Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-121
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.05.2001-01.01.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/21 Հոդ.365
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից 25 մայիսի 1994 թ. Հ.Ն-1058-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
11 հոկտեմբերի 1994 թ. Հ.Ն-1109-I

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի կենսականորեն կարևոր հիմնական տարրերից է:

Ելնելով ներկա և ապագա սերունդների շահերից Հայաստանի Հանրապետությունը կիրառում է գիտականորեն հիմնավորված միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել և վերացնել մթնոլորտային օդի աղտոտումը, դրա վրա մյուս վնասակար ներգործությունները, ինչպես նաև իրականացնել միջազգային համագործակցություն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում:

 

Գ Լ ՈՒ Խ I

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Մթնոլորտային օդի պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական խնդիրներն են` մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա քիմիական, ֆիզիկական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը, այդ բնագավառում հասարակական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև օրինականության ամրապնդումը:

 

Հոդված 2.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության հարցերը կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 3.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

(3-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.03.01 ՀՕ-158)

 

Հոդված 4.

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պետական կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման տեղական մարմինները, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 5.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանը ենթակա են`

- մթնոլորտային օդի պահպանության համալիր միջոցառումների ծրագրի հաստատումը,

- մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների սահմանումը,

- մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների մշակման ու հաստատման կարգի սահմանումը,

- արտանետումների պետական հաշվառման կարգի սահմանումը,

- մթնոլորտային օդի վիճակի դիտանցի (մոնիտորինգ) կազմակերպումը,

- մթնոլորտային օդի պահպանության կարգի սահմանումը,

- մթնոլորտային օդի աղտոտման համար վարձի սահմանումը,

- օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

(5-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.03.01 ՀՕ-158)

 

Հոդված 6.

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Պետական կառավարման տեղական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մասնակցում են մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների մշակմանն ու իրականացմանը:

 

Հոդված 7.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ

 

Մթնոլորտային օդի պահպանության առաջադրանքները և մթնոլորտային օդի աղտոտման ու դրա վրա մյուս վնասակար ներգործությունների պատճառների կանխման ու վերացման, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի բարելավման միջոցառումները նախատեսվում են տնտեսական ու սոցիալական զարգացման հանրապետական ծրագրերում:

 

Հոդված 8.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ

 

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ծրագրի նախագծերը, որոնք մշակվում են պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, համաձայնեցվում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 9.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

 

Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը:

Քաղաքացիներն իրավունք ունեն պետական մարմիններին աջակցություն ցույց տալ մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացման գործում` մթնոլորտային օդի պահպանության աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու, մթնոլորտային օդի պահպանությունը բարելավելու մասին պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելու, մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրության խախտումների մասին հայտնելու միջոցով:

Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումներն իրականացնելիս պետական մարմինները պարտավոր են հաշվի առնել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ II

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Հոդված 10.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Մթնոլորտային օդի վիճակը գնահատելու համար սահմանվում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ:

Այդ նորմատիվները պետք է համապատասխանեն բնության պահպանության ու մարդկանց առողջության շահերին:

 

Հոդված 11.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները միասնական են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Անհրաժեշտության դեպքում առանձին տարածքների համար կարող են սահմանվել առավել խիստ նորմատիվներ:

Այդ նորմատիվները և դրանք որոշելու մեթոդները հաստատվում և գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 12.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Մթնոլորտային օդի պահպանության նպատակով սահմանվում են աղտոտման անշարժ և շարժական աղբյուրներից աղտոտվող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվներ:

Այդ նորմատիվները սահմանվում են արտանետումների անշարժ և շարժական յուրաքանչյուր աղբյուրի համար:

 

Հոդված 13.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվները սահմանվում են այնպես, որպեսզի, հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի զարգացման հեռանկարները, տվյալ տարածքից ու մյուս բոլոր աղբյուրներից աղտոտող նյութերի արտանետումները և ֆիզիկական վնասակար ներգործությունները չհանգեցնեն մթնոլորտային օդում աղտոտվող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների գերազանցմանը:

Նորմատիվների բացակայության դեպքում մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունը թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Արգելվում են մթնոլորտային օդի վիճակի վրա այն բոլոր ներգործությունները, որոնց համար սահմանված չեն համապատասխան նորմատիվներ:

 

Գ Լ ՈՒ Խ III

 

ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 14.

ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումները յուրաքանչյուր դեպքում թույլատրվում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմնի կողմից:

Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման թույլտվության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 15.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հետ, պարտավոր են տեխնիկական, տնտեսական, կազմակերպական և այլ կարգի միջոցառումներ իրականացնել արտանետման թույլտվություններում նախատեսված պայմանների և պահանջների կատարումն ապահովելու համար, միջոցներ ձեռնարկել աղտոտող նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ, ապահովել բնապահպան կառույցների, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնել մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ (մոնիտորինգ):

Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը չպետք է հանգեցնի բնության մյուս ոլորտների աղտոտմանը:

 

Հոդված 16.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ, ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ԿԱՄ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմիններն իրավունք ունեն սահմանափակելու, ընդհատելու կամ արգելելու մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումը, ընդհուպ մինչև առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեության դադարեցումը, եթե խախտվել են թույլտվություններով նախատեսված պայմաններն ու պահանջները, ինչպես նաև սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար:

 

Հոդված 17.

ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ և ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Վթարային իրադրության հետևանքով և այլ պատճառներով մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները գերազանցելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են այդ մասին անհապաղ հաղորդել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին և սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել մթնոլորտային օդի պահպանության և դրա աղտոտման պատճառներն ու հետևանքները վերացնելու համար:

(17-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-158)

 

Հոդված 18.

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՑ, ՆԱՎԵՐԻՑ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Ավտոմեքենաների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների և կայանքների նախագծումը, արտադրությունն ու շահագործումը իրականացնող պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են մշակել և իրականացնել այդ փոխադրամիջոցներից ու կայանքներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կանխման միջոցառումներ:

Ավտոմեքենաների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտանետումներում աղտոտող նյութերի քանակը չպետք է գերազանցի սահմանված թույլատրելի նորմատիվները:

Շահագործման մեջ գտնվող բոլոր փոխադրամիջոցներն ու կայանքները պետք է վերահսկման ենթարկվեն աղտոտող նյութերի սահմանված թույլատրելի արտանետումների նորմատիվները պահպանելու առումով:

Այդ նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 19.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ և ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

Արգելվում է այնպիսի փոխադրամիջոցների և կայանքների արտադրությունն ու շահագործումը, որոնց արտանետումներում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմատիվները:

Պետական կառավարման տեղական մարմինները և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները կարող են մթնոլորտային օդի պահպանության նպատակով ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակել փոխադրամիջոցների մուտքը որոշակի գոտիներ, բնակելի զանգվածներ, հանգստի և տուրիզմի վայրեր:

 

Գ Լ ՈՒ Խ IV

 

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 20.

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում հնարավոր է աղտոտող նյութերի քանակի մեծացում, ձեռնարկություններն ու կազմակերպությունները, անկախ սեփականության ձևից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պարտավոր են կատարել արտանետումների նվազեցման միջոցառումներ:

 

Գ Լ ՈՒ Խ V

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 21.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ և ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ և ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Նոր և վերակառուցված ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումն ու նվազեցումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն վնասակար նյութերի և արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումը կամ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման լիակատար բացառումը, մթնոլորտային օդի պահպանության մյուս պահանջների կատարումը, ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող և ապագայում կառուցվող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների արտանետումները, ինչպես նաև ֆիզիկական վնասակար ներգործությունները միասին չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների գերազանցմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային օդի վիճակի վրա ազդող նոր և վերակառուցվող ձեռնարկությունները, կառույցները տեղաբաշխելու վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող բոլոր ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրությունը և դրանց կառուցման ու վերակառուցման նախագծերն էկոլոգիական փորձաքննության են ենթարկվում բնության պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների կողմից` հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 22.

ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրության, գործող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում նախատեսվում է սանիտարապաշտպանական գոտիների ստեղծում:

Սանիտարապաշտպանական գոտիները և դրանց պահպանման ռեժիմը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 23.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ և ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Արգելվում է մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող նոր և վերակառուցվող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների շահագործման հանձնումը:

 

Հոդված 24.

ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ և ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾմԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Պետական կառավարման մարմինները վերահսկողություն են իրականացնում մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունները նվազեցնող կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ VI

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 25.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ և ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԾՐԱԳՐԱՎՈՐԵԼԻՍ

 

Քաղաքների և այլ բնակավայրերի տեղաբաշխման ու զարգացման ծրագրերում պետք է հաշվի առնվեն մթնոլորտային օդի վիճակը, դրա փոփոխության կանխատեսումը և վնասակար ներգործություններից մթնոլորտային օդի պահպանությունը:

 

Հոդված 26.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազեցնելու նպատակով պետական իշխանության տեղական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն բնակավայրերի, իսկ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները` իրենց զբաղեցրած արտադրական և մյուս տարածությունների բարեկարգման համար: Այն վայրերում, որտեղ մթնոլորտային օդի վրա ներգործում են մի քանի ձեռնարկություններ, անկախ սեփականության ձևից, սահմանված կարգով մշակվում և իրականացվում են մթնոլորտային օդի առողջացման համալիր միջոցառումներ:

 

Գ Լ ՈՒ Խ VII

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՅՈՒՏԵՐ, ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼԻՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ

 

Հոդված 27.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՅՈՒՏԵՐ, ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼԻՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ

 

Արգելվում է հայտնագործությունների, գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների, նոր տեխնիկական համակարգերի, առարկաների և նյութերի կիրառումը, ինչպես նաև արտասահմանյան երկրներից տեխնոլոգիական սարքավորումների և այլ օբյեկտների ձեռքբերումը, եթե դրանք չեն բավարարում մթնոլորտային օդի պահպանության Հայաստանի Հանրապետությունում սահմանված պահանջները և ապահովված չեն մթնոլորտային օդ կատարվող արտանետումների վերահսկման տեխնիկական միջոցներով:

 

Գ Լ ՈՒ Խ VIII

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ

 

Հոդված 28.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ և ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ

 

Բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի և մյուս պատրաստուկների ցանկը, որոնց կիրառումը թույլատրվում է տնտեսության մեջ, ինչպես նաև դրանց կիրառման եղանակները պետք է համաձայնեցվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինների հետ:

Նշված նպատակներով կիրառվող պատրաստուկների ստեղծման դեպքում պետք է մշակվեն մթնոլորտային օդում այդ պատրաստուկների սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները և դրանց մնացորդային քանակների որոշման մեթոդները:

 

Հոդված 29.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ և ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու նպատակով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են կատարել բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները:

 

Գ Լ ՈՒ Խ IX

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ, ՏԵՐՐԻԿՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՇԵՂՋԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 30.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ, ՏԵՐՐԻԿՈՆՆԵՐԻ և ՀԱՆՔԱՇԵՂՋԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, տերրիկոնների, հանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների, ինչպես նաև մյուս մարմինների հետ համաձայնեցված` մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ կրճատելու վերաբերյալ կանոնների պահպանումով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 31.

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՐՐԻԿՈՆՆԵՐԻ, ՀԱՆՔԱԿՈՒՅՏԵՐԻ ՈՒ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ, ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ և ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը:

 

Գ Լ ՈՒ Խ X

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 32.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ և ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են ապահովել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և թափոնների անվտանգ դուրս տանելը և փոխադրումը այն ձեռնարկությունները, որտեղ դրանք օգտագործվում են որպես հումք, ինչպես նաև դրանց փոխադրումը մասնագիտացված աղբավայրեր:

 

Գ Լ ՈՒ Խ XI

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 33.

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների կողմից արտադրական կարիքների համար օդի օգտագործումը կարող է սահմանափակվել, դադարեցվել կամ արգելվել այն դեպքում, երբ դա հանգեցնում է մթնոլորտային օդի վիճակի այնպիսի փոփոխությունների, որոնք վնասակար ազդեցություն են ունենում մարդկանց առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ XII

 

ԵՂԱՆԱԿԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 34.

ԵՂԱՆԱԿԻ և ԿԼԻՄԱՅԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները տնտեսական նպատակներով մթնոլորտային օդի և մթնոլորտային երևույթների արհեստական փոփոխություններ հետապնդող գործողություններ կարող են իրականացնել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների թույլտվությամբ և միայն այն պայմանով, որ դա չհանգեցնի եղանակի և կլիմայի վրա անբարենպաստ ներգործության:

 

Գ Լ ՈՒ Խ XIII

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ

 

Հոդված 35.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ և ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների նյութական ու բարոյական խրախուսման միջոցներ, որոնք խթանում են մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը:

 

Գ Լ ՈՒ Խ XIV

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 36.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտները, մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերի տեսակներն ու քանակը, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների տեսակներն ու չափերը ենթակա են պետական հաշվառման:

Օբյեկտների և մթնոլորտային օդի վիճակի վրա դրանց վնասակար ներգործությունների պետական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ XV

 

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 37.

ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մթնոլորտային օդի վիճակի նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշների, իրականացվում է բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության համապատասխան ծառայությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, պահպանումը, որոնումն ու մշակումը կատարվում է միասնական համակարգով: Բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունների վրա է դրվում պետական և հասարակական շահագրգիռ մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին մթնոլորտային օդի աղտոտման մակարդակների վերաբերյալ անընդմեջ տեղեկատվության անվճար ապահովումը:

 

Հոդված 38.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՅՆՊԻՍԻ ՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

 

Եթե օդերևութաբանական գործոնների, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի և առողջության համար, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտները և բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունները պարտավոր են այդ մասին անհապաղ հաղորդել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական իշխանության տեղական մարմիններին, մթնոլորտային օդի պահպանման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական իշխանության տեղական մարմինները, մթնոլորտային օդի պահպանման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմիններն այդպիսի հաղորդումներ ստանալուն պես` ձեռնարկությունները, կազմակերպությունները և փոխադրամիջոցները սահմանված կարգով փոխադրում են աշխատանքի հատուկ ռեժիմի կամ ժամանակավորապես դադարեցնում են դրանց աշխատանքը` մթնոլորտային օդ կատարվող արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և մյուս վնասակար ներգործությունները վերացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես էվակուացնում են բնակչությանը և ձեռնարկում անհետաձգելի այլ միջոցներ:

 

Գ Լ ՈՒ Խ XVI

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 39.

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է ապահովել մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը, պետական կառավարման բոլոր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների պայմանների, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ կանոնների կիրառումը:

Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները` օրենքով սահմանված կարգով:

(39-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-158)

 

Գ Լ ՈՒ Խ XVII

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 40.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վեճերը լուծում են այդ բնագավառի պետական կառավարման մարմինները, իսկ կողմերի անհամաձայնության դեպքում` դատարանը կամ պետական արբիտրաժը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ XVIII

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը խախտողները ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության.

- մթնոլորտային օդի պահպանության բնագավառում անհրաժեշտ հսկողություն և վերահսկողություն չապահովելու,

- մթնոլորտային օդի պահպանության միջոցառումները իրականացնելիս հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը խոչընդոտելու,

- մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցման,

- մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և թույլտվություններով նախատեսված պայմանների և պահանջների խախտման,

- առանց մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների թույլտվության մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման,

- մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների, սարքավորումների շահագործման կանոնները խախտելու, ինչպես նաև դրանք չունենալու և չօգտագործելու,

- մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցներ և այլ օբյեկտներ կառուցելու և շահագործելու,

- ավտոմեքենաների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտադրության ու շահագործման համար, որոնց արտանետումների մեջ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմատիվները,

- մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պետական վերահսկողությունը խոչընդոտելու, ինչպես նաև այդ բնագավառին վերաբերող տվյալները կեղծելու կամ չներկայացնելու,

- այնպիսի հայտնագործությունների, գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների, նոր տեխնիկական համակարգերի, առարկաների և նյութերի ներդրման, ինչպես նաև արտասահմանյան երկրներից այնպիսի տեխնոլոգիական սարքավորումներ և այլ օբյեկտներ ձեռք բերելու համար, որոնք չեն բավարարում մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում սահմանված պահանջները և ապահովված չեն մթնոլորտային օդ կատարվող արտանետումների վերահսկման տեխնոլոգիական միջոցներով,

- արդյունաբերական և կենցաղային թափոնների պահեստավորման, բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, քիմիական նյութերի, հանքային պարարտանյութերի և այլ պատրաստուկների արտադրության, փոխադրման, պահպանության ու կիրառման կանոնները խախտելու համար, որոնք առաջ են բերել կամ կարող են առաջ բերել մթնոլորտային օդի աղտոտում,

- մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կարգագրերը չկատարելու,

 -աղտոտման պատճառով սահմանված վարձերը չվճարելու,

- բնակավայրերում արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտը փոշով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խախտումների համար:

 

Հոդված 42.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ խախտված պատճառված վնասը պարտավոր են հատուցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ XIX

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 43.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենքը, ապա գործում է միջազգային պայմանագիրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

 

1 նոյեմբերի 1994 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-121

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան