր վկայական, որի ներդիրում կատարվում է նշում` իրավահաջորդության մասին:

6. Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը լրացնում է անհրաժեշտ քարտը և պետական գրանցամատյանում կատարում է գրառում` գործունեության դադարման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի դիմումի, որոշման և մամուլում հրապարակված համապատասխան հայտարարության հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր:

2. Լուծարվող իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը, լուծարման գործընթացն ավարտելուց հետո, հաստատված լուծարման հաշվեկշիռը սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում լուծարման պետական գրանցում կատարելու համար:

3. Լուծարման վերաբերյալ գրառում է կատարվում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման փաստաթղթերի ընդունման մատյանում: Պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին:

4. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո, լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք, և լուծարումը գրանցվում է պետական գրանցամատյանում:

5. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման դեպքում անհատ ձեռնարկատերը պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում է ներկայացնում դիմում և սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին:

6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո, գործունեության դադարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտում, ստորագրում ու կնքում է այն և գործունեության դադարումը գրառում է պետական գրանցամատյանում:

7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարած), այդ մասին պետական գրանցամատյանում գրառման պահից, ինչի մասին տրվում է տեղեկանք:

8. Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի լուծարման գրանցման համար պետական տուրք չի գանձվում:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Պետական ռեգիստր փաստաթղթերի ներկայացման օրը պետական ռեգիստրում գրանցման համար սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաստացի ստացման ամսաթիվն է, որը նշվում է ստացված դիմումի վրա` փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ, և գրառվում է նաև փաստաթղթերի ընդունման մատյանում:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ և ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետական ռեգիստր ներկայացնելուց և նույն օրը տարածքային ստորաբաժանման փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը պետք է կատարի դրանց պետական գրանցումը: Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված, պետական գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերով պետական գրանցումը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացվում է ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում:

2. Իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը կամ նրա կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք է իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար: Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում կանոնադրությունների հետ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում (կանոնադրությունում, փոխանցման ակտում, բաժանիչ հաշվեկշռում) վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը հիմք է նոր առաջացած իրավաբանական անձանց պետական գրանցումը մերժելու համար: Իրավաբանական անձանց լուծարման համար ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին հիմք է պետական գրանցումը մերժելու համար:

3. Իրավաբանական անձի կազմավորման կարգի խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից իրավաբանական անձանց համար` երկօրյա, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` մեկօրյա ժամկետում, գրավոր մերժվում է` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով: Գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

4. Իրավաբանական անձի փոփոխությունների, վերակազմակերպման և իրավաբանական անձի գործունեության դադարման պետական գրանցման մերժման մասին պետական ռեգիստրի որոշումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են իրավաբանական անձն ստեղծելիս, նրա կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելիս, իրավաբանական անձի գործունեությունը դադարելիս, կամ որոնց հակասում է իրավաբանական անձի կանոնադրությունը:

5. Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

6. Իրավաբանական անձի, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, իրավաբանական անձի գործունեության դադարման պետական գրանցման մերժման մասին որոշումն ստորագրում է տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Այն վավերացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման կնիքով: Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում պետական գրանցման մերժման մասին որոշումն ստորագրում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը կամ նրա տեղակալը:

7. Եթե բոլոր փաստաթղթերը ներկայացնելու մասին գրանցամատյանում գրառում կատարելուց հետո իրավաբանական անձի, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված և ոչ ուշ, քան համապատասխան գրանցման համար նախատեսված ժամկետի լրանալուց հետո 1 օրվա ընթացքում, դիմողին տրվում է համապատասխան վկայական (ներդիր):

8. Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև պետական գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ և ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է իրավաբանական անձանց պետական գրանցման կոդերի միասնական համակարգ:

2. Կոդավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից տարածքային մարմիններ կոդերի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Պետական միասնական գրանցամատյանը, որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին: Պետական միասնական գրանցամատյանը վարում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը, որն այդ նպատակով ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ պետական գրանցամատյանների տեղեկությունների հիման վրա, արդիականացնում է այն: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

1. Պետական գրանցման վկայականը պետական գրանցման փաստը հավաստող փաստաթուղթ է, որն ունի հերթական համարով ներդիր (ներ)` կատարված փոփոխություններն ամրագրելու համար: Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում են պետական գրանցման միասնական ձևի վկայականներ:

2. Պետական գրանցման վկայականների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) իրավաբանական անձի անվանումը (ներառյալ` ֆիրմային անվանումը և կազմակերպական-իրավական ձևը).

բ) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

գ) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

դ) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

ե) կոդը.

զ) գտնվելու վայրը.

է) իրավաբանական անձի տեսակը.

ը) պետական գրանցումն իրականացրած պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման անվանումը.

թ) գործունեության ժամկետը (անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում` նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը):

4. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) անհատ ձեռնարկատիրոջ անունը, անձնագրային տվյալները.

բ) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը.

դ) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

ե) բնակության վայրը և պետական գրանցման վայրը.

զ) անհատ ձեռնարկատիրոջ լուսանկարը.

է) պետական գրանցումն իրականացրած պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման անվանումը.

ը) գործունեության ժամկետը (անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում` նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը):

5. Պետական գրանցման վկայականն ստորագրում է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, և այն վավերացվում է կնիքով:

6. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականն ստորագրում է պետական ռեգիստրի ղեկավարը կամ նրա տեղակալը:

7. Պետական գրանցման վկայականի կորստյան կամ գործածության համար ոչ պիտանի լինելու դեպքում տրվում է նոր վկայական իր ներդիրներով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Լուծարված (գործունեությունը դադարեցրած) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է հանձնաժողով, որի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պետական գրանցման վկայականների ոչնչացման կարգը և ժամկետները սահմանվում են պետական ռեգիստրի կանոնադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) անվանումը, ներառյալ` ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

բ) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

գ) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

դ) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

ե) հիմնադրման տարին.

զ) հիմնադրման եղանակը.

է) իրավաբանական անձի կոդը.

ը) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գրանցման վկայականի տվյալները, գտնվելու վայրը).

թ) կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) չափը.

ժ) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը.

ժա) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսը և կապի այլ միջոցներ.

ժբ) գործունեության ժամկետը, եթե ստեղծված է որոշակի ժամանակով.

ժգ) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին.

ժդ) գործունեության (գոյության) դադարման դեպքում` նշում այդ մասին:

2. Իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին կետի «թ» և «ժ» ենթակետերով սահմանված տեղեկությունները:

3. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում պարտադիր գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին կետի «ը» և «ժ» ենթակետերով սահմանված տեղեկությունները:

4. Կոոպերատիվների պետական գրանցման դեպքում բաժնային ֆոնդի (սույն հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետ) հետ գրառվում է անբաժանելի ֆոնդի չափը:

5. Անհատ ձեռնարկատիրոջ մասին պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տվյալները`

ա) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը.

բ) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

դ) անհատ ձեռնարկատիրոջ անունը.

ե) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված և այլն).

զ) բնակության վայրը.

է) պետական գրանցման հասցեն (եթե չի համընկնում բնակության վայրի հետ).

ը) գործունեության ժամկետը, եթե գրանցվում է որոշակի ժամկետով.

թ) գործունեության դադարման դեպքում` նշում այդ մասին:

6. Սույն հոդվածում սահմանված տեղեկությունները պետական ռեգիստրի կողմից փոփոխվել չեն կարող:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Պետական գրանցման համար իրավաբանական անձինք ներկայացնում են`

ա) իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը.

բ) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադրի (հիմնադիրների) ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ ֆիզիկական անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Եթե հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը.

գ) կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

2. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով կարող են նախատեսվել պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա նաև այլ փաստաթղթեր:

3. Օտարերկրյա հիմնադիր (մասնակից) իրավաբանական անձով իրավաբանական անձինք պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա ներդրողի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:

4. Պետական գրանցման համար անհատ ձեռնարկատերը ներկայացնում է`

ա) գրանցման մասին դիմում` նշելով անունը, անձնագրի տվյալները, բնակության և պետական գրանցման վայրը, գործունեության ժամկետը.

բ) անձնագրի պատճենը.

գ) լուսանկար.

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Փոփոխությունների պետական գրանցման համար դիմող սուբյեկտները պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում ներկայացնում են`

ա) դիմում.

բ) կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների, լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին իրավասու մարմնի որոշումը.

գ) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «դ»-«զ» ենթակետերով նախատեսված տվյալների փոփոխությունը գրանցելու համար անհատ ձեռնարկատերը ներկայացնում է դիմում և փոփոխությունը հավաստող փաստաթուղթ, իսկ «է» և «ը» ենթակետերի դեպքում` միայն դիմում:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են`

ա) միաձուլման դեպքում`

- դիմում,

- միաձուլվող իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականները,

- հիմնադիր (միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ) ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միացման դեպքում`

- դիմում,

- միացող իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականը (վկայականները),

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) բաժանման դեպքում`

- դիմումները,

- բաժանվող իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- հիմնադիր (բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց) ժողովների (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունները,

- կանոնադրությունները` առնվազն երկու օրինակից` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

դ) առանձնացման դեպքում`

- դիմումները,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- հիմնադիր (առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կամ անձանց) ժողովների (համագումարների կամ օրենքով սահմանված այլ մարմինների) արձանագրությունները,

- կանոնադրությունը (ները) առնվազն երկու օրինակից` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

ե) վերակազմավորման դեպքում`

- դիմում,

- վերակազմավորվող իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԼՈՒԾԱՐՄԱՆ (ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`

ա) դիմում.

բ) իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին և լուծարման հաշվեկշիռը.

գ) տեղեկանքներ հարկային և սոցիալական ապահովության մարմիններից` պարտավորությունների բացակայության մասին.

դ) կնիքը հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթ.

ե) պետական գրանցման վկայականը:

2. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար ներկայացվում են`

ա) դիմում.

բ) տեղեկանքներ հարկային և սոցիալական ապահովության մարմիններից` պարտավորությունների բացակայության մասին.

գ) պետական գրանցման վկայականը:

3. Մահացած անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի մարումն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը և մահվան փաստը հավաստող փաստաթուղթը:

4. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար պետական ռեգիստր են ներկայացնում դատարանի վճիռը և սույն հոդվածում նշված փաստաթղթերը:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 25. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական ռեգիստրին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում պետական ռեգիստրի ղեկավարը կամ նրա տեղակալը պատասխանատվություն են կրում իրավաբանական անձի, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, վերակազմակերպման կամ լուծարման (գործունեության դադարման), ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման, գործունեության դադարման պետական գրանցումն անհիմն մերժելու կամ դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 26. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 3 ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 1 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող այլ գրանցամատյանները փոխանցվում են պետական ռեգիստր` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյան ձևավորելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
26 ապրիլի 2001 թ.
ՀՕ-169

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2024, ՀՕ-198-Ն ---------
02.10.2024, ՀՕ-346-Ն 24.10.2024, ՀՕ-169
22.11.2023, ՀՕ-374-Ն 17.12.2023, ՀՕ-169
17.01.2023, ՀՕ-9-Ն 10.02.2023, ՀՕ-169
07.12.2022, ՀՕ-543-Ն 02.01.2023, ՀՕ-169
26.10.2022, ՀՕ-409-Ն 24.11.2022, ՀՕ-169
09.06.2022, ՀՕ-173-Ն 01.07.2022, ՀՕ-169
29.12.2020, ՀՕ-7-Ն 01.01.2022, ՀՕ-169
26.05.2021, ՀՕ-239-Ն 10.07.2021, ՀՕ-169
03.06.2021, ՀՕ-246-Ն 28.06.2021, ՀՕ-169
03.03.2021, ՀՕ-98-Ն 31.05.2021, ՀՕ-169
19.01.2021, ՀՕ-40-Ն 26.02.2021, ՀՕ-169
06.03.2020, ՀՕ-145-Ն 11.04.2020, ՀՕ-169
21.01.2020, ՀՕ-50-Ն 22.02.2020, ՀՕ-169
12.12.2019, ՀՕ-296-Ն 05.01.2020, ՀՕ-169
14.11.2019, ՀՕ-233-Ն 21.12.2019, ՀՕ-169
23.04.2019, ՀՕ-25-Ն 01.07.2019, ՀՕ-169
23.03.2018, ՀՕ-210-Ն 09.04.2018, ՀՕ-169
07.03.2018, ՀՕ-148-Ն 31.03.2018, ՀՕ-169
16.01.2018, ՀՕ-86-Ն 17.02.2018, ՀՕ-169
20.12.2017, ՀՕ-31-Ն 18.01.2018, ՀՕ-169
21.12.2017, ՀՕ-280-Ն 01.01.2018, ՀՕ-169
16.12.2016, ՀՕ-30-Ն 04.02.2017, ՀՕ-169
17.11.2016, ՀՕ-207-Ն 17.12.2016, ՀՕ-169
19.10.2016, ՀՕ-176-Ն 17.11.2016, ՀՕ-169
17.12.2014, ՀՕ-266-Ն 01.10.2015, ՀՕ-169
19.03.2012, ՀՕ-127-Ն 25.07.2012, ՀՕ-169
19.03.2012, ՀՕ-48-Ն 28.04.2012, ՀՕ-169
08.12.2011, ՀՕ-346-Ն 19.01.2012, ՀՕ-169
12.04.2011, ՀՕ-139-Ն 23.05.2011, ՀՕ-169
13.04.2011, ՀՕ-106-Ն 21.05.2011, ՀՕ-169
22.12.2010, ՀՕ-280-Ն 09.01.2011, ՀՕ-169
20.05.2010, ՀՕ-87-Ն 01.01.2011, ՀՕ-169
21.12.2010, ՀՕ-219-Ն 01.01.2011, ՀՕ-169
18.05.2010, ՀՕ-71-Ն 26.06.2010, ՀՕ-169
08.04.2008, ՀՕ-17-Ն 01.09.2009, ՀՕ-169
08.06.2009, ՀՕ-146-Ն 11.07.2009, ՀՕ-169
26.12.2008, ՀՕ-41-Ն 14.02.2009, ՀՕ-169
26.05.2008, ՀՕ-95-Ն 31.08.2008, ՀՕ-169
26.05.2008, ՀՕ-103-Ն 12.07.2008, ՀՕ-169
11.10.2007, ՀՕ-208-Ն 29.02.2008, ՀՕ-169
09.04.2007, ՀՕ-186-Ն 30.09.2007, ՀՕ-169
09.04.2007, ՀՕ-163-Ն 16.06.2007, ՀՕ-169
14.12.2004, ՀՕ-18-Ն 22.03.2005, ՀՕ-169
14.12.2004, ՀՕ-188-Ն 01.01.2005, ՀՕ-169
08.06.2004, ՀՕ-98-Ն 14.10.2004, ՀՕ-169
11.06.2004, ՀՕ-104-Ն 31.07.2004, ՀՕ-169
06.11.2002, ՀՕ-452-Ն 21.12.2002, ՀՕ-169
29.05.2002, ՀՕ-361-Ն 04.07.2002, ՀՕ-169
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան