Գլխավոր տեղեկություն
Համար
N 2169-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.02.2023-20.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2169-Լ

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 3-ՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ՆՈՐ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։

2. Հաստատել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ որոշման համաձայն դրամական աջակցության նշանակումն և վճարումը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը.

2) մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաներին սույն որոշմամբ սահմանված դրամական աջակցություն նշանակելն ու վճարելը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

(4-րդ կետը փոփ. 17.06.22 N 882-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2169-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 3-ՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ՆՈՐ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները։

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) շահառու երեխա՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխա, ով հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով․

2) ծնող` շահառու երեխայի ծնող կամ որդեգրող, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ում անունից ներկայացվել է դրամական աջակցություն նշանակելու դիմումը․

3) երեխա՝ շահառու երեխայի ծնողից սերված երեխա.

4) զավակ՝ շահառու երեխայի ծնողից սերված չափահաս անձ.

5) դիմող` դրամական աջակցություն նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ․

6) տարածքային բաժին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան ստորաբաժանում.

7) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

8) սոցիալական ապահովության հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ․

9) միանվագ դրամական վճարների հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ․

10) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում` անձնագիրը (առկայության դեպքում), ծննդյան վկայականը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

3. Դրամական աջակցությունը նշանակվում և վճարվում է (շահառու երեխայի համար ծնողը ձեռք է բերում դրամական աջակցություն ստանալու իրավունք) յուրաքանչյուր շահառու երեխայի համար, եթե դիմելու օրվա դրությամբ ծնողը, շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները և զավակները, ինչպես նաև շահառու երեխան, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով (բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող անձի) և դիմելու օրվա դրությամբ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

4. Դրամական աջակցությունը նշանակվում և վճարվում է ընտանիքում յուրաքանչյուր շահառու երեխայի համար՝ մինչև նրա 6 տարեկանը լրանալու կամ դրամական աջակցություն ստանալու իրավունքն սույն կարգում նշված հիմքերից որևէ մեկով դադարեցնելու ամիսը ներառյալ։

5. Եթե միաժամանակ ծնվել են մեկից ավելի երեխաներ, ապա դրամական աջակցությունը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր շահառու երեխայի համար: Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, նոր ծնված երեխաներից յուրաքանչյուրին տրվում է սույն կարգի համաձայն որոշված ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի կարգաթիվը:

6. Դրամական աջակցությունը նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալները՝ ծնողի, երեխաների (զավակների), այդ թվում՝ շահառու երեխայի հաշվառման վայրի վերաբերյալ:

7. Դրամական աջակցությունը յուրաքանչյուր շահառու երեխայի համար նշանակվում և վճարվում է տարածքային բաժին ներկայացված՝ սույն կարգի 13-րդ կետում նշված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև առցանց ներկայացված տվյալների հիման վրա։

8. Դրամական աջակցությունը նշանակվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող 6-րդ ամսվա 1-ից, բայց սույն կարգի 3-րդ կետով սահմանված՝ դրամական աջակցության իրավունք տվող պայմաններին բավարարելու ամսվան (այդ թվում՝ երեխայի ծննդյան ամսվան) հաջորդող ամսվա 1-ից ոչ ավելի վաղ։

9. Շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում դրամական աջակցությունը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում բնակության վայրի հասցեով հաշվառված`

1) շահառու երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) շահառու երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), եթե`

ա. դատարանի վճռով կամ ծնողի (ով չի հանդիսանում շահառու երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի բնակության վայր է սահմանվել շահառու երեխայի ծնողի բնակության վայրը,

բ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է շահառու երեխայի ծնողը,

գ. շահառու երեխայի ծնողն այդ երեխայի համար ստանում է ալիմենտ,

դ. նոտարական ակտով հաստատված է այդ երեխայի՝ շահառու երեխայի ծնողի խնամքի տակ լինելու փաստը,

ե. նրանց մյուս ծնողը մինչև շահառու երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

զ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել (եթե դրամական աջակցությունը նշանակվելու է շահառու երեխայի մորը),

է․ ծնողի (ով չի հանդիսանում շահառու երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է շահառու երեխայի ծնողը,

ը․ այդ երեխայի (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույր կամ եղբայր) ծնողներն ամուսնալուծվել են նրա չափահաս դառնալուց հետո:

10. Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի չեն առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում մահացած երեխաները:

11. Եթե երեխան (զավակը) սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում իր հորից կամ մորից սերված նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է տվյալ հորից կամ տվյալ մորից:

12. Սույն կարգի 9-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն, բացառությամբ մասնագիտացված մանկատան) գտնվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները։

13. Դրամական աջակցություն նշանակելու համար ծնողն անձամբ կամ այլ անձի՝ դիմողի միջոցով տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ծնողի (եթե դիմողը ծնողը չէ) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. շահառու երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց),

գ. շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները՝ ըստ ծննդյան վկայականի, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը (չափահաս լինելու դեպքում՝ զավակը) հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց),

դ. այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ դրամական աջակցության գումարը,

ե. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության մասին.

2) ըստ անհրաժեշտության դիմումին կից ներկայացվում են նաև՝

ա. շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդյան վկայականը, եթե ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը,

բ. շահառու երեխայի կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծնողի` դրամական աջակցության իրավունքը հաստատող փաստաթղթեր (շահառու երեխայի ծնողը, որդեգրողը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր՝ հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր), եթե շահառու երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կամ ամուսնությունը գրանցված է շահառու երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո,

գ. շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար համահայր կամ համամայր քույրերին ու եղբայրներին հաշվի առնելու համար` սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը կամ ծնողի (ով չի հանդիսանում շահառու երեխայի ծնողը) գրավոր համաձայնությունը, «բ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը, «գ» պարբերությունում նշված դեպքում` ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև կնքված և նոտարի վավերացրած գրավոր համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «դ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան նոտարական ակտը, «ե» պարբերությունում նշված դեպքում` ծնողի մահվան վկայականը (եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից), կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը, «է» պարբերությունում նշված դեպքում՝ ծնողի գրավոր համաձայնությունը, «ը» պարբերությունում նշված դեպքում՝ ամուսնալուծության վկայականը: Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված՝ ծնողի (ով չի հանդիսանում շահառու երեխայի ծնողը) գրավոր համաձայնությունում ներառվում են համաձայնությունը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծնողներից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև ծնողի ստորագրությամբ հավաստումը համաձայնեցվող հանգամանքներին համաձայն լինելու վերաբերյալ,

դ. շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի)` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը (ռազմաուսումնական հաստատությունում սովորելը) հաստատող` զինվորական կոմիսարիատի (ռազմաուսումնական հաստատության) տված կամ ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը, եթե սույն կարգի 9-րդ կետում նշված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող՝ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է: Տեղեկանքներում ներառվում են երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, իսկ առկայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,

ե. շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդյան վկայականը, եթե այդ երեխայի (զավակի)՝ դիմումում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) կամ երեխայի (զավակի) տվյալներն առկա չեն։

14. Բացառությամբ սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերի, դրամական աջակցությունը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տվյալների հիման վրա ձևավորված դիմումով։ Առցանց ներկայացված տվյալների հիման վրա դիմում չի ձևավորվում, եթե ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի կամ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին։

15. Առցանց ներկայացված դիմումի հիման վրա դրամական աջակցությունը նշանակելու (վճարելու) համար դիմողը օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է սույն կարգի 18-րդ կետում նշված (պարտադիր լրացման ենթակա դաշտերի) տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ socservice.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է socservice.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

16. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

17. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալների հիման վրա դիմում ձևավորվելու դեպքում այդ տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա տեղեկատվության հետ։

18. Դրամական աջակցությունն առցանց ներկայացված դիմումի հիման վրա նշանակելու (վճարելու) համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները՝

1) ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) շահառու երեխայի և շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխաների անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները՝ ըստ ծննդյան վկայականի.

3) այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ դրամական աջակցության գումարը.

4) ծնողի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը.

5) էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով ծնողը ցանկանում է ստանալ հաղորդագրությունները։ Ընդ որում, սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում մուտքագրվում է այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացվել է socservice.am կայքէջում գրանցվելու համար։

19. Ծրագրային միջավայրում մուտքագրվող դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:

20. Եթե տարածքային բաժինը սույն կարգի 21-րդ կետում նշված ժամկետում մերժում է առցանց ներկայացված դիմումի հիման վրա դրամական աջակցություն նշանակելը (վճարելը), ապա դրա մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizeո համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

21. Դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային բաժինը ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել դրամական աջակցություն կամ մերժել դրամական աջակցության նշանակումը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցելով ծնողին` մերժման դեպքում նշելով մերժման պատճառը:

22. Տարածքային բաժինը մերժում է դրամական աջակցություն նշանակելը, եթե՝

1) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները), կամ

2) շահառու երեխան, նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխան (զավակը), կամ ծնողը, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, դիմելու օրվա դրությամբ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, կամ

3) դիմելու օրվա դրությամբ ծնողը (ում անունից ներկայացվել է դիմումը) և շահառու երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում, կամ

4) շահառու երեխան կամ ծնողը (ում անունից ներկայացվել է դիմումը) մահացել են, կամ

5) դիմումը ներկայացվել է երեխայի 6 տարեկանը լրանալու ամսին, կամ դրանից հետո, կամ

6) դիմելու օրվա դրությամբ ծնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, կամ

7) ներկայացված փաստաթղթերով (առկա տվյալներով) նոր ծնված երեխայի կարգաթիվը 3-ից ցածր է, կամ

8) նոր ծնված երեխայի համար արդեն նշանակվել է սույն կարգով սահմանված դրամական աջակցություն, կամ

9) դրամական աջակցությունը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ՝ ծնողը հրաժարվել է նոր ծնված երեխայից կամ նոր ծնված երեխան տեղավորվել է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն (մանկատուն, բացառությամբ մասնագիտացված մանկատան) կամ նոր ծնված երեխան որդեգրվել է կամ ձեռք է բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ։

23. Տվյալ ամսվա դրամական աջակցության գումարը վճարվում է այդ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով, ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական աջակցության գումարն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին։

(23-րդ կետը լրաց. 16.02.23 N 195-Լ)

23.1. Բանկը փոխելու դիմումը ծնողը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում ծնողը www.socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Ծնողը ծրագրային միջավայր մուտք է գործում սույն կարգի 15-րդ կետում նշված կարգով։

(23.1-ին կետը լրաց. 16.02.23 N 195-Լ)

23.2. Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության գումարի վճարումը դադարեցված է։ Առցանց դիմումի հիման վրա բանկը փոխելը մերժելու դեպքում դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով մերժման հիմքերը։

(23.2-րդ կետը լրաց. 16.02.23 N 195-Լ)

24. Դրամական աջակցությունն ստացող ծնողը դրամական աջակցության վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (դրամական աջակցությունն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Դրամական աջակցությունն ստացող ծնողի Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց ծնողի բանկ ներկայանալու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 3.1-ին կետով սահմանած կարգով:

25. Դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարում է՝

1) շահառու երեխայի 6 տարեկանը լրանալու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի հաշվառումից դուրս գալու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.

4) ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

5) ծնողին 6 ամիս անընդմեջ դրամական աջակցությունը չվճարելու դեպքում.

6) շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 6 ամսից ավելի ժամկետով բացակայելու դեպքում․

7) շահառու երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում.

8) շահառու երեխային կամ նրա կարգաթիվը որոշելիս հաշվի առնվող երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը, բացառությամբ մասնագիտացված մանկատանը) տեղավորելու, շահառու երեխայի որդեգրվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում, եթե դրա արդյունքում շահառու երեխայի կարգաթիվը նվազելով դառնում է 3-ից փոքր.

9) դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային բաժին ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային բաժնում տալու դեպքում.

10) անձին սույն կարգի խախտմամբ դրամական աջակցություն նշանակված լինելու դեպքում։

26. Դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն կարգի 25-րդ կետում նշված հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

27. Դրամական աջակցության վճարումը դադարեցվում է՝

1) ծնողի` դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) սույն կարգի 24-րդ կետով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ տարածքային բաժնի կողմից չհաստատվելու) դեպքում՝ սահմանված 12-ամսյա ժամկետը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից։

28. Դրամական աջակցություն ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) դրամական աջակցություն ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված հիմքերով դադարելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է հաշվառվելու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․

2) դրամական աջակցություն ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ գրավոր դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) դրամական աջակցություն ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և ծնողի գրավոր դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4) ծնողի մահվան հիմքով դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում՝ ծնողի մահվան ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում մյուս ծնողի կողմից գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

5) դրամական աջակցություն ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված հիմքով դադարելու դեպքում՝ մյուս ծնողի գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմող ծնողը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում է սույն կարգի 3-րդ կետում նշված պայմաններին՝ դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարելու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, բայց սույն կարգի 3-րդ կետով սահմանված՝ դրամական աջակցության իրավունք տվող պայմաններին բավարարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ ավելի վաղ, իսկ նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

(28-րդ կետը փոփ., լրաց. 16.02.23 N 195-Լ)

29. Դրամական աջակցություն վճարելը վերսկսվում է`

1) դրամական աջակցություն ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում՝ ծնողի՝ գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերն անձամբ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

2) դրամական աջակցություն վճարելը սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` սույն կարգի 24-րդ կետով սահմանված հայտարարությունն ստորագրելու մասին տեղեկատվությունը բանկից ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե տեղեկատվությունը բանկից ստացվել է դրամական աջակցություն վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 6 ամսվա ընթացքում (մինչև 6-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ)։

30. Դրամական աջակցություն ստանալու իրավունքը վերականգնվում է, և դրամական աջակցություն վճարելը վերսկսվում է, եթե ծնողը և շահառու երեխան, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Դրամական աջակցություն ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 4-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված հիմքերով դադարեցված լինելու դեպքում դրամական աջակցություն ստանալու իրավունքը չի վերականգնվում։ Այս դեպքում դրամական աջակցություն նշանակվում է նոր հիմունքներով, սույն կարգով սահմանված կարգով:

(30-րդ կետը փոփ. 16.02.23 N 195-Լ)

31. Չվճարված դրամական աջակցության գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա գումարը) վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա դրամական աջակցության գումարի հետ:

32. Եթե դրամական աջակցության վճարումը դադարեցվել է, ապա չվճարված դրամական աջակցության գումարը վճարվում է դիմելու կամ դրամական աջակցության վճարելը վերսկսելու (դրամական աջակցություն ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող 6 ամսվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծնողը դրամական աջակցություն ստանալու իրավունք է ունեցել:

33. Ծնողի մահվան պատճառով չվճարված դրամական աջակցության գումարը վճարվում է ծնողի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող 12 ամսվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցված չի եղել:

34. Ծնողի մահվան դեպքում չվճարված դրամական աջակցության գումարը վճարվում է մյուս ծնողին կամ շահառու երեխայի 18 տարեկան և դրանից բարձր տարիքի քրոջը կամ եղբորը: Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվում ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում ծնողի մահվան պատճառով չվճարված դրամական աջակցության գումարը ենթակա է ժառանգման:

35. Ծնողի մահվան պատճառով չվճարված դրամական աջակցության գումարը վճարելու համար սույն կարգի 34-րդ կետում նշված անձը ներկայացնում է՝

1) դիմում, որում ներառվում են`

ա. սույն կարգի 34-րդ կետում նշված՝ ծնողի մահվան դեպքում չվճարված դրամական աջակցության գումարն ստանալու համար դիմած անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

բ. շահառու երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

գ. մահացած ծնողի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան վկայականի սերիան և համարը, հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, մահվան վկայականը հատկացնող մարմնի տվյալները,

դ. չվճարված դրամական աջակցության գումարը վճարելու համար այն բանկի անունը, որտեղից ծնողի մահվան դեպքում չվճարված դրամական աջակցության գումարն ստանալու համար դիմած անձը ցանկանում է ստանալ գումարը.

2) ծնողի մահվան վկայականը.

3) ըստ անհրաժեշտության՝ շահառու երեխայի ծնողը կամ քույրը կամ եղբայրը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (շահառու երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ), եթե դրամական աջակցությունը նշանակելիս այդ փաստաթղթերը ներկայացված չեն եղել:

36. Դրամական աջակցությունն ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված դրամական աջակցության գումարը վճարվում է սույն կարգի 34-րդ կետում նշված անձի դիմումի հիման վրա՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ այդ անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով: Սխալմամբ (սույն կարգի խախտմամբ) ավելի վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման՝ սույն կարգի 37-րդ կետով սահմանված կարգով։

37. Հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) դրամական աջակցության այն գումարները, որոնք սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարվել են սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում: Սույն մասի համաձայն՝ ավելի վճարված դրամական աջակցության գումարները, դրամական աջակցություն նշանակող տարածքային բաժնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են վերադարձվել՝

1) դրամական աջակցություն նշանակող տարածքային բաժնի այն աշխատակցի կողմից, որի գործողությունների կամ անգործության արդյունքում վճարվել են դրամական աջակցության գումարները.

2) այն անձի կողմից, որին նշանակվել (վճարվել) է դրամական աջակցությունը.

3) այլ՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված, անձի կողմից:

38. Սույն կարգով սահմանված դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

(38-րդ կետը լրաց. 17.06.22 N 882-Լ)

(հավելվածը լրաց. 17.06.22 N 882-Լ, լրաց., փոփ. 16.02.23 N 195-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: