Գլխավոր տեղեկություն
Համար
N 1206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2023-01.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.13/48(503) Հոդ.1004
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 1206-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժթ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

1. Հաստատել ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 26
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 29-ի N 1206-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով, բնակավայրերի փողոցներով (այսուհետ` ճանապարհներ) երթևեկության կազմակերպման և դրանց հետ կապված նախագծային, կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, ընթացիկ (միջին) նորոգման աշխատանքների, համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման և հաստատման աշխատանքների, ինչպես նաև հետազոտությունների գործընթացը:

(1-ին կետը փոփ. 30.12.21 N 2186-Ն)

2. Սույն կարգի նպատակը ճանապարհային երթևեկության կազմակերպումը` տրանսպորտային միջոցների և (կամ) հետիոտների անխափան ու անվտանգ երթևեկության ապահովումը և ճանապարհների թողունակության մեծացումն է:

(2-րդ կետը փոփ. 19.01.23 N 74-Ն)

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհների վրա` անկախ սեփականության ձևից:

Ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհների սեփականատերերը, հաշվի առնելով երթևեկության հատուկ պայմանները և դրանցով տրանսպորտային միջոցների շահագործման յուրահատկությունները, կարող են մշակել նաև լրացուցիչ պայմաններ:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները․

ճանապարհի երթևեկության ինտենսիվություն` ավտոմոբիլային ճանապարհի ընդլայնական կտրվածքով միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) անցնող ավտոմոբիլների քանակը.

ճանապարհային երթևեկության մշտադիտարկում՝ ճանապարհային երթևեկության հիմնական ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, կուտակումը և վերլուծությունը.

ճանապարհի թողունակություն` ճանապարհի կտրվածքով միավոր ժամանակահատվածում անցնող ավտոմոբիլների առավելագույն քանակը.

համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմա՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում համայնքի մեկ կամ մեկից ավելի բնակավայրերի ճանապարհային երթևեկության կազմակերպման լուծումների հիման վրա կազմված և հաստատված փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է տեխնիկատնտեսական պահանջներին համապատասխանող միջոցառումների ամբողջականություն՝ փոխհամաձայնեցված ճանապարհը տնօրինողի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, ընթացիկ (միջին) նորոգման, պահպանման ու շահագործման) ծրագրերի, համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերի, գլխավոր հատակագծի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կամ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների հետ։

(4-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն, լրաց. 30.12.21 N 2186-Ն, խմբ. 19.01.23 N 74-Ն)

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 19.01.23 N 74-Ն)

 

5. Ճանապարհային երթևեկության կազմակերպման հիմնական խնդիրներն ու սկզբունքներն են՝

1) ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնել՝ պահպանելով քաղաքացիների, հանրության և պետության շահերը.

2) ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, ընթացիկ (միջին) նորոգման, կահավորման, շահագործման և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության անվտանգության պահանջների ապահովումը.

3) անբավարար ճանապարհային պայմանների (ճանապարհի երկրաչափական տարրերի, տեխնիկական վիճակի, այդ թվում` սարքավորումների ու կահավորանքի) պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը, դրանց առաջացման պատճառները վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

4) ընդհանուր օգտագործման տրանսպորտի զարգացման գերակայությունը.

5) հետիոտների և հեծանվորդների երթևեկության համար պայմանների ստեղծումը.

6) ճանապարհային երթևեկության կազմակերպման վերաբերյալ միջոցառումների մասին տեղեկատվության հավաստիությունն ու արդիականությունը.

7) բնապահպանական անվտանգության ապահովումը:

(5-րդ կետը փոփ. 30.12.21 N 2186-Ն, խմբ. 19.01.23 N 74-Ն)

5.1. Ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացվում է՝

1) տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխան տեղակայված՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման համապատասխան տեխնիկական միջոցներով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոններով.

3) ճանապարհային ոլորտում պետական քաղաքականության մշակման գործառույթներ իրականացնող մարմնի կողմից սահմանված ճանապարհային երթևեկության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների դասակարգմանը համապատասխան։

(5.1-ին կետը լրաց. 19.01.23 N 74-Ն)

5.2. Ճանապարհային երթևեկության կազմակերպման ուղղությամբ միջոցառումների մշակումն իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մշակված և հաստատված նորմատիվ իրավական ակտերի պահանջներով։

(5.2-րդ կետը լրաց. 19.01.23 N 74-Ն)

5.3. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեղակայումը, փոխարինումը, ապամոնտաժումն ու պահպանումն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ընտրված կապալառու կազմակերպությունների կողմից:

(5.3-րդ կետը լրաց. 19.01.23 N 74-Ն)

6. Ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնում են`

ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (այդ թվում` բնակավայրերով անցնող տարանցիկ ճանապարհների հատվածների` բացառությամբ Երևան քաղաքի) մասով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), իսկ մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ համապատասխան մարզպետարանը.

բ) Երևանի ճանապարհների (այդ թվում` քաղաքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության տարանցիկ ճանապարհների հատվածների) համար` Երևանի քաղաքապետը.

գ) ընդհանուր օգտագործման ոչ պետական ճանապարհների (բացառությամբ բնակավայրերով անցնող տարանցիկ ճանապարհների հատվածների) համար` դրանց սեփականատերերը.

դ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար` դրանց սեփականատերերը:

(6-րդ կետը խմբ. 30.12.21 N 2186-Ն)

7. Ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում`

ա) վտանգավոր և անբավարար թողունակությամբ ճանապարհի տեղամասեր հայտնաբերելու նպատակով ուսումնասիրում են ճանապարհային երթևեկության պայմաններն ու վիճակը,

բ) ձեռնարկում են միջոցներ ճանապարհների երկրաչափական պարամետրերի կատարելագործման, երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներով կահավորումը բարելավելու համար,

գ) տալիս են եզրակացություններ ճանապարհների, ճանապարհային կառույցների, երկաթուղային գծանցների, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծերի շինարարության և վերակառուցման նախագծերի մասին,

դ) իրականացնում են վերահսկողություն ճանապարհների շինարարության և վերակառուցման նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ,

ե) երթևեկության կազմակերպման օբյեկտները շահագործման ընդունելիս` մասնակցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված աշխատանքային և պետական հանձնաժողովների աշխատանքներին,

զ) իրականացնում են վերահսկողություն ճանապարհները, ճանապարհային կառույցները և երկաթուղային գծանցները երթևեկության համար անվտանգ պահպանելու, ճանապարհները երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցներով կահավորելու նկատմամբ,

է) ճանապարհներին, երկաթուղային գծանցներում հիմնանորոգման, վերակառուցման, ընթացիկ (միջին) նորոգման և այլ աշխատանքներ կատարելիս վերահսկում են նորմատիվային փաստաթղթերի, ինչպես նաև երթևեկության անվտանգության ապահովման պահանջների կատարումը,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան քննարկում և եզրակացություն են տալիս համաձայնության համար իրենց ներկայացված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթուղիների մասին:

(7-րդ կետը փոփ. 30.12.21 N 2186-Ն)

8. Ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնողները տրանսպորտային միջոցների և հետիոտների անխափան ու անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային պայմաններ ստեղծելու նպատակով համագործակցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հետ, իսկ փոխադարձ համաձայնության դեպքում համագործակցում են նաև ճանապարհաշինարարական, կոմունալ և այլ կազմակերպությունների, նախագծային, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև համապատասխան լիազորություններ ունեցող այլ անձանց հետ:

(8-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն, 30.12.21 N 2186-Ն)

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 19.01.23 N 74-Ն)

 

9. Ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներն իրականացվում են ճանապարհների, երկաթուղային գծանցների, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծերի շինարարության, վերակառուցման նախագծերի հիման վրա, որոնք կազմվում են սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի, ճանապարհի սեփականատիրոջ որոշմամբ` նախագծային կազմակերպությունների և (կամ) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:

10. Նախագծերը և սխեմաները պետք է մշակվեն երթևեկության կազմակերպման կոնվենցիաների, կանոնակարգերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան՝

1) «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին», «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականին Վիեննայում ընդունված կոնվենցիաներ.

2) ԵԱՏՄ Մաքսային միության «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությունը» ՄՄ ՏԿ 014/2011 Տեխնիկական կանոնակարգ.

3) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ և ոլորտին առնչվող այլ իրավական ակտեր.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշում.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1651-Ն որոշում.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշում.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշում.

9) ՍՆիՊ 2.05.03-84 «Կամուրջներ և խողովակներ».

10) ՀՀՇՆ IV-11.05.04-97 «Թունելներ երկաթուղային և ավտոճանապարհային».

11) ՀՀՇՆ32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր.

12) ՀՀՇՆ IV-11.03-03-02 «Ավտոկայանատեղեր».

13) ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում».

14) ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում».

15) ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից».

16) ԳՕՍՏ 26804-2012 «Արգելապատի տեսակի մետաղական ճանապարհային ցանկապատներ. Տեխնիկական պայմաններ».

17) ԳՕՍՏ 30413-96 «Ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ծածկույթի հետ ավտոմոբիլի դողի կառչման գործակցի որոշման մեթոդ».

18) ԳՕՍՏ 32758-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր տեխնիկական միջոցներ. Տեխնիկական պահանջներ և կիրառման կանոններ».

19) ԳՕՍՏ 32759-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային կարճասյուներ. Տեխնիկական պահանջներ».

20) ԳՕՍՏ 32830-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Նյութեր ճանապարհային գծանշման համար. Տեխնիկական պահանջներ».

21) ԳՕՍՏ 32836-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ավտոմոբիլային ճանապարհների հետազոտություններ. Ընդհանուր պահանջներ».

22) ԳՕՍՏ 32838-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հակակուրացնող էկրաններ. Տեխնիկական պահանջներ».

23) ԳՕՍՏ 32843-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ազդանշանային սյունիկներ. Տեխնիկական պահանջներ».

24) ԳՕՍՏ 32846-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կահավորման տարրեր. Դասակարգում».

25) ԳՕՍՏ 32865-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Փոփոխական տեղեկատվության ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ».

26) ԳՕՍՏ 32866-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային լուսաանդրադարձիչներ. Տեխնիկական պահանջներ».

27) ԳՕՍՏ 32871-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ջրթող ճանապարհային խողովակներ. Տեխնիկական պահանջներ».

28) ԳՕՍՏ 32944-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հետիոտնային անցումներ. Դասակարգում. Ընդհանուր պահանջներ».

29) ԳՕՍՏ 32945-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ».

30) ԳՕՍՏ 32948-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշանների հենասյուներ. Տեխնիկական պահանջներ».

31) ԳՕՍՏ 32953-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշագծում. Տեխնիկական պահանջներ».

32) ԳՕՍՏ 32955-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ջրահեռացման ճանապարհային վաքեր. Տեխնիկական պահանջներ».

33) ԳՕՍՏ 32959-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Մոտեցման եզրաչափքեր».

34) ԳՕՍՏ 32960-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Նորմատիվային բեռնվածքներ, բեռնվածության հաշվարկային սխեմաներ».

35) ԳՕՍՏ 32964-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հավաքովի արհեստական անհարթություններ. Տեխնիկական պահանջներ. Հսկողության մեթոդներ».

36) ԳՕՍՏ 33025-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Աղմուկով գոտիներ. Տեխնիկական պայմաններ».

37) ԳՕՍՏ 33062-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման պահանջները».

38) ԳՕՍՏ 33100-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծման կանոններ».

39) ԳՕՍՏ 33127-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ցանկապատներ. Դասակարգում».

40) ԳՕՍՏ 33128-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ցանկապատներ. Տեխնիկական պահանջներ».

41) ԳՕՍՏ 33144-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային հայելիներ. Տեխնիկական պահանջներ».

42) ԳՕՍՏ 33149-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Բարդ պայմաններում ավտոմոբիլային ճանապարհների նախագծման կանոններ».

43) ԳՕՍՏ 33151-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կահավորման սարրեր. Տեխնիկական պահանջներ. Կիրառման պայմաններ».

44) ԳՕՍՏ 33178-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կամուրջների դասակարգում».

45) ԳՕՍՏ 33180-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ամառային պահպանման մակարդակին վերաբերող պահանջներ».

46) ԳՕՍՏ 33181-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ձմեռային պահպանման մակարդակին վերաբերող պահանջներ».

47) ԳՕՍՏ 33383-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Երկրաչափական տարրեր. Պարամետրերի որոշման մեթոդներ».

48) ԳՕՍՏ 33384-2015 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Կամրջային կառույցների նախագծում. Ընդհանուր պահանջներ».

49) ԳՕՍՏ 33385-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային լուսացույցներ. Տեխնիկական պահանջներ».

50) ԳՕՍՏ 33475-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Երկրաչափական տարրեր. Տեխնիկական պահանջներ».

51) ԳՕՍՏ 3634-99 «Դիտահորերի և հեղեղատար հորերի անձրևընդունիչների մտոց. Տեխնիկական պայմաններ».

52) ԳՕՍՏ Ռ 50597-2017 «Ավտոմոբիլային ճանապարհներ և փողոցներ. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմաններում շահագործման վիճակի նկատմամբ թույլատրելի պահանջներ».

53) ԳՕՍՏ Ռ 50971-2011 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային լուսաանդրադարձիչներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Կիրառման կանոններ».

54) ԳՕՍՏ Ռ 51256-2018 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային գծանշում. Տեսակներ և հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ».

55) ԳՕՍՏ Ռ 52282-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային լուսացույցներ. Տեսակներ և հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ».

56) ԳՕՍՏ Ռ 52289-2019 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային նշաններ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ ճանապարհների գծանշման ճանապարհային լուսացույցների, ճանապարհային ցանկապատների և ուղղորդ սարքվածքների կիրառման կանոններ».

57) ԳՕՍՏ Ռ 52290-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային նշաններ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ».

58) ԳՕՍՏ 33151-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Տեղակայման տարրեր․ Տեխնիկական պահանջներ․ Կիրառման կանոններ»․

59) ԳՕՍՏ 32945-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ»․

60) ԳՕՍՏ 33025-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Աղմուկային գծեր. Տեխնիկական պայմաններ»։

(10-րդ կետը խմբ. 04.10.12 N 1262-Ն, 30.12.21 N 2186-Ն, 19.01.23 N 74-Ն)

11. Նախագծերը ճանապարհային երթևեկության կազմակերպման մասով պետք է նպաստեն`

ա) ճանապարհային ցանցի զարգացմանը, բնակավայրերում այլընտրանքային ճանապարհների նախատեսմանը` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվության հետագա աճը.

բ) քաղաքներից կամ դրանց կենտրոնական մասից տրանսպորտային հոսքերը շրջանցող ուղիների առկայությանը.

գ) տարբեր մակարդակներում տրանսպորտային և հետիոտնային հոսքերի բաժանմանը.

դ) նույն մակարդակի վրա բարդ հանգույցներում և փոխհատումներում երթևեկության կարգավորման և անվտանգության խնդիրների լուծմանը.

ե) ճանապարհների ինժեներական կառուցապատմանը.

զ) ճանապարհների երթևեկության կարգավորման ավտոմատացված համակարգերի ներդրմանը.

է) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առավելության իրավունքի ապահովմանը.

ը) վարչական, մշակութային, ուսումնական հաստատությունների շենքերի, հյուրանոցային համալիրների, հանգստյան գոտիների, առևտրային և այլ օբյեկտների մոտ ավտոկայանավայրերի և կանգառի տեղերի կառուցապատմանը.

թ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների բաց և փակ (ստորգետնյա) կայանատեղերի և ավտոտնակների առկայությանն ու տեղաբաշխմանը.

ժ) վառելիքի ավտոլցավորման, ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանների տեղաբաշխմանը.

ժա) ճանապարհներին` երթևեկության մասնակիցներին սպասարկելու համար անհրաժեշտ շենքերի և կառույցների առկայությանը:

(11-րդ կետը խմբ. 04.10.12 N 1262-Ն)

12. Բնակավայրերի ճանապարհների և քաղաքային էլեկտրատրանսպորտի գծերի նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել`

ա) քաղաքի ճանապարհների լայնության համապատասխանությունը դրանց կարգին և տրանսպորտային միջոցների ու հետիոտնի երթևեկության հաշվարկային ինտենսիվությունը.

բ) մայթերի, հեծանվային արահետների, անվտանգության կղզյակների առկայությունը.

գ) գետներեսի, վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների տեղաբաշխումը.

դ) ավտոբուսների կանգառի կետերի, կանգառի հրապարակների և ավտոտաղավարների տեղաբաշխումը.

ե) ճանապարհների փոխհատումներում երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նախատեսումն ու տեղաբաշխումը.

զ) լուսացուցային ազդանշաններով համակարգված կարգավորում ներդնելու դեպքում, դրանք օգտագործելու համար, կապի գծերի առկայությունը.

է) մայթերի և բաժանիչ գոտիների եզրերով երթևեկելի մասի կորացումների համապատասխան շառավիղները.

ը) վերգետնյա էլեկտրատրանսպորտի կանգառի կետերի տեղադրվածությունը.

թ) տրամվայի գծերի տեղաբաշխումը:

(12-րդ կետը փոփ. 19.01.23 N 74-Ն)

13. Երկաթուղային գծանցների նախագծերի համաձայնեցման ժամանակ պետք է ապահովել`

ա) գծանցների տեսակի համապատասխանությունը տվյալ պայմանների հետ.

բ) գծանցի մոտեցումներում ճանապարհի թեքության պահպանումը.

գ) գծանցի տախտամածի ծածկի առկայությունը և դրա լայնության համապատասխանությունը սահմանված նորմերին.

դ) գծանցին մոտենալիս անհրաժեշտ տեսադաշտի ապահովումը.

ե) գծանցի կարգին համապատասխան ուղեփակոցների, ուղղորդ արգելափակոցների, եզրաչափային դարպասների, լուսային և ձայնային ազդանշանների, ճանապարհային նշանների և ցուցանակների առկայությունը.

զ) գծանցի արհեստական լուսավորության առկայությունը:

14. Ճանապարհների ընթացիկ (միջին) նորոգման աշխատանքներ կատարելու համար կազմվում է գծապատկեր, որտեղ նշվում են տեղի արգելափակումը, համապատասխան ճանապարհային նշանները, տեղամասը շրջանցելու ուղիները (անհրաժեշտության դեպքում):

Ճանապարհի որևէ գոտու վրա նորոգման և այլ աշխատանքների կատարման համար երթևեկությունը փակելու դեպքում, գծապատկերում պետք է նախատեսել երթևեկելի մասի ժամանակավոր լայնացում կամ տրանսպորտային միջոցների երթևեկության այլ ուղիներ:

Ճանապարհի որևէ տեղամասում երթևեկությունը փակելու դեպքում տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններն ու երթևեկության մասնակիցները նախօրոք պետք է տեղեկացվեն դրա և այդ տեղամասը շրջանցելու հնարավոր ուղիների մասին:

Ընթացիկ (միջին) նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է տեղամասը բերել բարեկարգ տեսքի:

(14-րդ կետը փոփ. 30.12.21 N 2186-Ն)

15. Ճանապարհներին իրականացվող ընթացիկ (միջին) նորոգման աշխատանքները կազմակերպում են սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինները և ճանապարհի սեփականատերը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի 2-րդ կետում նշված աշխատանքների համար կազմվող թերությունների մասին ակտը, ինչպես նաև այդ աշխատանքների գծապատկերը կազմվում են գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կապալառու կազմակերպության կողմից, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնեցվում են ճանապարհային ոստիկանության մարմնի հետ:

(15-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն, խմբ. 30.12.21 N 2186-Ն)

16. Թույլատրվում է վերացնել ինժեներական ցանցերի վթարները` առանց համապատասխան գրավոր համաձայնության` նախապես իրազեկելով համապատասխան իրավասու մարմիններին: Տվյալ դեպքում սույն կարգով սահմանված երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումներն իրականացվում են վթարը վերացնելու հետ միաժամանակ:

 

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Ճանապարհային երթևեկության կազմակերպման հիմնական պայմաններն իրականացնելու նպատակով պետք է ապահովվեն ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» և ՍՆԻՊ «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:

18. Անհրաժեշտ է հետիոտնային անցումների, ավտոբուսների կանգառների անցումային-արագացման գոտիների, թունելների, ուղեանցների տակի հատվածների և երկաթուղային գծանցների երթևեկելի մասերն իրականացնել ավելի բաց գույնի ծածկույթով:

 

V. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների (ճանապարհային նշաններ, գծանշում, լուսացույցներ, ճանապարհային ցանկապատներ, բազրիքներ, պարապետներ, ուղղորդ կարճասյուներ, անվտանգության կղզյակներ, արհեստական անհարթություններ և այլն) ներդրումն իրականացվում է սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի, ճանապարհի սեփականատիրոջ որոշմամբ` ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության, ճանապարհների եղանակային և այլ հետազոտությունների (ստուգումների) տվյալների, ճանապարհային երթևեկության պայմանների և վիճակի ուսումնասիրության, ինչպես նաև ճանապարհաշինարարական, կոմունալ ծառայությունների, ճանապարհային ոստիկանության մարմինների, շահագրգիռ այլ կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունների հիման վրա:

(19-րդ կետը փոփ., լրաց. 04.10.12 N 1262-Ն, փոփ. 19.02.15 N 161-Ն)

20. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ ներդնելու որոշում ընդունելու դեպքում`

ա) դրանց նախագծման, տեղակայման կամ վերակառուցման համար որոշվում են տեխնիկատնտեսական պահանջները.

բ) կազմվում են կարգավորման տեխնիկական միջոցների համապատասխան տեսակների տեղաբաշխման գծապատկերները.

գ) որոշվում է դրանց պահանջարկը, կազմվում այդ միջոցների տեղակայման նախագծային աշխատանքների կատարման առաջադրանքը:

21. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեղաբաշխման գծապատկերների վրա նշվում են`

ա) լուսացուցային կահավորանքի տեղաբաշխումը` հարմարեցնելով տեղանքի հետ` դրանք կողմնորոշելով դեպի երթևեկության մասնակիցները.

բ) տրանսպորտային և հետիոտնային հոսքերի երթևեկության ուղղությունները.

գ) երթևեկության գոտիների քանակը, բաժանիչ կամ լրացուցիչ գոտիների առկայությունը.

դ) հետիոտնային ուղղորդ արգելափակոցների տեղակայման տեղերը.

ե) երթևեկության կազմակերպման գծապատկերում ընդունված ճանապարհային նշանների տարաբաշխումը:

Ճանապարհային նշանների տարաբաշխումները մշակվում և հաստատվում են սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի, ճանապարհի սեփականատիրոջ կողմից և համաձայնեցվում են ճանապարհային ոստիկանության հետ:

(21-րդ կետը լրաց. 04.10.12 N 1262-Ն, փոփ. 19.01.23 N 74-Ն)

22. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները շահագործման են ընդունում սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի, ճանապարհի սեփականատիրոջ կողմից ստեղծված հանձնաժողովները, որոնք կարող են ունենալ առնվազն 4 անդամ` պատվիրատուն (նախագահ), ճանապարհային ոստիկանության մարմինների, կապալառուի ներկայացուցիչները, ինչպես նաև նախագծային և շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները (իրենց համաձայնությամբ): Սույն կետի պահանջները չեն տարածվում սույն կարգի 24-րդ կետի 4-րդ պարբերության վրա։

(22-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն, լրաց. 19.01.23 N 74-Ն)

23. Ճանապարհային երթևեկության կազմակերպման գծապատկերները վերանայելու, տեխնիկական միջոցների թերությունները վերացնելու, դրանք արդիականացնելու նպատակով անհրաժեշտ է կատարել հետազոտություններ, 5 տարին մեկ անգամ մշակել և իրականացնել նոր տարաբաշխում: Հետազոտությունները կազմակերպում են սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմինները, իրականացնում են ճանապարհի սեփականատերերը և օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` ճանապարհային ոստիկանության մարմինների հետ համատեղ:

(23-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն, 19.02.15 N 161-Ն)

24. Ճանապարհային երթևեկության որոշակի պայմանների, ինչպես նաև առանձին ճանապարհային նշանների ազդեցությունը դադարեցնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքերում, թույլատրվում է դրանք ժամանակավոր փակել հատուկ ծածկոցներով։

Ճանապարհային երթևեկության հատուկ պայմաններ առաջանալու դեպքում (արտակարգ իրավիճակ, տարերային աղետ, վթար և այլն) ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով թույլատրվում է ժամանակավոր տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ: Անհրաժեշտ է ապամոնտաժել ժամանակավոր տեղադրված ճանապարհային նշանները` դրանց տեղադրման պատճառները վերացնելուց անմիջապես հետո:

Բնակավայրերում տեղադրված նոր ճանապարհային նշանները երթևեկության մասնակիցների ուշադրությունը հրավիրելու նպատակով դրանց կողքին կամ դրանց վրա ցանկալի է ժամանակավոր տեղադրել թարթող լուսային ազդանշաններ:

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհների առանձին տեղամասերում ճանապարհային նշանների տեղադրումն իրականացվում է գծապատկերի հիման վրա՝ սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի սեփականատիրոջ թույլտվությամբ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ։

Սույն կետում նշված ճանապարհային նշանների գործողության դադարեցումը և տեղադրումը ճանապարհի լիազոր մարմինների հաստատումից հետո իրականացնում են ճանապարհներն սպասարկելու և շահագործելու համար օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները:

(24-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն, լրաց. 19.01.23 N 74-Ն)

 

VI. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Ճանապարհային երթևեկության կազմակերպման պայմանների և վիճակի ուսումնասիրության ժամանակ ճշտվում են`

ա) տրանսպորտային հոսքերի ինտենսիվությունն ու կազմը.

բ) հետիոտնային հոսքերի ինտենսիվությունը, նրանց շարժման ուղղությունները.

գ) տրանսպորտային հապաղումների տևողությունը.

դ) ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը` վերջին 2-3 տարվա ընթացքում.

ե) ճանապարհի երկրաչափական պարամետրերը (երթևեկելի մասի լայնությունը, երթևեկության գոտիների թիվը, հատակագծում կորերի շառավիղները, երկայնական թեքությունների երկարությունը և այլն).

զ) ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների առկայությունը, դրանց գործառութային նշանակությունն ուսումնասիրվող տեղամասում:

Միաժամանակ 1:500 մասշտաբով կազմվում է ճանապարհի տվյալ տեղամասի երթևեկության կազմակերպման գծապատկերը:

26. Ամփոփ նյութերի ուսումնասիրության ժամանակ անհրաժեշտ է նշել`

ա) ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերը.

բ) տրանսպորտային միջոցների մշտական խցանումների և հապաղումների վայրերը.

գ) տրանսպորտային և հետիոտնային հոսքերի առավել ծանրաբեռնված տեղամասերը:

27. Ճանապարհներին վթարայնության մասին տեսողական երկրատեղեկատվական ժամանակակից սարքեր կիրառելով անհրաժեշտ է կատարել ճանապարհատրանսպորտային պատահարների քարտեզագրված վերլուծություն:

(27-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

28. Ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են դրա համար լիազորված մարմինները` օրենքով սահմանված կարգով:

29. Վերահսկողական աշխատանքների արդյունքներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա միջոցառումներ են մշակվում երթևեկության պայմանների կատարելագործման ուղղությամբ` ճանապարհային նշաններ տեղակայելու, լուսացուցային ազդանշաններ ներդնելու, դրանց ռեժիմները ճշտելու, վերակառուցողական միջոցառումներ իրականացնելու և նման այլ ճանապարհներով:

 

VII. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(գլուխը լրաց. 30.12.21 N 2186-Ն)

 

30. Համայնքի ղեկավարը, համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման կազմում և Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով (բացառությամբ Երևան քաղաքի)՝ սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պետական ճանապարհային մարմինների հետ, իսկ երթևեկության անվտանգության մասով՝ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնում է սույն գլխով սահմանված կարգին համապատասխան։

31. Համայնքների (այսուհետ՝ համայնք կամ համայնքներ) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազմման նպատակն է՝

1) նպաստել համայնքի ճանապարհային ցանցի զարգացմանը.

2) բարձրացնել մարդատար և բեռնատար ավտոմոբիլների երթևեկության կազմակերպման մակարդակը.

3) նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը.

4) բարելավել հասարակական տրանսպորտի սպասարկման և ուղևորափոխադրումների պայմանները.

5) սոցիալական բոլոր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, ծերերի համար ստեղծել ճանապարհային երթևեկությունից օգտվելու հավասար պայմաններ.

6) օպտիմալացնել կայանատեղերը.

7) նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը.

8) բարելավել հետիոտների և հեծանվային արահետների անվտանգությունը և ճանապարհից օգտվելու պայմանները։

32. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմումն իրականացնում է՝

1) ուսումնասիրություն՝ սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերին համապատասխան.

2) համայնքի (բնակավայրերի) հնգամյա զարգացման ծրագրի ուսումնասիրություն.

3) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, ընթացիկ (միջին) նորոգման ու պահպանման ծրագրերի ուսումնասիրություն.

4) հիմք ընդունելով սույն կարգի 32-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված ուսումնասիրության արդյունքները՝ համայնքի վարչական տարածքով անցնող հիմնական տրանսպորտային հանգույցների մոդելի մշակում: Այս փուլում իրականացվում է համայնքի վարչական տարածքի գործող տրանսպորտային հանգույցների վերլուծություն, և կազմվում է նոր տրանսպորտային հանգույցների մոդելի մշակում.

5) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման գործընթացի միջոցառումների մշակում, որը պետք է ներառի համայնքի ճանապարհային երթևեկության ցանցերի զարգացման, ուղևորափոխադրումների համակարգի և ավտոկայարանատեղերի օպտիմալացման, ճանապարհային անվտանգության ընդհանուր մակարդակի բարելավման, մայթերի, հեծանվային արահետների, հետիոտնային անցումների պայմանների բարելավման և ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցառումներ։

33. Համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման (նախագծման) ժամանակ պետք է հաշվի առնել՝

1) համայնքի բնակավայրերի ճանապարհների լայնության համապատասխանությունը ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության հաշվարկային ինտենսիվության և գործառական նշանակության դասակարգման կարգին.

2) համայնքի բնակավայրերով անցնող տրանսպորտային միջոցների ու հետիոտնի երթևեկության հաշվարկային ինտենսիվությունը՝ ըստ յուրաքանչյուր բնակավայրի և համայնքի.

3) մայթերի, հեծանվային արահետների, անվտանգության կղզյակների առկայությունը.

4) ճանապարհի օտարման շերտի, վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների տեղաբաշխումը.

5) երթուղային տրանսպորտի կանգառի կետերի, կանգառի հրապարակների և ավտոտաղավարների տեղաբաշխումը.

6) ճանապարհների փոխհատումներում երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նախատեսումն ու տեղաբաշխումը.

7) լուսացուցային ազդանշաններով համակարգված կարգավորում ներդնելու դեպքում՝ դրանք օգտագործելու համար կապի գծերի առկայությունը.

8) մայթերի և բաժանիչ գոտիների եզրերով երթևեկելի մասի կորացումների համապատասխան շառավիղները.

9) քաղաքաշինական բաժանիչ գոտիների եզրերով երթևեկելը։

(33-րդ կետը փոփ. 19.01.23 N 74-Ն)

34. Համայնքի ղեկավարը, համայնքի երթևեկության կազմակերպման սխեմաները նախքան ավագանու կողմից հաստատմանը ներկայացնելը, դրանք համաձայնեցնում է՝

1) համայնքներով անցնող (բացառությամբ Երևան քաղաքով անցնող) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով՝ նախարարության հետ.

2) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով՝ համապատասխան մարզպետարանների հետ.

3) ճանապարհների երթևեկության անվտանգության մասով՝ ճանապարհային ոստիկանության հետ։

35. Համայնքի ղեկավարը (բացառությամբ Երևան քաղաքապետի), պետական ճանապարհային մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ նախարարություն, իսկ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ համապատասխան մարզպետարան գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է՝

1) համապատասխան գրություն (դիմում).

2) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայի նախագիծը, որն իր մեջ ներառում է ճանապարհային երթևեկության կազմակերպման բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները.

3) սույն կարգի 32-րդ կետի 4-րդ ենթակետում նշված համայնքի բնակավայրերի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայով նախատեսված երթևեկության կազմակերպման բարելավման կարճաժամկետ (մեկից մինչև երեք տարիների), միջնաժամկետ (երեքից մինչև հինգ տարիների) և երկարաժամկետ (հինգ և ավելի տարիների) միջոցառումները, որոնք ներառում են յուրաքանչյուր միջոցառման իրականացման ժամկետը, առաջարկվող միջոցառումների իրականացման տարածական (հասցեական) և ժամկետային փոխկապվածությունը, առաջարկվող միջոցառման հասցեական և ամբողջական փոխկապվածությունը համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված նախագծային լուծումների հետ.

4) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում ներառված ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի բարելավմանն ուղղված միջոցառումներում ներառված առաջարկությունների վերաբերյալ հիմնավորումները։

36. Սույն կարգի 34-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պետական ճանապարհային մարմինները (այսուհետ՝ ճանապարհը տնօրինող), յուրաքանչյուրն իրեն վերապահված իրավասության մասով, սույն կարգի 35-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում`

1) ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը.

2) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման առաջարկությունները համադրում են իրենց զարգացման ծրագրերով նախատեսվող միջոցառումների հետ.

3) կազմում և գրավոր կամ էլեկտրոնային եղանակով համայնքի ղեկավարին են տրամադրում եզրակացություն:

37. Ճանապարհը տնօրինողը եզրակացություն կազմելիս հաշվի է առնում`

1) ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ծրագրերը (կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, ընթացիկ (միջին) նորոգում, պահպանում ու շահագործում).

2) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայով առաջարկվող ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման առաջարկությունների համապատասխանությունը սույն կարգի 10-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, շինարարական նորմերին և ստանդարտներին:

38. Ճանապարհը տնօրինողի կողմից անհամաձայնության մասին եզրակացություն է տրվում, եթե սույն կարգի 35-րդ կետում ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում՝

1) ճանապարհը տնօրինողի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, ընթացիկ (միջին) նորոգման, պահպանման ու շահագործման) ծրագրերին.

2) սույն կարգի 10-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, շինարարական նորմերի և ստանդարտների պահանջներին։

39. Ճանապարհը տնօրինողի կողմից համայնքի ղեկավարին տրամադրվող անհամաձայնության մասին եզրակացության մեջ պետք է նշվի անհամաձայնության հիմքը՝ սույն կարգի 38-րդ կետի պահանջներին համապատասխան։ Անհամաձայնության մասին եզրակացության ներկայացման դեպքում համայնքի ղեկավարին են ներկայացվում նաև թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունները, որոնց հիման վրա համայնքի ղեկավարը լրամշակում և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան՝ սույն կարգի 35-րդ կետում ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է ճանապարհը տնօրինողի համաձայնեցմանը։

40. Սույն որոշման 39-րդ կետում նշված անհամաձայնության եզրակացությունը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

41. Համայնքի ղեկավարը, ճանապարհը տնօրինողի կողմից ներկայացված դրական եզրակացության դեպքում՝ երթևեկության անվտանգության ապահովման մասով ճանապարհային ոստիկանության համաձայնությունը ստանալու նպատակով, ներկայացնում է՝

1) սույն կարգի 35-րդ կետում նշված փաստաթղթերը.

2) ճանապարհը տնօրինողի եզրակացությունը (բացառությամբ Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայի ներկայացման դեպքում)։

42. Ճանապարհային ոստիկանությունը համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների մասով իր համաձայնությունը (անհամաձայնությունը), Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1644-Ն որոշմամբ սահմանված կարգով, տալիս է փաստաթղթերը համայնքի ղեկավարի կողմից ստանալու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում։

43. Ճանապարհային ոստիկանության կողմից անհամաձայնության ներկայացման դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից սույն կարգի 35-րդ կետում նշված փաստաթղթերը վերանայելուց հետո, սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան՝ կրկին համաձայնեցվում են ճանապարհը տնօրինողի և ճանապարհային ոստիկանության հետ։

44. Համայնքի ղեկավարի կողմից համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվող ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման ներառում է հետևյալ փաստաթղթերը՝

1) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեման.

2) համայնքի բնակավայրերի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայով նախատեսված երթևեկության կազմակերպման բարելավման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները։

45. Համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվող՝ սույն կարգի 44-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի հետ միասին ավագանու քննարկմանն է ներկայացվում պետական ճանապարհային մարմնի եզրակացությունը և ճանապարհային ոստիկանության համաձայնությունը։

46. Սույն կարգի 44-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման, համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո, համայնքի ղեկավարը մեկամսյա ժամկետում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ճանապարհները տնօրինողներին և ճանապարհային ոստիկանությանը։

47. Ճանապարհը տնօրինողներն իրենց տնօրինության տակ գտնվող ճանապարհների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և ընթացիկ (միջին) նորոգման ծրագրերի մշակման գործընթացում պետք է հաշվի առնեն համայնքի ավագանու կողմից հաստատված՝ սույն կարգի 44-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում ներառված փաստաթղթերը։

48. Սույն կարգի 47-րդ կետում նշված ծրագրերի շրջանակներում շահագործման ընդունված ճանապարհահատվածների երթևեկության կազմակերպման սխեմաները ճանապարհը տնօրինողները ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար։

49. Սույն կարգի 48-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների փոփոխությունները հաստատում է համայնքի ավագանին։

(49-րդ կետը փոփ. 19.01.23 N 74-Ն)

50. Սույն կարգի 32-րդ և 33-րդ կետերով համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման գործընթացները համայնքի ղեկավարն իրականացնում է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպության միջոցով։

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 04.10.12 N 1262-Ն, փոփ. 19.02.15 N 161-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.12.21 N 2186-Ն, 19.01.23 N 74-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան