ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/5144/02/19 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/5144/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Ռ. Հակոբյան
Ա. Մկրտչյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
զեկուցող
2022 թվականի հունիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բանկի ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Մարտին Դիլանյանից, Ռիտա Աղայանից և Անի Գյուլբուդաղյանից համապարտության կարգով բռնագանձել 3.470.108 ՀՀ դրամ և Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 14.06.2021 թվականի վճռով հայցը՝ Ռիտա Աղայանի և Անի Գյուլբուդաղյանի մասով, բավարարվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ Մարտին Դիլանյանի մասով, կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2021 թվականի որոշմամբ Ռիտա Աղայանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.06.2021 թվականի վճիռը՝ Ռիտա Աղայանին և Անի Գյուլբուդաղյանին վերաբերող մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Նվեր Ներսիսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ, 880-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 59-րդ, 62-րդ, 74-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ, 340-րդ, 436-րդ, 437-րդ, 448-րդ և 468-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռիտա Աղայանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմքում դրվել էին միայն այն հիմնավորումները, որ Դատարանն անհիմն կերպով է մերժել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և չի իրականացրել ապացույցների գնահատում:
Հիմնավոր համարելով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժման ենթակա լինելու կապակցությամբ վճռում արված պատճառաբանությունները՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և անդրադարձել է վարկառուի մահից հետո նրա ժառանգներին պահանջ ներկայացված չլինելու հիմքով հիմնական պարտավորության, ուստիև երաշխավորության դադարած լինելու հարցերի քննարկմանը:
Վերաքննիչ դատարանը բողոքարկված որոշման մեջ չի նշել, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի որ մասի և/կամ կետի կիրառմամբ է բեկանել Դատարանի վճիռը: Եթե անգամ Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է դատական ակտն անվերապահ բեկանելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով, ապա անտեսել է, որ պատասխանողները զրկված չեն եղել գործի քննության ընթացքում նշված հարցերի կապակցությամբ իրենց դիրքորոշումը Դատարանին հայտնելու հնարավորությունից: Մինչդեռ նշված հարցերի շուրջ ինչպես Դատարանում, այնպես էլ վերաքննիչ բողոքում որևէ դիրքորոշում չեն հայտնել, ուստի դրանք ենթակա չէին վերաքննության կարգով քննության, առավել ևս չէին կարող մեկնաբանվել ի վնաս Բանկի, քանի որ Բանկի վրա դրված չի եղել այդպիսի փաստ ապացուցելու պարտականություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործում առկա չէ պատասխանող Մարտին Դիլանյանի մահից հետո նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունած լինելու փաստը հաստատող որևէ ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 14.06.2021 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը Դատարանի 30.10.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1, գ.թ. 2-4):
2) 23.01.2019 թվականին Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրված թիվ ԲԱ075609 մահվան մասին պետական վկայականի համաձայն՝ Մարտին Դիլանյանը մահացել է 18.01.2019 թվականին:
3) Դատարանի 14.06.2021 թվականի վճռով հայցը՝ Ռիտա Աղայանի և Անի Գյուլբուդաղյանի մասով, բավարարվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ Մարտին Դիլանյանի մասով, կարճվել է:
Ռիտա Աղայանը Դատարանի 14.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վճիռը պատճառաբանված չլինելու և հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից սխալ լուծված լինելու հիմնավորումներով (հատոր 2, գ.թ. 28-36)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Չնայած նրան, որ դատաքննության հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպ, համաձայն որի` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է նաև այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 17.10.1993 թվականի վճիռը, § 30-35):
Սահմանադրական դատարանն իր որոշումներում ևս արձանագրել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1599 որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Քաղաքացիական դատավարության սկզբունքները» վերտառությամբ 2-րդ գլխով ամրագրված են հավասարության և մրցակցության սկզբունքները, որոնց համատեքստում նախատեսվում է բոլորի հավասարությունն օրենքի և դատարանի առջև, դատավարության իրականացումը մրցակցության սկզբունքի պահպանմամբ, որը և սահմանում է, որ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Վերոնշյալ սկզբունքների կենսագործման համատեքստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (...):
Նախկինում կայացրած իր որոշումներից մեկով անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով վերաքննության սահմանների համանման կարգավորումներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում`
1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ` գործն ընդհանրապես:
2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին` քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ անդրադարձել է նաև վերաքննության սահմանների վերաբերյալ ընդհանուր կանոններին զուգահեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բացառություններին և արձանագրել, որ.
1. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:
2. Օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես` եթե առկա են նշված օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն` անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից` բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե` ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:
3. Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում:
Վերոգրյալի ամփոփմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառությունները, ապա ընդհանուր կանոնի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում:
Վերահաստատելով վերաքննության սահմանների, ինչպես նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դրանից արված բացառությունների մասին նախկինում կայացրած իր դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը դրա հիմքերի և հիմնավորումների շրջանակում քննելու օրենսդրական կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված և դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Հակառակ դեպքում վերադաս դատարանը կիրականացնի գործի ըստ էության և լրիվ ծավալով քննություն, ինչն անհամատեղելի է մրցակցության սկզբունքի և դրանից բխող՝ սահմանափակ վերանայման ինստիտուտի հետ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումներով ընդգծվում է անկախ դատարանի կողմից գործի արդարացի՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ գործը քննելու սկզբունքների կարևորությունը, ինչը համահունչ է դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներին:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան` Բանկը պահանջել է Մարտին Դիլանյանից, Ռիտա Աղայանից և Անի Գյուլբուդաղյանից համապարտության կարգով բռնագանձել 3.470.108 ՀՀ դրամ և Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 69.408 ՀՀ դրամի չափով: Գործի քննության ընթացքում պարզվել է, որ պատասխանող Մարտին Դիլանյանը մահացել է 18.01.2019 թվականին (հիմք՝ 23.01.2019 թվականին Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրված թիվ ԲԱ075609 մահվան մասին պետական վկայական):
Դատարանը 14.06.2021 թվականի վճռով պատասխանող Մարտին Դիլանյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, իսկ մյուս պատասխանողների մասով հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «(…) պատասխանողների կողմից պատշաճորեն չեն կատարվել վերը նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Վերջիններիս պարտքը 21.10.2019 թվականի դրությամբ կազմել է 3,470,108 ՀՀ դրամ գումար: (…) հայցվորի պահանջը՝ պատասխանողներից համապարտության կարգով 3,470,108 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի գումարի մասին հիմնավոր է և ենթակա է բավարարման: (…) հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան 21.10.2019 թվականին, իսկ պատասխանողներից Մարտին Բաբկենի Դիլանյանը մահացել է 18.01.2019 թվականին: (…) նկատի ունենալով, որ հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն գործի վարույթը պատասխանող Մարտին Բաբկենի Դիլանյանի մասով ենթակա է կարճման»:
Վերաքննիչ դատարանը բավարարել է պատասխանող Ռիտա Աղայանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 14.06.2021 թվականի վճիռը՝ Ռիտա Աղայանին և Անի Գյուլբուդաղյանին վերաբերող մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության, նշելով, որ՝ (…) գործով չի հաստատվել այն փաստը, որ հայցվորն օրենքով նախատեսված ժամկետում և կարգով ժառանգներին պահանջ է ներկայացրել, այսինքն՝ վերոգրյալ կարգավորումների ուժով վերջինս բաց է թողել պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման ժամկետը և զրկվել պարտապանի ժառանգների դեմ պահանջներ ներկայացնելու իրավունքից, հետևաբար՝ վարկառու պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքից, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված դադարել է հիմնական պարտավորությունը։ Սույն գործով Բանկը, պահանջն ուղղելով Երաշխավորների դեմ, հաշվի չի առել այն կարևոր հանգամանքը, որ բաց թողնելով ժառանգատուի ժառանգներին պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման ժամկետը, զրկվել է պարտապանի ժառանգների դեմ պահանջներ ներկայացնելու իրավունքից, հետևաբար՝ վարկառու պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքից, ինչի հիմքով դադարել է հիմնական պարտավորությունը, իսկ երաշխավորությունը դադարում է` հիմնական ապահովված պարտավորությունը դադարելու հիմքով, քանզի երաշխավորությունը՝ որպես պարտավորության կատարման ապահովման միջոց, լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է, այն նպատակաուղղված է օժանդակելու հիմնական պարտավորության կատարմանը, այդ իսկ պատճառով էլ այն որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող։
(…) Բանկի կողմից օրենքով նախատեսված պահանջը ժառանգատուի նկատմամբ պահանջի ներկայացման ժամկետում ներկայացված չլինելու պարագայում Երաշխավորների դեմ ուղղված պահանջի բավարարման դեպքում սահմանափակվում է վերջիններիս իրավունքը պարտապանին պահանջ ներկայացնելու առումով»:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 14.06.2021 թվականի վճռի դեմ Ռիտա Աղայանի ներկայացրած վերաքննիչ բողոքում առկա չէ որևէ փաստարկ վարկառու Մարտին Դիլանյանի մահից հետո Բանկի կողմից օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հանգուցյալի ժառանգների դեմ պահանջ ներկայացված չլինելու և այդ փաստի ուժով հիմնական պարտավորության և որպես հետևանք նաև երաշխավորության դադարած լինելու վերաբերյալ: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակից և Դատարանի 14.06.2021 թվականի վճիռը վերաքննության օբյեկտ է դարձրել ոչ թե վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում, այլ` գործն ընդհանրապես:
Հանգուցյալ Մարտին Դիլանյանի մահից հետո օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հանգուցյալի ժառանգների դեմ Բանկի կողմից պահանջ ներկայացված չլինելու, ինչպես նաև հիմնական և լրացուցիչ (ակցեսոր) պարտավորությունների դադարած լինելու հարցերը քննության ենթարկելով Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունները: Արդյունքում խախտվել են ինչպես Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով Բանկի երաշխավորված՝ դատական պաշտպանության, դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավունքները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, իսկ դրանց սահմաններից դուրս է եկել միայն վարկառու Մարտին Դիլանյանի մահից հետո Բանկի կողմից օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հանգուցյալի ժառանգների դեմ պահանջ ներկայացված չլինելու և այդ փաստի ուժով հիմնական պարտավորության և որպես հետևանք նաև երաշխավորության դադարած լինելու մասով: Ընդ որում, վերաքննիչ բողոքը բավարարվել է այդ փաստարկի վկայակոչմամբ:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և Դատարանի 14.06.2021 թվականի վճռին օրինական ուժ տալու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 14.06.2021 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով Վերաքննիչ դատարանում և Վճռաբեկ դատարանում պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ.
Վերաքննիչ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով պետական տուրքի գումարը Ռիտա Աղայանի կողմից նախապես վճարված լինելու փաստը:
Վճռաբեկ բողոքին կից Բանկը ներկայացրել է 175.476 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարված լինելու փաստը հաստատող ապացույց: Կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
Այս դեպքում վճռաբեկ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ էր վճարել հայցագնի՝ 3.470.108 ՀՀ դրամի, երեք տոկոսի չափով պետական տուրքի գումար, որը կազմում է 104.103 ՀՀ դրամ:
Կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Բանկը վճարել է 71.373 ՀՀ դրամի չափով ավել պետական տուրքի գումար, այն նշված հոդվածի ուժով ենթակա է վերադարձման Բանկին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով պետական տուրքից բացի այլ դատական ծախս կատարված չէ, ապա դատական ծախսերի հարցը մնացած մասով պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2021 թվականի վճռին:
2. Ռիտա Աղայանից և Անի Գյուլբուդաղյանից հօգուտ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության համապարտության կարգով բռնագանձել 104.103 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Ա. Մկրտչյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|