ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1161-Ն
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1535-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
(3-րդ կետը լրաց. 26.01.23 N 114-Ն)
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1535-Ն որոշման գործողությունը տարածվում է՝
1) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկասոցիալական վերափորձաքննության համար դիմած անձանց վրա․
2) մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց վրա, ովքեր դիմել են վերականգնողական անհատական ծրագիր ստանալու կամ դրանում փոփոխություններ կատարելու համար.
3) մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վրա։
(4-րդ կետը լրաց. 26.01.23 N 114-Ն, 02.02.23 N 131-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 28-ի N 1161-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են ծառայությունների անհատական ծրագրերը (այսուհետ՝ ԾԱԾ) կազմելու և իրականացնելու հետ կապված հարաբերությունները։
2. ԾԱԾ-ն անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում մշակված փաստաթուղթ է, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը։
3. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ԾԱԾ-ը մշակվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից և տրամադրվում է անձին ֆունկցիոնալության գնահատման որոշման հետ միասին։
4. ԾԱԾ-ը կազմվում է էլեկտրոնային տարբերակով՝ ֆունկցիոնալության գնահատման e-disability էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ)։ ԾԱԾ-ի թղթային կրիչը մեկ օրինակից տպվում և տրամադրվում է գնահատվող անձին կամ նրա ներկայացուցչին փոստով, էլեկտրոնային փոստով, առձեռն՝ ըստ գնահատվող անձի կամ նրա ներկայացուցչի ցանկության։
5. ԾԱԾ-ն անձի համար ունի խորհրդատվական բնույթ, որից իր հայեցողությամբ կարող է հրաժարվել մասամբ կամ ամբողջությամբ։ ԾԱԾ-ը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից:
6. ԾԱԾ-ում ներառվում են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տվյալ անձի լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելու, անկախ կյանքի իրավունքն իրացնելու նպատակով անհրաժեշտ բժշկական, վերականգնողական, կրթական, մասնագիտական, սոցիալական ծառայությունների և միջոցառումների, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված աջակցող միջոցների երաշխավորությունները։
7. ԾԱԾ-ը կազմվում է՝ հաշվի առնելով անձի օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիայի խանգարման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), գործունեության և մասնակցության սահմանափակման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), միջավայրային գործոնները (անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական և սոցիալական միջավայրը), կլինիկական ու վերականգնողական կանխատեսումները, ինչպես նաև վերականգնմանն ուղղված այնպիսի միջոցառումների ընդգրկման անհրաժեշտությունը, որոնք առավելապես կնպաստեն ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձի ֆիզիկական, մտավոր, մասնագիտական ունակությունների և կարողությունների զարգացմանը և (կամ) պահպանմանն ու սոցիալական ներառմանը: ԾԱԾ-ը կազմելիս առավելագույնս հաշվի է առնվում հաշմանդամություն ունեցող անձի համար ընդունելի լինելու հանգամանքը, ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը։
8. ԾԱԾ-ը կազմվում է՝ հաշվի առնելով նաև ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող կանանց և աղջիկների սեռով, ինչպես նաև երեխաների՝ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները:
9. ԾԱԾ-ը կազմվում է հաշմանդամության սահմանման ժամկետով, իսկ անժամկետ (երեխաների դեպքում՝ մինչև 18 տարին լրանալը) հաշմանդամություն սահմանելու դեպքում՝ մինչև 5 տարի ժամկետով՝ հաշվի առնելով կլինիկական ու վերականգնողական կանխատեսումները կամ ծառայությունների տրամադրման ժամկետները
10. Բժշկական, վերականգնողական, կրթական, սոցիալական համապատասխան ծառայություններ մատուցող և աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպություններն իրականացնում են ԾԱԾ-ով իրենց վերապահված միջոցառումները և ծառայությունները՝ սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Այն միջոցառումները կամ ծառայությունները, որոնց իրականացումը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, կարող են իրականացվել օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորման միջոցով։ Այս դեպքում կազմակերպությունը կլինի ոչ թե պատասխանատու տվյալ միջոցառման/ծառայության համար, այլ կնշվի որպես նախընտրելի կազմակերպություն տվյալ բնագավառում։
11. ԾԱԾ-ի հետ համատեղ գնահատվող անձին տրամադրվում է տեղեկություն ԾԱԾ-ում ներառված միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների կամ մարմինների կամ հաստատությունների վերաբերյալ։ ԾԱԾ-ի յուրաքանչյուր բաղադրիչի իրականացման համար պատասխանատու է սույն համապատասխան պետական մարմինը կամ դրա ստորաբաժանումը։
12. ԾԱԾ-ը էլեկտրոնային համակարգի միջոցով հասանելի է բոլոր ծառայություն մատուցող մարմիններին և կազմակերպություններին՝ դրա իրագործման ընթացքի վերաբերյալ նշումներ կատարելու համար։
13. ԾԱԾ-ի իրականացման արդյունավետությունը գնահատում է հանձնաժողովը՝ անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման կամ վերագնահատման ժամանակ։
14. ԾԱԾ-ում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել՝
1) վերագնահատման դեպքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը սահմանող իրավական ակտով նախատեսված դեպքերում.
2) կրկնակի գնահատման դեպքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը սահմանող իրավական ակտով նախատեսված դեպքերում.
3) ծառայության նախաձեռնությամբ՝ ծառայության պետի հանձնարարությամբ՝ ֆունկցիոնալության գնահատման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում թերություններ կամ խախտումներ հայտնաբերելու դեպքում:
15. Այն դեպքում, երբ ԾԱԾ-ում փոփոխություններ կամ լրացումներ կատարվում են սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով, ապա գնահատվող անձը դիմումը ներկայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը սահմանող իրավական ակտի դրույթներին համապատասխան։
16. ԾԱԾ-ում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ, իսկ ԾԱԾ-ի նախորդ տարբերակը պահպանվում է էլեկտրոնային համակարգում «Չի գործում» ծանուցագրով։ Փոփոխված ԾԱԾ-ը տրամադրվում է անձին կամ նրա ներկայացուցչին սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով։ ԾԱԾ-ը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի (այսուհետ՝ e-verify) տասնվեց նիշանոց կոդը և ինտեգրվի e-verify-ին։
17. ԾԱԾ-ի իրագործման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկումն իրականացվում է ծառայության կողմից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի մարտի 31-ի N 49-Ա/1 հրամանի համաձայն։
18. ԾԱԾ-ով երաշխավորված ծառայությունը մատուցած կազմակերպությունը կամ հաստատությունը մատուցած ծառայության մասին տեղեկատվությունն անմիջապես մուտքագրում է էլեկտրոնային համակարգ նախատեսված միջոցառումն իրականացնելուց/ծառայությունը մատուցելուց հետո։
19. Այն դեպքերում, եթե ծառայություն մատուցող կազմակերպությունը չունի հասանելիություն էլեկտրոնային համակարգին և չի կարող իր կողմից իրականացված միջոցառումների/ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրել էլեկտրոնային համակարգ, ապա նախատեսված միջոցառումն իրականացնելուց/ծառայությունը մատուցելուց հետո մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները անմիջապես փոխանցում է ծառայություն, որն էլ այդ տեղեկությունների հիման վրա կարող է լրացումներ կամ փոփոխություններ կատարել ԾԱԾ-ում։
20. Ծառայությունն էլեկտրոնային համակարգի միջոցով հետևում է ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումների իրականացմանը և ծառայությունների մատուցմանը։ ԾԱԾ-ով սահմանված ժամկետում միջոցառումը չիրականացվելու/ծառայությունը չմատուցվելու պարագայում ծառայությունը կապվում է պատասխանատու կազմակերպության կամ հաստատության հետ։ Հիմնավոր պատասխան չստանալու դեպքում այդ մասին տեղեկացվում է ծառայության պետին, որը գրավոր դիմում է համապատասխան կազմակերպությանը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։
21. Պետական մարմնի ղեկավարին պարզաբանումներ ստանալու նպատակով դիմելու անհրաժեշտության դեպքում համապատասխան գրությունը ծառայության պետի միջնորդությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
22. Մշտադիտարկման և գնահատման նպատակով կիրառման ենթակա տվյալներն օգտագործվում կամ տրամադրվում են վիճակագրական և հաշմանդամության ոլորտում հետազոտություններ իրականացնելու նպատակներով օգտագործելու համար՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.2023, N 131-Ն | 03.02.2023, N 1161-Ն | |
26.01.2023, N 114-Ն | 27.01.2023, N 1161-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|