Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-1-Ո-Կ-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.02.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-1-Ո-Կ-3

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆԻՆվրպ. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ՝ անդամներ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

 

Մ․ ՄԱԿՅԱՆԻ

 

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ

 

Ս. ՉԻՉՈՅԱՆԻ

   

Արդարադատության նախարարի տեղակալ

Լ.ԲԱԼՅԱՆԻ

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

 

Հ. ՍԱՆՈՅԱՆԻ

Ա. ՍՈՒՋՅԱՆԻ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության
քաղաքացիական
դատարանի դատավոր
 

 

Ա. ՍՈՒՔՈՅԱՆԻվրպ.
 

 

քարտուղարությամբ՝

 

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

2023 թվականի հունվարի 30-ին

ք. Երևանում

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանինվրպ. կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 112-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանի 2022 թվականի նոյեմբերի 17-ի զեկուցագիրը:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2022 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 97-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ալեքսեյ Սուքոյանիվրպ. (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Նախարար) 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 112-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհուրդը 2023 թվականի հունվարի 17-ին արձանագրային որոշումներով մերժել է Դատավորի կողմից ներկայացված՝ ապացույց պահանջելու, երրորդ անձ ներգրավելու, անձին որպես վկա հարցաքննելու և սահմանադրական դատարան դիմելու ու գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունները։

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Նախարարը ներկայացրած միջնորդությամբ, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի1 235-րդ հոդվածի 1-ին մասը, 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, նույն հոդվածի 3-րդ մասը, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, 110-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերությունը, Կառավարության 18․03․2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը և վերլուծելով վերը նշված իրավանորմերը, նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի և Որոշման վերը նշված իրավական նորմերի համակարգված վերլուծությունից, Որոշմամբ սահմանված «Ձև N 2» տեղեկանքի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ որդեգրման ենթակա երեխաները, այսինքն՝ այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր, ենթակա են հաշվառման օրենքով սահմանված կարգին համապատասխան և դրա համար լիազորված մարմինների կողմից: Ընդ որում, հաշվառման ընթացակարգը ներառում է որոշակի հաջորդական գործառույթների իրականացում (որդեգրման ենթակա երեխաների հաշվառում նրանց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից, այնուհետև հաստատված ձևի փաստաթղթի՝ որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի և դրա հիման վրա անձնական գործի կազմում) և եզրափակվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից երեխաների կենտրոնական հաշվառմամբ, որից ածանցվում է որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկանքի կազմումը և ծանուցումը:

Ըստ Նախարարի՝ վերը նշվածից հետևում է, որ որդեգրման ենթակա երեխայի կենտրոնական հաշվառման վերցված լինելու հանգամանքը հաստատվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմված որդեգրման ենթակա երեխայի մասին «Ձև N 2» տեղեկանքով, որն էլ հանդիսանում է նշված հանգամանքը հաստատող միակ փաստաթուղթը, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջը կարող է պահպանված համարվել, եթե երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումին կցված է «Ձև N 2» տեղեկանքը:

Քննարկվող դեպքում Նախարարը նշել է, որ դիմող Հ․ Բ․-ի (այսուհետ նաև՝ Դիմող) կողմից Դատարան ներկայացված՝ որդեգրումը հաստատելու մասին դիմումի (այսուհետ նաև՝ Դիմում) և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դիմումին կցված չի եղել Վ. Խ.-ի (այսուհետ նաև՝ Երեխա) կենտրոնացված հաշվառման մասին «Ձև N 2» տեղեկանքը: 2022 թվականի օգոստոսի 8-ի վճռի (այսուհետ՝ Վճիռ) պատճառաբանական մասը և հատկապես դրանում ներառված «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր» բաժինը ևս չի պարունակել որևէ տեղեկատվություն «Ձև N 2» տեղեկանքի կամ, առհասարակ, Երեխայի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ: Ընդ որում, Դիմողն իր պահանջը հիմնավորելու համար ներկայացրել է մի շարք փաստեր և ապացույցներ, բարձրաձայնել է նաև որդեգրման ենթակա երեխային «որդեգրության ցուցակների» մեջ ներգրավելու օրենսդրական պահանջի մասին, սակայն կրկին չի հիշատակել որևէ տեղեկություն Երեխայի կենտրոնացված հաշվառման, դրա վերաբերյալ տեղեկանք կազմված լինելու մասին:

Վերոգրյալ իրավական նորմերի և թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործի փաստական հանգամանքների համադրությունից հետևում է, որ Դիմումը չի բավարարել երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումին պարտադիր կցվող փաստաթղթերին ներկայացվող օրենսդրական պահանջին, որպիսի պայմաններում ծագել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով և 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ Դիմումը վերադարձնելու հիմքը, մինչդեռ Դատարանը նշված պահանջների և նորմերի անտեսմամբ 28.04.2022 թվականի որոշմամբ Դիմումն ընդունել է վարույթ:

Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 3-րդ մասով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պահանջները:

Նախարարը նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 1-ին մասի, 119-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի նորմերի համակարգված վերլուծությունից հետևում է, որ որդեգրման հետևանքով որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ, ու թեև կենսաբանական կապեր կարող են առկա լինել միայն ծնողների և զավակների միջև՝ որդեգրմամբ որդեգրողների և որդեգրվածների համար ստեղծվում են ընտանեկան կապեր, որոնք ըստ օրենսդրական սահմանման, համարժեք են դասվում կենսաբանական կապերին: Նշվածից ելնելով էլ՝ օրենսդրությամբ որդեգրման համար առաջադրվում է ծնողների և զավակների միջև նրանց կարգավիճակով պայմանավորված իրավահարաբերությունների, դրանցից բխող իրավական հետևանքների խզում, որը պետք է կատարվի երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից ծնողների գրավոր հրաժարմամբ կամ երեխային որդեգրման տալու վերաբերյալ ծնողի գրավոր համաձայնությամբ: Այլ կերպ ասած՝ հնարավոր չէ պահպանել ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները՝ միաժամանակ համարժեք իրավունքներ ու պարտականություններ առաջացնելով որդեգրվածի և որդեգրողի միջև (բացառությամբ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի հետ պահպանելու դեպքերի): Ընդ որում, երեխային որդեգրելու համար անհրաժեշտ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պայմանն ունի բացառություններ, և դրա բացառումը պայմանավորող դեպքերը սպառիչ սահմանված են օրենքով, մասնավորապես ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածով։

Ըստ Նախարարի՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետի վերլուծությունից հետևում է, որ որդեգրման վճռի կայացման տվյալ հիմքը ծագում է դատարանի կողմից ընդունված դատական ակտի առկայությամբ, որով նախ՝ հաստատվել են ծնողների՝ երեխայի հետ համատեղ չապրելու և նրան դաստիարակելուց ու պահելուց խուսափելու փաստերը, իսկ հաջորդիվ՝ դատարանի կողմից բացահայտվել և անհարգելի են գնահատվել ծնողների՝ նշված վարքագծին հանգեցնող պատճառները: Այսպիսով՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետի շրջանակներում օրենսդիրը դրանով նախատեսված հանգամանքները հաստատող միակ թույլատրելի ապացույց է դիտարկում համապատասխան դատական ակտը:

Բացի այդ, Նախարարը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/23859/02/19 քաղաքացիական գործով 24.06.2022 թվականին կայացված որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը և 119-րդ հոդվածի «դ» ենթակետը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատական ակտի հիմնավորվածության պահանջի հետ համադրելու արդյունքում ստացվում է, որ դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի հիշյալ նորմերի հիմքով երեխայի որդեգրումը հաստատելու պահանջը բավարարող վճիռ կայացվելու դեպքում անհրաժեշտ է այդ վճռով հիմնավորել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված հիմքի առկայությունը՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստական հիմքը: Բացի այդ, նշված հարցի վերաբերյալ վճիռ կայացնելիս իրավական հիմքերը բացահայտելուց զատ անհրաժեշտ է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական ակտի պատճառաբանվածության պահանջի պահպանմամբ համապատասխան վճռում արտացոլի փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ իր դատողությունների ընթացքը և դրանց կապը դատարանի կողմից կատարված եզրահանգումների հետ: Հակառակ պարագայում որդեգրման վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կհամարվի ոչ հիմնավոր և չպատճառաբանված դատական ակտ:

Քննարկվող դեպքում Վճռում վկայակոչվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետում ամրագրված նորմը, ինչից կարելի է ենթադրել, որ Դատարանը Վճիռը կայացրել է նշված նորմի իրավական հիմքով: Բացատրությամբ Դատավորը ևս նշել է, որ Վճիռը կայացրել է այդ նորմով սահմանված հիմքով, սակայն Դատարանը բավարարվել է միայն նշված նորմի բովանդակությունը շարադրելով և առհասարակ քննության առարկա չի դարձրել նորմի փաստական կազմի առկայությունը, մասնավորապես՝ դատական ակտով հաստատված՝ անհարգելի ճանաչված պատճառներով ծնողի կողմից մեկ տարուց ավելի Երեխայի հետ համատեղ չապրելու և նրան դաստիարակելուց ու պահելուց խուսափելու հանգամանքը, որն անհրաժեշտ էր այդ հիմքով Երեխայի որդեգրման վերաբերյալ օրենսդրությամբ ներկայացված պահանջը հաղթահարելու համար: Այդուհանդերձ, Դատարանը կայացրել է որդեգրման վերաբերյալ Վճիռ՝ առանց համապատասխան փաստական հիմքի վկայակոչմամբ և առանց ներկայացնելու Դատարանի կողմից ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ կատարված դատողությունների ընթացքն ու դրանց կապը Վճռով կատարված եզրահանգումների հետ:

Նախարարի կարծիքով վերը նշվածի հետևանքով Դատավորի կողմից խախտվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բացի այդ, Նախարարը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի2 (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ կետերը, 264-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ վերոգրյալ նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ որդեգրման վճիռը կարող է տեղեկություններ պարունակել որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ միայն երեխայի ունեցած անվան, հայրանվան և ազգանվան փոփոխության դեպքում, քանի որ օրենսդրությունը նախատեսում է որդեգրված երեխայի անունը, հայրանունը և ազգանունը պահպանելու հնարավորություն: Ընդ որում, համաձայն վերոգրյալ նորմերով սահմանված կարգավորումների, երեխայի անունը, հայրանունը, ազգանունը փոփոխելու իրավունքը պատկանում է երեխա որդեգրելու վերաբերյալ դիմում ներկայացնողին և իրականացվում է այդ դիմումի շրջանակներում ներկայացվող միջնորդությամբ: Վերջինս օժտված է երեխայի անունը և հայրանունը (կնոջ կողմից որդեգրվելիս) իր ընտրությամբ ցանկացած անվամբ փոխելու հնարավորությամբ, մինչդեռ երեխայի ունեցած ազգանունը կարող է փոխարինվել միայն որդեգրողի ազգանվամբ:

Որդեգրված երեխայի անվան, հայրանվան, ազգանվան որոշման հետ կապված հարաբերությունների շրջանակում օրենսդիրը սահմանել է նաև հատուկ կանոններ, որոնք ուղղված են ամուսնության մեջ չգտնվող ծնողի կողմից որդեգրված երեխայի հոր (մոր) անվան, հայրանվան և ազգանվան որոշմանը: Նշված հարցերը կարգավորող ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ որդեգրված երեխայի հոր (մոր) անվան, հայրանվան, ազգանվան որոշման և գրանցման հետ կապված իրավահարաբերություններ ծագում են որդեգրողի և ծննդի պետական գրանցման մարմնի (ՔԿԱԳ) միջև: Նշված հարաբերությունների շրջանակում ծննդի պետական գրանցումն իրականացնող մարմինը որդեգրվածի հոր (մոր) անունը և հայրանունը գրանցելիս սահմանափակված է որդեգրողի ցուցումով և նրա կամահայտնությամբ, մինչդեռ որդեգրվածի հոր (մոր) ազգանվան գրանցման հարցում օրենսդիրը բացառում է որդեգրողի կամահայտնության հնարավորությունը, նշված հարցի լուծումը կարգավորում է իմպերատիվ նորմով, որի համաձայն՝ որպես որդեգրվածի հոր (մոր) ազգանուն կարող է գրառվել միայն որդեգրողի ազգանունը:

Միաժամանակ նշվածի համատեքստում Նախարարը նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի, 264-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունից հետևում է, որ որդեգրել ցանկացող անձին վերապահված չէ երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումով երեխայի հոր (մոր) անունը, հայրանունը և ազգանունը նշելու վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացնելու իրավունք: Հետևաբար, երեխաների որդեգրումը հաստատելու վերաբերյալ գործերով դատական քննության շրջանակներում դատարանի համար չի կարող ծագել որդեգրված երեխայի հոր (մոր) անվան, հայրանվան, ազգանվան որոշման կամ երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումով երեխայի հոր (մոր) անունը, հայրանունը և ազգանունը սահմանելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դեպքում դրա քննության ու լուծման լիազորություն:

Նախարարը նշել է, որ քննարկվող դեպքում թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում է ներկայացրել ամուսնության մեջ չգտնվող անձ Հ. Զ. Բ.-ն: Վերջինս խնդրել է հաստատել Երեխայի որդեգրումն իր կողմից, միաժամանակ ցանկացել է Երեխայի Վ. անունը փոխել Վ. անունով, հայրանունը՝ Մ. անունով, իսկ Խ. ազգանունը՝ Բ. ազգանվամբ, ծննդյան վայր Երևանը՝ Վաղարշապատով և որպես Երեխայի ծնողներ գրառել՝ մայր նշումի դիմաց՝ Հ. Զ. Բ., իսկ հայր նշումի դիմաց՝ Մ. Ս. Ա.: Մ. Ս. Ա.-ն Դիմողի հետ «փաստական ամուսնության» մեջ գտնվող անձն է: Դատարանը բավարարել է Դիմումը, այն է՝ հաստատել է Դիմողի կողմից Երեխայի որդեգրումը և արձանագրել է Երեխայի անվան, հայրանվան, ինչպես նաև ծննդյան վայրի փոփոխությունը՝ ըստ Դիմողի նշած անվան, հայրանվան և ծննդավայրի, իսկ Երեխայի ազգանվան փոփոխությունը՝ ըստ Դիմողի (որդեգրողի) ազգանվան: Սակայն նշվածի հետ միաժամանակ Դատարանը, անտեսելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի, 264-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները և Վճռի եզրափակիչ մասում ներառելով տեղեկություններ որդեգրված երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ, Վճռով որոշել է ամուսնության մեջ չգտնող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցը, ավելին՝ Երեխայի հոր ազգանվան ընտրությունը պայմանավորելով Դիմողի (որդեգրողի) կամահայտնությամբ:

Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 264-րդ հոդվածի 1-ին մասի մասով սահմանված պահանջները:

Բացի այդ, Նախարարը նշել է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնը սահմանում է բոլոր հանգամանքներում այն ամենից զերծ մնալու պարտականություն, ինչը կարող է հանգեցնել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորման: Ընդ որում, օրենսդիրը հիշյալ նորմի շրջանակներում չի սահմանափակվել կոնկրետ արարքների նկարագրությամբ, այլ որպես խախտում է դիտարկում նորմերում նշված իրավական հետևանքներ առաջացնող ցանկացած վարքագծի դրսևորում: Ակնհայտ է, որ նշված կանոնների պահպանման առաջնային պայմանը դատավորի կողմից օրենքի պահանջը կատարելն է:

Ըստ Նախարարի՝ Դատարանի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ Դիմումի վարույթ ընդունմամբ, Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական պայմանների բացակայությամբ, միաժամանակ չհիմնավորված և չպատճառաբանված Վճռի կայացմամբ, Վճռով ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված Երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցի լուծմամբ, այդ թվում՝ որդեգրված Երեխայի հոր ազգանունը՝ ըստ որդեգրել ցանկացող անձի կամահայտնության գրառմամբ թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները միաժամանակ հանգեցրել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, քանի որ Դատարանի նման գործելակերպը նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը:

Նախարարը, անդրադառնալով մեղքի ձևին և վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը, նշել է, որ վարույթի փաստական հանգամանքների, կատարված իրավական վերլուծության և Դատավորի կողմից ներկայացված գրավոր բացատրության համադրման արդյունքում հանգել է այն հետևության, որ Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը վերադարձնելու հիմքի առկայությամբ Դիմումը վարույթ ընդունելը, երեխա որդեգրելու հիմքերի բացակայությամբ Երեխայի որդեգրումը հաստատելը, միաժամանակ չպատճառաբանված, չհիմնավորված վճիռ կայացնելը, երեխա որդեգրելու վերաբերյալ Վճռով որդեգրված երեխայի հոր ազգանվան հարցերը կարգավորելը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր ապահովել դիմումը վարույթ ընդունելու փուլի սահմանները, դատական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջը:

Ամփոփելով վերը նշվածը՝ Նախարարը փաստել է, որ սույն միջնորդությամբ ներկայացված՝ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ նյութական և դատավարական նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տվել նաև դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Խորհրդին ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ խնդրել է իրեն կարգապահական պատասխանատվությամբ ենթարկելու մասին միջնորդությունը մերժել՝ նշելով հետևյալը.

Դատավորը, անդրադառնալով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Նախարարի կողմից ներկայացված միջնորդության մեջ առաջ քաշված առաջին հարցին՝ թե արդյո՞ք Դատարանի կողմից երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունվել օրենսդրությամբ սահմանված պահանջների անտեսմամբ, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, հայտնել է, որ Դիմումին կից ներկայացվել է 00.00.0000 թվականին ծնված Երեխայի հաշվառման վերաբերյալ թիվ 000000000000 տեղեկանք, որն էլ Դատարանի կողմից դիտարկվել է որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով երեխայի հաշվառման վերաբերյալ պահանջվող տեղեկանք:

Դատավորը հայտնել է նաև, որ Դատարանը, ելնելով երեխայի լավագույն շահերից, հաշվի առնելով գործի բնույթը և այն հանգամանքը, որ գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր կարող են պարզվել և պահանջվել նաև գործի քննության ընթացքում, Դիմումն ընդունել է վարույթ: 2022 թվականի ապրիլ ամսին, ըստ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա տվյալների, իր կողմից ամեն օր ընդունվել է 30-50 քաղաքացիական գործ, և հնարավոր է, որ վկայակոչված գործեր որևէ տեղեկանքի առկա չլինելու հանգամանքը վրիպեր իր ուշադրությունից: Այդ փաստը ինքը չի ներկայացնում իրեն արդարացնելու համար, սակայն խնդրում է հաշվի առնել այդ իրողությունը:

Վերը նշվածի հաշվառմամբ Դատավորը նշել է, որ Դատարանի կողմից ի սկզբանե չի դրսևորվել Դիմումն օրենքի խախտմամբ վարույթ ընդունելու որևէ դիտավորություն՝ հաշվի առնելով այն, որ Դիմումին կից ներկայացվել են բազմաթիվ այլ տեղեկանքներ, որոնք մատնանշվել են տվյալ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի մեջ:

Դատավորը, անդրադառնալով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունում առաջ քաշված երկրորդ հարցադրմանը, թե արդյոք Դատարանի կողմից որդեգրման վերաբերյալ Վճիռը կայացվել է երեխային որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական պայմանների բացակայությամբ, վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածը, նշել է, որ այդ հոդվածով հստակ սահմանվում է, թե որ դեպքերում երեխայի որդեգրման համար պարտադիր չէ ծնողի համաձայնությունը:

Դատավորը նշել է նաև, որ անձը կարող անհայտ բացակայող և անգործունակ ճանաչվել, ծնողական իրավունքներից զրկվել բացառապես օրինական ուժի մեջ մտած վճռով, մինչդեռ անհարգելի ճանաչված պատճառներով ծնողի՝ մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չբնակվելու և նրան դաստիարակելուց ու պահելուց խուսափելու փաստը դատական կարգով սահմանելու առանձին ընթացակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում։

Վերոգրյալ հաշվառմամբ Դատավորը եկել է այն եզրահանգմանը, որ Դատարանը որդեգրման փաստը հաստատելու գործերով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» կետով սահմանված հիմքի առկայությունը կարող է հաստատել հենց գործի քննության շրջանակներում:

Դատավորը նշել է, որ թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացվել են 16.12.2020 թվականին կնքած Ն-19, 30.12.2020 թվականին կնքված Ն-6, և 30.12.2021 թվականին կնքված Ն-6 խնամատարության պայմանագրերը, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի կողմից տրված բնակության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխայի խնամատար ընտանիք տեղավորելու համար Ն-18 եզրակացությունը, որոնցով հաստատվել է այն հանգամանքը, որ մանկահասակ Երեխան 16.12.2020 թվականից մինչև 27.12.2020 թվականը, 30.12.2020 թվականից մինչև 30.12.2021 թվականը և 30.12.2021 թվականից մինչև Վճռի կայացման պահը ներառյալ անընդմեջ գտնվել է Հ.Բ.-ի խնամատարության ներքո: Գործի քննության ընթացքում պարզ է դարձել, որ Երեխան անընդմեջ գտնվել է խնամատար ծնողի մոտ, և կենսաբանական մայրն առհասարակ չի այցելել Երեխային այդ ժամանակահատվածում, իսկ հայրն ի սկզբանե անհայտ է:

Դատավորը նշել է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննության ընթացքում Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որ կենսաբանական մայրը երբևէ այցելել է Երեխային, ապա Դատարանը գտել է, որ առկա է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» կետով սահմանված հիմք:

Վերոգրյալի հաշվառմամբ Դատավորը նշել է, որ իր կողմից կատարված գործողություններում բացակայում են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված նյութական իրավունքի նորմի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 8-րդ հոդվածի 1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտման հատկանիշներ:

Անդրադառնալով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության մեջ առաջ քաշված երրորդ հարցադրմանը՝ Դատավորը նշել է, որ հայր բաժնում Մ․Ս․Ա․ անունը գրվել է ելնելով, այն հանգամանքից, որ դիմումատու Հ.Բ.-ի ցուցումով Երեխայի հայրանունը հաստատվել է հենց Մ.Ս.Ա.-ի անունով, սակայն Դատարանը չի հաստատել Մ.Ս.Ա.-ի կողմից Երեխայի որդեգրումը, նրան չի ճանաչել Երեխայի ծնող:

Ըստ Դատավորի՝ Նախարարի կողմից ներկայացված մեկնաբանությունից հետևում է, որ հետագայում կարող է որոշակի շփոթություն առաջանալ այդ մասով: Տվյալ պարագայում Դատարանը Վճռով հաստատել է միայն Հ.Բ.-ի կողմից որդեգրումը, և պետական մարմինների կողմից կարող է գրանցվել միայն նրա իրավունքները, իսկ Մ.Ս.Ա.-ի համար որևէ իրավական հետևանք դատական ակտը չի առաջացնում, նա ձեռք չի բերում ծնողական իրավունքներ և պարտականություններ:

Դատավորը նշել է նաև, որ իր համոզմամբ այս մասով իր կողմից որևէ մեկի իրավունքները չեն խախտվում, և որևէ մեկի համար իրավական հետևանքներ չեն առաջանում, ուստի արարքի մեջ բացակայում են էական խախտման հատկանիշները, որոնց արդյունքում կարող էին առաջանալ ծանր հետևանքներ:

Դատավորը, վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, 113-րդ հոդվածը, 110-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18․03․2010 թվականի 269-Ն որոշման 2-րդ գլխի 2-6 կետերը, ՀՀ կառավարության 31․10․2002 թվականի 1730-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը, հայտնել է, որ իր մոտ որևէ կասկած չի առաջացել, որ Երեխան հաշվառված չէ որդեգրման ենթակա երեխաների կենտրոնացված գրանցամատյանում։

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ տվյալ պարագայում «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ը Երեխայի առանց ծնողական խնամքի մնալու վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո անհապաղ պետք է տեղեկացներ Երևանի քաղաքապետին, վերջինս տեղեկությունները ստանալուց հետո պարտավոր էր իրականացնել երեխաների հաշվառումը և հայտներ այդ մասին ՀՀ կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև՝ ապահովել այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Երևանի քաղաքապետի կողմից տեղեկություններ ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր էր իրականացնել որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը և տեղեկացնել (N 2 ձև) աշխատակազմին, ինչպես նաև Որոշման երկրորդ գլխի 2-6-րդ կետերի պահանջների համաձայն իրականացնել օրենքով նախատեսված որդեգրման գործընթացը, այն է՝ տվյալ դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխայի անձնական գործի պատճենահանված մեկ օրինակը հաշվառման մասին տեղեկությունների հետ միասին պետք է ուղարկեին Արդարադատության նախարարություն՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմին, որը չի կատարվել:

Ըստ Դատավորի՝ վերոգրյալ իրավական կարգավորումները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի Դատարանի մոտ գործել է իրավական կանխավարկած, որ գրեթե 2 տարի մանկատան խնամքի ներքո գտնվող և խնամատարության հանձնված Երեխան օրենքով նախատեսված կարգով գրանցվել է որպես որդեգրման ենթակա երեխա: Ավելին, դատական նիստին ներկայացել է Երևանի քաղաքապետարանին ենթակա Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից լիազորված անձ՝ Լ.Հ.-ն, ով Դատարանին հայտնել է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը որևէ խանգարող հանգամանք չի տեսնում Հ.Բ.-ի կողմից Երեխայի որդեգրումը հաստատելու համար, և որդեգրումը բխում է Երեխայի լավագույն շահերից:

Դատավորը նշել է նաև, որ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից գործի քննության ընթացքում որդեգրման գործընթացի վերաբերյալ դրական պատասխան ստանալով՝ Դատարանը եկել է այն համոզմանը, որ տվյալ որդեգրման համար առկա են բոլոր նախադրյալները, և Երեխայի լավագույն շահերից է բխում որդեգրման հաստատումը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված իր 03.11.2022 թվականի վերաքննիչ բողոքում հայտնել է, որ չնայած Երևան համայնքը՝ ի դեմս Դավթաշեն վարչական շրջանի, ներգրավված է եղել սույն գործով դիմումի քննությանը, սակայն Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի գնահատմամբ աշխատակազմի աշխատակիցները դրսևորել են անփույթ և ոչ կոմպենտենտ վերաբերմունք: Նման դիրքորոշումն իր կողմից գնահատվել է, որպես «խոստովանական դիրքորոշում» իրավասու մարմնի կողմից ոչ թե միայն բողոքարկման ժամկետը բաց թողնելու, այլ նաև վերոշարադրյալ իրավական կարգավորումներով ամրագրված իմպերատիվ նորմերով սահմանված որդեգրման ենթակա երեխային կենտրոնական հաշվառման գրանցամատյանում չընդգրկելու գործընթացը թերի իրականացնելու իմաստով:

Դատավորը նշել է նաև, որ իր համար անհայտ է մնացել այն հարցը, թե իր կողմից կայացված դատական ակտն ի՞նչ կերպով է հեղինակազրկել դատական իշխանությունը, և առհասարակ ու՞մ իրավունքն է խախտվել կամ սահմանափակվել: Կարելի էր հասկանալ, եթե Երեխայի կենսաբանական մայրը կամ կենսաբանական հայրը բողոք ներկայացնեին դատական ակտի դեմ, սակայն Երեխայի կենսաբանական ծնողները Երեխայի ճակատագրի նկատմամբ ցուցաբերել են բացարձակ անտարբեր վերաբերմունք: Երեխան ծնվել է 0000 թվականի (…) ամսին: Մեկ ամիս անց Երեխայի կենսաբանական մայրը Երեխային հանձնել է մանկատուն: Ըստ Դատարանին ուղղված Հ.Բ.-ի Դիմումում նշված տեղեկատվության՝ մանկատան երեխաներին տեսակցության մատյաններում երկու ամիս անց արձանագրվել է Երեխայի կենսաբանական մոր ընդամենը մեկ այցելություն: Տվյալ փաստը չի հերքվել նաև դատաքննությանը մասնակցող իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից: 2020 թվականից օրենքով նախատեսված խնամատարության պայմանագրով գործով դիմումատու Հ.Բ.-ին է փոխանցվել Երեխայի նկատմամբ խնամատարության իրականացումը, որն էլ շարունակվել է մինչև 08.08.2022 թվականին կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

Ըստ Դատավորի՝ Երեխան իր ամբողջ կյանքի կարճ ժամանակահատվածի ընթացքում դիմումատու Հ.Բ.-ին ընկալել է որպես իր մայր (Երեխան հիմա 4 տարեկան է): Երեխան Դիմումատուին դիմում է «մայրիկ», իսկ Դիմումատուի հետ համատեղ կյանքով ապրող Մ.Ա.-ին՝ որպես «հայրիկ», և Դատարանի համոզմամբ Երեխայի և Դիմումատուի միջև ձևավորվել է հոգեբանական և էմոցիոնալ սերտ կապ:

Դատավորը նշել է, որ Վճիռ կայացնելիս Դատարանը հաշվի է առել նաև դիմումատու Հ.Բ.-ի անձը: Վերջինս ծառայում է ՀՀ զինված ուժերում, բնութագրվել է դրական, ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, որը բավարար է Երեխայի համար անհրաժեշտ կենսական պայմանները ստեղծելու համար, որոնք ավելի բարենպաստ են, քան մանկատան պայմանները: Դատաքննության ընթացքում Հ.Բ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը և իր հետ համատեղ կյանքով ապրող Մ.Ա.-ն օրինական կարգով ամուսնացած են եղել և համատեղ կյանքում ապրել են մոտ 10 տարի, այնուհետև ինչ-ինչ պատճառներով ամուսնալուծվել են, իսկ իր կողմից Երեխային խնամատարության ներքո վերցնելու պահից Մ.Ա.-ն վերադարձել է ընտանիք, և մինչև օրս միասին բնակվում և դաստիարակում են փոքրիկին և ցանկանում են նորից օրինականացնել իրենց հարաբերությունները:

Դատավորը նշել է նաև, որ Դատարանը բացատրություն է վերցրել երկուսից էլ, և տեսել է նրանց ոգևորությունը, նկատել է վերջիններիս հույզերը, և ցանկությունը՝ Երեխայի օրինական կարգով ծնող համարվելու համար: Իր կողմից քննված գործով առկա է մի փոքր նրբերանգ, ըստ էության Դիմումատուն Երեխային չի վերցրել մանկատնից՝ 4 տարեկան հասակում, այլ վերցրել է մոտ 2 տարեկանում, երբ Երեխան դեռևս չի գիտակցել, որ Հ.Բ.-ն իր կենսաբանական մայրը չէ: Գործում կա բավարար ապացույց, որ Հ.Բ.-ն բնութագրվել է որպես հոգատար և ուշադիր ծնող, ինչի հետևանքով Երեխան, այցելելով մանկապարտեզ, դրսևորել է ընկերասեր, ուրախ և շփվող պահվածք: Հետևաբար իր համար՝ որպես Դատարանի, շատ կարևոր է եղել գործի իրավական, փաստական և բարոյական կողմը:

Ըստ Դատավորի՝ լիազորված մարմինը պարտավոր է եղել Երեխային հաշվառել որդեգրման ենթակա երեխաների ցանկի մեջ, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի կատարվել: Ինչպե՞ս է ստացվել, որ իր գործով Դիմումատուի հետ կնքվել են թվով 6 պայմանագրեր, Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է դրական եզրակացություն, Դիմումատուն ներառվել է որպես որդեգրման իրավունք ունեցող անձանց ցանկում, վեճի առարկա հանդիսացող Երեխան մոտ 2 տարի գտնվել է գործով դիմումատու Հ.Բ-ի մոտ, սակայն լիազորված մարմինների թերի աշխատանքի պատճառով Երեխան չի Որոշման համապատասխան:

Դատավորը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ մասերը, նշել է որ ինքը, թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով կայացված վճռով որդեգրմանը փաստը հաստատելով, իր գնահատմամբ թույլ չի տվել էական խախտում, որը կարող էր հանգեցնել Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման: Իր կողմից կայացրած Վճիռը չի առաջացրել որևէ անդառնալի հետևանք, որը կհեղինակազրկեր դատական իշխանությունը: Լիազոր մարմինը նշել է, որ Դատավորի կողմից չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտի կայացմամբ փաստացի խախտվել է գործին մասնակցող անձանց Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը: Այդպիսով լիազոր մարմինը կարգապահական պատասխանատվության հիմքում դնում է իր՝ որպես դատարան արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումը, ինչը չի կարող հիմք հանդիսանալ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Այնուամենայնիվ, ինքը համաձայն է, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշված այն դիրքորոշմանը, որ իր դատական ակտը պատշաճ պարզաբանված չէ, չի տրվել իրավական գնահատական որոշ հանգամանքների վերաբերյալ, մասնավորապես կենսաբանական մայրը երկու տարուց ավելի չի այցելել Երեխային, Երեխայի կենսաբանական հայրը առհասարակ անհայտ է, և Դատարանը դա դիտել է որպես Երեխայից հրաժարում՝ ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» կետի:

Ըստ Դատավորի՝ իր այդ դիրքորոշումը հիմնավորվել է նաև 06.12.2022 թվականին Սամվել Մնացականյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) կողմից կայացված վճռով, մասնավորապես՝ 2011 թվականին ՀՀ արդարադատության խորհրդի կողմից դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցվել են այն հիմնավորմամբ, որ դատավորը պատշաճ չի պատճառաբանել իր դատական ակտը: Իսկ ՄԻԵԴ-ի վճռով ամրագրվել է այն դրույթը, որ դատավորի չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության իր կողմից կայացած դատական ակտի ոչ պատշաճ մեկնաբանման համար, և որպես հետևանք Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխհատուցի պատճառված վնաս:

Լիազոր մարմնի կողմից նաև նշվել է, որ իրողության մեջ առկա է որդեգրման իրավահարաբերությունները խաթարող, կոնկրետ անձանց իրավունքները և օրինական շահերը խախտող օրինական ուժի մեջ մտած վճիռ: Վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 129-132-րդ հոդվածները՝ Դատավորը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վերոշարադրյալ կարգավորումներից բխում է, որ որդեգրման փաստի հաստատման վճիռը բացառապես կարող է ազդել չորս սուբյեկտների՝ որդեգրողների, երեխայի և կենսաբանական ծնողների, ինչպես նաև տվյալ պարագայում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի վրա:

Դատավորը նշել է նաև, որ լիազոր մարմինը որևէ կերպ չի հիմնավորել, թե իր կողմից 08.08.2022 թվականին կայացված վճռով կոնկրետ ում իրավունքներն ու շահերն են էականորեն խախտվել, և իր գնահատմամբ առանցքային նշանակություն կարող է ունենալ քննարկված գործով Երեխայի համար անցանկալի հետևանքների առաջացման հնարավորությունը:

Ըստ Դատավորի՝ լիազորված մարմնի դիրքորոշումից հետևում է, որ Դիմումը պետք է մերժվեր, և Երեխան երկու տարի ընտանիքում ապրելուց հետո պետք է վերադարձվեր «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ, և արդյո՞ք Դատարանի կողմից Դիմումի մերժման դեպքում վճիռը կնպաստեր և կբխեր երեխայի լավագույն շահերից:

Անդրադառնալով երեխայի լավագույն շահին և վկայակոչելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները, Դատավորը նշել է, որ վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա` Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ:

Միաժամանակ Դատավորը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը, Սահմանադրական դատարանի 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշումը, Վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 և 23.03.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործերով որոշումները, նշել է, որ որդեգրման հաստատման վերաբերյալ գործերով քննարկման առարկա է դառնում ըստ էության երկու տիպի իրավունքների պաշտպանության հարց, մասնավորապես երեխայի համար առաջանում է որդեգրվելու իրավունք, իսկ որդեգրողի համար՝ որդեգրման իրավունք, և իր գնահատմամբ, եթե երեխան մնացել է առանց ծնողական խնամքի, և նրա կենսաբանական ծնողները որոշակի գործողություններ կատարելով կամ անգործություն դրսևորելով հրաժարվում են երեխային խնամելուց, ապա երեխայի մոտ առաջանում է որդեգրվելու բացարձակ իրավունք, և այն նույնիսկ կասկածի տակ պետք է չդրվի:

Ըստ Դատավորի՝ որդեգրման գործերով էական խախտում կարող է համարվել, եթե երեխային հանձնեն որդեգրման իրավունք չունեցող անձին, և տվյալ պարագայում, այո, կարող է երեխայի իրավունքները խախտվել: Վերոնշյալի հաշվառմամբ ինքն առաջնորդվել է բացառապես երեխայի լավագույն շահերով, և այժմ էլ պնդում է, որ Երեխայի շահերից է բխել Հ.Բ.-կողմից որդեգրվելը, այլ ոչ թե՝ մանկատուն վերադառնալը:

Վերը նշվածի հաշվառմամբ Դատավորը հանգել է այն հետևության, որ Երեխայի շահերից է բխել ապրել ընտանիքում, այլ ոչ թե՝ մանկատանը, և նրա որևէ իրավունք չի խախտվել:

Անդրադառնալով որդեգրողի՝ տվյալ դեպքում Հ.Բ.-ի, իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտմանը՝ Դատավորը նշել է, որ իր կողմից բավարարվել է Հ.Բ.-ի դիմումը, ըստ Վճռի նա ձեռք է բերել երեխային որդեգրելու իրավունք, հետևաբար խոսել այն մասին, որ Դատարանի՝ դիմումը բավարարելու մասին Վճիռը կարող է խախտել Դիմումատուի իրավունքները, իրավաչափ չէ:

Դատավորը նշել է նաև, որ Երեխայի կենսաբանական ծնողը՝ Օ.Խ.-ն նույնպես որևէ բողոք, որևէ գանգատ չի ներկայացրել, և առհասարակ չի հետաքրքրվել Երեխայով, դատաքննության փուլում հաստատվել է, որ իր Երեխայի նկատմամբ շուրջ չորս տարի բացարձակապես դրսևորել է անտարբեր վերաբերմունք, որն էլ Դատարանը դիտել է որպես Երեխայից հրաժարում:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համար հնարավոր բացասական հետևանքների առաջացմանը՝ Դատավորը նշել է, որ հարց է առաջանում, թե վերջինիս որ իրավունքն է խախտվել, եթե Երևանի քաղաքապետարանը, ներգրավված լինելով գործի քննությանը, և ծանուցված լինելով դատական նիստերի վերաբերյալ, դիմումի վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել, ավելին, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ որդեգրման գործընթացն իրականացվել է գործող օրենքներին համապատասխան, և Երեխայի որդեգրումը բխումը Երեխայի լավագույն շահերից:

Ըստ Դատավորի՝ լիազորված մարմնի կողմից նշված միջնորդության մեջ իրեն ուղղված դատողությունները կրում են ընդհանուր բնույթի իրավական դատողություններ, որոնք կապված չեն քննարկվող գործի կոնկրետ հանգամանքներին: Ինքը կարծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործընթացում, այլ նաև դատական պրակտիկայում: Քննարկվող գործով ինքը՝ որպես դատարան, գնահատել է «երեխայի շահ» հասկացությունը՝ որպես համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք: Վճիռ կայացնելիս գնահատել է տվյալ գործում առկա կոնկրետ իրավիճակը՝ ելնելով տվյալ գործում առկա բոլոր փաստական հանգամանքների համալիր վերլուծությունից: Իր ներքին համոզմամբ փորձել է որպես դատարան բացահայտել Երեխայի լավագույն շահը՝ հաստատելով ողջամիտ հավասարակշռություն դիմումատու Հ.Բ.-ի և որդեգրված երեխայի իրավունքների միջև: Հետևելով Սահմանադրական դատարանի 05.10.2020 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը՝ գտել է, որ որպես իրավական մեկնաբանողական սկզբունք տվյալ գործով Երեխային առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած նորմ մեկնաբանել է և կիրառել է վերջինիս համար լավագույն շահերի ապահովման նկատառումից: Իսկ պետությունը, ունենալով երեխային որդեգրման ցուցակում ներառելու պոզիտիվ պարտավորություն, ինչ-ինչ պատճառներով կոպտորեն խախտել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները՝ զրկելով Երեխային հոգատար և լիարժեք ընտանիքում մեծանալու իրավունքից:

Վերը նշված պատճառաբանություններից ելնելով՝ Դատավորը Խորհրդին խնդրել է մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1. Դատարանի Քանաքեռ նստավայրում 19.04.2022 թվականին ստացվել է Դիմողի դիմումը, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ Երեխայի որդեգրումը հաստատելու պահանջի մասին:

4.2. Դիմողը խնդրել է հաստատել 00.00.0000 թվականին ծնված Երեխայի որդեգրումը Դիմողի կողմից՝ միաժամանակ միջնորդելով Երեխայի Վ. անունը փոխել Վ. անունով, Խ. ազգանունը՝ Բ. ազգանվամբ, ծննդյան վայր Երևանը՝ Վաղարշապատով, հայրանուն նշել Մ.: Խնդրել է նաև որպես Երեխայի ծնողներ գրառել՝ մայր նշումի դիմաց՝ Հ. Զ. Բ., իսկ հայր նշումի դիմաց՝ Մ. Ս. Ա.: Դիմումի փաստական հիմքերում դրվել է նաև այն հանգամանքը, որ Երեխայի կենսաբանական մայրը Երեխային ծննդաբերելուց հետո վերցրել է հիվանդանոցից, սակայն 13.09.2018 թվականին՝ 1 ամիս 13 օր հետո, Երեխային հանձնել է մանկատուն: Երեխային մանկատուն հանձնելուց հետո, ըստ մանկատան աշխատակիցների տված տեղեկատվության, 2020 թվականին Երեխայի կենսաբանական մայրը ընդամենը 2 անգամ է այցելել մանկատուն Երեխային տեսակցելու, այն էլ մինչև Դիմողի՝ Երեխայի խնամատար ծնող դառնալը: 23.12.2020 թվականից Դիմողը Երեխային տարել է տուն և այդ օրվանից մինչ դիմումը ներկայացնելու օրը Երեխան գտնվել է իր տանը, Երեխայի մայրը չի այցելել Երեխային և չի հետաքրքրվել Երեխայով: Երեխայի մայրը որևէ հարգելի պատճառ չի ներկայացրել պետական մարմիններ (այսինքն՝ անհարգելի պատճառով), թե ինչու չի այցելում իր Երեխային, և շուրջ 1 տարուց ավելի Երեխայի հետ համատեղ չի ապրում և խուսափում է նրան դաստիարակելուց ու պահելուց: Երեխայի հայրը անհայտ է: Նշել է նաև, որ Երեխայի մայրը Երեխային մանկատուն հանձնելիս նրանից չի հրաժարվել, այլ պատճառաբանել է, որ բավարար միջոցներ չունի նրան պահելու և խնամելու համար: Հիշատակվել է օրենսդրական կարգավորումն առ այն, որ եթե մայրը երեխային հանձնել է մանկատուն և շուրջ 1 տարի չի այցելել երեխային, չի զբաղվել նրա խնամքով և դաստիարակությամբ՝ նշվածը իրավունք է վերապահում պետական մարմիններին երեխային ներգրավել որդեգրման ցուցակի մեջ: Ըստ Դիմողի՝ ինքը փաստական, չգրանցված ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում Մ. Ա. հետ:

4.3. Դատարանը 28.04.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել Դիմումը՝ նախնական դատական նիստ նշանակելով 22.06.2022 թվականին (քաղաքացիական գործ՝ թիվ ԵԴ/18237/02/22):

4.4. Դատարանը 08.08.2022 թվականի վճռով Դիմումը բավարարել է և հաստատել է Հ. Զ․ Բ․-ի կողմից Երեխայի որդեգրումը: Վճռել է Երեխայի տվյալները գրանցել հետևյալ կերպ. անուն՝ Վ., ազգանունը՝ Բ., հայրանունը՝ Մ., հայրը՝ Մ. Ս. Ա., մայրը՝ Հ. Զ. Բ., ծննդավայրը՝ ք. Վաղարշապատ:

4.5. Վճռի՝ «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր» բաժինը տեղեկություններ է պարունակում հետևյալ փաստաթղթերի (ապացույցների) վերաբերյալ. 1) 07.08.2018 թվականին տրված թիվ ԱԱ 000000 ծննդյան վկայական, 2) 16.12.2020 թվականին կնքված թիվ 19 խնամատարության պայմանագիր, 3) 16.12.2020 թվականին տրված թիվ 18 եզրակացություն, 4) Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ կողմից 23.12.2020 թվականին տրված էպիկրիզ, 5) 14.01.2021 թվականին տրված՝ Երեխային հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք, 6) 30.12.2021 թվականին կնքված թիվ 6 խնամատարության պայմանագիր, 7) «Երևանի Հ.59 Մ/Մանկապարտեզ» ՀՈԱԿ կողմից 07.04.2022 թվականին տրված տեղեկանք, 8) Երևանի «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ կողմից 12.04.2022 թվականին տրված տեղեկանք, 9) Երևանի քաղաքապետարանի կողմից 11.03.2022 թվականին տրված թիվ 2 եզրակացություն, 10) Դիմողի աշխատավայրի և աշխատավարձի մասին 07.04.2022 թվականին տրված թիվ 483 տեղեկանք, 11) Դիմողի ծառայության վայրի վերաբերյալ 07.04.2022 թվականին տրված թիվ 514/629 տեղեկանք, 12) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28102020-01-0423 վկայական, 13) 18.07.2022 թվականի դատական նիստի ընթացքում վկա Մ. Ս. Ա. կողմից տրված ցուցմունք:

Սույն բաժնում Երեխայի կենտրոնացված հաշվառման և դրա արդյունքում կազմված համապատասխան տեղեկանքի վերաբերյալ որևէ նշում կատարված չէ:

4.6. Որպես Վճռի իրավական հիմնավորումներ՝ վկայակոչվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում, 113-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերում, 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 119-րդ հոդվածի «դ» ենթակետում, 123-րդ և 124-րդ հոդվածներում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմերը:

4.7. Վճռի պատճառաբանական մասը հետևյալն է. «Սույն գործով ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական են, իսկ դիմողի բնութագրերը և իրավասու մարմինների տված եզրակացությունները, ինչպես նաև գույքային վիճակի մասին հավաստող փաստաթղթերը հիմք են տալիս դատարանին ենթադրելու, որ որդեգրումը տվյալ դեպքում բխում է Երեխայի՝ լավագույն շահերից: Հետևաբար դատարանը փաստում է, որ որդեգրումը մերժելու հիմքեր առկա չեն, հետևաբար դիմումը ենթակա է բավարարման:»:

4.8. Վճիռը 08.08.2020 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

4.9. Վճռի դեմ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից 03.11.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ներառել է միջնորդություն վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ:

4.10. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (դատավորներ՝ Կարեն Չիլինգարյան, Լևոն Գրիգորյան, Նորա Կարապետյան) 30.11.2022 թվականին կայացվել է միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:

4.11. Վճռի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից 23.11.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:

4.12. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Կարեն Չիլինգարյան, Լևոն Գրիգորյան, Նորա Կարապետյան) կողմից 07.12.2022 թվականին կայացվել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:

4.13. 12.12.2022 թվականի դրությամբ վերաքննիչ վարույթ հարուցված չի եղել:

4.14. Երևանի քաղաքապետի 10․10․2022 թվականի թիվ 01/102911-22 գրությունից հետևում է, որ Վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից այդ մասին կատարվել է պետական գրանցում, Երեխային տրվել է նոր ծննդյան վկայական: Նշված գրությամբ դիրքորոշում է հայտնվել առ այն, որ Վճռի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ անչափահաս Երեխայի հաշվառված չի եղել որպես որդեգրման ենթակա երեխա, քանի որ առկա չի եղել 118-րդ կամ 119-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտում,

5.2. եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով կատարված/ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3 արդյո՞ք թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման,

5.4. արդյո՞ք թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով էական խախտում է, թե ոչ: կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի հաղորդումը, ինչպես նաև Արդարադատության նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ․

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպատական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Հաջորդիվ, Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Խորհուրդը թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ նշել է. «(…) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: (…)»:

Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(…) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ(…)»:3

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր:

Մինչդեռ ՄԻԵԴ-ի տեսանկյունից դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով4:

ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը5:

ՀՀ սահմանադրական դատարանը, իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրականության խնդիրներին, արձանագրել է հետևյալը՝

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը:

Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողների (...) պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները` երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային` նրա կողմից նույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` ՄԻԵԴ-ը արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից6:

ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի և ծնողների` միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է7:

Համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի` երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից` հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը8:

ՀՀ սահմանադրական դատարանը 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ նշել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել, և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև` դատական պրակտիկայում:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք է: Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Վերոնշյալ իրավական վերլուծություններից բխում է, որ նմանատիպ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, ՄԻԵԴ նախադեպային իրավունքը և ՀՀ ընտանեկան օրենսդրությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «երեխայի շահ» կամ «երեխայի լավագույն շահեր» հասկացություններն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվեն ու կիրառվեն հետևյալ երեք իմաստներով.

1) որպես երեխայի իրավունք. երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք այն դեպքում, երբ իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն,

2) որպես իրավական-մեկնաբանողական սկզբունք. երեխայի իրավական վիճակին առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի` ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նկատառումից,

3) որպես ընթացակարգային կարգավորման կանոն. երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք է բացահայտվի նաև երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը[9]:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ10:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին։

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։

Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 ՀՀ ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացվում է սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։

 ՀՀ ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ հաստատությունների) պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ մասին, անհապաղ հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:

Խնամակալության և հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը մինչև նրա խնամքի և դաստիարակության կազմակերպման հարցի լուծումը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունների (որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները) ղեկավարները պարտավոր են, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է ընտանիքում դաստիարակության հանձնվել, եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ըստ տվյալ կազմակերպության գտնվելու վայրի։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երևանի քաղաքապետի, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան, ինչպես նաև ապահովում է երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը:

Մարզպետարանը երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից երեք օրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Երևանի քաղաքապետը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա խնամքի և դաստիարակության կազմակերպմանը ընտանիքներում:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կառավարության 18․03․2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացնում են նրանց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերը (այսուհետ` աշխատակազմ)` իրենց ենթակայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների միջոցով։

Նույն հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի (N 1 ձև) հիման վրա, որը ներառում է երեխայի կենսագրական տվյալների, էթնիկական ծագման, սոցիալական շրջապատի, ընտանիքի պատմության, առողջության, նաև երեխայի հիվանդությունների, բժշկական հետազոտությունների, զննումների, հիվանդությունների, դրանց բուժումների և ընթացիկ առողջական վիճակի ու երեխայի հատուկ պահանջների մասին տեղեկություններ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որդեգրման համար տրված ծնողի (ծնողների) համաձայնությունը, կազմում է երեխայի համար անձնական գործ, որի պատճենահանված օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով։

Որպես որդեգրման ենթակա հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա է ծնողների համաձայնությունը, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ որդեգրել ցանկացող այլ անձ։

Նույն հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը և տեղեկացնում (N 2 ձև) աշխատակազմին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. (․․․)․

6) երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը. (․․․)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ դիմումին պետք է կցվեն որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները։

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված է երեխայի որդեգրումը հաստատելու կարգը, ըստ որի երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործերի քննությունը պատվիրակված է դատարանին՝ միաժամանակ սահմանելով, որ դատարանն այդ գործերի քննությունը կատարում է հատուկ վարույթի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 110-րդ և 114-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 18․03․2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ, 4-րդ ու 5-րդ կետերով սահմանված են որդեգրման ենթակա երեխաների հաշվառման ընթացակարգ է։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածով սահմանված են երեխային որդեգրման վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները, ըստ որի, ի թիվս այլ պահանջների, երեխայի որդեգրման դիմումին կից պարտադիր պետք է դատարան ներկայացվի որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով տրված տեղեկանք։ Միաժամանակ նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված է վերը նշված պահանջը չպահպանելու դեպքում դատական վարույթ սկսելու փուլային արգելք: վրա հասնող բացասական՝ դիմումը վերադարձնելու իրավական հետևանքը։

Խորհուրդն արձանագրում է, որ վերը նշվածից հետևում է, որ երեխային որդեգրելու պահանջի վերաբերյալ դիմում ներկայացվելու դեպքում դատարանը պարտավոր է այն վարույթ ընդունել, եթե դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքով սահմանված պահանջներին, հակառակ դեպքում դատարանը դիմումը վերադարձնում է։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ նշված նորմով սահմանված պահանջներին չբավարարող դիմումը վերադարձնելը ոչ թե դատարանի հայեցողական լիազորությունն է, այլ դատարանը պարտավոր է վերադարձնել օրենքով սահմանված պահանջները չբավարարող դիմումը, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նորմը իմպերատիվ բնույթ ունի։

Տվյալ դեպքում Խորհուրդն արձանագրում է, որ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին դիմումին կից Դիմողը Դատարան չի ներկայացրել որդեգրման ենթակա երեխային որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով տրված տեղեկանք։ Նշված փաստը չի հերքվել ու հաստատվել է Դատավորի կողմից Խորհրդին ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ։

Վերը նշված փաստի և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 18․03․2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված նորմերի համադրումից Խորհուրդն արձանագրում է, որ Դիմողի կողմից Դատարան ներկայացված Դիմումը չի համապատասխանել երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումին կից փաստաթղթերին ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված պարտադիր պահանջին, որպիսի պայմաններում առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածով և նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ Դիմումը վերադարձնելու հիմքը։

Վերը նշվածից ելնելով՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում Դատարանը պարտավոր է եղել Դիմումը վերադարձնել, մինչդեռ Դատարանի 28․04․2022թ․ որոշմամբ Դիմումն ընդունվել է վարույթ։ Նշված փաստի կապակցությամբ Դատավորը հայտնել է, որ Դատարանը Դիմումը վարույթ է ընդունել՝ ելնելով երեխայի լավագույն շահերից, հաշվի առնելով գործի բնույթը և այն հանգամանքը, որ գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր կարող են պարզվել և պահանջվել նաև գործի քննությանն ընթացքում:

Խորհուրդը Դատավորի կողմից վերը նշված փաստարկը համարում է անհիմն, քանի որ Դատավորի կողմից Խորհրդին չի ներկայացվել որևէ փաստարկ կամ ապացույց առ այն, որ Դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ գործի քննության ընթացքում, ապացուցվել է որդեգրման ենթակա երեխայի հաշվառման վերցված լինելու հանգամանքը։

Խորհուրդն արձանագրում է նաև, որ երեխայի որդեգրման վերաբերյալ գործերով նույնպես կարևոր նշանակություն ունի երեխայի լավագույն շահերի բացահայտումն ու դրանց առաջնային նշանակության տրամադրումը, քանի որ այդ գործերով կայացվող դատական ակտն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն։

Խորհուրդը միաժամանակ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ երեխայի լավագույն շահերի բացահայտմանը դատարանը կարող է անդրադառնալ գործը վարույթ ընդունելուց հետո՝ գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության և եզրափակիչ ակտ կայացնելու դատավարական փուլերում։ Իսկ դիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանի առաջնահերթ խնդիրը դիմումը օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ներկայացված լինելու փաստի ստուգումն է, միաժամանակ օրենսդիրը դատարանի համար իմպերատիվ ձևով սահմանել է պարտականություն` վարույթ ընդունելու միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը/դիմումը։

Վերը նշված հաշվառմամբ՝ Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանը Դիմողի կողմից ներկայացված՝ երեխայի որդեգրումը հաստատելու մասին դիմումում նշված որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերի բացահայտմանը կարող էր անդրադառնալ միայն նշված դիմումի վարույթ ընդունելու փուլը հաղթահարելուց, այսինքն՝ Դիմումն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան Դատարան ներկայացված լինելու փաստը պարզելուց և այն օրենքով սահմանված կարգով վարույթ ընդունելուց հետո։

Միաժամանակ Խորհուրդը, հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 111-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության, 118-րդ հոդվածի 1-ին մասի, 119-րդ հոդվածի իրավակարգավորումները, հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի՝ երեխայի որդեգրման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերի վերլուծությունից հետևում է, որ որդեգրումն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության ընտանեկան կազմակերպման ձև է, որի արդյունքում որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շրջանակներում որդեգրողի և որդեգրվողի միջև հաստատվում են ծնողի և երեխայի միջև գոյություն ունեցող (անձնական և ունեցվածքի) իրավական հարաբերություններ։ Որդեգրումն իրականացվում է դատական կարգով՝ ելնելով Երեխայի լավագույն շահերից։ Որդեգրման արդյունքում որդեգրողի և որդեգրվողի միջև ոչ միայն ձևավորվում են մոտ հարազատական կապեր, այլև տեղի է ունենում այդ հարաբերությունների իրավաբանական ամրապնդում, երբ որդեգրված երեխան իր իրավունքներով և պարտականություններով ամբողջությամբ հավասարվում է արյունակցին, իսկ որդեգրողն իր վրա է վերցնում ծնողական բոլոր իրավունքներն ու պարտականությունները։

Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ըստ ՀՀ գործող օրենսդրության, ծնողական խնամքից զրկված ոչ բոլոր երեխաներին կարելի է որդեգրել։ Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է ծնողների գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ։ Միաժամանակ օրենքով սահմանված են բացառությունները, որոնց առկայության դեպքում երեխա որդեգրելու համար ծնողների համաձայնությունն անհրաժեշտ չէ, և այդ դեպքերը սպառիչ սահմանված են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածով:

Միաժամանակ օրենքով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ) սահմանված է, որ որդեգրման համար անհրաժեշտ վերը նշված հիմքերը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր հրաժարում կամ գրավոր համաձայնություն՝ երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալները, պարտադիր պետք է ներկայացված լինեն երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումին։

Խորհուրդն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դիմողի կողմից Դատարան ներկայացված Դիմումին կից վերը նշված հիմքերից որևէ մեկը հաստատող փաստաթղթեր Դատարան չեն ներկայացվել, Դատարանի կողմից կայացված Վճռով վերը նշված հիմքերից որևէ մեկի առկայությունը հաստատող փաստ չի հաստատվել, իսկ Դատավորը նշված փաստի կապակցությամբ հայտնել է, որ ինքը Դիմումը բավարարել է՝ ելնելով որդեգրման ենթակա Երեխայի լավագույն շահերից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Երեխան անընդմեջ գտնվել է խնամատար ծնողի մոտ, նրա կենսաբանական մայրն այդ ժամանակահատվածում առհասարակ չի այցելել Երեխային, իսկ Երեխայի հայրն ի սկզբանե անհայտ է եղել, եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքը։

Վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի վերը նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դիմողի կողմից Դատարան ներկայացված Դիմումին կից ներկայացված չի եղել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքի առկայությունը հաստատող դատական ակտ, իսկ Դատավորի կողմից կայացրած Վճիռը չի պարունակում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքի առկայության վերաբերյալ որևէ հիմնավորված պատճառաբանություն։

Վերոշարադրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, իսկ 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ վճիռներում անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին՝ դիրքորոշում է արտահայտելով այն մասին, որ «(…) թեև 6-րդ հոդվածի 1-ին կետը դատարաններին պարտավորեցնում է պատճառաբանել իր որոշումները, սակայն այն չի կարող մեկնաբանվել որպես կողմի ներկայացրած յուրաքանչյուր փաստարկին դատարանի կողմից մանրամասն պատասխան տալու պահանջ: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել այն միջոցների ամբողջությունը, որոնց կողմը կարող է դիմել դատավարության ընթացքում, ինչպես նաև դատական վճիռների և որոշումների կայացման և կազմման օրենսդրական, սովորութային և դոկտրինալ առանձնահատկությունները, որոնք առկա են յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությունում: Ահա թե ինչու այն հարցը, թե դատարանն արդյոք կատարել է որոշումը պատճառաբանելու՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածից բխող իր պարտականությունը, կարող է քննարկվել միայն գործի հանգամանքների լույսի ներքո»:11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները չպատճառաբանելը ճանաչելով արդար դատական քննության իրավունքի խախտում, նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հանրային հսկողություն ապահովելու նպատակով:12

Դատական ակտի պատճառաբանվածությունը ՄԻԵԴ-ը դիտարկել է որպես արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքի պահանջ։ Այս պարտականությունը ներառում է առնվազն հստակ անդրադարձ այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել տվյալ գործի համար13։ Ավելին, այն գործերը, որոնք կարող են առնչվել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել նաև այն հարցը, թե որքանով են դատական ակտերում բերված պատճառաբանությունները եղել բովանդակալից, այլ ոչ՝ ձևական բնույթի14` դատական ակտի պատճառաբանվածության սկզբունքի պահպանված լինելու նկատմամբ իրականացնելով բովանդակային վերահսկողություն։

Խորհուրդը նախկինում արտահայտած իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական ակտի պատճառաբանվածության պահանջին և շեշտել, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը բխում է իրավունքի գերակայության և Սահմանադրությամբ երաշխավորված մարդու արդար դատաքննության իրավունքից։ Ցանկացած դատական ակտ ընդունված դատարանի կողմից կոնկրետ գործով, պետք է բավարարի պատճառաբանվածության չափանիշը:

Խուրհուրդը հիմք ընդունելով Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի, 125-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի, 264-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, հարկ է համարում արձանագրել, որ որդեգրվող երեխայի անվան, հայրանվան և ազգանվան, ծննդյան վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու անհրաժեշտության դեպքում որդեգրման վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը պետք է պարտադիր նշումներ պարունակի այդ մասին։ Ավելին, ըստ օրենքով սահմանված իրավակարգավորումների, որդեգրվող երեխայի անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան վայրի փոփոխություն կատարելու և որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու իրավունքն ու այդ մասով որդեգրման վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճռի բովանդակությունը կանխորոշելու իրավունքը վերապահված է որդեգրողին՝ երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումի շրջանակներում օրենքով սահմանված միջնորդություն ներկայացնելու միջոցով։ Ընդ որում որդեգրողն ունի երեխայի անունը և հայրանունը իր ընտրությամբ ցանկացած անվամբ փոխելու իրավունք, մինչդեռ երեխայի ունեցած ազգանունը կարող է փոխարինվել միայն որդեգրողի (ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից) ազգանվամբ: Բացի այդ, ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս նրա խնդրանքով որդեգրված երեխայի հոր (մոր) անունը և հայրանունը ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են այդ անձի (որդեգրողի) ցուցումով, իսկ ազգանունը կանխորոշելու հնարավորություն որդեգրողը չունի, և ծննդի պետական գրքում երեխայի հոր (մոր) ազգանունը պարտադիր կարգով նշվում է որդեգրող անձի ազգանվամբ։

Վերը նշվածից ելնելով և հիմք ընդունելով Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը՝ Խորհուրդը գտնում է, որ երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելիս դատարանը պետք է գործեր վերը նշված իրավանորմերով սահմանված կանոններով:

Տվյալ դեպքում Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը բավարարել է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դիմումը՝ վճռելով հաստատել Դիմողի կողմից Երեխայի որդեգրումը և արձանագրել է Երեխայի անվան, հայրանվան, ինչպես նաև ծննդյան վայրի փոփոխությունը՝ ըստ Դիմողի նշած անվան, հայրանվան և ծննդավայրի, իսկ Երեխայի ազգանվան փոփոխությունը՝ ըստ Դիմողի (որդեգրողի) ազգանվան, Վճռում ներառել է տեղեկություններ երեխայի մոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ՝ Դիմողի անուն, հայրանուն, ազգանունով։ Նշվածի հետ միաժամանակ Դատարանը, անտեսելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի, նույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, Վճռի եզրափակիչ մասում ներառել է տեղեկություններ որդեգրված Երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ՝ Դիմողի (որդեգրողի) կամահայտնությամբ՝ վերջինիս հետ ամուսնության մեջ չգտնվող անձի անուն, հայրանուն, ազգանունով:

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ կայացված արձանագրային որոշումների հիմնավորումներին, հարկ է համարում նշել հետևյալը.

Ապացույց պահանջելու մասին Դատավորի միջնորդության մասով Խորհուրդն արձանագրել է, որ Դատավորի կողմից չի հիմնավորվել պահանջվող ապացույցների՝ սույն գործի քննության համար էական նշանակություն ունենալու փաստը:

Ինչ վերաբերում է երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ Դատավորի միջնորդությանը՝ Խորհուրդը հիմք ընդունելով Օրենսգրքի 79-րդ հոդվածի, 89-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի, 152-րդ հոդվածի, Բարձրագույն դատական խորհրդի 22.10.2020թ. «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ի 93-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի իրավակարգավորումները, հարկ է համարում նշել, որ հիշյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ անձը, որպես երրորդ անձ, գործին մասնակից կարող է դարձվել այն դեպքում, եթե վերջինիս իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, այդ գործով կայացվելիք դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այդ անձանց վրա։ Ավելին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս Խորհուրդը, որպես դատարան, քննությունը կատարում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում, որի շրջանակներում Խորհրդի համար պարզաբանման են ենթակա արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում, Օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտում թույլ տրված լինելու հարցերը, ինչպես նաև այդ խախտումները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու հարցերը։

Վերոգրյալից ելնելով՝ Խորհուրդն արձանագրում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս Խորհուրդի կողմից վերը նշված հարցերի պարզումը և արդյունքում կայացվելիք դատական ակտը սույն կարգապահական վարույթի շրջանակներում չի կարող շոշափել այլ անձի իրավունքները կամ տարածվել այլ անձի վրա, որպիսի պատճառաբանությամբ Խուրհուրդը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս անձին որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական կարգը սույն կարգապահական վարույթի շրջանակներում չէր կարող կիրառվել, ուստի Խորհրդում կարգապահական վարույթի քննության ընթացքում անձին երրորդ անձ ներգրավելու մասին Դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը մերժվել է։

Խորհրդում կարգապահական վարույթի քննության ընթացքում անձին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ Դատավորի միջնորդության մասով Խորհուրդն արձանագրել է, որ Դատավորը տվյալ միջնորդությամբ չի հիմնավորել, թե վերջինիս կողմից նշված անձը ինչ փաստերի վերաբերյալ պետք է հարցաքննվի, և տվյալ փաստը արդյոք կարող է էական նշանակություն ունենալ միջնորդության քննության համար։

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից ներկայացված միջնորդությանը՝ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 4-րդ, 6-րդ, 162-րդ, 164-րդ, 63-րդ հոդվածներին, ինչպես նաև Սահմանադրության 75-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածները ստուգելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Դատավորի կողմից, ըստ էության, վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել, ավելին Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Խորհրդի կողմից չի կիրառվել Դատավորի նկատմամբ: Արդյունքում, Խորհուրդը գտել է, որ սույն վարույթին առնչվող նորմատիվ ակտի դրույթների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն առկա չէ։

Ամփոփելով ամբողջ վերոգրյալը և հիմք ընդունելով վերոնշյալ հիմնավորումները՝ Խորհուրդը արձանագրում է, որ Դատավորի կողմից թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով կատարված խախտումները հեղինակազրկում են դատական իշխանությունը, էապես նվազեցնում են դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում են դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը:

Գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին մեղսագրվող դատավարական նորմի խախտումների առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկներով: Խնդրո առարկա դատական գործի շրջանակներում կիրառելի իրավանորմերի հստակությունը և իմպերատիվ բնույթը թույլ է տալիս եզրակացնել, որ Դատավորն ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր տեղյակ լինել վերաբերելի իրավակարգավորումներին և դրանք խախտելու հնարավոր հետևանքներին: Նշվածը թույլ է տալիս ողջամտորեն եզրահանգել, որ Դատավորի կողմից վերոնշյալ դատավարական նորմի խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ:

Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք Դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։

Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Խորհուրդն արձանագրում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու պահանջների խախտում:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Միաժամանակ Խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է և պայմանավորված է դատավորի դրսևորած այնպիսի վարքագծով, որն անխուսափելիորեն հեղինակազրկում է դատական իշխանությունը, էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը: Այսինքն՝ սույն դեպքում խոսքը վերաբերում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքին:

Դատավորի կողմից Օրենսգրքի 142-րդ հոդվածի իմաստով «արարք» կատարելը ենթադրում է նաև դատական գործունեության ընթացքում դատավորի կողմից այնպիսի վարքագծի (ներառյալ` անգործության) դրսևորումը, որն ակնհայտորեն կարող է կասկածի տակ դնել արդարադատությունը Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական չափորոշիչներին համապատասխանելու հանգամանքը՝ խեղաթյուրելով դրա բուն էությունը։ Եթե դատավորի պաշտոնավարման ընթացքում դատավորի վարքագիծը շեղվում է իրավական նորմերի մեկնաբանման և կիրառման ընդհանուր կանոններից, և դատավորը, դրսևորելով ոչ պատշաճ արհեստավարժություն ու մասնագիտական պատրաստվածություն, դուրս է գալիս իրավական նորմի գործողության շրջանակներից ոչ թե զուտ նորմի սխալ մեկնաբանման կամ կիրառման արդյունքում, այլ իր սահմանադրաիրավական լիազորությունների վերազանցման պայմաններում, ապա այդպիսի արարքը կարող է բնութագրվել որպես դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի։

Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանինվրպ. կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանիվրպ. լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

______________________

1 Այստեղ և այսուհետ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող, մինչև 23․12․2022թ․ ընդունված ՀՕ-576-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ։

2 Այստեղ և այսուհետ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող՝ մինչև 07․12․2022թ․ ընդունված ՀՕ-556-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ։

3 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. ապրիլի 05-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշումը:

4 Տե՛ս, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57։

5 Տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով ՄԻԵԴ-ի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ։

6 Տե՛ս, C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ, գանգատ թիվ 18249/02։

7 Տե՛ս, Eriksson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 22.06.1989 թվականի վճիռը, 58-րդ կետ։

8 Տե՛ս, Schneider v. Germany գործով Եվրոպական դատարանի 15.09.2011 թվականի վճիռը, 100-րդ կետ։

9 Տե՛ս, Արմեն Փերոյանն ընդդեմ Անի Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը։

10 Տե՛ս, Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը, Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը։

11 Տե՛ս, Հելն ընդդեմ Ֆինլանդիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 157/1996/776/977, կետ 55, Ռուիզ Տորիջան ընդդեմ Իսպանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1994 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 18390/91, կետ 29, Վան դե Հարքն ընդդեմ Նիդեռլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1994 թվականի ապրիլի 19-ի վճիռը, գանգատ թիվ 16034/90, կետ 61:

12 Տե՛ս, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Salov v. Ukraine), թիվ 65518/01, « 89, ՄԻԵԴ 2005-VIII (քաղվածքներ), Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcվa Ruiz v. Spain) [ՄՊ], թիվ 30544/96, « 26, ՄԻԵԴ 1999-I:

13 Տե՛ս, Ռուիզ Տորիխան ընդդեմ Իսպանիայի գործով (Ruiz Torija v. Spain), 1994 թվականի դեկտեմբերի 9, « 29-30, Շարք A թիվ 303-A), Հիգգինսը և այլք ընդդեմ Ֆրանսիայի գործով (Higgins and Others v. France), 1998 թվականի փետրվարի 19, « 42-43, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1998-I)։

14 Տե՛ս, mutatis mutandis, Պարադիսոն և Կամպանելլին ընդդեմ Իտալիայի գործով (Paradiso and Campanelli v. Italy) [ՄՊ], թիվ 25358/12, « 210, 2017 թվականի հունվարի 24):

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահ

 
Կ. Անդրեասյան
   
անդամներ` Հ. Գրիգորյան
  Ե. Թումանյանց
  Ն. Հովսեփյան
  Մ. Մակյան
  Ա. Մխիթարյան
Ս. Չիչոյան
Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան