ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2023 թվականի N 253-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՎԵՐԱԲԵՌՆՄԱՆ (ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ) ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԻՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ, ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՅԴՊԻՍԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 235-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքները վերադարձնելու ժամանակ վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերի փոխհատուցման, այդպիսի ծախսերի կամ իրացման համար այդ ապրանքների նախապատրաստման կամ իրացման ծախսերի՝ ապրանքների արժեքը գերազանցելու դեպքում այդ ապրանք ների տնօրինման, այդպիսի ծախսերի հաշվարկի, իրացումից ստացված միջոցների հաշվին այդպիսի ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև իրացումից ստացված միջոցները հայտարարատուին վերադարձնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) շուտ փչացող ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների իրացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ օգտագործումը կամ ոչնչացումը, ինչպես նաև ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի հաշվարկը և փոխհատուցումը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՎԵՐԱԲԵՌՆՄԱՆ (ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ) ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԻՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ԱՅԴՊԻՍԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ, ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՅԴՊԻՍԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
1. Սույն կարգի դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքները վերադարձնելու ժամանակ վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերի փոխհատուցման, այդպիսի ծախսերի կամ իրացման համար այդ ապրանքների նախապատրաստման կամ իրացման ծախսերի՝ ապրանքների արժեքը գերազանցելու դեպքում այդ ապրանքների տնօրինման, այդպիսի ծախսերի հաշվարկի, իրացումից ստացված միջոցների հաշվին այդպիսի ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև իրացումից ստացված միջոցները հայտարարատուին վերադարձնելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ:
2. Սույն կարգի իմաստով արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքներ են համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված կարգով արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները:
3. Սույն կարգով նախատեսված արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների տնօրինման համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝
1) ապրանքների փոխադրում (տեղափոխում), վերաբեռնում (բեռնում, բեռնաթափում).
2) ապրանքների պահեստավորում.
3) ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովում.
4) ապրանքներն առանձին խմբաքանակների մասնատում (բաժանում).
5) ապրանքների տեսակավորում, այդ թվում՝ ապրանքների խմբաքանակներից փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների առանձնացում.
6) ապրանքների իրացում.
7) ապրանքների իրացումը կազմակերպելիս, անհրաժեշտության դեպքում, ապրանքների փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, նշագրում, դրոշմավորում (այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով) և այլն.
8) Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման պետական մարմնի եզրակացության հիման վրա՝ ապրանքների խմբաքանակներից առանձնացված՝ փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների մասին ակտի կազմում, այդ ապրանքների իրացում՝ երկրորդային նշանակության օգտագործման պիտանիության դեպքում, կամ ոչնչացում:
4. Սույն կարգի իմաստով շուտ փչացող ապրանքներ են համարվում սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկում (այսուհետ` ցանկ) ներառված ապրանքները, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետն արգելանքի վերցնելու (արգելապահելու) պահին պակաս է մեկ տարուց:
5. Ցանկում ներառված ապրանքների իրացման դեպքում սույն կարգի 3-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված գործողությունները կատարվում են` հաշվի առնելով ցանկում ներառված ապրանքների պիտանիության ժամկետները:
6. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացման գործողությունների հետ կապված ծախսերը, դրանց իրացման նախապատրաստման և իրացման հետ կապված այլ ծախսերը փոխհատուցվում են նշված ապրանքների իրացումից ստացված գումարների հաշվին։
7. Այն դեպքում, երբ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացման հետ կապված նախատեսվող ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, այդպիսի ապրանքները ենթակա են օգտագործման, իսկ այն դեպքում, երբ նշված ապրանքները հնարավոր չէ օգտագործել նպատակային կամ երկրորդային նշանակությամբ՝ ոչնչացման: Սույն կետով նախատեսված ծախսերի հաշվարկը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման համար նախատեսված ծախսերի հանրագումարից ելնելով։
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում ապրանքների օգտագործումն իրականացվում է նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ երկրորդային նշանակությամբ օգտագործելու միջոցով, ինչի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից նշված ապրանքները հանձնման-ընդունման ակտով հանձնվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե:
9. Ապրանքների իրացման գործընթացում առաջացած ծախսերը հաշվարկվում են բացառապես իրացման հետ կապված գործողություններից ելնելով, ընդ որում, իրացման յուրաքանչյուր գործողության իրականացման ընթացքում կատարված բոլոր ծախսերը պարտադիր պետք է հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթերով:
10. Ապրանքների իրացման հետ կապված առանձին գործողություններ՝ ապրանքների պահեստավորում, ապրանքների խմբաքանակներից փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների առանձնացում, ոչնչացում, ապրանքների փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, նշագրում, դրոշմավորում, իրականացվում են կոմիտեի կողմից։ Նշված աշխատանքները կոմիտեի կողմից կարող են իրականացվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից անհրաժեշտ ծառայություններ ձեռք բերելու միջոցով։ Ապրանքների արժեքի գնահատումն իրականացվում է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով։
11. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը կազմակերպելիս ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները ստանում է մաքսային մարմինը։
12. Ապրանքների իրացումից ստացված գումարները մուտքագրվում են այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
13. Ապրանքների իրացումից ստացված գումարներից պահվում են առաջին հերթին՝ այդ ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու) օրվա դրությամբ հաշվարկված չափով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները, որոնք վճարման ենթակա կլինեին արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, երկրորդ հերթին՝ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման), պահպանման և իրացման հետ կապված ծախսերը:
14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պահումները կոմիտեի կողմից կատարվում են ապրանքների իրացումից հետո 5-օրյա ժամկետում:
15. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված ծախսերի փոխհատուցման նպատակով իրացման գումարների անբավարարության դեպքում՝ ծախսերը փոխհատուցվում են ապրանքների սեփականատերերի կամ այն անձանց կողմից, որոնց տիրապետման տակ գտնվել են ապրանքները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ ապրանքների պահպանության համար կնքված պայմանագրով նախատեսված կարգով, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
16. Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և պահպանման ժամկետը լրացած ապրանքների տնօրինման գործընթացի կազմակերպման պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ՝ պատասխանատու ստորաբաժանում) սահմանվում է կոմիտեի նախագահի հրամանով:
17. Պատասխանատու ստորաբաժանում սահմանվելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացվում է սույն կարգի 1-ին կետով նախատեսված ապրանքների տնօրինման կազմակերպումը։
18. Ապրանքների իրացումը կատարվում է աճուրդային կարգով:
19. Ապրանքների իրացումն իրականացվում է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից` հրապարակային սակարկությունների կազմակերպման եղանակով։
20. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պահումները հաշվի առնելով՝ ապրանքների իրացումից ստացված գումարները վերադարձվում են հայտարարատուներին, իսկ եթե ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել՝ ապրանքների սեփականատերերին, եթե կոմիտեն տեղեկություններ ունի նրանց մասին և պայմանով, որ այդ անձինք դիմում են կոմիտե՝ այդ ապրանքների իրացումից միջոցների առկայության մասին ծանուցման ստացման օրվան հաջորդող 3 տարվա ընթացքում։
21. Պահումները կատարելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո կոմիտեն պատվիրված փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ, այդ մասին ծանուցում է սույն կարգի 20-րդ կետով նախատեսված անձանց՝ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացումից ստացված միջոցների մնացորդը ստանալու մասին։ Եթե առկա է հնարավորություն այդ անձանց ծանուցել կապի ավելի արդյունավետ միջոցներով, այդ թվում՝ տեղեկատվության էլեկտրոնային ձևով փոխանցելու միջոցով, ապա կոմիտեն այդ միջոցներով ծանուցում է նրանց՝ պատվիրված նամակ ուղարկելու հետ միաժամանակ։
22. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացումից ստացված միջոցների մնացորդի վերադարձն իրականացվում է հայտարարատուի կամ սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա, որը ներկայացվում է կոմիտե։
23. Մաքսային մարմնի կողմից արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացումից ստացված միջոցների մնացորդը վերադարձնելու դիմումի քննարկման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը՝ կոմիտեի կողմից վերադարձի մասին դիմումը գրանցելու օրվանից:
24. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացումից ստացված միջոցների մնացորդի վերադարձը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով միջոցների մնացորդի վերադարձման դիմումում նշված հաշվին:
25. Եթե կոմիտեն սույն կարգի 20-րդ կետով նախատեսված ժամկետում չի ստանում արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացումից ստացված միջոցների մնացորդի վերադարձման դիմում, ապա դրանց չպահանջված գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
26. Յուրաքանչյուր եռամսյակ կոմիտեն ապրանքների իրացման մասին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Բ. Բադալյան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Սննդամթերք
2. Օծանելիքակոսմետիկական ապրանքներ
3. Դեղորայք, դեղամիջոցներ, դեղանյութեր
4. Կենցաղային քիմիայի ապրանքներ
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 160 որոշմամբ նախատեսված ապրանքներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Բ. Բադալյան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|