ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6604/02/19 2022 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6604/02/19 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի փետրվարի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի (այսուհետ` Համահայցվորներ) հայցի ընդդեմ Արտակ Գալստյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2019 թվականի որոշման դեմ Արտակ Գալստյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Արտակ Գալստյանից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով դատական ծախս:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 21.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Արտակ Գալստյանից հօգուտ Համահայցվորների բռնագանձել 250.000 ՀՀ դրամ՝ որպես թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով կատարված փաստաբանի վարձատրության գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2019 թվականի որոշմամբ Արտակ Գալստյանի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 21.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Գալստյանը (ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 108-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները ու գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Ռուբեն Բաբակեխյանի անունով հարկային հաշիվը դուրս է գրվել 29.01.2019 թվականին, այսինքն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 08.01.2019 թվականին որոշում կայացնելուց հետո. նաև այդ օրն է ստորագրվել պատվիրատուի և կատարողի միջև հանձնման-ընդունման ակտը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փաստաբանական ծառայության ողջամիտ վարձավճարն օրենսդիրը ներառել է դատական ծախսերի մեջ և պարտավորեցրել է դատարաններին, որպեսզի եզրափակիչ դատական ակտ կայացնելիս պարտադիր անդրադառնան նաև այդ դատական ծախսի հիմնավորվածությանը և ողջամտությանը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածն արգելում է սույն գործով Համահայցվորների կողմից ներկայացված հայցը վարույթ ընդունելը, հետևաբար սույն հայցը ենթակա չի եղել դատարանում քննության:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը, 71-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը:
Վերաքննիչ դատարանի դատավոր Տարոն Նազարյանը պարտավոր էր սույն գործով հայտնել ինքնաբացարկ, որպեսզի բացառեր Արտակ Գալստյանի և նրա ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու կանխավարկածը, որն ակնհայտ առաջանում է ցանկացած անաչառ դիտորդի մոտ: Մասնավորապես, նախագահող դատավորը հանդես է եկել Վերաքննիչ դատարանի այն դատական կազմում, որը քննել է Արտակ Գալստյանի որդու մասնակցությամբ մեկ այլ գործ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2017 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ Արտակ Գալստյանի հայցի ընդդեմ Արթուր Անդրեասյանի, Համահայցվորների, երրորդ անձ Կարեն Թումիկյանի, «Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերության, «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, Վեներա Գալստյանի և Երևանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի` պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված գրանցումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 28-46).
2) թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2017 թվականի որոշմամբ Արտակ Գալստյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2017 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 21-25).
3) թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.01.2019 թվականի որոշմամբ Համահայցվորների (ներկայացուցիչ Կարեն Հակոբյան) վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2017 թվականի որոշումը բեկանվել է ու օրինական ուժ է տրվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2017 թվականի վճռին: Միաժամանակ Արտակ Գալստյանից հօգուտ Համահայցվորների բռնագանձվել է 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար (հատոր 1-ին, գ.թ. 49-54).
4) «Լեքս ֆակտոր» ՍՊԸ-ի՝ ի դեմս տնօրեն Կարեն Հակոբյանի (այսուհետ՝ Կատարող) (մի կողմից) և Համահայցվորների (այսուհետ՝ Պատվիրատուներ) (մյուս կողմից) միջև 25.01.2017 թվականին կնքված փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն` Կատարողը պարտավորվել է Պատվիրատուների հանձնարարությամբ մատուցել Պայմանագրի 2.1 կետով սահմանված փաստաբանական ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Պատվիրատուները պարտավորվել են վճարել ծառայության դիմաց Պայմանագրի 3-րդ կետով նախատեսված պայմանագրի գինը:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ Կողմերի համաձայնությամբ նույն Պայմանագրի շրջանակներում Ծառայությունները համարվում են մատուցված համապատասխան Ծառայությունների վերաբերյալ ներկայացված հանձնման-ընդունման ակտը Պատվիրատուի կողմից ստորագրելու պահից:
Պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ Պայմանագրի շրջանակներում Կատարողը կազմակերպում է Համահայցվորների՝ որպես պատասխանողների դատական ներկայացուցչությունը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով հայցի քննության ժամանակ, իսկ հետագայում հարկ եղած դեպքում՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում կամ ՀՀ վճռաբեկ դատարանում:
Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ Պայմանագրի 2.1 կետով սահմանված ծառայությունների գինը կազմում է 300.000 ՀՀ դրամ, իսկ Պայմանագրի 3.2 կետի համաձայն՝ ծառայությունների դիմաց Պայմանագրի 3.1 կետում նշված գումարը ենթակա է վճարման մինչև 25.11.2017 թվականը՝ Կատարողի բանկային հաշվին փոխանցում կատարելու եղանակով (հատոր 1-ին, գ.թ. 11-14).
5) 13.11.2017 թվականին Պայմանագրում նշված բանկային հաշվին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տերմինալի միջոցով կատարվել է 300.000 ՀՀ դրամի չափով վճարում (հատոր 1-ին, գ.թ. 16).
6) Կատարողի և Պատվիրատուների միջև 29.01.2019 թվականին կազմվել է արձանագրություն, որով կողմերը հաստատել են, որ 25.01.2017 թվականին կնքված Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ և միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունեն (հատոր 1-ին, գ.թ. 15).
7) «Լեքս Ֆակտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել Ռուբեն Բաբակեխյանին 300.000 ՀՀ դրամ արժեքով ծառայություններ մատուցելու վերաբերյալ թիվ Բ2799101311 էլեկտրոնային հարկային հաշիվը (հատոր 1-ին, գ.թ. 17).
8) 07.03.2019 թվականին Համահայցվորները, սույն գործով դիմելով Դատարան, պահանջել են Արտակ Գալստյանից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով վճարված փաստաբանի վարձատրության գումար (հատոր 1-ին, գ.թ. 3-54):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի գործողության ժամանակ հարուցված քաղաքացիական գործով կողմի կրած փաստաբանի վարձատրության գումարը կարո՞ղ է արդյոք որպես դատական ծախս պահանջվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում:
1) Բողոքն առաջին հիմքով մասնակիորեն է հիմնավոր՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատական ծախսերի հետ կապված պահանջներ ներկայացնելը» վերտառությամբ 108-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը հստակեցրել է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի հետ կապված պահանջ ներկայացնելու կարգը՝ ըստ այդմ նշելով, որ դատական ծախսերի հետ կապված ցանկացած պահանջ գործին մասնակցող անձինք պետք է ներկայացնեն բացառապես տվյալ գործի շրջանակներում: Օրենսդրական այս սահմանափակման նպատակը բխում է գործերի քննության արդյունավետության ապահովման սկզբունքից և ուղղված է դատավարական խնայողության ու ողջամիտ ժամկետում գործի քննության ապահովմանը։ Միաժամանակ այս սահմանափակումը բխում է դատական ծախսերի էությունից. յուրաքանչյուր գործով առաջացած դատական ծախս անմիջականորեն ածանցվում է տվյալ գործով ներկայացված նյութաիրավական պահանջից և(կամ) ուղղված է անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը։ Հետևաբար՝ ածանցյալ բնույթն էլ պայմանավորում է նույն վարույթի շրջանակներում դատական ծախսերի վերաբերյալ պահանջների ներկայացման և դրանց բաշխման անհրաժեշտությունը։
Անդրադառանալով սույն բողոքի հիմքում բարձրացված այն հարցադրմանը, թե արդյոք վերը նշված սահմանափակումը կարող է կիրառելի համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ հարուցված քաղաքացիական գործով առաջացած ծախսերի, մասնավորապես՝ փաստաբանի խելամիտ վարձատրության նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Նախկին օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
Նախկին օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը: (….):
Նույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ՝ գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ:
Ի տարբերություն գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ Նախկին օրենսգիրքը դատական ծախսերի հետ կապված պահանջները բացառապես նույն գործի շրջանակներում ներկայացնելու սահմանափակում չէր նախատեսում, ինչը չէր բացառում մեկ այլ գործի շրջանակներում նման պահանջ ներկայացնելու շահագրգիռ անձի իրավական հնարավորությունը, որի իրացման կապակցությամբ նախկինում կայացրած որոշումներում իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը։
Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քաղաքացիական գործով կողմի կրած դատական ծախսերը մեկ այլ գործի շրջանակներում հատուցելու հնարավորության հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ որպես դատական ծախս թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար:
Եթե դատարանը, համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության` կողմերի միջև բաշխման հարցին, ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, հնարավոր համարելով նաև այն իրավիճակը, երբ կողմերը չներկայացնեն փաստաբանի վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց (և դրա բռնագանձման մասին պահանջ), արձանագրել է նաև, որ նման պայմաններում նրանք զրկված չեն փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումներն առանձին հայցով բռնագանձելու իրավունքից, որպիսի եզրահանգման համար հիմք է ընդունել այն, որ Նախկին օրենսգրքով չէր արգելվում դատական ծախսերն այլ` առանձին վարույթի շրջանակներում բռնագանձելը (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Փաստորեն, Նախկին օրենսգիրքը թեև դատական ծախսերի բաշխումը բացառապես կոնկրետ գործի շրջանակներում իրականացնելու կապակցությամբ համարժեք կարգավորում չէր նախատեսել՝ ի տարբերություն գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերոնշյալ հարցի կապակցությամբ վկայակոչված դիրքորոշումներից հետևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի եզրահանգումները միանշանակ են այն հարցում, որ Նախկին օրենսգրքի գործողության պայմաններում գործի քննության հետ կապված դատական ծախսերը կարող են առանձին հայցի առարկա դառնալ բացառապես այն դեպքում, երբ դատավարության մասնակիցը նման պահանջ չի ներկայացրել դատարան. ընդ որում, դատական ծախսերի հետ կապված պահանջի ներկայացում պետք է որակել նաև այն դեպքերը, երբ դատավարության մասնակցի կողմից դատարան են ներկայացվում դատական ծախսերը հիմնավորող համապատասխան ապացույցներ: Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ կողմերը տվյալ գործի քննության շրջանակներում դատարան են ներկայացնում փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց և(կամ) դրա բռնագանձման վերաբերյալ որևէ պահանջ և դրա առկայության պայմաններում դատարանը, այնուամենայնիվ, վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության՝ կողմերի միջև բաշխման հարցին, ապա, նման պայմաններում օրենսդիրը գործին մասնակցող անձանց ընձեռել է ոչ թե փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումներն առանձին վարույթի շրջանակներում բռնագանձելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու իրավունք, այլ կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար օրենքով սահմանված կարգով վճիռ կայացրած դատարան՝ լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով դիմելու կամ տվյալ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն: Այլ կերպ ասած՝ եթե համապատասխան ապացույցների առկայության պայմաններում դատարանը դատական ծախսերի մասով չի լուծել դատական ծախսերի բաշխման հարցը, ապա գործի է դրվում դատական ծախսերի բաշխման մասով լրացուցիչ վճիռ կայացնելու կամ դատական ակտը բողոքարկելու օրենսդրական կարգավորումները, որը հավասարապես կիրառելի է թե Նախկին և թե գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը բացառապես կիրառելի է նույն օրենսգրքի գործողության շրջանակներում հարուցված քաղաքացիական գործերով առաջացած դատական ծախսերի նկատմամբ և որևէ կերպ չի կարող բացառել այլ գործի շրջանակներում դատական ծախսի բռնագանձման պահանջ ներկայացնելու շահագրգիռ անձի իրավունքը, եթե՝
ա) դատական ծախսերի ծագման հիմք հանդիսացող քաղաքացիական գործը հարուցվել և քննվել է Նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության շրջանակներում,
բ) նախկին գործով դատական ծախսերի գանձման պահանջ կամ դրանց առաջացումը հիմնավորող ապացույց չի ներկայացվել, ըստ այդմն էլ՝ դատական ակտով այդ հարցին որևէ անդրադարձ չի կատարվել։
Վճռաբեկ դատարանի այսպիսի հետևությունը բխում է ինչպես իրավական որոշակիության սկզբունքից, այնպես էլ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից։
ՀՀ սահմանադրական դատարանը 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները:
Իրավական որոշակիության սկզբունքից բխում է, որ դատավարական օրենքը ևս պետք է ձևակերպվի բավարար աստիճանի հստակությամբ, որպեսզի դատավարության մասնակիցն ի վիճակի լինի դրսևորելու համապատասխան վարքագիծ: Դատավարության մասնակիցը պետք է հնարավորություն ունենա կանխատեսելու տվյալ նորմից բխող հետևանքները: Այլ կերպ ասած՝ որևէ նորմում ամրագրված իրավակարգավորումը պետք է անձի համար կանխատեսելի դարձնի իր իրավաչափ սպասելիքը: Հետևաբար Նախկին օրենսգրքում դատական ծախսի բռնագանձման պահանջը բացառապես տվյալ գործի շրջանակներում ներկայացնելու սահմանափակման բացակայության, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով 29.06.2012 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման պայմաններում Նախկին օրենսգրքի գործողության շրջանակներում հարուցված և քննված գործերով կողմերի համար իրավաչափորեն կանխատեսելի վարքագիծը տվյալ գործով առաջացած և նույն գործով չներկայացված ծախսերը մեկ այլ գործի շրջանակներում ներկայացնելու իրավական հնարավորության առկայությունն է, անգամ եթե այդ հնարավորությունն իրացվել է նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության շրջանակներում։
Սույն գործով Դոնարա Նազարյանը և Ռուբեն Բաբակեխյանը Դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել են Արտակ Գալստյանից բռնագանձել թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում կատարված փաստաբանի վարձատրության գումարը:
Դատարանը, հիմնավոր համարելով հայցապահանջը, 21.06.2019 թվականի վճռով Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի հայցը բավարարել է մասնակի:
Վերաքննիչ դատարանն Արտակ Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժելիս և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելիս եկել է այն եզրահանգման, որ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործը քննվել և դրանով վճիռը կայացվել է նախկին՝ 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների կիրառմամբ, իսկ այդ ժամանակ գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորին դատական ծախսերի առանձին պահանջով դատարան դիմելու արգելք չէր նախատեսում՝ ի տարբերություն ներկայիս՝ 09.04.2018 թվականի ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, որի 108-րդ հոդվածով առկա է դատական ծախսերի առանձին պահանջով դատարան դիմելու արգելք:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, ընդգծում է, որ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով կատարված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը՝ 300.000 ՀՀ դրամը, պատասխանողից բռնագանձելու պահանջի հիմքում հայցվորները դրել են թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում իրենց կողմից 25.01.2017 թվականին կնքված Պայմանագրով սահմանված 300.000 ՀՀ դրամի վճարման պարտավորությունը դեռևս 13.11.2017 թվականին կատարած լինելու հանգամանքը, իսկ Նախկին օրենսգիրքը թեև ուղղակիորեն չէր նախատեսում դատական ծախսերի՝ առանձին պահանջով դատարան դիմելու արգելք, այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ Նախկին օրենսգրքի գործողության շրջանակներում հարուցված և քննված գործերից բխող դատական ծախսերի նկատմամբ այդպիսի՝ առանձին պահանջով դատարան դիմելու արգելքն օրենսդիրը պայմանավորել է բացառապես կողմերի՝ տվյալ գործի քննության շրջանակներում փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց և(կամ) դրա բռնագանձման վերաբերյալ որևէ պահանջ դատարան ներկայացված լինելու, սակայն դատարանի կողմից փաստաբանի խելամիտ վարձատրության՝ կողմերի միջև բաշխման հարցին, վճռով անդրադարձ չկատարելու փաստի ուժով, քանի որ, ինչպես արդեն արձանագրվեց, նման պայմաններում կողմերն օբյեկտիվորեն զրկված չեն լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով վճիռ կայացրած դատարան դիմելու կամ տվյալ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրական հնարավորությունից:
Մինչդեռ սույն գործով չի պարզվել, թե ի վերջո թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով Դոնարա Նազարյանը և Ռուբեն Բաբակեխյանը փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց (վճարումը հավաստող ապացույց կամ փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիր) ներկայացրել են, թե ոչ: Չնայած սույն գործով պատասխանողը հայցադիմումի պատասխանով ընդունել է թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված գումարը որպես դատական ծախս բռնագանձելու վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու փաստը՝ այն որակելով որպես «փաստաբանի կողմից բացթողում», և պատասխանողի նշված դիրքորոշումն արձանագրվել է նաև Դատարանի վճռում՝ դատական ակտի պատճառաբանական մասում, ինչպես նաև այդ մասով որևէ բողոք վերաքննության փուլում պատասխանողի կողմից չի ներկայացվել, այնուամենայնիվ, միայն նշված հանգամանքները դեռևս բավարար չէին արձանագրելու համար այն փաստը, որ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով Դոնարա Նազարյանը և Ռուբեն Բաբակեխյանը փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց առհասարակ չեն ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Նախկին օրենսգրքի գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ (տե'ս, «Շանթ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Վարշամ Ղարիբյանի թիվ ԵԱԴԴ/1438/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:
Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի կողմից փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց ներկայացված լինել-չլինելու հարցը պարզելուց հետո նոր միայն արձանագրված իրավական դիրքորոշումների համատեքստում հնարավոր կլինի գնահատել հայցվորներ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի կողմից թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործի ավարտից հետո այլ գործի շրջանակներում փաստաբանի վարձատրության գումարի՝ որպես դատական ծախսի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորության առկայությունը կամ բացակայությունը:
2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար: Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):
Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazlı Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ նույնիսկ արտաքին հատկանիշները կարող են որոշակի նշանակություն ունենալ, կամ, այլ կերպ ասած, «պետք է ոչ միայն արդարությունը հաստատվի, այլև տեսանելի լինի դրա հաստատումը»։ Նժարին դրված է այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում դատարանները պետք է ներշնչեն հանրությանը: Այսպիսով, ցանկացած դատավոր, որի անկողմնակալության մասով կա մտահոգվելու հիմնավոր պատճառ, պետք է գործի քննությունից հեռացվի (տե՛ս, Micallef v. Malta գործով Եվրոպական դատարանի 15.10.2009 թվականի վճիռը, կետ 98):
Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել:
Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):
Սույն գործով բողոք բերած անձը, ի հիմնավորումն նախագահող դատավորի կողմնակալության, վկայակոչել է փաստ առ այն, որ վերջինս հանդես է եկել Վերաքննիչ դատարանի այն դատական կազմում, որը քննել է իր որդու մասնակցությամբ մեկ այլ գործ։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սակայն, բողոքաբերը չի հիմնավորել, թե վկայակոչված գործով կոնկրետ ինչ հանգամանքի մասին է դատավոր Տարոն Նազարյանը տեղյակ եղել, որը կարող էր հիմք հանդիսանալ վերջինիս կողմից իր նախաձեռնությամբ սույն գործով ինքնաբացարկ հայտնելու համար, ինչը չանելու պատճառով կարող էր ողջամիտ կասկած հարուցվել սույն գործով իր անկողմնակալության մեջ: Միայն այն հանգամանքը, որ նախագահող դատավորը մասնակցել է թիվ ԵԱՔԴ/4345/02/15 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությանը, չի կարող կասկածի տակ դնել բոլորովին այլ, կոնկրետ դեպքում սույն գործով Դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության հարցում նրա անկողմնակալությունը: Այսինքն, առանց բավարար հիմնավոր ապացույցների, լոկ նշված հանգամանքի վկայակոչումը դեռևս բավարար չէ՝ արձանագրելու այն, որ դատավոր Տարոն Նազարյանը սույն գործով ունեցել է կամ կարող էր ունենալ անձնական կանխակալ կամ կողմնակալ վերաբերմունք, հետևաբար վերադաս ատյանում նախագահող դատավորի՝ տվյալ գործով աչառու լինելու հանգամանքն օբյեկտիվորեն հիմնավորված չէ:
Ամփոփելով վերոգրյալը՝ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է դիտում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան վերը նշված ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող գ. Հակոբյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Ա. Բարսեղյան
Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|