ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1719/02/20 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1719/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Ռ. Հակոբյան
Գ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
զեկուցող
2022 թվականի փետրվարի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Նաիրա Աբգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Նաիրա Աբգարյանի դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նաիրա Աբգարյանը պահանջել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 21.08.2019 թվականին կայացված և 05.09.2019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-4891/19 որոշման հարկադիր կատարման համար տալ կատարողական թերթ:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 09.10.2020 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2020 թվականի որոշմամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 09.10.2020 թվականի որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Աբգարյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 336-րդ, 343-րդ և 345-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մեկ տարվա ընթացքում կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու օրենսդրական պահանջը գործում է միայն այն դեպքում, երբ օրենքով այլ բան նախատեսված չէ: Այսինքն՝ օրենսդիրը նախատեսել է դիսպոզիտիվ նորմ՝ հաշվի առնելով, որ առանձին դեպքերում, պայմանավորված օրենսդրական կարգավորումներով, անձը կարող է զրկված լինել կատարողական թերթ ստանալու համար մեկ տարվա ընթացքում դատարան դիմելու իրավական հնարավորությունից։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ քանի դեռ դատարանի վարույթում քննվում է հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ, չի կարող դատարան ներկայացվել հաշտարարի միևնույն որոշման համար կատարողական թերթ տրամադրելու դիմում, իսկ այդպիսի դիմում ներկայացվելու դեպքում դատարանն օրենքի ուժով այն թողնում է առանց քննության։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն քաղաքացիական գործում առկա է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԼԴ2/1465/02/19 քաղաքացիական գործով 12.08.2020 թվականին կայացված «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման քաղվածքը, որպիսի ապացույցով հաստատվում է, որ սույն գործի հիմքում ընկած հաշտարարի որոշումը բանկի կողմից վիճարկվել է դատական կարգով, և 12.08.2020 թվականին գործն ավարտվել է։ Նշվածից հետևում է, որ մինչև 12.08.2020 թվականը Նաիրա Աբգարյանն օբյեկտիվորեն հնարավորություն չուներ դատարան ներկայացնելու հաշտարարի որոշման կատարման համար կատարողական թերթ տրամադրելու դիմում, քանի որ այն դատարանի կողմից կթողնվեր առանց քննության։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը կարող է մերժվել այն դեպքում, երբ առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ օրենքով նախատեսված հիմք։ Կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու ժամկետը ենթադրաբար բաց թողնելու հանգամանքը չի հանդիսանում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք, ուստի Վերաքննիչ դատարանը չէր կարող այդ հիմքով մերժել որոշման կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը։
Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր՝ պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ է ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում արտահայտի ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու ժամկետների հաշվարկման առանձնահատկությունների մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.10.2020 թվականի որոշմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 21.08.2019 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարը կայացրել է թիվ 15-4891/19 որոշումը (այսուհետ` նաև Որոշում)՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով Բանկի դեմ ուղղված Նաիրա Աբգարյանի պահանջը բավարարելու մասին (գ.թ. 13-22).
2) Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 05.09.2019 թվականին (գ.թ. 9).
3) 19.09.2019 թվականին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բանկի դիմումն ընդդեմ Նաիրա Աբգարյանի՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ՝ թիվ ԼԴ2/1465/02/19).
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք` «www.court.am» պաշտոնական կայքը).
4) Նաիրա Աբգարյանը Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացրել 24.09.2020 թվականին՝ միջնորդություն չներկայացնելով նշված դիմումը դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին (գ.թ.6-29):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին.
1. ի՞նչ որոշում է ենթակա կայացման այն պարագայում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, և բացակայում է բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը,
2. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու պայմաններում արդյո՞ք առկա է նույն որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ հաճախորդի կողմից դիմում ներկայացվելու հնարավորություն:
1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին.
2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ այն դեպքում, երբ հաճախորդը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ձեռք բերում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան: Միևնույն ժամանակ, օրենսդիրը որոշակի ժամկետ է սահմանել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման նպատակով կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու համար՝ նախատեսելով, որ հաճախորդն այդ դիմումը ներկայացնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից սկսած մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար դառնում է պարտադիր, երբ այն առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ:
Օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնելու հետևյալ որոշումներից մեկը.
1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին.
2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (հոդված 345-րդ, մաս 2-րդ) որպես ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժելու հիմք բացառապես նախատեսել է այն դեպքը, երբ դիմումի քննության արդյունքում պարզվում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման։ Նշված դիմումը մերժելու այլ հիմք, այդ թվում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումը ներկայացվել է օրենքի պահանջի խախտմամբ, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսել: Միևնույն ժամանակ նշված դեպքը նույն օրենսգրքով չի նախատեսվել նաև որպես այդ դիմումն առանց քննության թողնելու հիմք: Նշված դեպքը որպես դիմումը մերժելու ինքնուրույն հիմք օրենսդիրը նախատեսել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով՝ սահմանելով, որ դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից սկսած մեկամյա ժամկետը լրանալուց հետո, և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվում է, դատարանը պետք է կայացնի այդ դիմումը մերժելու մասին որոշում՝ ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերը նշված իրավակարգավորումը՝ կապված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթի հետ, իր էությամբ տարբերվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթի համապատասխան իրավակարգավորումներից: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարան կարող է ներկայացվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, իսկ նույն օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) վերադարձնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի, ինչպես նաև նույն հոդվածի պահանջների խախտմամբ: Նշված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը սահմանված ժամկետի խախտմամբ դատարան ներկայացված լինելը օրենսդիրը դիտել է ոչ թե որպես տվյալ դիմումը մերժելու, այլ՝ այդ դիմումը վերադարձնելու հիմք՝ հնարավորություն ընձեռելով դիմողին ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նաև, թե ինչպիսի դատական ակտ պետք է կայացնի դատարանը, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումը ներկայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված մեկամյա ժամկետի խախտմամբ, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Տվյալ դեպքում ևս նշված կարգավորումը, ըստ էության, նախատեսված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով, որի համաձայն՝ կատարողական թերթ տալու դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանն այն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե առկա չեն կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը: Այսինքն՝ այն դեպքերում, երբ կատարողական թերթ տալու դիմումը ներկայացվել է օրենքի պահանջի այնպիսի խախտմամբ, որը կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմք չէ, սակայն արգելք է դիմումը քննության առնելու համար, դատարանը պետք է կայացնի նման դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում: Ընդ որում, նման որոշում կայացվելու դեպքում դիմումատուն օրենքով զրկված չէ դիմումի թերությունները վերացնելու և այն կրկին դատարան ներկայացնելու հնարավորությունից:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ այն դեպքում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, և բացակայում է բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, դատարանը կայացնում է դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում՝ ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով:
2. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն առանց քննության թողնելու՝ օրենսդրի կողմից նախատեսված մեկ այլ դեպքին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանն առանց քննության է թողնում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը:
Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանը պետք է ներկայացված դիմումը թողնի առանց քննության:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն անմիջականորեն ուղղված է դատարանին, և հաճախորդին չի ազատում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու պարտականությունից, քանի որ գործող կարգավորումների պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի կասեցնում նույն որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի հոսքը: Հետևաբար, հաճախորդը պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացնել օրենքով սահմանված վերը նշված ժամկետում անգամ այն ժամանակ, երբ առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, քանի որ նույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով նա ունի օրենքով սահմանված կարգով սեփական հայեցողությամբ իր դատավարական իրավունքներն իրականացնելու, դատական պաշտպանության միջոցները և եղանակները տնօրինելու իրավունք: Ուստի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում դիմողը պետք է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի, որպիսի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընդհանուր կանոնից (դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին) և հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ հնարավորություն տալ դատարանին դիմումի քննության հարցը պարզելիս քննության առարկա դարձնել միջնորդությամբ ներկայացված հանգամանքները: Պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով՝ դատարանը պետք է որոշում կայացնի միջնորդությունը բավարարելու և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի քննությամբ վճռաբեկ բողոքի հիմքը հաստատվեց, որի պայմաններում նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 21.08.2019 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարը կայացրել է թիվ 15-4891/19 որոշումը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով Բանկի դեմ ուղղված Նաիրա Աբգարյանի պահանջը բավարարելու մասին: Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 05.09.2019 թվականին: 19.09.2019 թվականին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բանկի դիմումն ընդդեմ Նաիրա Աբգարյանի՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Ֆինանսական համակարգի հաշտարարի 21.08.2019 թվականի թիվ 15-4891/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը Նաիրա Աբգարյանը Դատարան է ներկայացրել 24.09.2020 թվականին՝ միջնորդություն չներկայացնելով նշված դիմումը դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին:
Դատարանը, պատճառաբանելով, որ «օրենսդիրը իմպերատիվ ձևով սահմանել է այն հատուկ պայմանը, որի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժվում է: Այսինքն, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը կարող է մերժվել, եթե դրա քննության արդյունքով դատարանը պարզում է, որ առկա են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը», «Բանկը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դիմել է Դատարան (քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1465/02/19), 2019 թվականի նոյեմբերի 05-ի որոշմամբ դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է», «առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կատարողական թերթ տալու հիմքերը, մասնավորապես դիմումին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ Բանկը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից և առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, որով տվյալ գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն ամբողջությամբ մերժվել է», «բացակայում են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով հաշտարարի կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, հետևաբար ներկայացված դիմումը՝ Հաշտարարի որոշման հիման վրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին հիմնավոր է և ենթակա է բավարարման», 09.10.2020 թվականի որոշում է կայացրել Նաիրա Աբգարյանի դիմումը բավարարելու, Որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին:
Վերաքննիչ դատարանը 18.12.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 09.10.2020 թվականի որոշումը վերացրել է, և դիմումը մերժել է՝ պատճառաբանելով. «Դատարանը, քննարկելով դիմումը, անտեսել է այն հանգամանքը, որ դիմումը ներկայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների խախտմամբ, այն է՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար: Այսինքն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 05.09.2019 թվականին Հաշտարարի որոշումը պարտադիր էր դարձել կողմերի համար, ապա դիմում կատարողական թերթ տալու վերաբերյալ պետք է Դատարան ներկայացվեր 05.09.2020 թվականից ոչ ուշ, մինչդեռ այն ներկայացվել է 24.09.2020 թվականին և նույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Դատարանը պարտավոր էր մերժել կատարողական թերթ տալու դիմումը, քանի որ լրացել էր կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, իսկ բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն Դիմողը չի ներկայացրել»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել դիմումը Նաիրա Աբգարյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հարցը, իսկ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննության առնելով նշված հարցը, դիմումի քննության նկատմամբ կիրառելի է համարել Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետն այն դեպքում, երբ Նաիրա Աբգարյանը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, և չի ներկայացրել կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի պայմաններում վերոնշյալ դիմումը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն պետք է թողնվեր առանց քննության:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են որոշել դիմումի քննության նկատմամբ կիրառելի իրավունքի նորմը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հիմքին, որ «Որոշումը Բանկի կողմից վիճարկվել է դատական կարգով և դատական կարգով վիճարկման վարույթն ավարտվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 12.08.2020 թվականին որոշում կայացնելուց հետո, որի պայմաններում մինչև նշված ժամկետը Նաիրա Աբգարյանն օբյեկտիվորեն հնարավորություն չուներ դատարան ներկայացնելու հաշտարարի որոշման համար կատարողական թերթ տրամադրելու դիմում, քանի որ այն դատարանի կողմից կթողնվեր առանց քննության», ապա նշված հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Նաիրա Աբգարյանը վերը նշված դիրքորոշումների համաձայն՝ ամեն դեպքում պարտավոր էր ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում: Ավելին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերում են միայն թիվ ԼԴ2/1465/02/19 քաղաքացիական գործի հարուցումից մինչև 12.08.2020 թվականն ընկած ժամանակահատվածում դիմումը դատարան ներկայացնելու անհնարինությանը, մինչդեռ Նաիրա Աբգարյանը Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարան է ներկայացրել 24.09.2020 թվականին:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, և պայմանավորված է ստորադաս դատարանների կողմից հաստատված հանգամանքներով տրված հնարավորությամբ։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հատուկ վարույթներով, ինչպես նաև սույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման` դիմումը պետք է թողնվի առանց քննության, և հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքը դիմողի կողմից վճարվել է, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը, գտնում է, որ պետական տուրքի հատուցման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Նաիրա Աբգարյանի դիմումը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, թողնել առանց քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Գ. Հակոբյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Հ . Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|