Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2023 թվականի N 54-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 814-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ` ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ, ԿԱՊԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանի «10-րդ և 10.1-ին հոդվածների» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների) կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման, դրանց կատալոգների ներդրման ու կիրարկման կարգը` համաձայն հավելվածի:».

4) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԾԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ` ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ, ԿԱՊԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ), ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՐԿՄԱՆ»,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների) կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման (այսուհետ՝ օբյեկտ) բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի (այսուհետ` օրինակելի նախագծեր) մշակման և դրանց կատալոգների (այսուհետ` կատալոգներ) հաստատման, ներդրման ու կիրարկման, ինչպես նաև այդ գործընթացի իրականացման պայմանները էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման կարգին (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) համապատասխան:»,

գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Օրինակելի նախագծեր են համարվում ՀՀ կառավարության սահմանած կարգով հաստատված, փորձագիտական դրական եզրակացություն ստացած բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից: Օրինակելի նախագծերի կիրառումը շինարարական ծրագրերի կառուցապատողների (պատվիրատուների) կողմից իրականացվում է կամավորության սկզբունքով՝ սույն կարգի պահանջներին համապատասխան: Ընդ որում՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, հեղինակ-նախագծողների գրավոր համաձայնությամբ, որպես օրինակելի նախագծեր կարող են կիրարկման մեջ դրվել լիազոր մարմնի ղեկավարին կից գիտատեխնիկական խորհրդի հավանությանն արժանացած բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների նախագծերը՝ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկում դրանք ընդգրկելու պայմանով:»,

դ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետ՝

«2.1. Լիազոր մարմնի պատվիրատվությամբ մշակված և հաստատված օրինակելի նախագծերը կառուցապատողներին (պատվիրատուներին) տրամադրվում են անվճար՝ լիազոր մարմնի և հեղինակ-նախագծողի միջև կնքված նախագծային աշխատանքների կամ խորհրդատվական ծառայությունների պետական գնման պայմանագրերով սահմանված պայմանների և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջների հաշվառմամբ:»,

ե. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Օրինակելի նախագծերն ու դրանց կատալոգը (հավաքածուն) կարող են պատվիրվել լիազոր մարմնի, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողների (պատվիրատուների) կողմից` պետական (համայնքային) բյուջեի կամ ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ լիազոր մարմնի կամ կառուցապատողների (պատվիրատուների) կողմից կազմված նախագծային առաջադրանքի (նախագծային աշխատանքների կամ խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի) համաձայն:»,

զ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետեր՝

«3.1. ՀՀ պետական (համայնքային) բյուջեի միջոցների հաշվին մշակված ու քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերը ներդրվում, կիրարկվում և հաստատվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան:

3.2. Ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցապատողների (պատվիրատուների) պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի տնօրինումը, տիրապետումը, հետագա կիրառումը (օգտագործումը) շինարարական ոչ պետական ծրագրերի շրջանակներում կառուցապատողների (պատվիրատուների) կողմից կարող են իրականացվել սեփական հայեցողությամբ՝ առանց քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով դրանց հաստատումն ու կիրարկումն ապահովելու: Ընդ որում՝ կառուցապատողը (պատվիրատուն) իրավունք ունի իր հայեցողությամբ որոշված անձանց իր հայեցողությամբ որոշված պայմաններով տրամադրելու բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ տեղակապելու համար: Հեղինակային իրավունքին վերաբերող կարգավորումները (առանձնահատկությունները) սահմանվում են կառուցապատողի (պատվիրատուի) և հեղինակ-նախագծողի միջև կնքվող նախագծային աշխատանքների կամ խորհրդատվական ծառայությունների պայմանագրերով՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

3.3. Ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցապատողների (պատվիրատուների) պատվերով մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերի կիրառումը պետական ծրագրերի շրջանակներում կարող է իրականացվել, եթե կառուցապատողի (պատվիրատուի) կողմից այդ օրինակելի նախագծերի հնարավոր կիրառելիության վերաբերյալ առկա են գրավոր համաձայնություն և դրանց հաստատման մասին լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամանը:»,

է. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Կատալոգներին կից կարող է կազմվել ձեռնարկ-ուղեցույց՝ քաղաքաշինական գործունեությանն առնչվող խորհրդատվական բնույթի տեքստային, գծագրական-սխեմատիկ կամ պատկերային նկարագրությամբ (այսուհետ՝ ձեռնարկ):»,

ը. 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կառուցապատողը (պատվիրատուն), լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված կատալոգից (ցանկից) ընտրելով համապատասխան օբյեկտն ու դրա նախագծային փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է համայնքի ղեկավարին (այսուհետ՝ իրավասու մարմին).»,

թ. 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օբյեկտի օրինակելի նախագծի տեղակապման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (բացառությամբ հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում նախատեսվող շինարարական ծրագրերի) և ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, կապի համակարգերի մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմաններ ստանալու հայտ-դիմումով՝ համաձայն N 1 ձևի:»,

ժ. 5-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ժա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Կառուցապատողը (պատվիրատուն) սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) կառուցապատվող հողամասի ծածկագիրը, հատակագիծը.

2) ընտրված օբյեկտի կառուցման (տեղակապման) համար նախատեսված հողամասի (նպատակային և գործառնական նշանակության) նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, հողամասում առկա շենքերի ու շինությունների վերաբերյալ տեղեկատվությունը.

3) կառուցապատման ենթակա հողամասում ընտրված օբյեկտի տեղակայման (տեղանշման հատակագծի) վերաբերյալ առաջարկությունը.

4) ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակված օրինակելի նախագծի դեպքում` նախագծային փաստաթղթերի (այդ թվում՝ քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացության) պատճենը:»,

ժբ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում օրինակելի նախագծերով կառուցապատում (տեղակապում) իրականացնելու համար պահանջվում են սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, կապի համակարգերի մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմանները, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի:»,

ժգ. ամբողջ տեքստում` համապատասխան հոլովաձևերով «մատակարարող» բառը փոխարինել «մատակարար» բառով, «կառուցապատող» բառը փոխարինել «կառուցապատող (պատվիրատու)» բառերով, «տիպը» բառը փոխարինել «տեսակը կամ անվանումը» բառերով,

ժդ. N 1 ձևում «Խնդրում եմ տրամադրել» բառերից հետո «Հայաստանի Հանրապետությունում օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգից ընտրված» բառերը հանել, «(բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտի տիպը)» բառերից հետո լրացնել «կամ անվանումը» բառերով,

ժե. N 1 ձևի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով՝

«2.1) ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակված օրինակելի նախագծի նախագծային փաստաթղթերի (այդ թվում՝ քաղաքաշինական փորձագիտական դրական եզրակացության) պատճենը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2023 թվական: