Գլխավոր տեղեկություն
Համար
N 181-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2023-25.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2023 թվականի N 181-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում ծագած հարաբերության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 181-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կամ մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 45 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 40 աշխատանքային օր առաջ հայտարարում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

3. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ չի հայտարարվում և չի անցկացվում հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ Նշված ժամանակահատվածը չի ներառվում նաև սույն կարգի 2-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետների հաշվարկում։

4. Տնօրենի անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական (վարչական կամ մանկավարժական պաշտոն զբաղեցնելու սահմանափակման, ազատազրկման) դատավճռի առկայության դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 10-րդ և 35-րդ կետերով սահմանված դեպքերում, ըստ անհրաժեշտության, լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության, թափուր տեղ առաջանալու օրը նշանակում է հաստատության տնօրենի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար։

5. Տվյալ հաստատության տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կամ տնօրենի պարտականությունները կատարող:

6. Հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ տնօրենի պարտականությունները կատարող կարող է նշանակվել տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող`

1) տնօրենի տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

7. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքերում լիազոր մարմինը տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու օրվանից` 3 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ: Լիազոր մարմինը, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու օրվանից հաշված 45 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

8. Լիազոր մարմինը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը՝ համաձայն N 1 ձևի, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման`

1) www.azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով.

2) նախարարության պաշտոնական կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

9. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունում է տվյալ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո 15-րդ աշխատանքային օրը:

10. Մասնակցության հայտերի բացակայության դեպքում լիազոր մարմինը հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի համաձայն:

11. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, ով`

1) բավարարում է «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված պահանջներին (ձև N 2).

2) ունի հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).

3) մասնակցել է սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպմանը:

12. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ).

3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ).

4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը լիազոր մարմինը հավակնորդի կողմից տրամադրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ լիազոր մարմնի պաշտոնական կայքում.

5) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպման արձանագրությունները.

6) ինքնակենսագրություն` համաձայն N 3 ձևի:

13. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, բնօրինակները վերադարձնում է հավակնորդին:

14. Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը:

15. Հավակնորդը, www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած, հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար հայտը ներկայացնելու օրը կարող է գրավոր դիմել հաստատության տնօրենին (տնօրենի պաշտոնակատարին (պարտականությունները կատարողին) (այսուհետ` տնօրեն)՝ տվյալ հաստատության գործունեության վերաբերյալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու և մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ հանդիպում կազմակերպելու համար:

16. Հաստատության տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատարը պարտավոր է՝

1) հավակնորդի դիմումն ստանալու հաջորդ աշխատանքային օրը հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակել հաստատության պաշտոնական կայքում և 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ՝ զարգացման ծրագիրը կազմելու համար առաջարկություններ լսելու նպատակով.

2) հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել գրավոր տեղեկատվություն հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հաստատության գործունեության վերաբերյալ հավակնորդի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն).

3) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպման արձանագրությունները՝ հանդիպումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպումներն անցկացնելուց հետո համապատասխան խորհուրդները՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում են արձանագրություն և ներկայացնում հրապարակման՝ հաստատության պաշտոնական կայքում:

18. Սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանդիպմանը չմասնակցելու դեպքում հավակնորդը չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

19. Մրցույթն անցկացնում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը:

20. Մասնագիտական հանձնաժողովը կազմված է 7 անդամից, որի կազմում ընդգրկվում են նախարարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը (բացակայության դեպքում՝ նրան փոխարինող նախարարի տեղակալը), ով ի պաշտոնե հանդիսանում է մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև երկու ներկայացուցիչ նախարարության հանրակրթության վարչությունից և մեկական ներկայացուցիչներ՝ անձնակազմի կառավարման և իրավաբանական վարչություններից, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:

21. Մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունենում մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի ժամանակ ընտրվում է մասնագիտական հանձնաժողովի քարտուղար:

22. Մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք արձանագրվում են մասնագիտական հանձնաժողովի քարտուղարի կողմից: Նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում է մասնագիտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

23. Մասնագիտական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ մասնագիտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

24. Մասնագիտական հանձնաժողովն առաջին նիստից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարության պաշտոնական կայքում հրապարակման է ներկայացնում մասնագիտական հանձնաժողովի հետ (ըստ անհրաժեշտության) կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարը և հավակնորդի զարգացման ծրագիրը ներկայացնելու համար նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեն:

25. Մասնագիտական հանձնաժողովը մշակում և նախարարի հաստատմանն է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի գնահատման չափանիշները:

26. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 8-րդ կետով սահմանված մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդի զարգացման ծրագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:

27. Մասնագիտական հանձնաժողովը հավակնորդի զարգացման ծրագիրն ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է փորձաքննության:

28. Փորձաքննությունն իրականացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից:

29. Կազմակեպությունը զարգացման ծրագիրն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է փորձաքննություն՝ գնահատման չափանիշների համաձայն:

30. Փորձաքննության արդյունքում կազմակերպությունը յուրաքանչյուր զարգացման ծրագրի մասին կազմում է տեղեկանք, որը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:

31. Տեղեկանքում պետք է նշվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին զարգացման ծրագրի համապատասխանության, ձևաչափով սահմանված յուրաքանչյուր բաժնի բովանդակության, ներկայացվող ցուցանիշների չափելիության մասին:

32. Կազմակերպության ներկայացրած փորձաքննության արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովը քննարկում և 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազոր մարմին է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն:

33. Եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է հարցազրույց բոլոր՝ դրական եզրակացություն ունեցող հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:

34. Սույն կարգի 33-րդ կետով սահմանված հարցազրույցն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Հարցազրույցը տեղի է ունենում հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա աշխատանքային ստաժի, մասնագիտական գործունեության, կարողունակությունների և անձնային որակների շրջանակներում: Հարցազրույցի ամբողջ ընթացքը ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է:

35. Հարցազրույցին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որևէ մեկի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

36. Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում`

1) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով հավակնորդի կողմից սույն կարգի պահանջների խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության արդյունքներով՝ լիազոր մարմնի կողմից կամ՝

2) դատական կարգով:

 

Ձև N 1

 

Մրցույթի հայտարարություն

 

« ___________________________________________________ » ՊՈԱԿ-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

 

տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 7-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝

« ________________________________________________ » ՊՈԱԿ-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

 

տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).

3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ______________________________________________ -ում

(լիազոր մարմնի անվանումը և հասցեն)

 

20 ____թվականի ______ -ից մինչև _______ -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը ____ -ից մինչև ժամը ______-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 20 ____թվականի _______ -ին՝ ժամը _____________ -ին,

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը և հասցեն)

 

Ձև N 2

 

 

 

3x4

 

լուսանկար

 

_________________________________

_________________________________

_________________________________

_________________________________

_________________________________

լիազոր մարմնի ամբողջական անվանում,

մարմնի ղեկավարի պաշտոն

 

պարոն/տիկին________________________ -ին

_____________________________________ -ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

______________________________________

դիմողի հաշվառման վայրը

______________________________________

դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)

______________________________________

անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

ծնված ______________________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթացել եմ _______________________________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը)

կողմից

 

հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու մասին հայտարարությանը:

 

Իմ մասին հայտնում եմ.

 

Քաղաքացիությունը

 

_____________________________________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

 

__________________________________________________

(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

 

Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

 

__________________________________________________

(ունեմ, չունեմ)

 

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

 

__________________________________________________

(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

 

__________________________________________________

(զրկվել եմ, չեմ զրկվել)

 

Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

 

_________________________________________

(տառապում եմ, չեմ տառապում)

 

Հարուցված քրեական հետապնդումը

_________________________________________________

(դադարեցվել է, կամ չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով)

 

Կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների

_________________________________________________________

(անդամ եմ, անդամ չեմ)

 

Նույն հաստատության տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված

 

__________________________________________

(անձ եմ, անձ չեմ)

 

Համակարգչային գրագիտությունը

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող _____________________

                          ստորագրություն

 

___ ______________20____ թ.
 

 

Ձև N 3

 

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Ծննդյան վայրը, երկիրը

 

Հաշվառման բնակավայրը

 

Մշտական բնակավայրը

 

Քաղաքացիությունը

 

Այլ քաղաքացիություն, եթե կա

 

Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել)

 

Օտար լեզուների իմացությունը. բանավոր
(նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)

 

Օտար լեզուների իմացությունը. գրավոր
(նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)

 

Ուսումնառությունը, կրթությունը.
(թվել կրթօջախները, տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)

 

Աշխատանքային գործունեությունը.
(թվել աշխատավայրը (աշխատավայրերը), տարիները, պաշտոնը (պաշտոնները)

 

Մասնագիտական ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը.
(թվել հիմնարկը (հիմնարկները) կամ կազմակերպությունը (կազմակերպությունները), տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)

 

Վերապատրաստումները.
(թվել տարիները, ծրագրերը, մասնակցության կարգավիճակը)

 

Այլ տեղեկություններ.
(գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական, կառավարական և այլ պարգևներ: Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումները)

 

Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում տրամադրել

 

Հեռախոսահամար

 

Էլեկտրոնային հասցե

 

Փոստային հասցե

 

Անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, N 2039-Ն 25.11.2023, N 181-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան