Գլխավոր տեղեկություն
Համար
N 151
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2001-22.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.230
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

041.0151.23.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2001 թվականի N 151
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի անդամների թիվը` 13 մարդ:

(2-րդ կետը փոփ. 21.08.01 N 605)

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 18-ի N 202 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածը լրացնել հետևյալ նոր` 83-րդ տողով.

«83. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 60   2   1»:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2001 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
փետրվարի 23-ի N 151 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն (այսուհետև` կոմիտե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմին է` գերատեսչության կարգավիճակով, որն իրականացնում է ջրային տնտեսության` հանրապետության ջրատնտեսական համակարգերի շահագործման ոլորտի (այսուհետև` ոլորտ) կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Կոմիտեն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

4. Կոմիտեն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

6. Կոմիտեի կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Կոմիտեի խնդիրներն ու գործառույթները

 

7. Կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ջրի վերաբերյալ ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների պահպանման ու օգտագործման քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

բ) ջրային յուրաքանչյուր աղբյուրի` ըստ օգտագործման ուղղությունների տարեկան և եռամյա պահանջարկի ու առաջնային ջրօգտագործողների կողմից ջրի օգտագործման տարեկան պաշարների չափաքանակների վերաբերյալ նախագծի մշակումը.

գ) ըստ աղբյուրների և ջրօգտագործողների` ջրերի օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնելը.

դ) խմելու ջրի, կեղտաջրերի հեռացման (բացի Երևանի տարածքից) և ոռոգման ոլորտում, հիդրոտեխնիկական կառույցների շինարարության, տեխնիկական շահագործման, ջրի մատակարարման ու օգտագործված ջրերի հեռացման, բնական և արհեստական ջրային ավազաններում առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններում պետական բաժնեմասի, ինչպես նաև նշված ոլորտներում արտասահմանյան ֆինանսական աղբյուրների հաշվին ներդրումային ծրագրերն իրականացնող պետական հիմնարկների կառավարման լիազորությունների իրականացումը.

ե) իր հաշվեկշռում գտնվող ստորերկրյա ջրերի հորատանցքերի անձնագրավորումը.

զ) խմելու ջրի, ոռոգման ջրի և կեղտաջրերի հեռացման սակագների վերաբերյալ (մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց սահմանման գործառույթը ոչ կառավարման մարմնին հանձնելը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնելը.

է) իր իրավասության սահմաններում ջրային տնտեսության ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացման կազմակերպումը.

ը) ոլորտի գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ջրօգտագործման, ջրահեռացման և ներդրումային քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացման կազմակերպումը.

թ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտի շահերը միջազգային կազմակերպություններում ներկայացնելն ու դրանց պաշտպանությունը.

ժ) Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման և դրա հիման վրա ջրօգտագործման ու ջրահեռացման ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքների կազմակերպման ապահովումը, ոլորտում գիտատեխնիկական միասնական քաղաքականության մշակումը և բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.

ժա) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման գործընթացի նախապատրաստական աշխատանքներին մասնակցությունը.

ժբ) Արփա-Սևան թունելի, կոլեկտորադրենաժային ցանցերի, ոռոգման համակարգերի, ջրամբարների և հակահեղեղային համակարգերի կառուցման, վերակառուցման ու նորոգման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի գծով գլխավոր պատվիրատուի գործառույթների կատարումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ոլորտում պետական պատվերով կատարվող կապիտալ ներդրումների և ներգրավված վարկերի հաշվին շինարարական ու հիմնանորոգման աշխատանքների իրականացումը, դրանց նկատմամբ վերահսկողությունը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցությունը և ոլորտին հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

ժե) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ արտադրական, տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջազգային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստմանը մասնակցությունը.

ժէ) ջրատնտեսական համակարգերի (ոռոգում, ցամաքեցում, ջրարբիացում), ինչպես նաև հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարների ու թունելների շահագործման, ջրատնտեսական համակարգերի, ջրամբարների, թունելների ու մյուս հիդրոտեխնիկական կառուցվածքների նորոգման ու պահպանման, խմելու և ոռոգման ջրերի անխափան մատակարարման կազմակերպումը, մասնակցությունը հակահեղեղային միջոցառումների ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացման կազմակերպմանը.

ժը) իր իրավասության սահմաններում ոլորտի անվտանգությունն ապահովող տեխնոլոգիական սարքավորումներով անհրաժեշտ հագեցվածության և գործունեության ընթացքում տեխնոլոգիական նորմերի ու պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

ժթ) միջպետական, միջմարզային ու միջհամայնքային ջրաբաշխման նկատմամբ վերահսկողությունը.

ի) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացումը.

իա) օտարերկրյա պետությունների կողմից ոլորտին անհրաժեշտ դրամաշնորհային ծրագրերի նախագծերի նախապատրաստումը և դրանց իրականացման կազմակերպումն ու հսկումը.

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների միասնական համակարգի ներդրմանը մասնակցությունը.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Կոմիտեի աշխատանքի կազմակերպումը

 

8. Կոմիտեի համակարգն ընդգրկում է իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

9. Կոմիտեն`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը.

բ) Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է գործնական կապեր ու համագործակցություն` ոլորտին վերաբերող հարցերի լուծման նպատակով.

գ) Հայաստանի Հանրապետության անունից իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորությունները.

դ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ.

ե) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին.

զ) ոլորտի կառավարմանը վերաբերող բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման սկզբունքի հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության սահմանմամբ.

է) կազմակերպում է կոմիտեի կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում ու որակավորման ստուգում, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման ու մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

ը) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումներ և բողոքներ) ժամանակին քննարկումը, ապահովում դրանցում բարձրացված հարցերի ճիշտ լուծումը, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում աշխատանքներում տեղ գտած թերությունները վերացնելու համար:

10. Կոմիտեն գլխավորում է նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

11. Նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

12. Նախագահը`

ա) ղեկավարում է կոմիտեի համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է կոմիտեի` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի հիմնարկների և կազմակերպությունների համար.

գ) սահմանում է նախագահի տեղակալների, կոմիտեի կենտրոնական ապարատի վարչությունների ու բաժինների պետերի և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների և պատասխանատվության սահմանները.

դ) կատարում է նախագահի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

զ) հաստատում է կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, համակարգի հիմնարկների կանոնադրությունները.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է կոմիտեի կոլեգիայի նիստերը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեի կենտրոնական ապարատի ֆինանսական միջոցներն ու գույքը, տալիս լիազորագրեր, կնքում քաղաքացիաիրավական պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներին: Աշխատանքային պայմանագրեր է կնքում կոմիտեի համակարգի հիմնարկների ղեկավարների հետ, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում կոմիտեի աշխատողներին.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Նախագահի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:

14. Կոմիտեում ստեղծվում է կոլեգիա, որպես կոմիտեի նախագահին առընթեր խորհրդակցական մարմին, որի կազմի մեջ մտնում են կոմիտեի նախագահը (նախագահ), նախագահի տեղակալները` ի պաշտոնե, կենտրոնական ապարատի այլ ղեկավար աշխատողներ, համակարգի հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ: Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցին առնչվող հրավիրված անձինք:

15. Կոմիտեի կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և կոմիտեի գործունեությանն առնչվող այլ հարցեր, քննարկում համակարգի գործնական ղեկավարման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և կոմիտեի լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

16. Կոմիտեի կոլեգիայի նիստը գումարվում է առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` նախագահի հաստատած կոլեգիայի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:

17. Կոլեգիայի նիստերին կոլեգիայի անդամների ներկայությունը պարտադիր է:

Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:

Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և, որպես կանոն, կենսագործվում նախագահի հրամաններով:

18. Նախագահի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

19. Կոմիտեն գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելու և տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ստեղծում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված մասնագետներից, փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

20. Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախագահը:

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
փետրվարի 23-ի N 151 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի

 

Կոմիտեի նախագահի աշխատակազմ

Ջրատնտեսական համակարգերի շահագործման համակարգման վարչություն

Խմելու և ոռոգման ջրերի հաշվառման ու իրացման համակարգման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Արտաքին կապերի, ներդրումների, բարեփոխումների և զարգացման վարչություն

Իրավաբանական վարչություն

Առաջին բաժին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2002, N 797-Ն 08.01.2003, N 151
19.11.2001, N 813 22.12.2001, N 151
21.08.2001, N 605 11.09.2001, N 151
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան