Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-41
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.01.2005-20.05.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի մարտի 20-ին
Հանրապետության Նախագահի
առաջարկությամբ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքով կարգավորվում են ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Մ Ա Ս

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

 

Ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետ` ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ անձի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձանց նույնատիպ ապրանքներից և ծառայություններից (այսուհետ` ապրանքներ):

(1-ին հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն)

 

Հոդված 2. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման (այսուհետ` գրանցում) կամ սույն օրենքի համաձայն ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով:

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը պահպանվում է օրենքով:

(2-րդ հոդվածը խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 3. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ

 

1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի անվանումով, անհատ ձեռնարկատիրոջ կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա ֆիզիկական անձի անունով:

Լրատվության միջոցների անվանումները որպես ապրանքային նշան կարող են գրանցվել ֆիզիկական անձի անունով, եթե դրանց թողարկումը կամ տպագրումը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:

2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջը տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր (այսուհետ` ապրանքային նշանի վկայագիր):

3. Ապրանքային նշանի վկայագիրը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև ապրանքային նշանի վկայագրում նշված ապրանքների համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը:

(3-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 4. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է դրան իրավական պահպանություն տրամադրելու պահից և պատկանում է դրա սեփականատիրոջը:

2. Ապրանքային նշանի սեփականատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք: Առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործել Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը:

3. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց առևտրային գործունեության ընթացքում արգելել առանց իր թույլտվության ապրանքային նշանի կամ դրանով նշված ապրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը և դրա առաջարկը, ինչպես նաև այլ ձևերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանի նույն նպատակով պահեստավորումը և սույն օրենքի 22 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունների իրականացումը, եթե այդ ապրանքային նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է իր ապրանքային նշանին և օգտագործված է այն ապրանքների նկատմամբ`

ա) որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը.

բ) որոնք նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը:

4. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում օգտագործել որևէ նշան, որը Հայաստանի Հանրապետությունում որոշակի ապրանքների նկատմամբ հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունն է և շփոթելու աստիճան նման է այդ նշանին, եթե առանց դրա սեփականատիրոջ թույլտվության օգտագործումն իրականացվում է`

ա) նույն կամ նույնատիպ ապրանքների նկատմամբ.

բ) ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, ինչը մոլորեցնելով ստիպում է այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրել, պայմանով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

Սույն դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ նշանի էական մասն այդպիսի հանրահայտ ապրանքային նշանի վերարտադրությունն է կամ շփոթելու աստիճան դրա նմանակումը:

4.1. Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում (ապրանքային նշանի ապօրինի օգտագործում) է համարվում առանց նրա թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնց անհատականացման համար գրանցված է ապրանքային նշանը կամ այդ ապրանքներին նույնատիպ ապրանքների նկատմամբ, այդ թվում` ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի կիրառումը (զետեղումը)`

ա) ապրանքների, պիտակների, այդ ապրանքների փաթեթավորման վրա, եթե այդ ապրանքներն արտադրվում են, վաճառվում են կամ վաճառքի են առաջարկվում, ցուցադրվում են ցուցահանդեսներում կամ տոնավաճառներում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական շրջանառության մեջ են դրվում այլ եղանակներով կամ պահպանվում (պահեստավորվում) և (կամ) այդ նպատակով տեղափոխվում կամ ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն.

բ) ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս.

գ) ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու համար օգտագործվող փաստաթղթերում.

դ) ապրանքների գովազդներում և վաճառքի առաջարկներում.

ե) ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում` դոմեն անվանումներում:

Ապրանքները, այդ ապրանքների փաթեթավորումները, պիտակները, որոնց վրա ապրանքային նշաններն օգտագործվում են ապօրինի, համարվում են կեղծ, նմանակված:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-497-Ն)

6. Եթե արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի (այսուհետ` Փարիզյան կոնվենցիա) անդամ որևէ երկրում պահպանվող ապրանքային նշանի սեփականատիրոջ գործակալը կամ ներկայացուցիչը առանց նշանի սեփականատիրոջ թույլտվության իր անունից տվյալ նշանի գրանցման հայտ է ներկայացրել կամ այն գրանցել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նշանի սեփականատերն իրավունք ունի`

ա) արգելելու նշանի գրանցումը.

բ) պահանջելու չեղյալ ճանաչել նշանի գրանցումը, եթե այն արդեն կատարվել է.

գ) արգելել նշանի օգտագործումը գործակալի կամ ներկայացուցչի կողմից, եթե ինքն այդպիսի օգտագործման թույլտվություն չի տվել:

Սույն կետի «ա» ենթակետի համաձայն` նշանի սեփականատերն իր իրավունքից կարող է օգտվել հայտի քննարկման ընթացքում, մինչև նշանի պետական գրանցումը` համապատասխան դիմումը լիազոր մարմին ներկայացնելու միջոցով:

(4-րդ հոդվածը խմբ, փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, խմբ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 5. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային (ներառյալ` բառեր, թվեր, տառեր, անուններ, կարգախոսներ), պատկերային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը և մակերևույթը), ձայնային և պատկերմամբ (գրառմամբ) ներկայացվող այլ նշաններ կամ դրանց համակցությունը:

2. Ապրանքային նշանը կարող է գրանցվել ցանկացած գույնով կամ գունային համակցությամբ:

(5-րդ հոդվածը խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 6. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ

 

1. Ապրանքային նշանի գրանցման հայտը (այսուհետ` հայտ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված պետական լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում այն անձը, որի անունով (այսուհետ` մինչև սույն օրենքի առաջին մասի ավարտը` հայտատու), որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:

2. Հայտը կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

3. Օտարերկրյա անձինք ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով: Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն անձի կողմից տրված լիազորագրով, որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:

4. Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

5. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:

6. Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակի`

ա) դիմում` ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում` գույնի և գունային համակցության.

գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:

7. Հայտին կցվում են`

ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ.

գ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով:

8. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

(6-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 7. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը լիազոր մարմին ներկայացնելու տարով, ամսաթվով (այսուհետ` թվական):

2. Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), եթե հայտը լիազոր մարմին է ներկայացվել այդ թվականից վեց ամսվա ընթացքում:

3. Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա տեղադրված նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե հայտը լիազոր մարմին է ներկայացվել այդ թվականից վեց ամսվա ընթացքում:

4. Կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ հայտը պետական լիազորված մարմին ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում` կցելով այդ պահանջի իրավունքը հաստատող փաստաթղթերը, կամ այդ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնել հայտի ներկայացման թվականից երեք ամսվա ընթացքում:

5. Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել միջազգային գրանցում ունեցող ապրանքային նշանի առաջնության թվականով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

6. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ լրիվ կամ մասամբ համընկնող ապրանքների ցանկի համար գրանցման ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա, հայտատուների միջև կնքված համաձայնագրին համապատասխան, համընկնող ապրանքների համար նշանը (կամ շփոթելու աստիճան նման նշաններից որևէ մեկը) կարող է գրանցվել նրանցից մեկի անունով:

Այդ մասին լիազոր մարմնի ծանուցագիրն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, համընկնող ապրանքների համար նշանի գրանցման հարցում հայտատուների համաձայնության չգալու դեպքում, համընկնող ապրանքների մասով հայտերը համարվում են հետկանչված:

(7-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 8. ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական փորձաքննություն և հայտարկված նշանի փորձաքննություն, իրականացնում է լիազոր մարմինը:

2. Հայտի ներկայացման օրվանից, մինչև դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում:

3. Փորձաքննության ընթացքում, մինչև նշանի գրանցման մասին որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի դիմում ներկայացնել տվյալ հայտով հայտատուի փոփոխության մասին:

4. Եթե լրացուցիչ նյութերն էապես փոփոխում են գրանցման ներկայացված նշանը, կամ եթե հայտի մեջ նշված ապրանքների ցանկում ներառվել են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ: Այս դեպքում նշանի առաջնությունը սահմանվում է լրացուցիչ նյութերի ստացման թվականով, եթե նոր հայտը ներկայացվել է այդ թվականից հետո երեք ամսվա ընթացքում և դրա ներկայացման թվականի դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ:

5. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր` առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն դրա մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

7. Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

8. Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա մինչև նշանի գրանցման մասին փորձաքննության որոշման ընդունումը, ինչպես նաև սույն օրենքի 13 հոդվածի համաձայն փորձաքննության որոշման բողոքարկման ընթացքում հայտատուն կարող է դիմում ներկայացնել տվյալ հայտը երկու կամ ավելի հայտերի բաժանելու մասին (զատված հայտեր)` այդ ապրանքները զատված հայտերի միջև բաշխելու միջոցով: Այս դեպքում զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը և նշանի խնդրարկված առաջնության թվականը:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 9. ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է հայտի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն օրենքի 8 հոդվածի 5-րդ կետին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունվելու կամ չընդունվելու մասին:

3. Հայտը քննարկման ընդունվելու դեպքում հայտատուն ծանուցվում է ապրանքային նշանի ներկայացման թվականի մասին:

 

Հոդված 10. ՀԱՅՏԱՐԿՎՈՂ ՆՇԱՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացվում է նախնական փորձաքննությունն ավարտվելուց հետո վեցամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում սահմանվում է ապրանքային նշանի առաջնությունը և ստուգվում հայտարկվող ապրանքային նշանի համապատասխանությունն առնվազն սույն օրենքի 11 հոդվածով և 12 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին:

2. Փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում` հայտարկված նշանը որպես ապրանքային նշան գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին:

3. Նշանի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին` կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

4. Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը:

5. Նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումը կարող է վերանայվել լիազոր մարմնի կողմից նույնատիպ ապրանքների համար ավելի վաղ առաջնությունից օգտվող նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանի հայտի ստացման կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբ:

(10-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 11. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԻՄՔԵՐԸ

 

 1. Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք չունեն տարբերակող հատկություն կամ բաղկացած են միայն այնպիսի տարրերից, որոնք`

ա) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.

բ) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշներ և տերմիններ են.

գ) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը.

դ) բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը`

- բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկությունից).

- անհրաժեշտ է որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար և բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը).

- ապրանքին տալիս է էական արժեք:

Սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում դրա գերիշխող մասը:

Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում այն նշանների վրա, որոնք օգտագործման հետևանքով ձեռք են բերել տարբերակող հատկություն:

1.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք վերարտադրում են պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ են կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ: Այդպիսի նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ` դրանց սեփականատերերի կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)

3. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսանում են կամ պարունակում են`

ա) կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ ապրանքի կամ արտադրողի մասին.

բ) աշխարհագրական նշում և գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, եթե այդ աշխարհագրական նշման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին ապրանքների իրական ծագման վայրի հարցում.

գ) գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղեկանքից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար, կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:

4. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք`

ա) հակասում են հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորույթներին).

բ) անհարիր են ազգային և հոգևոր արժեքներին:

5. Սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի պահանջներն ապրանքի արտադրության վայրի (աշխարհագրական նշման) մասով, սույն օրենքի 21 հոդվածի համաձայն գրանցվող կոլեկտիվ նշանների նկատմամբ չեն տարածվում:

(11-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն) 

 

Հոդված 12. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԱՅԼ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են`

ա) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված (եթե դրանց հայտերը հետ կանչված կամ մերժված չեն) ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույն կամ նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պահպանվող` ավելի վաղ առաջնությամբ` այլ անձանց ապրանքային նշաններին.

գ) նույն կամ նույնատիպ ապրանքների համար սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող հանրահայտ ճանաչված այլ անձանց ապրանքային նշաններին.

դ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը կամ աշխարհագրական նշումին, բացառությամբ այն դեպքերի, երբ, որպես չպահպանվող տարր, դրանք ներառված են դրանց օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.

ե) սահմանված կարգով գրանցված հավաստագրային կոլեկտիվ կամ երաշխիքային նշաններին.

զ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին (կամ դրանց տարբերակող նշանակության անվանը), եթե դրանց նկատմամբ իրավունքը ծագել է մինչև նույնատիպ ապրանքների համար գրանցման ներկայացված ապրանքային նշանի առաջնության թվականը:

Նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշանը կարող է գրանցվել միայն տվյալ ֆիրմային անվանման իրավատիրոջ (իրավաբանական անձի) համաձայնությամբ:

2. Որպես ապրանքային նշան չեն գրանցվում նաև այն նշանները, որոնք վերարտադրում են`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)

բ) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշները, որոնց տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.

գ) հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները (ֆրագմենտները), դրանց հերոսներին` առանց դրանց նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականը:

Սույն կետը չի տարածվում այն ստեղծագործությունների անվանումների կամ դրանցից կատարված մեջբերումների կամ դրանց հերոսների նկատմամբ, որոնք բացառապես իրենցից ներկայացնում են աշխարհագրական նշում.

դ) հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանցից ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները` առանց այդ անձանց, նրանց ժառանգների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված թույլտվության:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետում նշված ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը կարող է հիմք հանդիսանալ տվյալ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման նշանի գրանցման համար` լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերի դրույթները տարածվում են նաև այն ապրանքային նշանների վրա, որոնք գրանցման են ներկայացվել ոչ նույնատիպ ապրանքների համար, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ այդ ապրանքների և գրանցված կամ առանց գրանցման պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ համարվող ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

5. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում գինիների անհատականացման նույնական աշխարհագրական նշումների նկատմամբ, եթե դրանք զուգակցված են համապատասխան տարբերակիչ լրացումներով, պայմանով, որ պահպանված են սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 13. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ և ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

1. Փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ (այսուհետ` բողոքարկման խորհուրդ):

2. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:

3. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում դիմել դատարան:

4. Հայտատուն իրավունք ունի ծանոթանալ փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին: Որոշման ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտատուն կարող է պահանջել այդ նյութերի պատճենները, եթե դրանք կցված չեն նշված որոշմանը:

5. Լիազոր մարմինը սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով, 10-րդ հոդվածի 3-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

(13-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 14. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Լիազոր մարմինը, ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո, մեկամսյա ժամկետում, ապրանքային նշանը գրանցում է ապրանքային նշանների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ մինչև սույն մասի ավարտը` գրանցամատյան): Գրանցամատյան մտցվում են ապրանքային նշանի պատկերը, դրա սեփականատիրոջ մասին տեղեկությունները, ապրանքային նշանի առաջնության և գրանցման թվականները, այն ապրանքների ցանկը, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և լիազոր մարմնի կողմից հաստատված այլ տեղեկություններ, ինչպես նաև դրանց հետագա փոփոխությունները:

Ապրանքային նշանի գրանցման թվական է համարվում գրանցամատյանում դրա փաստացի պետական գրանցման թվականը:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 15. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

Ապրանքային նշանի վկայագիրը հանձնում է լիազոր մարմինը` գրանցամատյանում ապրանքային նշանի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վկայագրի ձևն ու դրանում նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

(14-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 16. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը և գրանցման բաժանումը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը գործում է մինչև լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից տաս տարին լրանալը:

2. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել բազմակի անգամ` տասական տարի ժամկետով: Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվում է գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

3. Գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում` լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում:

4. Լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում, իսկ դրա սեփականատիրոջ խնդրանքով` ապրանքային նշանի վկայականում:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին լիազոր մարմինը եռամսյա ժամկետում տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

5. Եթե ապրանքային նշանը գրանցված է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա դրա գրանցման գործողության ընթացքում, այդ թվում` սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հետ կապված գործընթացի ժամանակ ապրանքային նշանի սեփականատերը կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին` տվյալ գրանցումը երկու կամ ավելի գրանցումների բաժանելու մասին (զատված գրանցումներ)` այդ ապրանքները զատված գրանցումների միջև բաշխելու միջոցով: Այս դեպքում զատված գրանցումները պահպանում են սկզբնական գրանցման գործողության ժամկետը և ապրանքային նշանի առաջնության թվականը:

(Վերնագիրը խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 17. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Ապրանքային նշանի սեփականատերն իր անվանվան կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխման, այն ապրանքների ցանկի  կրճատման, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին տարրերի փոփոխման և ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:

2. Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում փոփոխությունները կատարվում են ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն` սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

(17-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 18. ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող և սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված տեղեկությունները գրանցման օրվանից երեք ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

(18-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 19. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության անձինք իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցել օտարերկրյա պետություններում կամ կատարել դրա միջազգային գրանցում:

2. Ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտը ներկայացվում է լիազոր մարմնի միջոցով:

(19-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆ

 

Հոդված 20. ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ

 

1. Կոլեկտիվ նշան է համարվում որևէ տնտեսական ընկերակցության, իրավաբանական անձանց միության կամ օրենքով սահմանված կարգով` անձանց ստեղծած այլ կամավոր միավորման (այսուհետ` միության) ապրանքային նշանը, որը նախատեսված է միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող և իրենց կողմից արտադրվող և (կամ) իրացվող ապրանքները նշելու համար:

2. Կոլեկտիվ նշանն ու դրա օգտագործման իրավունքը փոխանցման ենթակա չեն:

(20-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-497-Ն)

 

Հոդված 21. ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Կոլեկտիվ նշանի գրանցման հայտին կցվում են` կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, միության կամ կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու համար լիազորված իրավաբանական անձի անվանումը, տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձանց ցուցակը, գրանցման նպատակը, կոլեկտիվ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրերը, կոլեկտիվ նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը կոլեկտիվ նշանի կանոնադրության խախտման համար:

2. Ի լրումն սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված տեղեկությունների` գրանցամատյանում և վկայագրում նշվում են նաև տեղեկություններ կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձանց մասին: Այդ տեղեկությունները, ինչպես նաև կանոնադրությունից քաղվածքը, միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող այն ապրանքների մասին, որոնց համար գրանցված է տվյալ կոլեկտիվ նշանը, հրատարակվում են լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում:

3. Կոլեկտիվ նշանի սեփականատերը տեղեկացնում է լիազոր մարմնին կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

4. Միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանի օգտագործման դեպքում, ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, գրանցման գործողությունը կարող է դադարեցվել վաղաժամկետ` ամբողջովին կամ մասնակիորեն:

5. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը:

(21-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.1

 

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21.1.

Հանրահայտ ապրանքային նշանը

 

1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում կարող են հանրահայտ ճանաչվել այն ապրանքային նշանները, որոնք Հայաստանի Հանրապետությունում պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով գրանցման հիման վրա, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով, ինչպես նաև որպես ապրանքային նշան Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող, սակայն չպահպանվող նշանները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքային նշանը որոշակի ապրանքների համար ճանաչվում է հանրահայտ, եթե այդ ապրանքների նկատմամբ լայնածավալ օգտագործման արդյունքում հանրահայտ ճանաչելու մասին դիմումում նշված թվականի դրությամբ սպառողների համապատասխան շրջանակի համար դարձել է լավ հայտնի` որպես տվյալ անձի կողմից արտադրվող նշված ապրանքների տարբերակման (անհատականացման) միջոց:

3. Ապրանքային նշանը չի կարող հանրահայտ ճանաչվել, եթե այն լավ հայտնի է դարձել նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ անձի ավելի վաղ առաջնություն ունեցող նույն կամ շփոթելու աստիճան նման նշանի առաջնության թվականից հետո:

(21.1 հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 21.2.

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը

 

1. Սույն օրենքի 21.1 հոդվածի 1-ին կետի համաձայն ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին դիմումը քննարկում է բողոքարկման խորհուրդը: Դիմումի ձևը, կից ներկայացվող փաստաթղթերը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները, ինչպես նաև դիմումի քննարկման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին տրամադրվում է սույն օրենքով ապրանքային նշանի համար նախատեսված իրավական պահպանություն:

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է նաև սույն օրենքի 21.1 հոդվածի երկրորդ կետում նշված ապրանքներին ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, եթե դրանց նկատմամբ այլ անձի կողմից տվյալ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը մոլորեցնելով ստիպում է սպառողին` այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրել, և եթե այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

3. Հանրահայտ ապրանքային նշանը լիազոր մարմնի կողմից ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների ցանկում (այսուհետ` ցանկ):

4. Հանրահայտ ապրանքային նշանի վկայագիրը հանձնում է լիազոր մարմինը` հանրահայտ ապրանքային նշանը ցանկում ներառելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վկայագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

5. Հանրահայտ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ:

6. Լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները ցանկում ներառելու օրվանից 3 ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

(21.2 հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

(Գլուխը լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 22. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ և ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և (կամ) դրանց փաթեթավորման վրա:

2. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաև դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաև պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում ցուցանմուշները ցուցադրելիս միայն այն դեպքերում, երբ ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնար է:

3. Միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պայմանագրային հիմունքներով կարող են իրենց ապրանքային նշանն օգտագործել ապրանքն արտադրողի ապրանքային նշանի հետ համատեղ կամ դրա փոխարեն:

4. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, բողոքարկման խորհրդի որոշմամբ, դադարեցվել վաղաժամկետ բոլոր ապրանքների, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված 3 տարվա ընթացքում կամ դիմումն ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դրան անմիջականորեն նախորդող 3 տարվա ընթացքում այն անընդհատորեն (ընդհանրապես) չի օգտագործվել ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ սույն օրենքի 26 հոդվածի համաձայն` լիցենզային պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա սեփականատերը կամ լիցենզային պայմանագրով տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում այն ընդունելու օրվանից վեցամսյա ժամկետում:

5. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերով ապրանքային նշանի գրանցման գործողությունը չի կարող դադարեցվել բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե`

ա) ապրանքային նշանի սեփականատերը կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձը փաստարկներ է ներկայացնում, որ նշանի չօգտագործումը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով.

բ) ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանն օգտագործվել է այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից` դրա տարբերակիչ բնույթի չփոփոխող միայն առանձին տարրերով.

գ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում զետեղվել է ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա` բացառապես արտահանման նպատակով:

6. Դեղագործական, սննդամթերքի և արդյունաբերական որոշ ապրանքներ ու տեսակներ, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ըմպելիքները պետք է մակնշվեն գրանցված ապրանքային նշաններով: Այդ ապրանքների լրիվ ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(22-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, խմբ., փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 23. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Ապրանքային նշանի սեփականատերն իրավունք չունի երրորդ անձանց արգելել առևտրային գործունեության ընթացքում օգտագործել`

ա) իրենց անվանումը (անունը, կեղծանունը) կամ հասցեն.

բ) ապրանքի տեսակը, որակը, քանակը, արժեքը, ստեղծման (մատուցման) նպատակը և այլ հատկությունները, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման (մատուցման) տեղը և ժամանակը բնորոշող նշանները.

գ) ապրանքային նշանը, եթե դա անհրաժեշտ է ապրանքի ստեղծման (մատուցման) նպատակը նշելու համար, մասնավորապես` որպես օժանդակ կամ պահեստային մասեր`

եթե դրանք օգտագործվում են առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ և երրորդ անձանց օրինական շահերին վնաս պատճառելու և սպառողին մոլորության մեջ գցելու:

2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերն իրավունք չունի արգելել այլ անձանց կողմից տվյալ նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում` նշանի սեփականատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնականոն կերպով կամ միջամտությամբ փոփոխության չեն ենթարկվել:

 

Հոդված 24. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄԸ

 

Ապրանքային նշանի սեփականատերը կարող է դրա կողքին զետեղել Հայաստանի Հանրապետությունում տվյալ ապրանքային նշանի գրանցված լինելը վկայող նախազգուշական գրառում` շրջանագծի մեջ ներառված (R) կամ առանձին լատիներեն R տառի, ինչպես նաև «ապրանքային նշան» կամ «գրանցված ապրանքային նշան» արտահայտությունների տեսքով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 25. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԶԻՋՈՒՄԸ

 

Ապրանքային նշանը պայմանագրով կարող է զիջվել այլ անձանց` բոլոր այն ապրանքների կամ դրանց մի մասի համար, որոնք նշված են ապրանքային նշանի վկայագրում: Ապրանքային նշանը զիջել չի թույլատրվում, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ` ապրանքային կամ դրա արտադրողին վերաբերող հարցերում:

 

Հոդված 26. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ապրանքային նշանի սեփականատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրի հիման վրա կարող է այլ անձի (լիցենզառու) տալ ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն:

2. Լիցենզային պայմանագրում պետք է նշվի, որ լիցենզառուի ապրանքը որակապես չպետք է զիջի լիցենզատուի ապրանքին, և վերջինս վերահսկողություն պետք է իրականացնի այդ պահանջի կատարման նկատմամբ:

3. Ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն չի տրվում, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ` ապրանքի արտադրության վայրին վերաբերող հարցում:

 

Հոդված 27. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԶԻՋՄԱՆ և ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Ապրանքային նշանի զիջման և լիցենզային պայմանագրերը գրանցվում են լիազոր մարմնում: Չգրանցված պայմանագիրը համարվում է անվավեր:

Զիջման մասին և լիցենզային պայմանագրերի գրանցման հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել բողոքարկման խորհրդում և (կամ) դատական կարգով:

(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 28. Ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը կամ նշանի միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության տրամադրումը կարող է վիճարկվել և ճանաչվել անվավեր`

ա) ամբողջովին կամ մասնակիորեն` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 11 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կամ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում, եթե իրավական պահպանությունը տրամադրվել է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.

բ) ամբողջովին` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի խախտմամբ.

գ) ամբողջովին` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի անունով` առանց տվյալ անձի թույլտվության:

2. Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի հանրահայտ ճանաչումը կարող է վիճարկվել և ճանաչվել անվավեր ամբողջովին կամ մասնակիորեն, դրա իրավական պահպանության ընթացքում, եթե այն հակասում է սույն օրենքի 21.1 հոդվածի պահանջներին:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ժամկետներում և հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված ժամկետներում և հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձը:

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքով և ժամկետում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

Սույն կետի համաձայն ներկայացված բողոքներին վերաբերող բողոքարկման խորհրդի ընդունած ցանկացած որոշում կարող է վիճարկվել դատական կարգով` այդ որոշումն ընդունելու օրվանից 6-ամսյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն ապրանքային նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն կարող է ճանաչվել անվավեր նաև լիազոր մարմնի նախաձեռնությամբ` իր սահմանած կարգով:

(28-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ., խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 29. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և իրավական պահպանության դադարեցումը

 

1. Լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարում հետևյալ դեպքերում`

ա) ավարտվել է սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը.

բ) սույն օրենքի 21 հոդվածի 4-րդ կետի համաձայն, վաղաժամկետ դադարեցվել է կոլեկտիվ նշանի գրանցումը` միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանն օգտագործելու պատճառով.

գ) սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի համաձայն, վաղաժամկետ դադարեցվել է ապրանքային նշանի գործողությունը` ապրանքային նշանի չօգտագործման պատճառով.

դ) ապրանքային նշանի գրանցումը ճանաչվել է անվավեր` սույն օրենքի 28 հոդվածի համաձայն.

ե) լուծարվել է ապրանքային նշանի սեփականատերը.

զ) ցանկացած անձի դիմումի համաձայն, դատարանի որոշմամբ ապրանքային նշանը ճանաչվել է որոշակի տեսակի ապրանքների նշման վերացված և համընդհանուր կիրառում ստացած նշան.

է) ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանուն գրանցելու կապակցությամբ, եթե տեղանվան գրանցման օրվանից մեկ տարվա ընթացքում ապրանքային նշանի սեփականատերը չի ստացել տվյալ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք.

ը) ապրանքային նշանից հրաժարվել է դրա սեփականատերը:

1.1. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է, եթե`

ա) սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չեղյալ է հայտարարվել ապրանքային նշանի գրանցումը.

բ) սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն անվավեր է ճանաչվել ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումը:

1.2. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է սույն հոդվածի 1-ի կետի «բ»-«է» ենթակետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 28 հոդվածի 2-րդ կետի համաձայն ապրանքային նշանի` Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչումն անվավեր ճանաչելու դեպքում:

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է դադարեցվել նաև բողոքարկման խորհրդի որոշման համաձայն` ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանները վերանալու դեպքում: Նշված բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)

(29-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30. ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

 

1. Ապրանքի ծագման տեղանունը (այսուհետ` տեղանուն) երկրի, բնակավայրի, տեղանքի կամ աշխարհագրական այլ օբյեկտի (այսուհետ` աշխարհագրական օբյեկտ) անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:

2. Տեղանունը կարող է լինել աշխարհագրական օբյեկտի պատմական անվանում:

3. Տեղանուն չի համարվում այն անվանումը, որը, լինելով կամ իր մեջ բովանդակելով աշխարհագրական օբյեկտի անվանում, Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր գործածության մեջ է մտել որպես արտադրության տեղի հետ չկապված որոշակի տեսակի ապրանքի արտահայտչամիջոց:

 

Հոդված 31. ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում տեղանվան իրավական պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` դրա գրանցման հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Տեղանունը պահպանվում է օրենքով:

3. Տեղանունը կարող են գրանցման ներկայացնել`

ա) մեկ կամ մի քանի անձ, ովքեր հայտում նշված տեղանքում արտադրում են տվյալ ապրանքը.

բ) սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները.

գ) տվյալ ապրանքի արտադրությանն առնչություն ունեցող այլ իրավասու մարմիններ:

4. Տեղանունը գրանցման ներկայացրած անձը իրավունք է ստանում օգտագործել այն, եթե նրա կողմից արտադրվող ապրանքը համապատասխանում է սույն օրենքի 30 հոդվածի 1-ին կետի պահանջներին:

5. Սահմանված կարգով գրանցված տեղանվան օգտագործման իրավունքը կարող է տրվել նույն աշխարհագրական տեղանքում նույն հատկանիշներով ապրանք արտադրող ցանկացած անձի:

6. Տեղանվան գրանցումը գործում է անժամկետ:

7. Որպես ապրանքի ծագման տեղանուն իրավական պահպանության ենթակա չէ այն անվանումը, որը լինելով ապրանքի իրական ծագման աշխարհագրական օբյեկտի անվանում, սպառողին տալիս է կեղծ պատկերացում այն մասին, իբր ապրանքը ծագել է մեկ այլ նույնանուն աշխարհագրական օբյեկտից:

8. Գինիների անհատականացման նույնանուն աշխարհագրական նշումների դեպքում դրանցից յուրաքանչյուրին տրվում է իրավական պահպանություն, եթե դրանք պարունակում են համապատասխան տարբերակիչ լրացումներ, պայմանով, որ կպահպանվեն սույն հոդվածի 6-րդ կետի դրույթները և արտադրողների արդարացի շահերը:

(31-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ

 

Հոդված 32. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏԸ

 

1. Տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտը (այսուհետ` հայտ) լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքի 31 հոդվածի 3-րդ կետում նշված անձինք (այսուհետ` հայտատու):

2. Հայտը կարող է ներկայացվել սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով` 3-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:

 3. Հայտը պետք է վերաբերի մեկ տեղանվան և պարունակի`

ա) դիմում` տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող տեղանունը.

գ) այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռումը` նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական օբյեկտի) անվանումը.

դ) փաստաթղթեր, որոնք հստակ նույնականացնում են աշխարհագրական օբյեկտի սահմանները, որի նկատմամբ կիրառվում է տեղանունը.

ե) ապրանքի (անհրաժեշտության դեպքում` նաև հումքանյութի) յուրահատկությունների նկարագրությունը (հիմնական ֆիզիկական, քիմիական, մանրէաբանական և (կամ) օրգանոլեպտիկ բնութագրերը).

զ) անհրաժեշտության դեպքում` ապրանքի արտադրության տեղական յուրահատուկ եղանակի նկարագրությունը.

է) տեղանվան հետ կապված յուրահատուկ մակնշման մանրամասները:

4. Հայտին կցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության հայտատուների համար` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխարհագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով (սույն օրենքի 31 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված հայտատուների համար).

բ) օտարերկրյա հայտատուների համար` ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտագործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը.

գ) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.

դ) արտոնագրային հավատարմատար իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

5. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հատը ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

6. Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

(32-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 33. ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական և հայտարկված տեղանվան փորձաքննությունները, իրականացնում է լիազոր մարմինը:

 2. Լիազոր մարմին հայտ ներկայացնելու օրվանից, մինչև դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում:

3. Եթե լրացուցիչ նյութերը փոփոխում են գրանցման ներկայացված տեղանունն ըստ էության, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ:

4. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5. Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված:

6. Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է լիազոր մարմին հայտ ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխան ստանալը:

7. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին:

8. Քննարկման ընդունված հայտով անցկացվում է հայտարկված տեղանվան փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է դրա համապատասխանությունը սույն օրենքի 30 հոդվածով սահմանված պահանջներին:

9. Փորձաքննությունից հետո լիազոր մարմինը որոշում է ընդունում տեղանվան գրանցման և օգտագործման իրավունք տալու, կամ տեղանվան գրանցումը մերժելու և դրա օգտագործման իրավունք չտալու, կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու կամ չտալու մասին:

10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:

11. Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը:

12. Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

(33-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 34. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ և ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

1. Փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:

2. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում բողոքարկել դատարան:

Լիազոր մարմինը սույն օրենքի 33 հոդվածի 4-րդ կետով և սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

(34-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 35. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Որպես ապրանքի ծագման տեղանուն չի կարող գրանցվել այն անվանումը, որը`

ա) գրանցման է ներկայացվել ոչ իրավասու անձանց կողմից.

բ) չի համապատասխանում սույն օրենքի 30 հոդվածի պահանջներին.

գ) նույնական կամ շփոթելու աստիճան նման է նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված տեղանվանը.

դ) հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ բարեխիղճ մրցակցության (գործարար շրջանառության) սովորություններին.

ե) (ենթակետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)

զ) չի պահպանվում, պահպանությունը դադարեցվել է կամ գործածությունը չի թույլատրվում ծագման երկրում.

է) մոլորության մեջ է գցում, մասնավորապես` ապրանքի բնույթի, որակի կամ աշխարհագրական ծագման վերաբերյալ, նույնիսկ երբ տեղանունը բառացիորեն հավաստի է ապրանքի ծագման աշխարհագրական տեղանքի իմաստով (նույնանուն տեղանունների դեպքում), բայց սպառողին տալիս է կեղծ պատկերացում` իբրև ապրանքը ծագում է այլ աշխարհագրական տեղանքից: Նույնանուն անվանումների դեպքում տեղանունը կարող է գրանցվել, եթե ապրանքի մակնիշի վրա պարզ և տեսանելի արտահայտված է սպառողին մոլորեցնելը բացառող որևէ տարբերակիչ տարր, օրինակ` ծագման երկրի կամ շրջանի անունը:

 

Հոդված 36. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը, տեղանունը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում տեղանունը գրանցում է ապրանքների ծագման տեղանունների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետ` գրանցամատյան): Գրանցամատյանում գրանցվում են տեղանունը, դրա օգտագործման իրավունքի վկայագրի (այսուհետ` վկայագիր) սեփականատիրոջ մասին տեղեկությունները, այն ապրանքի նշումը, որի համար գրանցված է տվյալ տեղանունը, դրա առանձնահատկությունների նկարագրությունը, լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկով այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են տեղանվան գրանցմանն ու օգտագործման իրավունք տալուն, ինչպես նաև այդ տեղեկությունների հետագա փոփոխությունները:

2. Վկայագիրը հանձնում է լիազոր մարմինը` տեղանվան գրանցամատյանում գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Վկայագրի ձևն ու դրանում նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

(36-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 37. ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Վկայագիրը գործում է մինչև լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից տաս տարին լրանալը:

2. Վկայագրի գործողության ժամկետը, դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, կարող է երկարաձգվել բազմակի անգամ` տասական տարի ժամկետով, եթե դիմումին կից ներկայացվել են տվյալ աշխարհագրական տեղանքում վկայագրի սեփականատիրոջ գտնվելու և վկայագրում նշված հատկություններով ապրանք արտադրելու մասին համապատասխան իրավասու մարմինների տեղեկանքները: Վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը տրվում է դրա գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

3. Վկայագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է վկայագրի գործողության ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում` լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում:

4. Լիազոր մարմինը վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում, իսկ վկայագրի սեփականատիրոջ խնդրանքով` վկայագրում:

(37-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 38. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Վկայագրի սեփականատերն իր անվանման կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության, ինչպես նաև տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վերաբերյալ փոփոխությունների մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:

2. Գրանցամատյանում և վկայագրում փոփոխությունները կատարվում են վկայագրի սեփականատիրոջ դիմումի համաձայն` սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

(38-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 39. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Լիազոր մարմինը տեղանվանը և սույն օրենքի 36 հոդվածին համապատասխան գրանցամատյանում գրանցված տեղեկությունները (բացառությամբ ապրանքի առանձնահատկություններին վերաբերող տեղեկությունների) գրանցման օրվանից երեք ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

(39-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 40. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության անձինք իրավունք ունեն տեղանունը գրանցելու օտարերկրյա պետություններում:

2. Օտարերկրյա պետություններում տեղանվան գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում այն գրանցվելուց և օգտագործման իրավունք ստանալուց հետո:

(40-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 41. ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Տեղանվան օգտագործում է համարվում դրա կիրառումն ապրանքի և փաթեթավորման վրա, գովազդներում, ազդագրերում, հաշիվներում, ձևաթղթերում, ինչպես նաև ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելու հետ կապված այլ փաստաթղթերում:

Ապրանքային նշաններում տեղանունն օգտագործվում է միայն նշանի գերիշխող մաս համարվող որևէ բառային նշանի (առևտրային անվանման) զուգակցմամբ:

2. Չի թույլատրվում տեղանվան ցանկացած օգտագործում, որը Փարիզյան կոնվենցիայի 10 bis հոդվածի համաձայն կարող է որակվել որպես անբարեխիղճ մրցակցության ակտ:

3. Չի թույլատրվում ապրանքների նշման կամ ներկայացման համար օգտագործել որևէ միջոց, որը մատնանշում է կամ սպառողի մոտ ենթադրություն է առաջացնում այն մասին, իբր տվյալ ապրանքը ծագել է այլ աշխարհագրական օբյեկտից, քան դրա ծագման իրական աշխարհագրական օբյեկտն է:

4. Չի թույլատրվում գրանցված տեղանվան օգտագործումը համապատասխան վկայագիր չունեցող անձանց կողմից, եթե նույնիսկ նշվում է ապրանքի ծագման ճշգրիտ վայրը, կամ տեղանունն օգտագործվում է թարգմանաբար կամ այնպիսի արտահայտությունների զուգակցմամբ, ինչպիսիք են «տեսակ», «տիպ», «նմանակում» և այլն, ինչպես նաև ապրանքի ծագման տեղի և առանձնահատկությունների մասին սպառողներին մոլորության մեջ գցելու ընդունակ համանման նշանի օգտագործումը ցանկացած ապրանքի համար:

5. Նույնանուն անվանումների դեպքում ապրանքի ծագման տեղանունը կարող է օգտագործվել, եթե այն զուգակցված է պարզ և տեսանելի արտահայտված, սպառողին մոլորեցնելը բացառող որևէ տարբերակիչ տարրով, օրինակ` ծագման երկրի կամ շրջանի անվանմամբ:

6. Ցանկացած անձ իրավունք ունի առևտրային գործունեության ընթացքում օգտագործել`

ա) գրանցված տեղանունն այն ապրանքների նկատմամբ, որոնք տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում տեղանունն օգտագործելու վկայագիր ունեցող անձի կողմից, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնականոն կերպով կամ միջամտությամբ չեն փոփոխվել:

Այս դեպքում, եթե տեղանվամբ նշված ապրանքը որևէ սուբյեկտի կողմից լրացուցիչ վերամշակվում կամ նորից փաթեթավորվում է տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս, ապա դա տնտեսական շրջանառության մեջ է մտցվում` վերամշակման կամ նորից փաթեթավորման վայրի և տվյալ սուբյեկտի անվանման պարտադիր նշմամբ: Հանքային ջրերի համար աշխարհագրական օբյեկտում գտնվող են համարվում նաև տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս գտնվող այն սուբյեկտները, որոնք հանքային ջուրը ստացիոնար խողովակաշարով անմիջականորեն վերցնում են համապատասխան հորատանցքից.

բ) իր անունը կամ իր գործարարական իրավանախորդի անունը կամ հասցեն, եթե դա չի մոլորեցնում հասարակությանը` ապրանքի աշխարհագրական ծագման հարցում:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-497-Ն)

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ապրանքների և ծառայությունների հետ կապված գինիներ կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող այլ երկրի աշխարհագրական նշումները Հայաստանի Հանրապետությունում օգտագործել են`

ա) անընդհատ` 1994 թվականի ապրիլի 15-ին նախորդող առնվազն տաս տարվա ընթացքում, կամ`

բ) բարեխիղճ կերպով` մինչև 1994 թվականի ապրիլի 15-ը` իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում նույնատիպ ապրանքների և ծառայություններին նկատմամբ շարունակել կամ նման կերպ օգտագործել տվյալ աշխարհագրական նշումները:

9. Այլ երկրի աշխարհագրական նշում պարունակող խաղողագործության արտադրանքների, այդ թվում` գինիների համար նախատեսված, և մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումներ օրինական կարգով կամ բարեխիղճ կերպով օգտագործող անձանց իրավունք է տրվում շարունակել տվյալ աշխարհագրական նշման օգտագործումը, եթե այն նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքում աճող խաղողի տարատեսակի սովորական անվանմանը:

10. Ապրանքի ծագման տեղանվանը նման կամ նույնական ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները շարունակում են պահպանվել, եթե վերջինս բարեխղճորեն գրանցման է ներկայացվել կամ գրանցվել է`

ա) մինչև Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ-ի մտավոր սեփականության իրավունքների առևտրի ասպեկտների մասին (ԹՐԻՓՍ) համաձայնագրի կիրառման թվականը.

բ) մինչև այդ տեղանվան պահպանության ձեռքբերումն իր ծագման երկրում:

11. Սույն օրենքի 31 հոդվածի 3-րդ կետում նշված անձանց, կազմակերպությունների և իրավասու մարմինների պահանջներն ապրանքային նշանի օգտագործման կամ գրանցման վերաբերյալ պետք է ներկայացվեն պահպանվող տեղանվան անօրինական օգտագործման մասին Հայաստանի Հանրապետությունում լայնորեն հայտնի դառնալուց հինգ տարվա ընթացքում, պայմանով, որ այդ անվանումը գրանցվել է բարեխղճորեն:

12. Վկայագրի սեփականատերն իրավունք չունի տեղանվան օգտագործման իրավունքը փոխանցել այլ անձանց:

(41-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 26.12.02 ՀՕ-497-Ն)

 

Հոդված 42. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄ

 

Վկայագրի սեփականատերը կարող է տեղանվան կողքին զետեղել Հայաստանի Հանրապետությունում տվյալ տեղանվան գրանցված լինելը վկայող նախազգուշական գրառում` «գրանցված ապրանքի ծագման տեղանուն» կամ «գրանց. ԱԾՏ» արտահայտությունների տեսքով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 43. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Տեղանվան գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, եթե դա կատարվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

2. Վկայագիրը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն տրվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

3. Ցանկացած անձ սույն օրենքի 30, 31 և 35 հոդվածներում նշված հիմքերով կարող է բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ կամ դատարան` տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր տալու դեմ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:

4. Բողոքարկման խորհրդի որոշումը, այն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, կարող է վիճարկվել դատական կարգով:

(43-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

 

Հոդված 44. ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Լիազոր մարմինը տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչում, եթե`

ա) տեղանվան գրանցումն անվավեր է ճանաչվել սույն օրենքի 43 հոդվածի համաձայն.

բ) վերացել են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ պայմանները, և անհնար է դարձել պետական գրանցամատյանում նշված հատկություններով ապրանքի արտադրությունը: Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող անհատ ձեռնարկատերերի և օտարերկրյա անձանց անունով տեղանվան գրանցումը, բացի նշված հիմքերից, ուժը կորցրած է ճանաչում նաև ապրանքի ծագման երկրում նրանց կողմից տվյալ անվանման օգտագործման իրավունքը կորցնելու դեպքում:

2. Լիազոր մարմինը տեղանվան վկայագիրն ուժը կորցրած է ճանաչում, եթե`

ա) այն անվավեր է ճանաչվել սույն օրենքի 43 հոդվածի համաձայն.

բ) ապրանքը կորցրել է գրանցամատյանում նշված առանձնահատկությունները.

գ) տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչվել` սույն հոդվածի 1-ին կետի համաձայն.

դ) լուծարվել է վկայագրի սեփականատերը.

ե) վկայագրի սեփականատերը վկայագրից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել լիազոր մարմին:

(44-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

 

Ապրանքային նշանի գրանցման, տեղական գրանցման կամ օգտագործման իրավունքի վկայագրի հայտ ներկայացնելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր, որոնց տեսակները, չափերը և վճարման կարգը սահմանվում են օրենքով:

(45-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հոդված 46. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Դատական կարգով լուծվում են սույն օրենքի կիրառման հետ կապված վեճերը, այդ թվում` այն վեճերը, որոնք վերաբերում են`

ա) ապրանքային նշանի բացառիկ իրավունքի խախտմանը.

բ) լիցենզային պայմանագրի կնքմանը և կատարմանը, ինչպես նաև ապրանքային նշանի զիջման պայմանագրին.

գ) տեղանվան ապօրինի օգտագործմանը:

 

Հոդված 47. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ և ՏԵՂԱՆՎԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի, ինչպես նաև տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը, որը հակասում է սույն օրենքի 4 և 41 հոդվածների պահանջներին, առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, բացի ապօրինի օգտագործման դադարեցման և վնասների փոխհատուցման պահանջից, իրականացվում է նաև հետևյալ եղանակներով.

ա) խախտողի կողմից դատարանի որոշման հրապարակումով` տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.

բ) ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքից կամ նրա փաթեթավորումից այնպիսի եղանակով հանելով, որը կբացառի ապրանքի կամ նրա փաթեթավորման վրա այն նորից զետեղելու վտանգը.

գ) ոչնչացնելով ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի պատկերները.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նախատեսված եղանակներն իրականացնելու անհնարինության դեպքում, բացառելով ապրանքային նշանի սեփականատիրոջը հետագայում որևէ վնաս պատճառելու հնարավորությունը, առանց որևիցե փոխհատուցման առգրավելով կամ նաև ոչնչացնելով ապօրինի ապրանքային նշանով մակնշված ապրանքը և (կամ) փաթեթը:

3. Գրանցված տեղանունը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապօրինի օգտագործող անձն ապրանքների ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի սեփականատիրոջ, հասարակական կազմակերպության պահանջով պարտավոր է`

ա) դադարեցնել դրա օգտագործումը և բոլոր տուժածներին փոխհատուցել հասցված վնասները, ինչպես նաև տեղական բյուջե մուծել տեղական ապօրինի օգտագործումից ստացված շահույթից վնասների հատուցումը գերազանցող գումարը.

բ) հրապարակել դատական որոշումը` տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.

գ) ապրանքի, դրա փաթեթավորման, ձևաթղթի և այլ փաստաթղթերի վրայից այնպես վերացնել ապօրինի օգտագործվող տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը (արտահայտչամիջոցը), որպեսզի բացառվի ապրանքի կամ նրա փաթեթավորման վրա այն նորից զետեղելու վտանգը.

դ) ոչնչացնել պատրաստված տեղանվան պատկերները.

ե) սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված պահանջները կատարելու անհնարինության դեպքում` ապօրինի տեղանվամբ մակնշված ապրանքը և (կամ) փաթեթն առանց որևիցե փոխհատուցման ենթակա են առգրավման կամ ոչնչացման:

4. Ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան ապօրինի օգտագործման դեպքում, հետագա խախտումների վտանգը նվազեցնելու նպատակով, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել խախտման համար հիմք ծառայած նյութական օբյեկտների (նյութերի, սարքերի, գովազդային միջոցների և այլնի) առգրավմամբ, եթե դրանք գերակշռորեն օգտագործվել են նշված նպատակով:

5. Ցանկացած անձ, որի իրավունքներն ապրանքային նշանի կամ տեղանվան նկատմամբ խախտվում կամ կարող են խախտվել, իրավասու է դիմել դատարան` ապօրինի օգտագործվող ապրանքային նշան կամ տեղանուն կրող ապրանք տիրապետողից այդպիսի ապրանքների արտադրությանը և տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաև դրանց ձեռքբերման աղբյուրների ու տարածման ուղիների մասին տեղեկատվություն պահանջելու խնդրանքով:

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում`

ա) ապօրինի օգտագործվող ապրանքային նշան կամ տեղանուն կրող ապրանք տիրապետող անձը, որը հրաժարվում է հայտնել այդպիսի ապրանքների ձեռքբերման աղբյուրի մասին.

բ) ցանկացած անձ, որն ապրանքային նշանի կամ տեղանվան իրական իրավատիրոջ վերաբերյալ կեղծ հայտարարություն է անում, կամ ապրանքի (կամ դրա փաթեթավորման) վրայից ապօրինաբար հեռացնում է ապրանքային նշանը կամ տեղանունը, կամ խաբեությամբ իրեն ներկայացնում է իբրև ապրանքային կամ տեղանվան իրավատեր.

գ) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան հետ նախազգուշական գրառում կիրառող անձը, եթե այդ գրառումը չի արտահայտում որևէ վկայակոչում այլ երկրում գրանցված լինելու մասին, կամ տվյալ ապրանքների համար այդ ապրանքային նշանը կամ տեղանունն իրականում գրանցված չէ նշված երկրում:

 

Հոդված 48.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության անձանց հավասար:

2. Հայաստանի Հանրապետությունում տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքը տրվում է այն պետությունների անձանց, որոնք նույնանման իրավունք են տալիս Հայաստանի Հանրապետության անձանց:

(48-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն)

 

Հոդված 49. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 50. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների գրանցման գործողությունը, ինչպես նաև ապրանքների ծագման տեղանունների գրանցումը և դրանց օգտագործման իրավունքի վկայագրերը մնում են ուժի մեջ:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազոր մարմին ներկայացված ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման այն հայտերով, որոնց քննարկումը չի ավարտվել, փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

 3. Ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մայիսի 12-ին ընդունված «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

4. Օրենքի 11 հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով և 28 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված հիմքերով բողոքները բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել 2005 թվականի հուլիսի 1-ից:

5. Սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ և 12 հոդվածի 3 կետերն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից:

6. Սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ լիազոր մարմին ներկայացված հայտերով`

ա) փորձաքննությունը շարունակվում է` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված դրույթները, եթե այդ հայտերով փորձաքննությունը դեռևս ավարտված չէ կամ փորձաքննության որոշումը գտնվում է վիճարկման փուլում.

բ) լիազոր մարմինը գրանցում է ապրանքային նշանը` հայտատուին գրավոր ծանուցելով օրենքի 3 հոդվածի 1-ին կետի պահանջների մասին, եթե արդեն որոշում է կայացված ապրանքային նշանի գրանցման մասին, և հայտատուն սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացրել տվյալ նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(50-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
31 մարտի 2000 թ.
 ՀՕ-41