ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2076-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ 3-րդ փողոց 5/1 հասցեում գտնվող, 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 27 700 000 դրամ գնահատված շուկայական արժեքով 0.159 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11032022-07-0125 վկայական) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով իրականացվող աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թվականին և կտևի 3 տարի, որի նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կիրականացվի 763 487 040 դրամի ներդրում, որից 496 266 576 դրամը՝ համայնքի բյուջեի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին.
3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում օրենքի ուժով նվիրաբերությունը համարվում է վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին՝ առանց դրանց արժեքի փոխհատուցման:
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|