ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում «N 3 ցանկի» բառերը փոխարինել «N 2 ցանկի» բառերով․
2) հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
3) հավելվածի 7․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7․1․ Տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգում է տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի`
1) հարկադիր կատարողի որոշմամբ հետախուզման բացակայության հանգամանքը.
2) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման հանգամանքը: Տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ տեղեկատվությունը չի պահանջվում նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ, կամ եթե տրանսպորտային միջոցը հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում, կամ Հարկային օրենսգրքի 246-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության առաջացման ժամկետը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի ծագման գործընթացի ընթացքում տեխնիկական զննության իրականացման ժամանակ․
3) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։».
4) հավելվածի 7․2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7.2. Տեխնիկական զննություն իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն չի իրականացվում, եթե՝
1) տրանսպորտային միջոցի տիրապետողի կամ սեփականատիրոջ կողմից չի ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը․
2) տեխնիկական զննություն իրականացնողի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայության ստուգման հիման վրա հաստատվել է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման առկայությունը․
3) տեխնիկական զննություն իրականացնողի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների կատարման ստուգման հիման վրա հաստատվել է գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարված չլինելու հանգամանքը, բացառությամբ 7․1-ին կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասությամբ նախատեսված դեպքերի․
4) տեխնիկական զննություն իրականացնողի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգման հիման վրա հաստատվել է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրում չանցնելու կամ գազաբալոնի պարբերական վկայագրման ժամկետանց լինելու հանգամանքը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|