Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2023-17.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2023 թվականի N 57-Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին ենթակետին և «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 12-ի N 57-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական գործընթացի կառավարումն ամբողջությամբ կամ դրա մի մասն իրավաբանական անձին պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները:

2. Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար իրավաբանական անձին կարող են պատվիրակվել առնվազն 3 հաստատության վարչատնտեսական գործառույթներ:

3. Իրավաբանական անձին կարող են պատվիրակվել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 19-րդ մասով պետական հաստատության վարչատնտեսական գործառույթներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:

4. Հաստատության վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններն են՝

1) հաշվապահություն.

2) գնումների գործընթաց. պայմանագիր.

3) սննդի կազմակերպում.

4) սանիտարահիգիենիկ վիճակի ապահովում․

5) անվտանգության տեխնիկայի ապահովում․

6) ընթացիկ տեխնիկական սպասարկում:

5. Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող հաստատությունների վարչատնտեսական մասի համակարգողները (այսուհետ՝ համակարգող) հաստատություններում վարչատնտեսական գործառույթները պատվիրակելու մասին հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը։ Լիազորված մարմինն ուսումնական հաստատություններից ստացված հայտերի հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարում է համապատասխան գնման ընթացակարգեր։

6. Վարչատնտեսական գործառույթների պատվիրակումն իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի պահանջներին համապատասխան, որի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ կնքվում է պայմանագիր:

7. Այն դեպքում, երբ վարչատնտեսական գործառույթների՝ սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմնական ուղղություններից որևէ մեկի պատվիրակման՝ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մրցույթը չի կայանում, չեղյալ է համարվում, հաղթող չի ճանաչվում, կամ դատական կարգով բողոքարկվում են մրցույթի արդյունքները, ապա այդ գործառույթներն իրականացնող աշխատողների համակարգման աշխատանքներն իրականացնում է հաստատության համակարգողը, մինչև օրենքով սահմանված կարգով այդ գործառույթի պատվիրակումը։

8. Անկախ պատճառներից մրցույթը չկայանալու դեպքում պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ, մինչև սույն կարգի համաձայն մրցույթում հաղթող ճանաչվելը:

9. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակման դեպքում, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կամ որոշմամբ նշանակվում է համապատասխան գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանում և իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատու ստորաբաժանմանը վերապահված լիազորությունները։

10. Սույն կարգի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանվում են գործընթացի առանձնահատկությունները, իսկ գնումների գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման պահանջներին համապատասխան:

11. Իրավաբանական անձը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում համապատասխանաբար՝ լիազոր մարմինը կամ հաստատության վարչատնտեսական մասի համակարգողն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ, սույն կարգով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանման, ինչպես նաև հաստատությունում սովորողների և աշխատողների կյանքի, առողջության և ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

12. Իրավաբանական անձը ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը համակարգողին է ներկայացնում իրեն պատվիրակված գործառույթների՝ նախորդ ամսվա ընթացքում կատարման վերաբերյալ ընդունման-հանձնման արձանագրությունը (այսուհետ՝ արձանագրություն)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի N 230-Ն հրամանով սահմանված ձևաչափի:

13. Համակարգողն արձանագրությունն ստանալուց հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դրա հիման վրա լիազոր մարմին է ներկայացնում եզրակացություն՝ կցելով տվյալ ամսվա արձանագրությունը։

14. Եզրակացության և արձանագրության հիման վրա լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել տվյալ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրի գործողությունը շարունակելու կամ այն լուծելու վերաբերյալ։

15. Համակարգողը՝ իրավաբանական անձին պատվիրակված գործառույթները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմին՝ օրենսդրությամբ սահմանված վերահսկողություն իրականացնող մարմիններին դիմելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.05.2024, N 704-Ն 17.05.2024, N 57-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան