ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երեխաների առողջ կենսակերպի և անհատի կրթման ու զարգացման հետ կապված հարաբերությունները:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
մանկապատանեկան սպորտ` մինչև 14 տարեկան մանուկների և 14-ից մինչև 18 տարեկան պատանիների մարզական պարապմունքներ.
մանկապատանեկան մարզական կազմակերպություններ` մանկապատանեկան մարզադպրոցներ, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցներ, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներ, օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ:
(2-րդ հոդվածը լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն)
Հոդված 3. | Օրենքի նպատակը և խնդիրները |
1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու, ինչպես նաև հիվանդությունների ու իրավախախտումների կանխման անհրաժեշտ պայմանների ապահովումը:
2. Սույն օրենքի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների իրավունքների պաշտպանությունը.
2) մանկապատանեկան սպորտի զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.
3) մանկապատանեկան սպորտի զարգացման բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների սահմանումը.
4) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար պայմաններ ստեղծող հիմնարկներին ու կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերումը` անկախ դրանց սեփականության ձևից.
5) մանկապատանեկան սպորտի ոլորտում աշխատող մարզիչ-մանկավարժների, բժշկական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.
6) գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը մարզական պարապմունքներին, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, խթանիչների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.
7) ուսումնական և մարզական կազմակերպությունների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների կողմից մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական և առողջարարական բնույթի ծառայությունների համապատասխանեցումը նախադպրոցական, հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչներին.
8) մանուկների ու պատանիների շրջանում ուսումնամարզական միջոցառումների պարբերաբար անցկացումը:
(3-րդ հոդվածը խմբ. 17.11.05 ՀՕ-232-Ն)
Հոդված 4. | Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը |
1. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 5. | Մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները |
1. Մանկապատանեկան սպորտի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունն ապահովում է մանուկների ու պատանիների ֆիզիկական զարգացման և մարզական կրթություն ստանալու հնարավորությունների իրականացումը:
2. Պետությունն ապահովում է`
1) հավասար պայմաններ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար.
2) մարզական վիճակագրության կատարելագործումը.
3) մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի ընդունումը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 6. | Ֆիզիկական դաստիարակությունն ուսումնական հաստատություններում |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուսումնական բոլոր հաստատություններում ուսումնառության ամբողջ ընթացքում իրականացվում է «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը:
2. Նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անվճար պարապմունքների միջոցով իրականացվում է մանկապարտեզներում (անկախ սեփականության ձևից)` մանուկների օրգանիզմի գործառական հնարավորությունների ավելացման, հիմնական շարժողական որակների ու հմտությունների զարգացման, ֆիզիկական վարժությունների, հիգիենայի վերաբերյալ գիտելիքների ստացման նպատակով:
3. Հանրակրթական, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում և մարզական կազմակերպություններում (ներառյալ` պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում) սովորող (ընդգրկված) մանուկների ու պատանիների առողջության պահպանումը և ամրապնդումը, նրանց ֆիզիկական կատարելագործումը և առողջ կենսակերպի ձևավորումն այդ ուսումնական հաստատությունների հիմնական խնդիրներից են:
4. Հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են ուսումնառության ամբողջ ընթացքում` շաբաթական առնվազն 3 ժամով, նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում` մեկ տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով, իսկ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում` մինչև 3 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով:
5. Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին ուսումնամարզական պարապմունքներ:
6. Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվում է մանուկների ու պատանիների մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին:
7. Ուսումնական հաստատությունները և մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեթոդներն ու եղանակները, մարզաձևերն ու պարապմունքների տևողությունը` հենվելով պետական ուսումնական ծրագրերի ու ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչների վրա. կազմակերպում են մարզական միջոցառումներ, իրականացնում են արտաուսումնական ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ:
8. Ուսումնական հաստատություններն անցկացնում են ամենամյա ատեստավորում և պետական չափորոշիչներին համապատասխան` ստուգում են մանուկների ու պատանիների ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնական տարվա արդյունքներին համապատասխան` յուրաքանչյուր սովորող ատեստավորվում է ֆիզիկական պատրաստականության համար` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) սահմանած կարգով:
Հոդված 7. | Հաշմանդամ մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակությունը |
1. Հաշմանդամ մանուկների ու պատանիների ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներին նպատակ ունի բարձրացնել նրանց շարժողունակությունը, վերականգնել օրգանիզմի գործառական հնարավորությունները, նրանց համար ստեղծել բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ:
2. Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպումը, մեթոդաբանական, բժշկական ապահովագրությունը և բուժական հսկողությունն իրականացնում են ուսումնական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների, սոցիալական ապահովության հիմնարկների և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ուսումնական հաստատությունները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինները հաշմանդամների և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ապահովում են ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների անցկացումը, հաշմանդամ մանուկների ու պատանիների նախապատրաստումը և մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին (այդ թվում` աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին)` լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 8. | Ֆիզիկական դաստիարակությունը բնակության վայրում |
1. Մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմաններ են ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմիններն աջակցում են տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական կազմակերպություններին ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ անցկացնելու, առողջ կենսակերպ քարոզելու գործում:
Հոդված 9. | Նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը |
1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը զինվորական ծառայությանն իրականացվում է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում` պետական ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը կարող է պայմանագրեր կնքել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի, մարզական զինվորական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ` նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների զինվորական ծառայությունը նախապատրաստելու վերաբերյալ:
3. Պատանիների ֆիզիկական նախապատրաստումը զինվորական ծառայությանը և դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 10. | Մանկապատանեկան մարզական կազմակերպությունները |
(վերնագիրը լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն)
1. Մանկապատանեկան մարզական կազմակերպությունները կազմակերպում են մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքները, մարզաձևերի հավաքական թիմերը համալրում են մարզիկներով, ապահովում են մանուկների ու պատանիների ֆիզիկական կարողությունների ու գիտելիքների տիրապետումը:
2. Մանկապատանեկան մարզական կազմակերպություններն ստեղծում են իրավաբանական և ֆիզիկական անձինք: Մանկապատանեկան մարզական կազմակերպությունների ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական գործունեությունն իրականացվում է լիազորված մարմնի սահմանած կարգով:
(10-րդ հոդվածը լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն)
Հոդված 101.
Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը
Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
(101-րդ հոդվածը լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն)
Հոդված 11. | Մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությունները |
Մինչև 14 տարեկան անչափահասը մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն` «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. | Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները |
Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները կազմակերպում են մարզիչ-մանկավարժները, որոնց որակավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Հոդված 13. | Մարզական միջոցառումների մրցավարությունը |
Մարզական միջոցառումների մրցավարությունը համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների սահմանած կարգով իրականացնում են համապատասխան մասնագիտական որակավորում ու պատրաստվածություն ունեցող մրցավարները:
Հոդված 14. | Սպորտով զբաղվողների բուժապահովությունը և բժշկական վերահսկողությունը |
1. Մարզական պարապմունքներին մասնակցելու իրավունք ունեն այն մանուկներն ու պատանիները, ովքեր բժշկական հաստատություններում հետազոտվել են և թույլտվություն են ստացել մասնակցելու ուսումնամարզական պարապմունքներին ու մարզական միջոցառումներին:
2. Բարձրակարգ մարզիկներին սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում են մարզական բժշկության կենտրոններ:
3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներում և խմբերում ընդգրկված մանուկների ու պատանիների առողջությանը պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների և ուսումնական ու մարզական հաստատությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
(14-րդ հոդվածը փոփ. 17.11.05 ՀՕ-232-Ն)
Հոդված 15. | Մարզական կարգերը |
Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգերը շնորհվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 16. | Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների և պատանիների ու նրանց մարզիչների պետական աջակցությունը |
Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների և պատանիների ու նրանց մարզիչների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պատվովճարներ, պարգևատրումներ և խրախուսման այլ ձևեր, ինչպես նաև դրանց չափը և տրամադրման կարգը:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 17. | Մանկապատանեկան սպորտի տարեկան ծրագիրը |
1. Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքներն իրականացվում են մանկապատանեկան սպորտի զարգացման տարեկան ծրագրերով (այսուհետ` տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:
2. Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:
3. Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:
Հոդված 18. | Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները |
1. Տարեկան ծրագիրը ներառում է`
1) ծրագրի հիմնական խնդիրները.
2) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.
3) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.
4) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.
5) մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (ներառյալ` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.
6) մարզադպրոցներից, մարզական ակումբներից, մարզաբազաներից և մարզական գույքից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու համար իրականացվող միջոցառումները.
7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների և պատանիների ընդգրկման համար համապատասխան պայմանների ստեղծման և նրանց հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները և նախատեսվող արտոնությունները.
8) մանուկների և պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում` միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ միջոցառումների անցկացման ժամանակացույցը.
9) մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների (ներառյալ` համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք, նյութատեխնիկական ապահովվածություն և այլն) ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները.
10) մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական և առողջապահական բնույթի ծառայություններից անվճար օգտվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.
11) ուսումնական և մարզական հաստատություններում, բնակության վայրերում մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակության ու սպորտով զբաղվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.
12) մինչզորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ իրականացվող միջոցառումները.
13) մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին և պատանիներին ու նրանց մարզիչներին պատվովճարներ, պարգևատրումներ, թոշակներ և խրախուսման այլ ձևեր տրամադրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.
14) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները.
15) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.
16) մանկապատանեկան սպորտի բնագավառում կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումները.
17) այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:
2. Տարեկան ծրագրի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը:
Հոդված 19. | Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը |
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 20. | Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
2) պետական բյուջեի նախագծի կազմում Ազգային ժողով է ներկայացնում մանկապատանեկան սպորտի զարգացման տարեկան ծրագիրը.
3) մշակում է մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ (ներառյալ` համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք և այլն) պայմանների նվազագույն չափորոշիչները.
4) սահմանում է ուսումնական հաստատություններում մանուկներին և պատանիներին «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման կարգը.
5) սահմանում է մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին և պատանիներին ու նրանց մարզիչներին հատկացվող պարգևատրումների, թոշակների և խրախուսման այլ ձևերի չափերն ու տրամադրման կարգը.
6) աջակցում է մանուկների և պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին.
7) սահմանում է առողջարարական բնույթի ծառայություններից, մարզադպրոցներից, մարզաբազաներից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու կարգը.
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 21. | Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմնի լիազորությունները |
Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) իրականացնում է մանկապատանեկան սպորտի ոլորտի պետական քաղաքականությունը.
2) վերահսկում է մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրության պահանջների կատարումը.
3) մշակում է տարեկան ծրագիրը և մասնակցում դրա իրականացմանը.
4) մշակում է մանուկների ու պատանիների ֆիզիկական լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղություններն ու հեռանկարները.
5) մշակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների ու պատանիների ընդգրկման ձևերն ու եղանակները.
6) հաստատում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումների անցկացման օրացուցային պլանը.
7) սահմանում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում` միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության կարգը.
8) մշակում է մինչզորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները.
9) աջակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
10) աջակցում է մանկապատանեկան սպորտի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.
11) մշակում է մեթոդական փաստաթղթեր մանկապատանեկան սպորտի հարցերի վերաբերյալ.
12) համագործակցում է մանուկների և պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.
13) կազմակերպում է մանկապատանեկան սպորտի բնագավառի մասնագետների (մարզիչների, մանկավարժների և այլն) պատրաստումը և վերապատրաստումը.
14) սահմանում է անհատական մարզաձևերում, ինչպես նաև մարզական թիմերի կազմում բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգեր շնորհելու կարգը.
15) իրականացնում է այլ լիազորություններ:
Հոդված 22. | Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները |
Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) մանկապատանեկան սպորտի բնագավառում իրենց լիազորությունների շրջանակում ապահովում են օրենսդրության պահանջների կատարումը.
2) մասնակցում են մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.
3) համակարգում են պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեությունը.
4) համակարգում և իրականացնում են մարզի մանկապատանեկան սպորտի զարգացման պետական ծրագրերը.
5) աջակցում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.
6) աջակցում են մարզի և համայնքների տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.
7) աջակցում են մարզի և համայնքների տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:
Հոդված 23. | Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները |
Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները`
1) իրենց լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով աջակցում են համայնքի տարածքում օրենսդրության պահանջների կատարմանը.
2) աջակցում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի իրականացմանը.
3) աջակցում են համայնքի տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.
4) աջակցում են համայնքի տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.
5) նպաստում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:
Հոդված 24. | Միջազգային համագործակցությունը |
1. Մանուկների ու պատանիների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային համագործակցությունը կառուցվում է միջկառավարական համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:
2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու պետական մարմինները, ուսումնական և մարզական հաստատություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են անմիջական կապեր հաստատել օտարերկրյա ու միջազգային ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների հետ, իրականացնել միջազգային մարզական և գիտահետազոտական ծրագրեր, անդամակցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին, միավորումներին, ֆեդերացիաներին և այլ կառույցներին:
3. Պետությունը ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում մանուկների ու պատանիների հետ աշխատանքներ տանելիս միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում իրականացնում է համաձայնեցված քաղաքականություն:
Հոդված 241.
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(241-րդ հոդվածը լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(վերնագիրը լրաց. 09.11.04 ՀՕ-121-Ն)
Հոդված 25. | Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը |
(հոդվածն ուժը կորցրել է 17.11.05 ՀՕ-232-Ն)
Հոդված 26. | Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
(հոդվածն ուժը կորցրել է 17.11.05 ՀՕ-232-Ն)
Հոդված 27. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասի:
Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն ամբողջ ուսումնառության ընթացքում անցկացվում են շաբաթական առնվազն 2 ժամով, բարձրագույն ուսումնական հաստատություններում` 2 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով;
(27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ լրաց. 09.11.04 ՀՕ-121-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2024, ՀՕ-356-Ն | 24.10.2024, ՀՕ-109-Ն | |
23.03.2018, ՀՕ-219-Ն | 30.03.2018, ՀՕ-109-Ն | |
19.05.2008, ՀՕ-65-Ն | 28.06.2008, ՀՕ-109-Ն | |
17.11.2005, ՀՕ-232-Ն | 02.01.2006, ՀՕ-109-Ն | |
09.11.2004, ՀՕ-121-Ն | 25.12.2004, ՀՕ-109-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|