Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-109-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2004-02.01.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.895
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երեխաների առողջ կենսակերպի և անհատի կրթման ու զարգացման հետ կապված հարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

մանկապատանեկան սպորտ` մինչև 14 տարեկան մանուկների և 14-ից մինչև 18 տարեկան պատանիների մարզական պարապմունքներ.

մարզական կազմակերպություններ` մանկապատանեկան մարզադպրոցներ, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցներ, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներ, օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ:

 

Հոդված 3. Օրենքի նպատակը և խնդիրները

 

1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների ու իրավախախտումների կանխումը:

2. Սույն օրենքի խնդիրներն են`

1) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների իրավունքների պաշտպանությունը.

2) մանկապատանեկան սպորտի զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.

3) մանկապատանեկան սպորտի զարգացման բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների սահմանումը.

4) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար պայմաններ ստեղծող հիմնարկներին ու կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերումը` անկախ դրանց սեփականության ձևից.

5) մանկապատանեկան սպորտի ոլորտում աշխատող մարզիչ-մանկավարժների, բժշկական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.

6) գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը մարզական պարապմունքներին, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, խթանիչների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

7) ուսումնական և մարզական կազմակերպությունների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների կողմից մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական և առողջարարական բնույթի ծառայությունների համապատասխանեցումը նախադպրոցական, հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչներին.

8) մանուկների ու պատանիների շրջանում ուսումնամարզական միջոցառումների պարբերաբար անցկացումը:

 

Հոդված 4. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը

 

1. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 5. Մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Մանկապատանեկան սպորտի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունն ապահովում է մանուկների ու պատանիների ֆիզիկական զարգացման և մարզական կրթություն ստանալու հնարավորությունների իրականացումը:

2. Պետությունն ապահովում է`

1) հավասար պայմաններ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար.

2) մարզական վիճակագրության կատարելագործումը.

3) մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի ընդունումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 6. Ֆիզիկական դաստիարակությունն ուսումնական հաստատություններում

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուսումնական բոլոր հաստատություններում ուսումնառության ամբողջ ընթացքում իրականացվում է «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը:

2. Նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անվճար պարապմունքների միջոցով իրականացվում է մանկապարտեզներում (անկախ սեփականության ձևից)` մանուկների օրգանիզմի գործառական հնարավորությունների ավելացման, հիմնական շարժողական որակների ու հմտությունների զարգացման, ֆիզիկական վարժությունների, հիգիենայի վերաբերյալ գիտելիքների ստացման նպատակով:

3. Հանրակրթական, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում և մարզական կազմակերպություններում (ներառյալ` պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում) սովորող (ընդգրկված) մանուկների ու պատանիների առողջության պահպանումը և ամրապնդումը, նրանց ֆիզիկական կատարելագործումը և առողջ կենսակերպի ձևավորումն այդ ուսումնական հաստատությունների հիմնական խնդիրներից են:

4. Հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են ուսումնառության ամբողջ ընթացքում` շաբաթական առնվազն 3 ժամով, նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում` մեկ տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով, իսկ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում` մինչև 3 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով:

5. Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին ուսումնամարզական պարապմունքներ:

6. Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվում է մանուկների ու պատանիների մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին:

7. Ուսումնական հաստատությունները և մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեթոդներն ու եղանակները, մարզաձևերն ու պարապմունքների տևողությունը` հենվելով պետական ուսումնական ծրագրերի ու ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչների վրա. կազմակերպում են մարզական միջոցառումներ, իրականացնում են արտաուսումնական ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ:

8. Ուսումնական հաստատություններն անցկացնում են ամենամյա ատեստավորում և պետական չափորոշիչներին համապատասխան` ստուգում են մանուկների ու պատանիների ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնական տարվա արդյունքներին համապատասխան` յուրաքանչյուր սովորող ատեստավորվում է ֆիզիկական պատրաստականության համար` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) սահմանած կարգով:

 

Հոդված 7. Հաշմանդամ մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակությունը

 

1. Հաշմանդամ մանուկների ու պատանիների ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներին նպատակ ունի բարձրացնել նրանց շարժողունակությունը, վերականգնել օրգանիզմի գործառական հնարավորությունները, նրանց համար ստեղծել բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ:

2. Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպումը, մեթոդաբանական, բժշկական ապահովագրությունը և բուժական հսկողությունն իրականացնում են ուսումնական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների, սոցիալական ապահովության հիմնարկների և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ուսումնական հաստատությունները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինները հաշմանդամների և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ապահովում են ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների անցկացումը, հաշմանդամ մանուկների ու պատանիների նախապատրաստումը և մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին (այդ թվում` աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին)` լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 8. Ֆիզիկական դաստիարակությունը բնակության վայրում

 

1. Մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմաններ են ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմիններն աջակցում են տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական կազմակերպություններին ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ անցկացնելու, առողջ կենսակերպ քարոզելու գործում:

 

Հոդված 9. Նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը

 

1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը զինվորական ծառայությանն իրականացվում է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում` պետական ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը կարող է պայմանագրեր կնքել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի, մարզական զինվորական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ` նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների զինվորական ծառայությունը նախապատրաստելու վերաբերյալ:

3. Պատանիների ֆիզիկական նախապատրաստումը զինվորական ծառայությանը և դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 10. Մարզական կազմակերպությունները

 

1. Մարզական կազմակերպությունները կազմակերպում են մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքները, մարզաձևերի հավաքական թիմերը համալրում են մարզիկներով, ապահովում են մանուկների ու պատանիների ֆիզիկական կարողությունների ու գիտելիքների տիրապետումը:

2. Մարզական կազմակերպություններն ստեղծում են իրավաբանական և ֆիզիկական անձինք: Մարզական կազմակերպությունների ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական գործունեությունն իրականացվում է լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 11. Մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությունները

 

Մինչև 14 տարեկան անչափահասը մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն` «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները

 

Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները կազմակերպում են մարզիչ-մանկավարժները, որոնց որակավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

 

Հոդված 13. Մարզական միջոցառումների մրցավարությունը

 

Մարզական միջոցառումների մրցավարությունը համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների սահմանած կարգով իրականացնում են համապատասխան մասնագիտական որակավորում ու պատրաստվածություն ունեցող մրցավարները:

 

Հոդված 14. Սպորտով զբաղվողների բուժապահովությունը և բժշկական վերահսկողությունը

 

1. Մարզական պարապմունքներին մասնակցելու իրավունք ունեն այն մանուկներն ու պատանիները, ովքեր բժշկական հաստատություններում հետազոտվել են և թույլտվություն են ստացել մասնակցելու ուսումնամարզական պարապմունքներին ու մարզական միջոցառումներին:

2. Բարձրակարգ մարզիկներին սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում են մարզական բժշկության կենտրոններ:

3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներում և խմբերում ընդգրկված մանուկների ու պատանիների առողջությանը պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների և ուսումնական ու մարզական հաստատությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 15. Մարզական կարգերը

 

Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգերը շնորհվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 16. Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների և պատանիների ու նրանց մարզիչների պետական աջակցությունը

 

Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների և պատանիների ու նրանց մարզիչների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պատվովճարներ, պարգևատրումներ և խրախուսման այլ ձևեր, ինչպես նաև դրանց չափը և տրամադրման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 17. Մանկապատանեկան սպորտի տարեկան ծրագիրը

 

1. Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքներն իրականացվում են մանկապատանեկան սպորտի զարգացման տարեկան ծրագրերով (այսուհետ` տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

2. Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

3. Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

 

Հոդված 18. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

 

1. Տարեկան ծրագիրը ներառում է`

1) ծրագրի հիմնական խնդիրները.

2) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

3) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

4) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

5) մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (ներառյալ` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

6) մարզադպրոցներից, մարզական ակումբներից, մարզաբազաներից և մարզական գույքից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու համար իրականացվող միջոցառումները.

7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների և պատանիների ընդգրկման համար համապատասխան պայմանների ստեղծման և նրանց հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները և նախատեսվող արտոնությունները.

8) մանուկների և պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում` միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ միջոցառումների անցկացման ժամանակացույցը.

9) մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների (ներառյալ` համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք, նյութատեխնիկական ապահովվածություն և այլն) ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

10) մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական և առողջապահական բնույթի ծառայություններից անվճար օգտվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

11) ուսումնական և մարզական հաստատություններում, բնակության վայրերում մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակության ու սպորտով զբաղվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

12) մինչզորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

13) մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին և պատանիներին ու նրանց մարզիչներին պատվովճարներ, պարգևատրումներ, թոշակներ և խրախուսման այլ ձևեր տրամադրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

14) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները.

15) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

16) մանկապատանեկան սպորտի բնագավառում կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումները.

17) այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

2. Տարեկան ծրագրի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը:

 

Հոդված 19. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

 

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 20. Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

2) պետական բյուջեի նախագծի կազմում Ազգային ժողով է ներկայացնում մանկապատանեկան սպորտի զարգացման տարեկան ծրագիրը.

3) մշակում է մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ (ներառյալ` համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք և այլն) պայմանների նվազագույն չափորոշիչները.

4) սահմանում է ուսումնական հաստատություններում մանուկներին և պատանիներին «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման կարգը.

5) սահմանում է մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին և պատանիներին ու նրանց մարզիչներին հատկացվող պարգևատրումների, թոշակների և խրախուսման այլ ձևերի չափերն ու տրամադրման կարգը.

6) աջակցում է մանուկների և պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին.

7) սահմանում է առողջարարական բնույթի ծառայություններից, մարզադպրոցներից, մարզաբազաներից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու կարգը.

8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 21. Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմնի լիազորությունները

 

Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) իրականացնում է մանկապատանեկան սպորտի ոլորտի պետական քաղաքականությունը.

2) վերահսկում է մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրության պահանջների կատարումը.

3) մշակում է տարեկան ծրագիրը և մասնակցում դրա իրականացմանը.

4) մշակում է մանուկների ու պատանիների ֆիզիկական լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղություններն ու հեռանկարները.

5) մշակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների ու պատանիների ընդգրկման ձևերն ու եղանակները.

6) հաստատում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումների անցկացման օրացուցային պլանը.

7) սահմանում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում` միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության կարգը.

8) մշակում է մինչզորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները.

9) աջակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների գործունեությանը.

10) աջակցում է մանկապատանեկան սպորտի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.

11) մշակում է մեթոդական փաստաթղթեր մանկապատանեկան սպորտի հարցերի վերաբերյալ.

12) համագործակցում է մանուկների և պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.

13) կազմակերպում է մանկապատանեկան սպորտի բնագավառի մասնագետների (մարզիչների, մանկավարժների և այլն) պատրաստումը և վերապատրաստումը.

14) սահմանում է անհատական մարզաձևերում, ինչպես նաև մարզական թիմերի կազմում բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգեր շնորհելու կարգը.

15) իրականացնում է այլ լիազորություններ:

 

Հոդված 22. Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

 

Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) մանկապատանեկան սպորտի բնագավառում իրենց լիազորությունների շրջանակում ապահովում են օրենսդրության պահանջների կատարումը.

2) մասնակցում են մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.

3) համակարգում են պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեությունը.

4) համակարգում և իրականացնում են մարզի մանկապատանեկան սպորտի զարգացման պետական ծրագրերը.

5) աջակցում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.

6) աջակցում են մարզի և համայնքների տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.

7) աջակցում են մարզի և համայնքների տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

 

Հոդված 23. Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները`

1) իրենց լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով աջակցում են համայնքի տարածքում օրենսդրության պահանջների կատարմանը.

2) աջակցում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի իրականացմանը.

3) աջակցում են համայնքի տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.

4) աջակցում են համայնքի տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.

5) նպաստում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

 

Հոդված 24. Միջազգային համագործակցությունը

 

1. Մանուկների ու պատանիների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային համագործակցությունը կառուցվում է միջկառավարական համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:

2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու պետական մարմինները, ուսումնական և մարզական հաստատություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են անմիջական կապեր հաստատել օտարերկրյա ու միջազգային ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների հետ, իրականացնել միջազգային մարզական և գիտահետազոտական ծրագրեր, անդամակցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին, միավորումներին, ֆեդերացիաներին և այլ կառույցներին:

3. Պետությունը ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում մանուկների ու պատանիների հետ աշխատանքներ տանելիս միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում իրականացնում է համաձայնեցված քաղաքականություն:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(վերնագիրը լրաց. 09.11.04 ՀՕ-121-Ն)

 

Հոդված 25. Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը

 

Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 26. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասի:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն ամբողջ ուսումնառության ընթացքում անցկացվում են շաբաթական առնվազն 2 ժամով, բարձրագույն ուսումնական հաստատություններում` 2 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով;

(27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ լրաց. 09.11.04 ՀՕ-121-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-109-Ն