Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0129/04/16

2022 թ.

Սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0129/04/16

Նախագահող դատավոր՝

 Կ Համբարձումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ Կոմիտեի դիմումի՝ «Մինասյան բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 18.11.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 13.03.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության՝

- Կոմիտե՝ 500.000 ՀՀ դրամ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82 հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետ՝ չապահովված պահանջ,

- Կոմիտե՝ 109.813.199 ՀՀ դրամ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետ՝ չապահովված պահանջ։

Դատարանի 03.04.2017 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ, և վերջինիս գործունեությունը կասեցվել է:

18.03.2019 թվականին սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվել է սնանկության վարույթի շրջանակներում Ընկերության գույքի վաճառքից առաջացած դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագիր:

Կոմիտեի կողմից 25.03.2019 թվականին Դատարան է մուտքագրվել վերոնշյալ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն։

Դատարանի 15.09.2020 թվականի որոշմամբ առարկությունը մերժվել է, և բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.12.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.09.2020 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածների խախտում, սխալ է մեկնաբանել և կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, 82-րդ հոդվածը 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս կատարել է մի շարք եզրահանգումներ, որոնք հակասում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև թիվ ԵԿԴ/0075/04/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է կառավարչի վարձատրության հաշվարկման մեխանիզմն այն իմաստով, որ վարձատրությունը հաշվարկվում է` ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից` համապատասխան տոկոսադրույքներով, եզրահանգել է, որ միջանկյալ բաշխման ծրագրով նշված բոլոր պահանջները` անկախ դրանց առաջացման աղբյուրից, պետք է մասնակցեն վարձատրության հաշվարկմանը: Մինչդեռ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում հստակ նշված է, որ կառավարչի վարձատրության հաշվարկումը պետք է կատարվի` չներառելով գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորության գումարները: Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ վարձատրության հաշվարկումը պետք է կատարվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի 15.09.2020 թվականի որոշմամբ խախտվել է Կոմիտեի` որպես սնանկության գործով միակ պարտատիրոջ՝ իր պահանջների առավելագույն բավարարում ստանալու իրավունքը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համադրությունից հետևում է, որ կառավարչի վարձատրության հաշվարկումը պետք է կատարվի միմիայն պարտատերերի՝ բավարարման ենթակա պահանջների չափից՝ առանց գույքի իրացումից առաջացած հարկային պարտավորության գումարների, քանի որ օրենսդիրը չի նույնացրել «Պահանջ» և «Հարկային պարտավորության գումար» հասկացությունները: Ինչ վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետին, ապա դրա տառացի մեկնաբանությունից հետևում է, որ տվյալ հերթում պետք է գրանցվեն բոլոր այն պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների արդյունքում: Այսինքն, օրենսդիրը դրանք դիտարկել է որպես առանձին ինստիտուտներ, այն է՝ կառավարչի վարձատրության հաշվարկման համատեքստում գույքի օտարումից առաջացած հարկային պարտավորությունը չի դիտարկվում որպես պահանջ, մինչդեռ այն համարվում է պահանջ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի իմաստով, որը սնանկության գործով կառավարիչը նույն օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պարտավոր է գրանցել պարտատերերի պահանջների գրանցամատյանում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կառավարչի վարձատրության հաշվարկմանը մասնակցած 7.582.550 ՀՀ դրամ պահանջը, ինչպես և խնդրո առարկա բաշխման ծրագրով որպես գույքի օտարումից առաջացած հարկային պարտավորության գումար նշված 1.824.629 ՀՀ դրամը առաջացել են սնանկության վարույթի շրջանակներում գույքերի իրացումից ծագող հարկային պարտավորությունների հաշվին, և այդ հիմքով էլ կառավարչի կողմից պարտատերերի պահանջների գրանցամատյանում գրանցվել են որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հերթի պահանջներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության միջոցների բաշխման 14.03.2019 թվականի ծրագրի համաձայն՝ Ընկերության սնանկության հաշվին մուտքագրվել է 10.947.774 ՀՀ դրամ, ևս 216.960 ՀՀ դրամ՝ որպես աճուրդի մասնակցության վճարների գումար, ընդամենը՝ 11.164.734 ՀՀ դրամ։ Հավաքագրված միջոցները բաշխվել են ամբողջությամբ։

Հավելված 1-ի համաձայն՝ ծրագրի այդ ենթահերթում ընդգրկված 808.255 ՀՀ դրամը կառավարչի վարձատրությունն է բավարարվող պահանջների 10 տոկոսի չափով, որի հաշվարկման բազա է հանդիսացել մուտքագրված գումարի և վարչական ծախսերի ու գույքի օտարումից առաջացած ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով անուղղակի հարկերի տարբերությունը (11.164.734 449.300 1.824.629 = 8.890.805):

Հավելված 4-ի ենթահերթում ընդգրկված է 9.407.179 ՀՀ դրամ, որից 1.824.629 ՀՀ դրամը՝ գույքի օտարումից առաջացած ԱԱՀ-ի գծով պետական բյուջեի հանդեպ պարտավորության մարում, 7.582.550 ՀՀ դրամը՝ կառավարչի կողմից վճարների գծով առաջացած լրացուցիչ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության արդյունքում ԱԱՀ-ի գծով նոր առաջացած և պահանջների գրանցամատյանում գրանցված 12.384.968 ՀՀ դրամ պարտավորության մասնակի մարում (հատոր 4, գ. թ. 24-25)։

2) 04.03.2019 թվականի դրությամբ Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանում գրանցվել են հետևյալ պահանջները՝

- ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ 500.000 ՀՀ դրամ՝ որպես «դ» հերթի չապահովված պահանջ,

- ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ 109.813.199 ՀՀ դրամ՝ որպես «է» հերթի չապահովված պահանջ,

- ՀՀ ՊԵԿ՝ 12.384.968 ՀՀ դրամ՝ որպես «ե» հերթի չապահովված պահանջ (հատոր 4, գ թ 22):

3) Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից 04.03.2019 թվականին Սնանկության դատարանին ներկայացված «Հաշվետվություն» վերտառությամբ գրության համաձայն՝ «(...) Դուրս է գրվել հարկային հաշիվ և ՀՀ ՊԵԿ է ներկայացվել տեղեկատվություն սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ։ Պարտապանի գույքի օտարման հետ կապված ԱԱՀ-ի գծով ՀՀ պետական բյուջեի հանդեպ առաջացել է 12.384.968 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն։ Այն գրանցվել է պահանջների գրանցամատյանում որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին կետի ե) ենթակետով սահմանված առաջնահերթության (...)» (հատոր 4, գթ 20, 21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԳԴ/0033/04/15 քաղաքացիական գործով 07.04.2018 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, և որ նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, քանի որ ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարները պետք է ներառվեն սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրության հաշվարկման մեջ որպես բավարարման ենթակա պահանջներ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով (...):

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով` մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

ա) կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը (...).

ե) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները (...):

Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրանցված պահանջատերը սնանկ ճանաչված պարտապանից պահանջի բավարարում է ստանում դատարանի կողմից այդպիսի պահանջը ճանաչելու և համապատասխան հերթում գրանցելու փաստի ուժով, իսկ սնանկության կառավարչի կատարած ծախսերը, այդ թվում նաև իր կողմից կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատողներին տրվող աշխատավարձերը վճարվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարչին տրված լիազորությունների իրականացման փաստի ուժով: Արդյունքում սնանկության վարույթում առաջանում է հավաքագրված գումարների ծախսման 2 հիմնական ուղղություն`

ա) սնանկության վարույթի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը (այդ թվում` կառավարչի վարձատրությունը),

բ) գրանցված պահանջատերերի պահանջների բավարարումը:

Անդրադառնալով կառավարչի վարձատրության և գրանցված պարտատիրոջ պահանջի հարաբերակցության հարցին՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ ի տարբերություն պարտատերերի պահանջների, որոնց բավարարման համար անհրաժեշտ է հատուկ ընթացակարգ, և անգամ հնարավոր է, որ պարտատիրոջ պահանջը չհաստատվի կամ չբավարարվի՝ կառավարչի վարձատրության համար հատուկ ընթացակարգ չի պահանջվում: Կառավարիչը ստանում է իր կատարած աշխատանքի համար հատուցում: Ընդ որում, օրենսդիրն անգամ նախատեսել է, որ եթե կառավարիչն իրականացնում է իր լիազորությունները, սակայն պարտապանը գույք չունի, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, կառավարչին փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից: Հետևաբար, կառավարչի վարձատրությունը չի կարող նույնացվել պարտատիրոջ պահանջների հետ, որոնք, որպես կանոն, ծագում են նախքան պարտապանին սնանկ ճանաչելը և պայմանավորում են պարտապանի սնանկության հատկանիշների առաջացումը: Բացի դրանից, թեև կառավարչի վարձատրությունը ներառված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված պարտատերերի չապահովված պահանջների շարքում, օրենսդիրն այն տարբերակել է պարտատերերի պահանջներից՝ ներառելով վարչական ծախսերի հետ մեկ հերթում: Այդ մասին են վկայում նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի այլ նորմեր (օրինակ, նույն օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը, 58-րդ հոդվածի «բ» կետը, 80-րդ հոդվածի 2-րդ մասը և այլն):

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ կառավարչի վարձատրությունը չի նույնանում պարտատերերի պահանջների հետ:

Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի վերլուծության շրջանակներում նշել է, որ օրենսդիրը սնանկության կառավարչի վարձատրությունը պայմանավորել է պարտատերերի պահանջների բավարարման չափով: Օրենսդիրը դրանով հետապնդել է նաև սնանկության վարույթի արդյունավետության, այն է՝ պարտատերերի պահանջների հնարավորինս առավել չափով արագ բավարարման նպատակ, որը սնանկության վարույթի արդյունավետության հիմնական չափանիշն է: Այլ կերպ ասած` որպես կառավարչի վարձատրության հիմք սահմանելով պարտատերերի պահանջների բավարարման չափը՝ օրենսդիրը նպատակ ունի խրախուսելու կառավարչին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները՝ ապահովելու հնարավորինս պարտատերերի պահանջների ավելի մեծ ծավալով բավարարում: Հետևաբար, կառավարչի վարձատրությունը պետք է հաշվել միայն պահանջների ցուցակում գրանցված պարտատերերի պահանջների բավարարվող չափի նկատմամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված տոկոսադրույքներով:

 

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի դեպքում հաշվարկը պետք է որոշել հետևյալ բանաձևով՝ ՄՀ = ՎԾ + ՊԳ + ԿՎ, որտեղ «ՄՀ»-ն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների հանրագումարն է, «ՎԾ»-ն` համապատասխան վարչական ծախսերը, «ՊԳ»-ն` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվելիք գումարի չափը, «ԿՎ»-ն` կառավարչի վարձատրության չափը, որի բանաձևն է` ԿՎ = ՊԳ X 10 % (տե՛ս ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի՝ Սոս Սաֆարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԳԴ/0033/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է, որ վարձատրության չափը սահմանվում է դատարանի որոշմամբ` ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից՝ որոշակի տոկոսադրույքներով: Այսինքն` տվյալ դեպքում կառավարչի վարձատրության չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում միայն պարտատերերի բավարարված պահանջների չափից, և վարձատրության չափը որոշելիս պետք է պարզել, թե որ պարտատերերի պահանջներն են բավարարվել և ինչ չափով (տե՛ս ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ դիմումի՝ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԿԴ/0075/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի

Վերոգրյալ իրավական վերլուծությունների հաշվառմամբ անդրադառնալով սույն բողոքով բարձրացված իրավական խնդրին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է նույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

Նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ սնանկության վարույթում՝ սնանկության վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները համարվում են չապահովված պահանջներ և ենթակա են բավարարման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված հերթում։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ օրենքի իմաստով չապահովված պահանջներ են ինչպես պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները («ե» հերթի պահանջներ), այնպես էլ, ի թիվս այլ չապահովված պարտատերերի պահանջների, պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների գծով պարտավորությունները (բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների) («է» հերթի պահանջներ): Ընդ որում, սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գույքի իրացումից առաջացած հարկային պարտավորությունների բավարարումն առաջնահերթություն ունի մինչև սնանկության վարույթն առաջացած հարկային պարտավորությունների նկատմամբ։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վերոնշյալ իրավական մեկնաբանության կանոնները պետք է կիրառվեն հերթականությամբ՝ ըստ անհրաժեշտության կամ նախորդ կանոնի կիրառության անհնարինության դեպքում։

Օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում հստակորեն սահմանել է, որ պարտապանի գույքի իրացումից առաջացած հարկային պարտավորությունները չեն ներառվում սնանկության գործով կառավարչի վարձատրության հաշվարկի մեջ։

Նշված իրավանորմի տառացի բովանդակությունից հետևում է, որ գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարները չեն ներառվում սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրության հաշվարկման մեջ որպես բավարարման ենթակա պահանջներ:

 

Վերոգրյալի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջանկյալ բաշխման ծրագիրը պետք է կազմվի այնպես, որ`

1) առաջին հերթին վճարման ենթակա լինեն վարչական ծախսերը, այդ թվում` գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները), վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

2) երկրորդ հերթին վճարման ենթակա լինեն պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները,

3) երրորդ հերթին վճարման ենթակա լինի կառավարչի վարձատրության գումարը` այն հանգամանքի հաշվառմամբ, թե ինչ չափով են բավարարվելու չապահովված պարտատերերի պահանջները 1-ին և 2-րդ կետերում նշված գումարները վճարելուց հետո՝ հիմք ընդունելով վերևում ներկայացված հաշվարկման բանաձևը,

4) չորրորդ հերթին վճարման ենթակա լինեն չապահովված պարտատերերի պահանջները (տե՛ս նաև ըստ ՀՀ ֆինանսների նախարարության դիմումի՝ «Ախուրյանի շինանյութեր» ԲԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՇԴ1/0041/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12112018 թվականի):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի իրացումից առաջացել են 12.384.968 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություններ, որոնք գրանցվել են որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված հերթի պահանջ։

Սնանկության գործով կառավարչի կողմից Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի համաձայն` կառավարչի վարձատրության գումարը հաշվարկվել է 808.255 ՀՀ դրամի 10 տոկոսի չափով, որտեղ հաշվարկման հիմք է հանդիսացել տվյալ ծրագրով բաշխվող միջոցների ընդհանուր գումարի՝ 11.164.734 ՀՀ դրամի և վարչական ծախսերի` 449.300 ՀՀ դրամի ու գույքի օտարումից առաջացած հարկային պարտավորության գումարի՝ 1.824.629 ՀՀ դրամի տարբերությունը:

Դատարանը մերժել է Կոմիտեի ներկայացրած առարկությունը և սնանկության կառավարչի ներկայացրած ծրագիրը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ «թեպետ օրենսդիրը կառավարչի վարձատրության կատարմանն ուղղված նորմով ամրագրել է վերոնշյալ սահմանափակումը, այդուհանդերձ՝ նույն Օրենքի այլ նորմերով, մասնավորապես՝ 44-րդ և 82-րդ հոդվածներով պարտապանի գույքի օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները հանդիսանում են չապահովված պահանջներ և բավարարվում են Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին կետի ե/ ենթակետով», և գտել է, որ «միջանկյալ բաշխման ծրագիրը բխում է Օրենքի 30-րդ, 44-րդ, 82-րդ հոդվածներից և այն ներկայացված է Օրենքի 80-րդ հոդվածի պահանջներին համապատասխան»:

 

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը» եզրույթի ներքո պետք է հասկանալ կոնկրետ գույքի իրացման և կոնկրետ գործարքի իրականացման արդյունքում առաջացած հարկային պարտավորության գումարը, որը ներառվում է նաև այդ գործարքի մասով դուրս գրվող հարկային հաշվում, և երբեք և որևէ պարագայում օրենքի հիշատակված նորմի՝ «չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը» եզրույթի ներքո հնարավոր չէ նշված հաշվարկի մեջ ներառել այն հնարավոր լրացուցիչ հարկային պարտավորությունները, որոնք կարող են ծագել այդ գործարքի իրականացման վերջնարդյունքում»: Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ «սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախատեսված հարկային պարտավորության գումար է համարվում 1824629 ՀՀ դրամը, որը և նշված է Դատարանի 15092020 թվականի դատական ակտով հաստատված բաշխման ծրագրով»։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ վերջիններս «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Ընկերության նկատմամբ Կոմիտեի ունեցած 12.384.968 ՀՀ դրամի չափով պահանջը, որն առաջացել է անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ընկերության գույքի իրացումից ծագած հարկային պարտավորությունից և գրանցվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված հերթի պահանջ, չի կարող հիմք ընդունվել սնանկության գործով կառավարչի վարձատրության չափը հաշվարկելիս:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սխալ մեկնաբանելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, հանգել են Կոմիտեի առարկության վերաբերյալ հարցի սխալ լուծման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու, այն է՝ Կոմիտեի կողմից ներկայացված առարկությունը բավարարելու և սնանկության գործով կառավարչի 18.03.2019 թվականին ներկայացրած միջոցների բաշխման ծրագիրը մերժելու համար՝ հաշվի առնելով արդարադատության արդյունավետության շահը և նոր փաստ հաստատելու անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2020 թվականի որոշումը և կայացնել նոր որոշում

բավարարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված առարկությունը՝ «Մինասյան բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանի ներկայացրած բաշխման ծրագրի հաստատումը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: