Գլխավոր տեղեկություն
Համար
N 663
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.11.2001-08.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

041.0663.10.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 1999 թվականի N 663
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի մասին» N 607 որոշմանը համապատասխան`

1. Հաստատել

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի կոլեգիայի կազմը (կցվում է).

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ

21  2»:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի կոլեգիայի անդամների թիվը` 5 մարդ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 331 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 25-ի N 663 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Խորհուրդն իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Խորհուրդն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Խորհուրդն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

5. Խորհրդի ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Խորհրդի խնդիրներն ու գործառույթները

 

6. Խորհրդի խնդիրներն ու գործառույթներն են`

ա) կրոնական կազմակերպությունների պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով փորձագիտական եզրակացության տրամադրումը.

բ) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման ընթացքի վերաբերյալ համապատասխան պետական մարմիններին անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կրոնական կազմակերպությունների միջև հարաբերությունների համադրումը.

դ) Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների միջև ծագած հարցերի և վեճերի լուծմանը որպես միջնորդ մասնակցելը.

ե) օտարերկրյա պետությունների կրոնական գործերի պետական մարմինների և (կամ) կազմակերպությունների հետ համագործակցելը.

զ) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող` պետական մարմինների գերատեսչական ակտերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից կրոնական հարցերին և համայնքներին վերաբերող համապատասխան տեղեկություններ և նյութեր ստանալը.

ը) կրոնական կազմակերպություններից իրենց գործունեության մասին սահմանված կարգով տեղեկություններ ստանալը.

թ) իր կանոնադրական պարտավորությունները կատարելու նպատակով համապատասխան հրատարակչական և գիտական գործունեությամբ զբաղվելը.

ժ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կրոնական գործունեության օրինականությունն ապահովելու միջոցառումների մասին» հրամանագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների ու գործառույթների իրականացումը:

(6-րդ կետը խմբ. 22.10.01 N 752)

 

III. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը

 

7. Խորհուրդն ընդհանրացնում է բնագավառում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

8. Խորհուրդը մյուս պետական մարմինների հետ իրականացնում է գործնական կապեր ու համագործակցություն` բնագավառին վերաբերող հարցերի մշակման և լուծման համար:

9. Խորհուրդը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

10. Խորհուրդը գլխավորում է նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Խորհրդի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով խորհրդի նախագահի հետ:

11. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը:

12. Խորհրդի նախագահը`

ա) ղեկավարում է խորհրդի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է տեղակալների, խորհրդի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները, Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների թիվը, խորհրդի կոլեգիայի կազմը.

գ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) տալիս է լիազորագրեր, կնքում քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է խորհրդի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, հրահանգներ.

է) հաստատում է խորհրդի կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

13. Խորհուրդը կառավարման ոլորտի հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

14. Խորհրդում ստեղծվում է կոլեգիա, որպես խորհրդակցական մարմին, որի անդամների թիվը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախագահը (կոլեգիայի նախագահ), նախագահի տեղակալները, խորհրդի այլ ղեկավար աշխատողներ:

Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:

16. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են խորհրդի հիմնական խնդիրներին և գործունեությանը վերաբերող հարցեր:

17. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են խորհրդի նախագահի հրամաններով:

18. Նախագահի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են կարծիք հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

19. Խորհուրդը կրոնին և կրոնագիտությանը վերաբերող հարցերի քննարկման համար կարող է ստեղծել հանձնաժողովներ և գիտական խորհուրդ` կազմված կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գիտնականներից, փորձագետներից: Գիտական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է խորհրդի նախագահը:

20. Խորհուրդը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` պետական խորհրդի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

(կանոնադրությունը խմբ. 22.10.01 N 752)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 25-ի N 663 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի կոլեգիայի

 

Խորհրդի նախագահ (կոլեգիայի նախագահ)

 

Խորհրդի նախագահի տեղակալներ

 

Փորձագիտական և իրավաբանական ծառայության բաժնի պետ

 

Խորհրդի քարտուղարության պետ (կոլեգիայի քարտուղար)

 

____________________

 

(կազմը փոփ. 22.10.01 N 752)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 25-ի N 663 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի կենտրոնական ապարատի

 

Հայ Առաքելական եկեղեցու և կրոնական կազմակերպությունների հետ հարաբերությունների բաժին

 

Տեղեկատվական - վերլուծական բաժին

 

Փորձագիտական և իրավաբանական ծառայության բաժին

 

Քարտուղարություն

(կառուցվածքը փոփ. 22.10.01 N 752)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2002, N 797-Ն 08.01.2003, N 663
22.10.2001, N 752 10.11.2001, N 663
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան