040..0545.29.11.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1997 թվականի N 545
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ եվ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ եվ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ
1. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև` օտարերկրյա քաղաքացիներ) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան կարող են իրազեկ լինել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին:
2. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինը, որի պաշտոնատար անձն օժտված է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով:
3. Առաջարկություն է ներկայացվում այն օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ, որոնք մինչև այդ Հայաստանի Հանրապետությունում բնակվել են երեք տարի անընդմեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատում են պետական մարմիններում և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար օրենքով սահմանված կարգով ունեն կացության համապատասխան կարգավիճակ:
3.1. Բացառիկ դեպքերում՝ կապված կատարվող աշխատանքների առանձնահատկությունների, դրանց արդյունավետության և անընդհատության ապահովման հետ, օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ առաջարկությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով և հիմնավորված միջնորդությամբ կարող է ներկայացվել առանց սույն կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված պահանջների պահպանման։
(3.1-ին կետը լրաց. 05.01.23 N 16-Ն)
4. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Առաջարկություն ներկայացնող պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`
ա) իր հիմնավորված միջնորդությունը` նշելով տրամադրվելիք անհրաժեշտ գաղտնի տեղեկությունների ծավալը, օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա կազմված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը և օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
բ) օտարերկրյա քաղաքացու դիմումը` հասցեագրված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմնի ղեկավարին, և ինքնակենսագրական բնույթի համալիր տեղեկություններ.
գ) օտարերկրյա քաղաքացու կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման հրամանի պատճենները, ինչպես նաև պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության եզրակացությունը նշված պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին:
(5-րդ կետը լրաց. 05.01.23 N 16-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան եզրակացության առկայության դեպքում, որը կազմվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա` ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում:
(6-րդ կետը փոփ. 05.01.23 N 16-Ն)
7. Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու օտարերկրյա քաղաքացու իրավունքը կարող է դադարեցվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածին համապատասխան:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշման դեպքում պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու օտարերկրյա քաղաքացու իրավունքը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ օտարերկրյա քաղաքացիների վրա տարածվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունները, պարտականությունները և պատասխանատվությունը:
(կարգը լրաց., փոփ. 05.01.23 N 16-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.01.2024, N 87-Ն | 28.01.2024, N 545 | |
05.01.2023, N 16-Ն | 06.01.2023, N 545 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|