Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2023 թվականի N 241-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.2-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող, 1 051 006 000 դրամ շուկայական արժեքով, 3381.33 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3-րդ մասնաշենքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն, գրանցման համարը՝ 211.171.1164446, հասցե՝ ք. Երևան, Քրիստափորի փ./տ/154/2)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի մայիսի 4-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 42/0012 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. կազմակերպությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 (տասը) տարվա ընթացքում կատարել 373 000 000 դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի,

բ. կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

գ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում կազմակերպությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

դ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում կազմակերպությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

ե. ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բաժանելի և անբաժանելի բարելավումները վերադարձման ենթակա չեն,

զ. կազմակերպության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

է. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ