Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2021
Ընդունող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.2021
Ստորագրող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 դեկտեմբերի 2021 թվականի

 N 395-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը և 2-րդ մասը, 94-րդ հոդվածի 4-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

3. Սույն որոշման կարգավորումները տարածվում են նաև 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացվող վարույթների նկատմամբ։

 

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2021 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի 2021 թվականի

դեկտեմբերի 28-ի N 395-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը (այսուհետ նաև՝ Մեթոդաբանություն) կարգավորում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում պատասխանատվության միջոցների ընտրության և տուգանքի հաշվարկման հետ կապված հարաբերությունները։

2. Մեթոդաբանությունում օգտագործվող հիմնական հասկացությունները և տերմինները.

1) ապրանք՝ տվյալ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովի կողմից հատկորոշված ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանում ներգրավված ապրանք, իսկ ապրանքային շուկա հատկորոշված չլինելու դեպքում՝ ապրանք, որն իրավախախտման հետևանքով ստացել է կամ կարող էր ստանալ իրացման համար առավելություն, իսկ դա որոշելու անհնարինության դեպքում՝ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված դասակարգչի, ըստ հաջորդականության, ենթակարգում, ենթակարգում առանձնացված չլինելու դեպքում՝ կարգում, կարգում առանձնացված չլինելու դեպքում՝ դասում և դասում առանձնացված չլինելու դեպքում՝ խմբում ներառված ապրանք․

2) ապրանքի իրացումից ստացված հասույթ՝ համապատասխան ժամանակահատվածում ապրանքի իրացումից ստացված հասույթի գումար․

3) ընդհանուր հասույթ՝ համապատասխան ժամանակահատվածում ստացված ընդհանուր հասույթի գումար․

4) հասույթի գումար՝ ՀՀ դրամով արտահայտված միավոր։ Այն դեպքում, երբ հասույթի գումարը արտահայտված է արտարժույթով, դրա ՀՀ դրամի փոխարժեքը համապատասխան ժամանակահատվածում Կենտրոնական բանկի սահմանած և հրապարակած փոխարժեքների միջինի և արտարժույթով արտահայտված գումարի արտադրյալն է.

5) համապատասխան ժամանակահատված՝ Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին դադարեցված իրավախախտումների դեպքում՝ իրավախախտման դադարեցմանը նախորդող տարի։ Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարի։ Իրավախախտման դադարեցման կամ վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարում 12 ամբողջական ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում՝ իրավախախտման դադարեցման կամ վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող, բայց ոչ ավել քան 12 ամբողջական ամսվա գործունեության ժամանակահատված․

6) նախորդող տարի՝ տվյալ տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատված․

7) ամբողջական ամիս՝ ամսվա առաջին օրվանից մինչև վերջին օրն ընդգրկող ժամանակահատված․

8) դիտարկվող ժամանակահատված՝ Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելու պահին դադարեցված իրավախախտումների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից վարույթի ընթացքում հաստատված իրավախախտման առաջին գործողությունից կամ վարքագծից մինչև իրավախախտման դադարեցման պահն ընկած ամբողջական ամիսների քանակ, Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելու պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից վարույթի ընթացքում հաստատված իրավախախտման առաջին գործողությունից կամ վարքագծից մինչև վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահն ընկած ամբողջական ամիսների քանակ, իսկ ակցիաների առնչությամբ դրսևորվող հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության դեպքերում (այսուհետ՝ ակցիաներ)՝ ակցիայի մեկնարկի օրվանից մինչև ավարտի օրն ընկած ժամանակահատված․

9) ծանրացնող հանգամանքներ՝ պատասխանատվության վրա ազդեցություն ունեցող գործոններ, որոնք կարող են հանգեցնել տուգանքի չափի ավելացմանը.

10) մեղմացնող հանգամանքներ՝ պատասխանատվության վրա ազդեցություն ունեցող գործոններ, որոնք կարող են հանգեցնել տուգանքի չափի նվազեցմանը.

11) համակենտրոնացման պասիվ մասնակից` այն տնտեսավարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում, ակտիվներ իրացնող տնտեսավարող սուբյեկտը, մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում՝ անհատականացման միջոցի օգտագործման իրավունք տրամադրող տնտեսավարող սուբյեկտը, իսկ Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում այն տնտեսավարող սուբյեկտը, որի նկատմամբ վերահսկողություն է ձեռք բերվել.

12) համակենտրոնացման ակտիվ մասնակից` փայաբաժին ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը, ակտիվներ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը, մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում՝ անհատականացման միջոցի օգտագործման իրավունք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը, իսկ Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում այն տնտեսավարող սուբյեկտը, որը վերահսկողություն է ստանում մյուս տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ.

13) Մեթոդաբանությունում օգտագործվող այլ հասկացությունները և տերմինները կիրառվում են Օրենքով սահմանված իմաստով:

3. Մեթոդաբանության նպատակը Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման թափանցիկության, համաչափության, որոշակիության, կանխատեսելիության և պատասխանատվության միջոցի կիրառման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ սկզբունքների ապահովումն է։

4. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցի կիրառման նպատակն է.

1) պատասխանատվության ենթարկել Օրենքի խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտին.

2) կանխել Օրենքի խախտում թույլ տված և այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից Օրենքի հետագա խախտման հնարավոր դրսևորումները.

3) վերականգնել սոցիալական արդարությունը։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

6. Վարույթի շրջանակում մեկից ավելի իրավախախտումներ քննարկելիս, որոնք տնտեսավարող սուբյեկտը կատարել է տարբեր գործողություններով կամ վարքագծով, Հանձնաժողովը պատասխանատվության միջոցի ընտրությունը և տուգանքի հաշվարկն իրականացնում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին։

7. Հանձնաժողովը տալիս է նախազգուշացում հետևյալ դեպքերում.

1) իրավախախտումը կատարվել է պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից․

2) իրավախախտման համար նշանակվելիք տուգանքի չափը հաշվարկման արդյունքում չի գերազանցում 250 000 ՀՀ դրամը.

3) Հանձնաժողովը որոշել է տալ նախազգուշացում՝ Մեթոդաբանության 48-րդ կետի կիրառման արդյունքում:

8. Նախազգուշացում չի կարող տրվել հետևյալ իրավախախտումների դեպքերում.

1) հակամրցակցային համաձայնության կնքում (կայացում, այդ համաձայնությանը մասնակցություն).

2) մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահում։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՏՈՒԳԱՆՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է հետևյալ բանաձևով.

 

Տ = Բ + Բ x (Ծ - Մ)

 

Որտեղ՝

Տ-ն տուգանքի չափն է.

Բ-ն տուգանքի բազային գումարն է.

Ծ-ն ծանրացնող բոլոր հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է.

Մ-ն մեղմացնող բոլոր հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է։

10. Տուգանքի վերջնական գումարը կլորացվում է դեպի ներքև 1000 ՀՀ դրամի ճշգրտությամբ։

11.Տուգանքի բազային գումարը հաշվարկվում է հետևյալ 4 մեթոդներով.

1) առաջին խումբ իրավախախտումների դեպքում կիրառվող մեթոդ, որը վերաբերում է հետևյալ իրավախախտումներին.

ա. հակամրցակցային համաձայնության կնքումը (կայացումը, այդ համաձայնությանը մասնակցությունը).

բ. տնտեսական գործունեության արգելված համակարգումը.

գ. մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը.

դ. բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը.

ե. արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը.

2) երկրորդ խումբ իրավախախտումների դեպքում կիրառվող մեթոդ, որը վերաբերում է անբարեխիղճ մրցակցության իրավախախտումներին, բացառությամբ ակցիաների.

3) երրորդ խումբ իրավախախտումների դեպքում կիրառվող մեթոդ, որը վերաբերում է ակցիաներին.

4) չորրորդ խումբ իրավախախտումների դեպքում կիրառվող մեթոդ, որը վերաբերում է հետևյալ իրավախախտումներին․

ա. համակենտրոնացման չհայտարարագրումը.

բ. տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը.

գ. տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելը.

դ. Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չդադարեցնելը կամ չշտկելը կամ որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը․

ե․ տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետից ուշ կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը:

12. Անձանց խմբի կողմից Օրենքի խախտման համար նախատեսված տուգանքը նշանակվում և հաշվարկվում է այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնք իրենց գործողությամբ կամ վարքագծով մասնակցություն են ունեցել իրավախախտմանը կամ իրավախախտման հետևանքով ստացել են կամ կարող էին ստանալ շահույթ կամ առավելություն կամ հայտնվել են առավել բարենպաստ պայմաններում։

13. Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ նշանակվող տուգանքի բազային գումարի հաշվարկման համար հիմք է ընդունվում տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր հասույթի կամ ապրանքի իրացումից ստացված հասույթի հանրագումարը, իսկ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների առկայության փաստի հաստատման համար հիմք է ընդունվում տնտեսավարող սուբյեկտներից առնվազն մեկի մոտ նշված հանգամանքների առկայության փաստի հաստատումը։

 

ԳԼՈՒԽ 4

 

ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ԲԱԶԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

14. Առաջին խումբ իրավախախտումների դեպքում կիրառվող տուգանքի բազային գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Բ= Հ x Խ x Ժ

 

Որտեղ՝

Բ-ը տուգանքի բազային գումարն է․

Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթն է կամ ընդհանուր հասույթի կեսն է.

Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսն է.

Ժ-ն իրավախախտման տևողության գործակիցն է:

15. Բազային գումարի հաշվարկման համար հիմք է ընդունվում ապրանքի իրացումից ստացված հասույթը։

16. Բազային գումարի հաշվարկման համար ապրանքի իրացումից ստացված հասույթի փոխարեն հիմք է ընդունվում ընդհանուր հասույթը, եթե.

1) իրավախախտումը չի առնչվում որևէ ապրանքի հետ․

2) կիրառվող բազային գումարը հաշվարկվում է անձանց խմբում ընդգրկված այն տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, որը չունի ապրանքի իրացումից ստացված հասույթ.

3) պետական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ գնահատել ապրանքի իրացումից ստացված հասույթը և տնտեսավարող սուբյեկտը չի ներկայացրել ապացույցներ ընդհանուր հասույթի, ապրանքի իրացումից ստացված հասույթի և դրանց գոյացման հիմքերի վերաբերյալ։

17. Եթե ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի վերաբերյալ պետական մարմնից ստացված տեղեկատվությունը ներառում է համապատասխան ժամանակահատվածը չընդգրկող ամիսներ և առանձնացված չեն համապատասխան ժամանակահատվածում ներառված ամիսներին ստացված հասույթները, ապա տուգանքի բազային գումարի հաշվարկման համար համապատասխան ժամանակահատվածը չընդգրկող ամիսների հասույթը նվազեցվում է։ Նվազեցվող հասույթի գումարը յուրաքանչյուր ամսվա համար հավասար է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հասույթի գումարի և այդ ժամանակաշրջանում ներառված ամիսների հարաբերակցությանը։

18. Առաջին խումբ իրավախախտումներն, ըստ ծանրության, դասակարգվում են 2 խմբի, որոնց համար սահմանվում են հետևյալ տոկոսները.

1) առանձնապես ծանր իրավախախտումներ, որոնց դեպքում կիրառվում է 8 տոկոս դրույքաչափ.

ա. հորիզոնական հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը).

բ. համապատասխան ապրանքային շուկայում մենաշնորհ կամ 50 և ավել տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրքի չարաշահումը.

2) ծանր իրավախախտումներ, որոնց դեպքում կիրառվում է 5 տոկոս դրույքաչափ.

ա. ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը).

բ. համապատասխան ապրանքային շուկայում 50 տոկոսից պակաս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրքի չարաշահումը.

գ. տնտեսական գործունեության արգելված համակարգումը.

դ. բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը.

ե. արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը։

19. Իրավախախտման տևողության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ժ = Ա/12

 

Որտեղ՝

Ժ-ն իրավախախտման տևողության գործակիցն է.

Ա-ն դիտարկվող ժամանակահատվածն է:

20. Եթե դիտարկվող ժամանակահատվածը չի գերազանցում 12 ամբողջական ամիսը, ապա իրավախախտման տևողության գործակիցը հաշվարկվում է 1, իսկ եթե դիտարկվող ժամանակահատվածը 60 ամբողջական ամսից ավելի է, իրավախախտման տևողության գործակիցը հաշվարկվում է 5:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԵՐԿՐՈՐԴ ԽՈՒՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ԲԱԶԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

21. Երկրորդ խումբ իրավախախտումների դեպքում կիրառվող տուգանքի բազային գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Բ = Հ x 2.5% x Ժ

 

Որտեղ՝

Բ-ը տուգանքի բազային գումարն է.

Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթն է կամ ընդհանուր հասույթի կեսն է.

Ժ-ն իրավախախտման տևողության գործակիցն է:

22. Բազային գումարի հաշվարկման համար հիմք ընդունվող հասույթի ընտրությունն իրականացվում է Մեթոդաբանության 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված կարգով։

23. Եթե դիտարկվող ժամանակահատվածը չի գերազանցում 12 ամբողջական ամիսը, ապա իրավախախտման տևողության գործակիցը հաշվարկվում է 1, իսկ եթե դիտարկվող ժամանակահատվածը 12 ամբողջական ամսից ավելի է՝ իրավախախտման տևողության գործակիցը հաշվարկվում է 1.5:

 

ԳԼՈՒԽ 6

 

ԵՐՐՈՐԴ ԽՈՒՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ԲԱԶԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

24. Երրորդ խումբ իրավախախտումների դեպքում կիրառվող տուգանքի բազային գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Բ = Հ x 5% x Ժ

 

Որտեղ՝

Բ-ը տուգանքի բազային գումարն է.

Հ-ն ընդհանուր հասույթն է.

Ժ-ն իրավախախտման տևողության գործակիցն է։

25. Բազային գումարի հաշվարկման համար հիմք ընդունվող հասույթի ընտրությունն իրականացվում է Մեթոդաբանության 17-րդ կետերով սահմանված կարգով։

26. Իրավախախտման տևողության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ժ = Թ/Օ

 

Որտեղ՝

Ժ-ն իրավախախտման տևողության գործակիցն է.

Թ-ն ակցիայի տևողության օրերի թիվն է.

Օ-ն 365 է, իսկ իրավախախտման նախորդող տարում 12 ամբողջական ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում՝ իրավախախտման դադարեցմանը կամ վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող, բայց ոչ ավել քան 12 ամբողջական ամսվա ընթացքում իրականացրած գործունեության ժամանակահատվածի օրացուցային օրերի թիվն է։

 

ԳԼՈՒԽ 7

 

ՉՈՐՐՈՐԴ ԽՈՒՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ԲԱԶԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

27. Չորրորդ խումբ իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերություններում նախատեսված իրավախախտումների համար հավասար է 2 000 000 ՀՀ դրամի, իսկ Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված իրավախախտումների համար՝ 1 000 000 ՀՀ դրամի։

28. Վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտի կողմից Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «բ», «գ» և «ե» պարբերություններում նախատեսված իրավախախտումների համար նշանակվող տուգանքի բազային գումարը հաշվարկվում է համապատասխանաբար առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի իրավախախտումների համար նախատեսված բազային գումարի հաշվարկման մեթոդով, որտեղ առաջին և երկրորդ խմբի իրավախախտումների համար նախատեսված բազային գումարի հաշվարկման մեթոդի կիրառման դեպքում իրավախախտման տևողության գործակիցը 1 է, իսկ երրորդ խմբի իրավախախտումների համար նախատեսված բազային գումարի հաշվարկման մեթոդի կիրառման դեպքում՝ 0,04, սակայն ոչ պակաս, քան Մեթոդաբանության 27-րդ կետով սահմանված չափը, իսկ ծանրացնող և մեղմացնող հանգամանքները հաշվարկվում են չորրորդ խմբի իրավախախտումների համար նախատեսված ծանրացնող և մեղմացնող հանգամանքների դրույքաչափերով։

 

ԳԼՈՒԽ 8

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱՑՆՈՂ ԵՎ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

29. Առաջին խումբ իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներն են.

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունը ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, որը Հանձնաժողովը հաստատված է համարում, ի թիվս այլնի, հետևյալ հանգամանքներից առնվազն մեկի առկայության դեպքում.

ա. մրցակիցներին ապրանքային շուկայից դուրս մղելը կամ դուրս մղման հնարավորություն ստեղծելը, եթե ապրանքային շուկայից դուրս չմղվելու նպատակով մրցակից տնտեսավարող սուբյեկտը ներգրավել կամ ծախսել է լրացուցիչ միջոցներ.

բ. այլ տնտեսավարող սուբյեկտի ապրանքային շուկա մուտք գործելը սահմանափակելը կամ սահմանափակման հնարավորություն ստեղծելը, եթե ապրանքային շուկա մուտք գործելու նպատակով մրցակից տնտեսավարող սուբյեկտը ներգրավել կամ ծախսել է լրացուցիչ միջոցներ․

գ․ տնտեսավարող սուբյեկտի վարքագծի արդյունքում ապրանքային շուկայում կամ տնտեսությունում առաջարկի կամ պահանջարկի շոկեր առաջացնելը, որոնք տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացմամբ պայմանավորված՝ որպես պատահական, անկանխատեսելի իրադարձություններ, բացասական ազդեցություն են թողնում ապրանքային շուկայի կամ տնտեսության վրա՝ առաջացնելով ապրանքային շուկայի կարճաժամկետ կտրվածքով ինքնակարգավորման համար լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն․

2) խախտման կրկնակիությունը, եթե տնտեսավարող սուբյեկտը Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից առաջ անբողոքարկելի դարձած վարչական ակտով ենթարկվել է պատասխանատվության Օրենքի 93-րդ հոդվածով սահմանված նույն խախտման համար, բացառությամբ երբ նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից անցել է 5 տարի.

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում իրավախախտումն իրականացնողի ակտիվ դերը իրավախախտման իրականացման ժամանակ, կամ մրցակից տնտեսավարող սուբյեկտների դիրքը ապրանքային շուկայում որևէ կերպ թուլացնելու կամ նրա մրցակցային վիճակը վատթարացնելու մտադրությունը․

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում տնտեսավարող սուբյեկտի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված լինելը, Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին նախորդող երեք տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կամ նրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական հանցագործության համար դատապարտված լինելը։

30. Առաջին խումբ իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները հաշվարկվում են հետևյալ դրույքաչափերով.

 

Առաջին խումբ իրավախախտումների ծանրացնող հանգամանքներ

Դրույքաչափ (տոկոս)

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունն ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա

30

2) յուրաքանչյուր խախտման կրկնակիության դեպք

25

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը

15

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը

5

 

31. Երկրորդ խումբ իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներն են.

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունը ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, որը Հանձնաժողովը հաստատված է համարում, ի թիվս այլնի, հետևյալ հանգամանքներից առնվազն մեկի առկայության դեպքում.

ա. իրավախախտման հետևանքով տնտեսավարող սուբյեկտի իրացման ծավալների զգալի աճը.

բ. իրավախախտման հետևանքով տնտեսավարող սուբյեկտի փաստացի լրացուցիչ շահույթ ստանալը կամ գույք խնայելը, կամ սպառողների կողմից լրացուցիչ ծախսեր կատարելը կամ սովորական պայմաններում ստացման ենթակա եկամուտները չստանալը կամ իրական վնասներ կրելը.

գ. իրավախախտման հետևանքով մրցակից տնտեսավարող սուբյեկտի իրացման ծավալների կրճատումը.

2) խախտման կրկնակիությունը, եթե տնտեսավարող սուբյեկտը Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից առաջ անբողոքարկելի դարձած վարչական ակտով ենթարկվել է պատասխանատվության Օրենքի 93-րդ հոդվածով սահմանված նույն խախտման համար, բացառությամբ, երբ նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից անցել է 5 տարի․

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում մրցակից տնտեսավարող սուբյեկտների դիրքը ապրանքային շուկայում որևէ կերպ թուլացնելու կամ նրա մրցակցային վիճակը վատթարացնելու մտադրությունը կամ սպառողների լայն շրջանակներին ուղղված գործողության կամ վարքագծի արդյունքում կարճ ժամանակահատվածում իրացման ծավալներն էական ավելացնելու ակնկալիքը.

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում տնտեսավարող սուբյեկտի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված լինելը, Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին նախորդող երեք տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կամ նրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական հանցագործության համար դատապարտված լինելը։

32. Երկրորդ խումբ իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները հաշվարկվում են հետևյալ դրույքաչափերով.

 

Երկրորդ խումբ իրավախախտումների ծանրացնող հանգամանքներ

Դրույքաչափ (տոկոս)

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունն ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա

30

2) յուրաքանչյուր խախտման կրկնակիության դեպք

25

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը

15

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը

5

 

33. Երրորդ խումբ իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներն են.

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունը ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, որը Հանձնաժողովը հաստատված է համարում, ի թիվս այլնի, հետևյալ հանգամանքներից առնվազն մեկի առկայության դեպքում.

ա. իրավախախտման հետևանքով տնտեսավարող սուբյեկտի իրացման ծավալների զգալի աճը․

բ․ իրավախախտման արդյունքում տնտեսավարող սուբյեկտի փաստացի լրացուցիչ շահույթ ստանալը կամ գույք խնայելը, կամ սպառողների կողմից լրացուցիչ ծախսեր կատարելը կամ սովորական պայմաններում ստացման ենթակա եկամուտները չստանալը կամ իրական վնասներ կրելը.

գ․ մրցակից տնտեսավարող սուբյեկտի իրացման ծավալների կրճատումը․

դ․ ակցիային չհամապատասխանող ապրանքների մասնաբաժնի՝ ակցիային մասնակցող ապրանքներից իրացված ապրանքների 30 տոկոսից մեծ լինելը․

2) խախտման կրկնակիությունը, եթե տնտեսավարող սուբյեկտը Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից առաջ անբողոքարկելի դարձած վարչական ակտով ենթարկվել է պատասխանատվության Օրենքի 93-րդ հոդվածով սահմանված նույն խախտման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից անցել է 5 տարի.

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում սպառողների լայն շրջանակներին ուղղված գործողության կամ վարքագծի արդյունքում կարճ ժամանակահատվածում իրացման ծավալները զգալի ավելացնելու ակնկալիքը․

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում տնտեսավարող սուբյեկտի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված լինելը, Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին նախորդող երեք տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կամ նրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական հանցագործության համար դատապարտված լինելը։

34. Երրորդ խումբ իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները հաշվարկվում են հետևյալ դրույքաչափերով.

 

Երրորդ խումբ իրավախախտումների ծանրացնող հանգամանքներ

Դրույքաչափ (տոկոս)

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունն ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա

30

2) յուրաքանչյուր խախտման կրկնակիության դեպք

25

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը

15

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը

5

 

35. Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված իրավախախտման դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներն են.

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի անուղղակի ազդեցությունը մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, ինչը, ի թիվս այլնի, կարող է դրսևորվել Հանձնաժողովի համար էական նշանակություն ունեցող տեղեկատվության ստացման անհնարինությամբ կամ դժվարացմամբ.

2) խախտման կրկնակիությունը, եթե տնտեսավարող սուբյեկտը Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից առաջ անբողոքարկելի դարձած վարչական ակտով ենթարկվել է պատասխանատվության Օրենքի 93-րդ հոդվածով սահմանված նույն խախտման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից անցել է 5 տարի.

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ համակենտրոնացման հայտարարագրման պարտավորության մասին իմանալու պայմաններում այն չհայտարարագրելը․

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում տնտեսավարող սուբյեկտի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված լինելը, Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին նախորդող երեք տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կամ նրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական հանցագործության համար դատապարտված լինելը։

36. Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները հաշվարկվում են հետևյալ դրույքաչափերով.

 

Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված իրավախախտումների ծանրացնող հանգամանքներ

Դրույքաչափ (տոկոս)

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունն ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա

10

2) յուրաքանչյուր խախտման կրկնակիության դեպք

25

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը

30

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը

5

 

37. Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերություններով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներն են.

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի անուղղակի ազդեցությունը մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, որն արտահայտվում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացումն անհնարին դարձնելով, տևական ժամանակով հետաձգելով կամ դժվարացնելով.

2) խախտման կրկնակիությունը, եթե տնտեսավարող սուբյեկտը Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից առաջ անբողոքարկելի դարձած վարչական ակտով ենթարկվել է պատասխանատվության Օրենքի 93-րդ հոդվածով սահմանված նույն խախտման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից անցել է 5 տարի․

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտման փաստը թաքցնելու մտադրությունը․

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում տնտեսավարող սուբյեկտի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված լինելը, Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին նախորդող երեք տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կամ նրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական հանցագործության համար դատապարտված լինելը։

38. Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերություններով նախատեսված իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները հաշվարկվում են հետևյալ դրույքաչափերով.

 

Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերություններով նախատեսված իրավախախտումների ծանրացնող հանգամանքներ

Դրույքաչափ (տոկոս)

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունն ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա

30

2) յուրաքանչյուր խախտման կրկնակիության դեպք

25

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը

30

4) տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը

5

 

39. Առաջին, երկրորդ, երրորդ խումբ իրավախախտումների և չորրորդ խումբ իրավախախտումներից Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերություններով նախատեսված իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցը մեղմացնող հանգամանքներն են.

1) Հանձնաժողովի հետ համագործակցելը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում.

ա. իրավախախտման հետևանքների վերացումը, իսկ հետևանքների վերացման անհնարինության դեպքում՝ այդ ուղղությամբ, մինչև վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողով գրավոր դիրքորոշում ներկայացնելը, համապատասխան գործողությունների ձեռնարկումը, բացառությամբ արագացված վարույթի կիրառման դեպքի.

բ. տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելը հակամենաշնորհային կոմպլաենսի վերաբերյալ ներքին իրավական ակտի (այսուհետ նաև՝ կոմպլաենս) ընդունումը և Հանձնաժողովին ներկայացումը, եթե կոմպլաենսը ներդնելուց հետո տնտեսավարող սուբյեկտն առաջին անգամ է կատարել իրավախախտում․

գ. տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո տնտեսավարող սուբյեկտի կողմից կոմպլաենսի ընդունումը և մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կայացնելը Հանձնաժողովին ներկայացումը․

դ. տնտեսավարող սուբյեկտի կողմից Օրենքով նախատեսված պարտականություններից դուրս ապացույցների ներկայացումը, որոնք էապես նպաստում են գործի քննությանը, և Հանձնաժողովի կողմից դրանց ձեռքբերումը կպահանջեր լրացուցիչ ռեսուրսներ.

ե. տնտեսավարող սուբյեկտի՝ Օրենքով նախատեսված պարտականություններից դուրս այնպիսի տեղեկատվության ներկայացումը, որը Հանձնաժողովի այլ վարույթների շրջանակում ապացույցների ձեռք բերման տեսանկյունից ունի էական նշանակություն.

զ տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված իրավախախտման մասին Հանձնաժողովին տեղեկացնելը մինչև Հանձնաժողովի կողմից իրավախախտման մասին այլ աղբյուրներից տեղեկանալը.

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում.

ա. պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ վարքագծի հետևանքով տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելը.

բ. օրենսդրական ուղղակի կարգավորումների բացակայության կամ թերի կարգավորումների պատճառով տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելը.

3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը, որը գնահատելիս, ի թիվս այլնի, հաշվի են առնվում տնտեսավարող սուբյեկտի ունեցած դրական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, համապատասխան ապրանքային շուկայի կամ ոլորտի վրա, բարեխիղճ վարքագծի համար պետական մարմիններից ստացած խրախուսումները.

4) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստը գրավոր ընդունելը, բացառությամբ արագացված վարույթի կիրառման դեպքի։

40. Առաջին, երկրորդ, երրորդ խումբ իրավախախտումների և չորրորդ խումբ իրավախախտումներից Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերություններով նախատեսված իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները հաշվարկվում են հետևյալ դրույքաչափերով.

 

Առաջին, երկրորդ, երրորդ խումբ իրավախախտումների և չորրորդ խումբ իրավախախտումներից Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերություններով նախատեսված իրավախախտումների մեղմացնող հանգամանքներ

Դրույքաչափ (տոկոս)

1) Հանձնաժողովի հետ համագործակցելը

ա․ իրավախախտման հետևանքների վերացումը, իսկ հետևանքների վերացման անհնարինության դեպքում՝ այդ ուղղությամբ, մինչև վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողով գրավոր դիրքորոշում ներկայացնելը, համապատասխան գործողությունների ձեռնարկումը, բացառությամբ արագացված վարույթի կիրառման դեպքի

10

բ․ տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելը կոմպլաենսի ընդունումը և Հանձնաժողովին ներկայացումը, եթե կոմպլաենսը ներդնելուց հետո տնտեսավարող սուբյեկտն առաջին անգամ է կատարել իրավախախտում

10

գ․ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո տնտեսավարող սուբյեկտի կողմից կոմպլաենսի ընդունումը և մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կայացնելը Հանձնաժողովին ներկայացումը

5

դ․ տնտեսավարող սուբյեկտի կողմից Օրենքով նախատեսված պարտականություններից դուրս ապացույցների ներկայացումը, որոնք էապես նպաստում են գործի քննությանը, և Հանձնաժողովի կողմից դրանց ձեռքբերումը կպահանջեր լրացուցիչ ռեսուրսներ

15

ե․ տնտեսավարող սուբյեկտի՝ Օրենքով նախատեսված պարտականություններից դուրս այնպիսի տեղեկատվության ներկայացումը, որը Հանձնաժողովի այլ վարույթների շրջանակում ապացույցների ձեռք բերման տեսանկյունից ունի էական նշանակություն

20

զ. տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված իրավախախտման մասին Հանձնաժողովին տեղեկացնելը մինչև Հանձնաժողովի կողմից իրավախախտման մասին այլ աղբյուրներից տեղեկանալը

20

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը

ա․ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ վարքագծի հետևանքով տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելը

10

բ․ օրենսդրական ուղղակի կարգավորումների բացակայության կամ թերի կարգավորումների պատճառով տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելը

10

3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը

5

4) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստը գրավոր ընդունելը, բացառությամբ արագացված վարույթի կիրառման դեպքի

15

 

41. Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված իրավախախտման դեպքում պատասխանատվության միջոցը մեղմացնող հանգամանքներն են.

1) Հանձնաժողովի հետ համագործակցելը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում.

ա. տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելը կոմպլաենսի ընդունումը և Հանձնաժողովին ներկայացումը, եթե կոմպլաենսը ներդնելուց հետո տնտեսավարող սուբյեկտն առաջին անգամ է կատարել իրավախախտում․

բ. տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո տնտեսավարող սուբյեկտի կողմից կոմպլաենսի ընդունումը և մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կայացնելը Հանձնաժողովին ներկայացումը․

գ. տնտեսավարող սուբյեկտի կողմից Օրենքով նախատեսված պարտականություններից դուրս ապացույցների ներկայացումը, որոնք էապես նպաստում են գործի քննությանը, և Հանձնաժողովի կողմից դրանց ձեռքբերումը կպահանջեր լրացուցիչ ռեսուրսներ.

դ. տնտեսավարող սուբյեկտի՝ Օրենքով նախատեսված պարտականություններից դուրս այնպիսի տեղեկատվության ներկայացումը, որը Հանձնաժողովի այլ վարույթների շրջանակում ապացույցների ձեռք բերման տեսանկյունից ունի էական նշանակություն․

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում.

ա. պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ վարքագծի հետևանքով տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելը.

բ. համակենտրոնացման պասիվ մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ համակենտրոնացման հայտարարագրման պարտավորության մասին տեղեկացված չլինելը այն դեպքերում, երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքը և հասույթի չափը չեն գերազանցում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը և հասույթի չափը․

գ. համակենտրոնացման ակտիվ մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ համակենտրոնացման հայտարարագրման պարտավորության մասին տեղեկացված չլինելը այն դեպքում, երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքը և հասույթի չափը չեն գերազանցում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը և հասույթի չափը, բացառությամբ այն դեպքերի, երբ համակենտրոնացման ակտիվ մասնակից տնտեսավարող սուբյեկտը իրավունք ուներ ստանալու համակենտրոնացման մյուս մասնակից տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքի և հասույթի չափի վերաբերյալ տեղեկատվություն․

դ. անձանց խմբի ներսում համակենտրոնացում իրականացնելը.

3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը, որը գնահատելիս, ի թիվս այլնի, հաշվի են առնվում տվյալ տնտեսավարող սուբյեկտի ունեցած դրական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, համապատասխան ապրանքային շուկայի կամ ոլորտի վրա, բարեխիղճ վարքագծի համար պետական մարմիններից ստացած խրախուսումները.

4) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստը գրավոր ընդունելը՝ բացառությամբ արագացված վարույթի կիրառման դեպքի։

42. Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված իրավախախտման դեպքում պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները հաշվարկվում են հետևյալ դրույքաչափերով.

 

Մեթոդաբանության 11-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված իրավախախտման մեղմացնող հանգամանքներ

Դրույքաչափ (տոկոս)

1) Հանձնաժողովի հետ համագործակցելը

ա․ տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելը կոմպլաենսի ընդունումը և Հանձնաժողովին ներկայացումը, եթե կոմպլաենսը ներդնելուց հետո տնտեսավարող սուբյեկտն առաջին անգամ է կատարել իրավախախտում

10

բ․ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո տնտեսավարող սուբյեկտի կողմից կոմպլաենսի ընդունումը և մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կայացնելը Հանձնաժողովին ներկայացումը

5

գ․ տնտեսավարող սուբյեկտի կողմից Օրենքով նախատեսված պարտականություններից դուրս ապացույցների ներկայացումը, որոնք էապես նպաստում են գործի քննությանը, և Հանձնաժողովի կողմից դրանց ձեռքբերումը կպահանջեր լրացուցիչ ռեսուրսներ

10

դ․ տնտեսավարող սուբյեկտի՝ Օրենքով նախատեսված պարտականություններից դուրս այնպիսի տեղեկատվության ներկայացումը, որը Հանձնաժողովի այլ վարույթների շրջանակում ապացույցների ձեռք բերման տեսանկյունից ունի էական նշանակություն

20

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները, հանգամանքները և դիտավորությունը

ա․ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ վարքագծի հետևանքով տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելը

10

բ․ համակենտրոնացման պասիվ մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ համակենտրոնացման հայտարարագրման պարտավորության մասին տեղեկացված չլինելը այն դեպքերում, երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքը և հասույթի չափը չեն գերազանցում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը և հասույթի չափը

30

գ. համակենտրոնացման ակտիվ մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ համակենտրոնացման հայտարարագրման պարտավորության մասին տեղեկացված չլինելը այն դեպքում, երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքը և հասույթի չափը չեն գերազանցում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը և հասույթի չափը, բացառությամբ այն դեպքերի, երբ համակենտրոնացման ակտիվ մասնակից տնտեսավարող սուբյեկտը իրավունք ուներ ստանալու համակենտրոնացման մյուս մասնակից տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքի և հասույթի չափի վերաբերյալ տեղեկատվություն

30

ե. անձանց խմբի ներսում համակենտրոնացում իրականացնելը

50

3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը

5

4) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստը գրավոր ընդունելը՝ բացառությամբ արագացված վարույթի կիրառման դեպքի

15

 

43. Հանձնաժողովը դիտարկում ու վարչական ակտում արտացոլում է միայն այն ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, որոնք հաստատվել են համապատասխան վարույթի ընթացքում:

44. Մեղմացնող հանգամանքի առկայության ապացուցման բեռը կրում է վարույթով պատասխանողը։

 

ԳԼՈՒԽ 9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ

 

45. Բացառիկ դեպքերում, երբ տուգանքի նշանակումը կարող է հանգեցնել տնտեսավարող սուբյեկտի հաշվեկշռային անվճարունակության, տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված դիմումի և ապացույցների հիման վրա Հանձնաժողովը կարող է նվազեցնել Մեթոդաբանությամբ հաշվարկված տուգանքի չափը այնքանով, որքանով դա կհանգեցներ տնտեսավարող սուբյեկտի հաշվեկշռային անվճարունակության։

46. Օրենքով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու մասին դիմումի բավարարման դեպքում առաջին տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է Մեթոդաբանությամբ հաշվարկված տուգանքի 50 տոկոսը, երկրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ 70 տոկոսը, իսկ երրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ 85 տոկոսը:

47. Արագացված վարույթի կիրառման արդյունքում տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է Մեթոդաբանությամբ հաշվարկված տուգանքի 50 տոկոսը։

48. Պատասխանատվության միջոցի տեսակի ակնհայտ անհամապատասխանության կամ տուգանքի գումարի չափի մեծ լինելու հիմքով ակնհայտ անհամաչափության դեպքում պատասխանատվության միջոցի կիրառման նպատակներին հասնելու համար Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված դիմումի և ապացույցների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կարող է նվազեցնել տուգանքի գումարի չափը կամ տալ նախազգուշացում։

49. Այն դեպքերում, երբ Մեթոդաբանությամբ սահմանված կարգով հաշվարկված տուգանքը գերազանցում է Օրենքի 93-րդ հոդվածով, 97-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 88-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տուգանքի առավելագույն չափը, Հանձնաժողովը տուգանքի գումարը նվազեցնում է մինչև Օրենքի 93-րդ հոդվածով, 97-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 88-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տուգանքի առավելագույն չափը։

50. Պատասխանատվության միջոցի տեսակի ակնհայտ անհամապատասխանության կամ տուգանքի գումարի չափի փոքր լինելու հիմքով ակնհայտ անհամաչափության դեպքում պատասխանատվության միջոցի կիրառման նպատակներին հասնելու համար Հանձնաժողովը իր նախաձեռնությամբ կարող է մեծացնել տուգանքի գումարի չափը՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված տուգանքի առավելագույն չափը։

(հավելվածը խմբ. 24.01.23 N 31-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.01.2023, N 31-Ն 01.02.2023, N 395-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան