Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2023 թվականի N 242-Լ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումը գործում է մասնակի սույն որոշման 4-րդ կետի համաձայն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» պարբերությունը, 14-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) զբաղվածության խթանման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) գործատուին տրամադրվող աջակցության չափերը և տևողությունը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն իրականացնել միջոցառման իրականացման միջանկյալ գնահատում՝ միջոցառման հետագա իրականացման նպատակահարմարության որոշման նպատակով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

4․ Սույն որոշումը շարունակում է գործել 2023 թվականի օգոստոսի 1-ից հետո՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջանկյալ գնահատման արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 23-ի N 242-Լ որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Միջոցառման նպատակը ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց (այսուհետ՝ գործազուրկ), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) զբաղվածության խթանումն է՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման միջոցով։

2. Միջոցառման շրջանակներում գործատու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող:

3. Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում այն գործատուին, որն աշխատանքային պայմանագիր է կնքում այն գործազուրկի կամ հաշմանդամություն ունեցող անձի հետ, որը մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին վեց ամսվա ընթացքում չի եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ։

4. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափերով և տևողությամբ գործատուին տրվում է աջակցություն աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի (այսուհետ՝ հարկ) մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է՝ աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։

5. Միջոցառման շրջանակներում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձին առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին տրամադրվում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված լրացուցիչ աջակցություն։

 

ԳԼՈՒԽ 2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

6. Միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու նպատակով գործատուն առցանց եղանակով՝ Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնական կայքէջի միջոցով, կամ առձեռն ներկայացնում է դիմում՝ նշելով հարկ վճարողի հաշվառման համարը, բանկային հաշվի համարը, աշխատանքի ընդունվող անձի հանրային ծառայության համարանիշը։

7. Գործատուի դիմումը բավարարվում է միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ գործատուն համապատասխանում է սույն միջոցառման 2-րդ կետով, իսկ աշխատանքի ընդունվող անձը՝ 3-րդ կետով նախատեսված չափանիշներին, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափանիշներից որևէ մեկին։ Գործատուն այդ մասին ծանուցվում է իր էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով հաղորդագրություն ստանալով՝ դիմումը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

8. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափով աջակցությունը տրամադրվում է գործատուին նույն հավելվածով սահմանված տևողությամբ աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ նշված տևողության ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

9. Միջոցառման շրջանակներում աջակցությունը չի տրամադրվում, եթե տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվել են նախքան սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետների ավարտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 11-12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծման դեպքերի։ Ընդ որում՝ որպես բացառություն նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աջակցությունը տրամադրվում է աշխատած ամիսներին համապատասխան։

10. Գործատուին սույն որոշման N 2 հավելվածով սահմանված միանվագ աջակցությունը տրամադրվում է ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ծառայություն ներկայացնելու դեպքում՝ նույն հավելվածով նախատեսված տևողության ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

11. Ծառայությունն աջակցությունը տրամադրում է անկանխիկ եղանակով՝ գործատուի դիմումում նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. ԲԱԴԱԼՅԱՆ

 

24.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 23-ի N 242-Լ որոշման

 

ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Գործազուրկների խումբը

Աջակցության չափը

Աջակցության տրամադրման տևողությունը

Լրացուցիչ աջակցություն

Հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձ

Աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 %, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ

12 ամիս

Միանվագ աջակցություն գործատուին

Խելամիտ հարմարեցման համար կատարված ծախսերի միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500 000 դրամի չափով

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 16 29 տարեկան գործազուրկ անձ

Աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 %, բայց ոչ ավելի, քան ամսական 15 000 դրամ

3 ամիս

 

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30 45 տարեկան գործազուրկ անձ

Աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30 %, բայց ոչ ավելի, քան ամսական 12 000 դրամ

6 ամիս

Մինչև 5 տարեկան երեխա ունեցող մայր լինելու դեպքում՝ աջակցության տրամադրման տևողության ավելացում 3 ամսով

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 46 62 տարեկան գործազուրկ անձ

Աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 %, բայց ոչ ավելի, քան ամսական 20 000 դրամ

9 ամիս

 

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձ

Աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 70 %, բայց ոչ ավելի, քան ամսական 21 000 դրամ

6 ամիս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. ԲԱԴԱԼՅԱՆ

 

24.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան