Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
21.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 142-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող` 4,161,533,105 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

21.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 142-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացումը, այդ թվում՝ տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծումը, աջակցել գիտնականներին, երիտասարդներին, տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, ոչ առևտրային կազմակերպություններին և այլ անձանց կատարել ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ, մշակումներ ու գյուտեր, օգտագործել սեփական գիտական ու հետազոտական ներուժը Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ, տեխնոլոգիական նորարարությունների համար զարգացնել միջավայր, մոբիլիզացնել հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները, աջակցել հայկական գիտական համայնքի վերականգնմանը և գլոբալ հարթակում դրա մրցունակությանը, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու նպատակով ներդնել գիտության և տեխնոլոգիայի լավագույն կրթական փորձը:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ֆիզիկական անձինք, ոչ առևտրային և բարեգործական կազմակերպություններ, նվիրատվություն և նվիրաբերություններ կատարողներ՝ ներառյալ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիրներ ՌՎՎԶ հիմնադրամի, Նուբար Աֆեյանի, Արթուր Ալավերդյանի, «Այբ» կրթական հիմնադրամի և

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի

4.

Ծրագիր կատարողը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հակոբ Հակոբյան 3)

Իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հակոբ Հակոբյան 3, ՀՎՀՀ` 02662248

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում, բնագավառը՝ կրթական և գիտական

6.

Ծրագրի բյուջեն

4,161,533,105 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանում և արտերկրում բնակվող հայերը, գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հետ առնչվող անձինք, Հայաստանի Հանրապետության և միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները, գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում ներդրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը ներկայացված է առաջիկա երեք տարվա համար

 

1. «Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանց», գնահատված ծախսեր՝ 11,345,333 դրամ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ ստեղծված Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հիմնադրվել է 2018 թվականին: Ծրագրի նպատակն է Հայաստանում

«Հրեշտակ» ներդնողների ցանցի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, որը ներառում է ստարտափերի ընտրություն, ստարտափերի համար իրենց գաղափարների ներկայացման հարթակի ստեղծում, «Հրեշտակ» ներդրողների և ստարտափերի հանդիպումների լուսաբանման և հանրայնացման, «Հրեշտակ» ներդրողների ցանցի առաջխաղացման ծառայությունների մատուցում, ինչպես նաև նպաստել բիզնես հրեշտակների գործունեության լավագույն միջազգային փորձի տարածմանը Հայաստանում: Մինչև օրս Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցին ներկայացվել են ավելի քան 120 ստարտափեր, որոնցից 11-ը ստացել են ներդրումներ բիզնես հրեշտակներից։ Ցանցից ներդրում են ստացել այնպիսի startup-ներ, ինչպիսիք են Denovo Sciences-ը, manot-ը, HopShop-ը և doodooc-ը։

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Գլոբալ ինովացիոն ֆորում, գնահատված ծախսեր՝ 382,760,000 դրամ:

Միջոցառման նպատակն է համագործակցության հարթակ ստեղծել տեղացի և օտարերկրյա գիտնականների, տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ձեռներեցների, ուսանողների և այլ ոլորտների ներկայացուցիչների համար՝ դրանով իսկ խթանելով տեխնոլոգիական ծրագրերի զարգացումը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. «ԸԴՎԱՆՍ» (ADVANCE) դրամաշնորհային ծրագիր, գնահատված ծախսեր՝ 821,917,493 դրամ:

ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում, աջակցել Հայաստանում գործող հետազոտողներին իրականացնել գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում մրցունակ հետազոտություններ։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Մինչև օրս ձևավորվել է 4 գիտահետազոտական խումբ միջազգային առաջատար մասնագետների ղեկավարությամբ և Հայաստանի հետազոտողների մասնակցությամբ: ADVANCE դրամաշնորհային ծրագրով նախատեսված նպատակներին հասնելու համար կարող են իրականացվել ներմուծման, առուվաճառքի, հանրայնացման, տրանսպորտային, կացության, տեխնիկական, վարձատրության, վարձակալության և ծառայությունների մատուցման այլ գործարքներ։

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. «Բի-Օն» (“B-On”) կենսատեխնոլոգիական նախատիպավորման լաբորատորիա», գնահատված ծախսեր՝ 175,786,396 դրամ:

«Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպավորման լաբորատորիան տարածաշրջանի առաջին փորձարարական լաբորատորիան է։ «Բի-Օն»-ի առաքելությունն է օգնել կենսատեխնոլոգիական թիմերին կյանքի կոչել իրենց նորարար գաղափարները և ստեղծել աշխարհը փոխող նոր բեկումնային տեխնոլոգիաներ։

«Բի-Օն»-ը տրամադրում է կենսատեխնոլոգիական լաբորատոր սարքավորումներ ու համատեղ աշխատանքի տարածք։ Լաբորատորիայում գործում են կենսատեխնոլոգիական ստարտափների հիմնմանն աջակցող ինկուբացիոն ծրագրեր, ինչպես նաև մենտորության, վերապատրաստումների և սեմինարների հատուկ ծրագրեր ուսանողների, հետազոտողների և ստարտափների համար։

«Բի-Օն»-ը հիմնադրվել և գործում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST) հովանու ներքո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ։

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

5. «Արհեստական բանականության սերունդ» ավագ դպրոցի ծրագիր, գնահատված ծախսեր՝ 301,342,250 դրամ: Այս ծրագիրը կազմում է «Արհեստական բանականության սերունդ» բազմամակարդակ ծրագրի մի մասը և նպատակ ունի ավագ դպրոցից բարձրացնելու աշակերտի պատրաստվածությունը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ)՝ մասնավորապես արհեստական բանականության ուղղությամբ կրթությունը շարունակելու և այս ոլորտում հետազոտական աշխատանքներում ներգրավելու համար։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, և նախատեսում է սերտ համագործակցություն ոլորտի կառույցների և մասնագիտական խմբերի հետ։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների աշակերտների համար կստեղծվեն խորացված կրթական ծրագրեր մաթեմատիկայի, համակարգչային գիտության գիտելիքների և հմտությունների ամրապնդման համար, ինչպես նաև կներդրվեն արհեստական բանականության ոլորտում մասնագիտանալու համար նախապատրաստական դասընթացներ։ Այս նպատակով կիրականացվեն ուսուցչական անձնակազմի վերապատրաստումներ, նոր մասնագետների ներգրավում դպրոց։ Ծրագիրը նախատեսում է նաև մասնագիտական կողմնորոշման իրականացում այս ոլորտի վերաբերյալ գրագիտության բարելավման և գիտնականի գործունեության ու դերի ընկալման փոփոխության նպատակով։

Ծրագրի շրջանակներում մարզերում կհիմնվեն գերազանցության կենտրոններ՝ զինված համապատասխան նյութերով և տեխնիկայով, որոնք հնարավորություն կընձեռնեն գործնականում կիրառել սովորած հմտություններն ու գիտելիքները։

Ծրագիրն ի սկզբանե կպիլոտավորվի Հայաստանի Հանրապետության ընտրված շուրջ 10 դպրոցներում՝ սկսած 2023 թվականի սեպտեմբերից։

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

6. «Կրթության վերաիմաստավորում» (Reimagining Education), գնահատված ծախսեր՝ 27,005,426 դրամ: Տեխնոլոգիական զարգացումներին համապատասխան կրթություն ապահովելու ու ապագա ստեղծարարների ու գիտնականների սերունդի ձևավորման համար՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը մշակել է նոր ծրագրի գաղափար, որը ենթադրում է ներկայիս կրթական համակարգի վերաիմաստավորում ու նոր համակարգի կառուցում, որն ավելի վաղ տարիքից, ավելի կարճ ժամկետում և արագ տեմպով կհանգեցնի ցանկալի արդյունքին։ Այն ենթադրում է նոր ուսումնական ծրագիր, ընդլայնված և վիրտուալ իրականություններից կազմված փոխակերպված ուսումնական միջավայր, վերանայված ուսուցչի, փոխակերպված ու խաղերի վրա հիմնված մեթոդաբանության ներդրում։

Որպես ծրագրի առաջին փուլ կիրականացվի նեյրոնագիտության ուղղությամբ խորքային հետազոտություն՝ բացահայտելու երեխայի ընկալման գործընթացը, դրա վրա ազդող միջավայրը և պայմանները։ Հետազոտության արդյունքում կձևավորվեն պիլոտային նախագծեր՝ փորձարկվելու Հայաստանում և հաջողության դեպքում արտահանվելու այլ երկրներ։

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

7. «Սայնովա» (SciNova), գնահատված ծախսեր՝ 70,590,000 դրամ: Ծրագիրը մշակվել է հետևյալ նպատակներով՝

-հայ ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման արդի հմտություններով,

-զարգացնել հետազոտության արդյունքները նորարարության արդյունքների վերածելու կարողությունները,

-վերափոխել գիտության հանդեպ հայ երիտասարդության վերաբերմունքն ու ցույց տալ գիտության գործնական նշանակությունն ու շոշափելի օգուտները:

2020 թվականին Մեծ Բրիտանիայի Ասթոն (Aston) համալսարանի հետ համատեղ մշակվել են «Գիտական հետազոտության մեթոդաբանություն» ու «Գիտական նորարարությունների առևտրայնացում» կրթական ծրագրերը՝ ներգրավելով նաև Հայաստանից ոլորտի առաջատար մասնագետներին։

2021 թվականին ծրագրերը փորձարկվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ ներգրավելով մագիստրոսական ծրագրում սովորող 25 ուսանողների, 11 դասախոսների։ Իրականացվել են նաև դասախոսական կազմի վերապատրաստումներ 5 տարբեր բուհերից 39 դասախոսների համար։

Փորձարկման փուլի ավարտին Հայաստանի Հանրապետության 3 բուհերում (Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ներդրվել են SciNova ուսումնական ծրագրերը։ 2022 թվականից մեկնարկել է SciNova ծրագրի տարածումը՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետությունում բնագիտամաթեմատիկական ուղղվածություն ունեցող բոլոր բուհերը։ Ծրագրի շարունակականության ապահովման և արդյունավետ ներդրման համար իրականացվել են բոլոր բնագիտամաթեմատիկական ուղղվածություն ունեցող համալսարաններից դասախոսական կազմի վերապատրաստումներ, լրամշակվել են ծրագրերն ու մշակվել օժանդակ նյութեր։

Մասնավորապես՝

- Ամերիկյան «Ջեթփաբ Սայնթիֆիք Քըմյունիքեյշնզ» ՍՊԸ-ի (JetPub Scientific Communications LLC) հետ համագործակցությամբ լրամշակված կրթական ծրագրերի հիման վրա մշակվել են դասընթացավարների երկլեզու (հայերեն և անգլերեն) ձեռնարկներ:

- Իրականացվել են շուրջ 15 բարձրագույն ուսումնական հաստատությունների (ներառյալ մարզային մասնաճյուղերը) 60 դասախոսների վերապատրաստման դասընթացներ։

Առաջիկայում նախատեսված են անհատական աշխատանքներ յուրաքանչյուր համալսարանի հետ վերոնշյալ ծրագրերի ներդրման ուղղությամբ՝ ելնելով յուրաքանչյուր բուհի կարիքներից և կրթական առաջնահերթություններից։ Նախատեսված են նաև լրացուցիչ աջակցություն «Գիտական նորարարությունների առևտրայնացում» թեմայի դասավանդման համար։

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

8. «Ադապտացիոն նորարարական կամպուս» (Adaptive Innovation Campus, AIC), գնահատված ծախսեր՝ 21,700,000 դրամ:

Ծրագիրը նախագծված է որպես համագործակցության կենտրոն, որտեղ գյուտարարները, գիտնականները, ուսանողները, ձեռնարկատերերը, բիզնեսի մասնագետները և ներդրողները հավաքվում են՝ գաղափարներ ստեղծելու խանգարող նորարարության համար, փորձարկել դրանք առաջադեմ լաբորատոր ենթակառուցվածքում և ստեղծել առևտրային ապրանքներ և լուծումներ։ AIC-ն կնպաստի տարածաշրջանային նորարարությանը`

նպաստելով գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված ընկերությունների ստեղծմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

AIC-ն կստեղծվի որպես նորարարական էկոհամակարգի լիարժեք գործող միկրոտիեզերք, որն ունի անհրաժեշտ ինտելեկտուալ, ցանցային և ֆինանսական կարողություններ՝ կատալիզացնելու գիտական առաջընթացը և տեխնոլոգիական նորարարությունը:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

9. Աշխատավարձի և ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների մատուցման գծով ծախսեր, այդ թվում՝ վարչական աշխատակազմի, գիտական ու տեխնոլոգիական մասնագետների աշխատավարձ՝ 1,655,050,999 դրամ, ինչպես նաև քաղաքացիաիրավական ծառայություններ՝ 79,200,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

10. Տարածքների (ապրանքանյութական արժեքների պահեստավորման համար), գրասենյակների (վարչական աշխատակազմի և գիտական ու տեխնոլոգիական ոլորտի մասնագետների աշխատանքների համար), դրանց վերանորոգման, դիզայնի, կահավորման, ներքին հարդարման աշխատանքներ: Գրասենյակային գույքի, սարքավորումների ձեռքբերում, պահնորդային, մաքրության և այլ տեխնիկական-մասնագիտական ծառայություններ, կոմունալ վճարներ, այդ թվում՝ նաև հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծախսեր, տնտեսական և գրասենյակային այլ ծախսեր՝ 226,494,202 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

11. Շարժական գույքերի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ՝ 6,612,888 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

12. Խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական, թարգմանչական և մասնագիտական, հետազոտական և այլ համանման ծառայություններ՝ 57,865,200 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

13. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպչական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար,

աշխատակիցների միջազգային և տեղական գործուղումներ (ծրագրի արտասահմանյան գրասենյակներ, հանդիպումներ արտասահմանյան գործընկերների հետ, ծրագրի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման, փորձի փոխանակման նպատակով)՝ 250,236,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

14. Տրանսպորտային ծառայություններ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ՝ 25,250,760 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

15. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր, տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում, տպագրություն և ձևավորում, ՎԵԲ կայքի մշակում՝ 25,680,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

16. Աշխատակազմի առողջության ապահովագրության ծախսեր՝ 21,256,158 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

17. Բանկային ծառայությունների գծով ծախսեր՝ 1,440,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Ընդհանուր          4,161,533,105 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների նկարագիրը

1. Գիտական և տեխնոլոգիական մշակումներ ու գյուտեր անելու, ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 95,947,240 դրամ,

2. Գիտական և տեխնոլոգիական մշակումներ ու գյուտեր անելու, ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումների, համակարգչային տեխնիկայի ներմուծում՝ 172,524,360 դրամ,

3. Անհրաժեշտ համակարգչային ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում՝ 36,442,800 դրամ,

4. Միջոցառումների կազմակերպում, այդ թվում՝ հյուրանոցային, բանկետային և սննդի տրամադրման, ավիատոմսերի ձեռքբերման, տարածքների վարձակալության, տեխնիկայի վարձակալության, համաժամանակյա թարգմանության ձեռքբերման գծով ծախսեր՝ 655,016,118 դրամ,

5. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, վեբ կայքի մշակում, ապահովում՝ 122,778,466 դրամ,

6. Մասնագիտական խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ թարգմանչական և մասնագիտական, հետազոտական, աուդիտորական և հաշվապահական, իրավաբանական և այլ համանման ծառայություններ՝ 127,661,719 դրամ,

7. Վարչական գրասենյակների, տարածքների վարձակալություն, կոմունալ, պահնորդային, սանիտարական աշխատանքների, կապի, ինտերնետային ծառությունների վճարներ՝ 175,302,202 դրամ,

8. Տրանսպորտային ծառայություններ, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ՝ 37,860,760 դրամ,

9. Շարժական գույքերի սպասարկման, վերանորոգման ծառայություններ՝ 6,612,888 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

1. 475,794,626 դրամ՝ վարչական աշխատակիցների աշխատավարձ,

2. 175,302,202 դրամ՝ գրասենյակի վարձակալություն և կոմունալ վճարներ և գրասենյակային այլ ծախսեր,

3. 6,612,888 դրամ՝ շարժական գույքերի սպասարկման և վերանորոգման ծառայություններ,

4. 37,608,000 դրամ՝ խորհրդատվական ծառայություններ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. Հայաստանի Հանրապետության նախագահ (նախատեսվում է համագործակցություն գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների շրջանակներում),

2. Հայաստանի Հանրապետության վարչապետ և աշխատակազմ (համագործակցություն գիտակրթական տարբեր ոլորտներում հանրային քաղաքականության մշակման, ինչպես նաև տեխնոլոգիական և նորարական էկոհամակարգում բարեփոխումների ծրագրման և իրականացման շրջանակներում),

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կրթական և գիտական ոլորտում այնպիսի ծրագրերի իրականացում, ինչպիսիք են օրինակ՝ ADVANCE դրամաշնորհային ծրագիրը, «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը),

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (համագործակցություն սթարթափային էկոհամակարգի բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակներում),

5. Այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ (համագործակցություն կրթական և

համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում):

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

21.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ