Գլխավոր տեղեկություն
Համար
N 2116-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2116-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 995-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ, «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ՝

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ ենթակետով․

«17) Ուկրաինայի դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակի իրավունքն իրացնելու կարգը՝ համաձայն N 17 հավելվածի։»․

2) լրացնել նոր՝ N 17 հավելվածով՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ՝

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով․

«3) Ուկրաինայի դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքն իրացնելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։»․

2) լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց սոցիալական պաշտպանության մասին» N 995-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի 2-րդ ենթակետերով լրացվող հավելվածների գործողությունը տարածվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից կամ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2116-Ն որոշման

 

 

«Հավելված N 17

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 665-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ

 

1. Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող՝ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ՝ անձ) կենսաթոշակ նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով կենսաթոշակի նշանակման և վճարման համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման համաձայն, անձին կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար անհրաժեշտ է գրությամբ ստանալ Ուկրաինայում նրան կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում՝ կենսաթոշակի գործը, ապա այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի պահանջվում, եթե կատարած հարցմանն ի պատասխան ստացվել է, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի՝ Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով, կամ հարցում կատարելու ամսվանից հետո 3 ամսվա ընթացքում պատասխան չի ստացվել։

3. Եթե սույն կարգի 1-ին կետում նշված անձը դիմում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու և կենսաթոշակի վճարումը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու կամ կենսաթոշակ նշանակելու համար, և առկա է սույն որոշման 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը, ապա անձին նոր հիմունքներով նշանակվում է կենսաթոշակ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում՝ 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին հայտարարությունը: Սույն կետով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ նշանակվում է զինծառայողի բնօրինակ անձնական գործի առկայության, իսկ դրա բացակայության դեպքում՝ զինվորական կենսաթոշակ նշանակող պետական մարմնի կողմից այն վերականգնելու դեպքում։

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասն օրվա ընթացքում կամ, եթե Ուկրաինա կատարված հարցումից անցել է երեք ամիս և պատասխան չի ստացվել, 3-րդ ամիսը լրանալուց հետո տասն օրվա ընթացքում անձին նշանակվում և վճարվում է կենսաթոշակ դիմումը ներկայացվելու օրվանից:

5. Եթե սույն կարգի համաձայն անձին կենսաթոշակ նշանակելուց հետո Ուկրաինայից ստացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը, ապա կենսաթոշակի իրավունքը (այդ թվում՝ կենսաթոշակ նշանակելու ժամկետները) վերանայվում է այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործն ստացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով։»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2116-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 635-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ

 

1. Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող՝ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ՝ անձ) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ՝ նպաստ) նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» օրենքով նպաստի նշանակման և վճարման համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման համաձայն, անձին նպաստ նշանակելու (վճարելու) համար անհրաժեշտ է գրությամբ ստանալ Ուկրաինայում նրան կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում՝ կենսաթոշակի գործը, ապա այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի պահանջվում, եթե կատարած հարցմանն ի պատասխան ստացվել է, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի՝ Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով, կամ հարցում կատարելու ամսվանից հետո 3 ամսվա ընթացքում պատասխան չի ստացվել։

3. Եթե սույն կարգի 1-ին կետում նշված անձը դիմում է կենսաթոշակի վերաբերյալ տեղեկատվությունն Ուկրաինայից պահանջելու կամ նպաստ նշանակելու համար, և առկա է սույն որոշման 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը, ապա անձին նոր հիմունքներով նշանակվում է նպաստ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում՝ 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին հայտարարությունը:

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասն օրվա ընթացքում կամ, եթե Ուկրաինա կատարված հարցումից անցել է երեք ամիս և պատասխան չի ստացվել, 3-րդ ամիսը լրանալուց հետո տասն օրվա ընթացքում անձին նշանակվում և վճարվում է նպաստ՝ դիմումը ներկայացվելու օրվանից:

5. Եթե սույն կարգի համաձայն անձին նպաստ նշանակելուց հետո Ուկրաինայից ստացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը, ապա նպաստի իրավունքը (այդ թվում՝ նպաստ նշանակելու ժամկետները) վերանայվում է այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) ստացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նպաստառուին ավելի վճարված նպաստի գումարները հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) «Պետական նպաստների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված կարգով։»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: