ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 116-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «է» ենթակետը և 25-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 31 հասցեում գտնվող` 4240.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման 16.06.2006 թ. N 2201217 վկայական) հետ վերցնել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել 2006 թվականի մայիսի 25-ին «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 13/006 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Ավան, Աճառյան 31, պետական գրանցման համարը՝ 264.210.06922, ՀՎՀՀ00008887):
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.
3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները։
6. Սահմանել, որ՝
1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ շարժական գույքը՝ առկայության դեպքում, հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|