ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2538/02/19 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2538/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հունիսի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13․05․2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Սիմոնյանի ընդդեմ Գայանե Աբգարյանի, երրորդ անձ Աշտարակի քաղաքապետարանի ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արմեն Սիմոնյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, թիվ 02-001-0561-0005 ծածկագրով հողամասի նկատմամբ:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ․ Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 28․12․2020 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13․05․2021 թվականի որոշմամբ Գայանե Աբգարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 28․12․2020 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Սիմոնյանը (ներկայացուցիչ Դավիթ Նիկողոսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 363-րդ, 364-րդ, 365-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հայցվորի մոտ ձեռքբերման վաղեմության հիմքով վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ վավերապայմաններից բարեխղճության մասով գնահատման է ենթարկել Պատասխանողի կողմից ներկայացված թիվ 000009 վճարման հանձնարարագրի անդորրագիրը՝ առանց նշելու այդ վճարման կատարման ամսաթիվը, թեև վճարման անդորրագրի վրա առկա է դրա կատարման ամսաթիվը՝ այն է՝ 12.11.2019 թվականին, գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելուց 3 ամիս հետո։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն այդ հանգամանքին ուշադրություն չի դարձրել, թեև իր որոշմամբ հղում կատարելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով կայացրած որոշմանը, նշել է, որ Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը, իսկ տվյալ դեպքում Պատասխանողի կողմից հողի հարկի վճարումը կատարվել է Հայցվորի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ դատարան ներկայացվելուց 3 ամիս հետո։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը բեկանելով և իր որոշմամբ սահմանված ծավալով գործն ուղարկելով նոր քննության չի հիմնավորել Դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման, այլ ընդհակառակը Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել իր որոշմամբ վկայակոչված իրավական նորմերը և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մեկնաբանությունները։ Վերաքննիչ դատարանի 13.05.2021 թվականի որոշումն առերևույթ (prima facie) հակասում է ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած նախադեպային որոշումներին, ներառյալ՝ 10.10.2007 թվականի թիվ 3-1435/ՎԴ, 27.12.2017 թվականի թիվ ԵԿԴ/0532/02/15, 05.04.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով կայացրած որոշումներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալով Դատարանի 28.12.2020 թվականին վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 489149 վկայականի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող 0,54հա մակերեսով վարելահողի սեփականատեր է հանդիսանում Գայանե Աբգարյանը (հատոր 1-ին, գ.թ. 19-23):
2) Ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 489176 վկայականի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող 0,452հա մակերեսով վարելահողի, 0,268հա մակերեսով պտղատու այգու համատեղ սեփականատերեր են հանդիսանում հայցվոր Արմեն Սիմոնյանը, Լիլիթ Խանամիրյանը (հատոր 1-ին, գ.թ. 14-18):
3) Ըստ 26.06.2019 թվականի թիվ 16853, թիվ 16854, 10.07.2019 թվականի թիվ 18531 վճարման հանձնարարականների՝ Արմեն Սիմոնյանի կողմից վճարվել են հողի հարկերը (հատոր 1-ին, գ.թ. 24-26):
4) Ըստ 12.11.2019 թվականի թիվ 000009 վճարման անդորրագրի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի հողի հարկի վճարում է կատարվել պատասխանողի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 66):
5) Ըստ փաստաբանական գրավոր հարցման ենթարկելու վերաբերյալ 20.02.2020 թվականի արձանագրության՝ Հասմիկ Աքսակալյանը հայտնել է, որ պատասխանողի հետ ծանոթացել է այն պահից, երբ 1990 թվականից իր բնակարանի հարևանությամբ հիմնվել է փաստաբանական գրասենյակ, որտեղ պատասխանողն աշխատել է: Իր և պատասխանողի հարաբերությունները եղել են ընկերական: Հայտնել է, որ պատասխանողը 2006-2012 թվականներին ցանկացել է վաճառել վիճելի հողամասը, ինչի համար խնդրել է նաև իրեն: Այդ ժամանակ իր շրջապատում եղել են հողամասով հետաքրքրվողներ, այդ թվում նաև իր բարեկամները, որոնք եկել էին Բեյրութից, սակայն հետագայում տեղեկացել է, որ գնի հետ անհամաձայնության հետևանքով գործարքը չի կայացել (հատոր 1-ին, գ.թ. 76):
6) Ըստ Անահիտ Նշանի Գրիգորյանի և Գայանե Աբգարյանի միջև 12.11.2002 թվականին կնքված նոտարական վավերացմամբ հողամասի նվիրատվության պայմանագրի՝ պատասխանողին է նվիրվել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականաշնորհված հողամասը (հատոր 3-րդ, գ.թ. 54-55):
7) Ըստ Արամ, Նշան, Արուսյակ Գրիգորյանների, Վերգինե Բաբելյանի, Աննա, Անի և Արուս Գրիգորյանների և Արմեն Սիմոնյանի միջև 02.12.2002 թվականին կնքված նոտարական վավերացմամբ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի՝ հայցվորին են վաճառել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականաշնորհված ամբողջ հողամասը բաղկացած 0,72հա, որից 0,452հա վարելահող, 0,268հա պտղատու այգի: Համասեփականատեր է նաև հայցվորի կինը` Լիլիթ Խանամիրյանը (հատոր 3-րդ, գ.թ. 57-58):
8) Ըստ Աշտարակ համայնքի կողմից հաստատված իրադրության հատակագծերի՝ վիճելի հողամասի կադաստրային ծածկագիրն է 0561-0005, մակերեսը` 5.400 քմ (հատոր 1-ին, գ.թ. 59-60):
9) Ըստ գործի քննությամբ Արմեն Սիմոնյանի կողմից ներկայացված լուսանկարների՝ վիճելի հողամասի հողը փորված է, կան կտրված ծառեր, նոր տնկարկներ, կանգնած է գյուղատնտեսական տեխնիկան, տեղադրված է տնակ (հատոր 3-րդ, գ.թ. 43-51):
10) Գործով վկա` Նշան Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2002 թվականի աշնանը ինքը և իր դուստրը` Անահիտը վիճելի հողամասը վաճառել են հայցվորին, վիճելի հողամասը տիրապետել է միայն հայցվորը, ինքը միայն ճանաչել է որպես օգտագործող և հողամասի տիրապետող հայցվորին, առուվաճառքի գործարքը տեղի է ունեցել փաստացի երկու հողամասերինն էլ հայցվորի հետ, իր դուստրը տվել է իր համաձայնությունը հողամասը հայցվորին վաճառելու համար, վիճելի հողամասի գումարը տվել է միայն հայցվորը, պատասխանողին ինքը չի ճանաչում և չի ճանաչել, նվիրատվության մասին որևէ տեղեկություն չունի, ձեռքբերման օրվանից մինչև օրս վիճելի հողամասը փաստացի տիրապետում և օգտագործում է հայցվորը, ծառեր է տնկել, մշակել է հողամասը, ոռոգել է հողամասը, պարսպապատել է այն, իրական գնորդը հողամասի եղել է հայցվորը, որպես գույքի սեփականատեր ինքը ճանաչել է միայն հայցվորին, հողամասի հետ կապված որևէ վեճեր չեն եղել:
11) Գործով վկա` Վահե Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորը իր հողամասի հարևանն է, վիճելի հողամասը 20 տարուց ավել մինչև օրս փաստացի տիրապետում և օգտագործում է միայն հայցվորը, մշակել է հողամասը, ծառատունկ է արել, տեղադրել է տնակ, պատասխանողին չի ճանաչում, բացի հայցվորից այլ անձի ինքը չի տեսել վիճելի հողամասում, որպես գույքի սեփականատեր ինքը ճանաչում է միայն հայցվորին, և վերջինիս հորը, վեճեր հողամասի հետ կապված չեն եղել, ջրի, էլ. էներգիայի վճարումները և հողի հարկերը վճարել և վճարում է միայն հայցվորը:
12) Գործով վկա` Խաչատուր Զազյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորն իր հողամասի հարևանն է, վիճելի հողամասը 20 տարուց ավել մինչև օրս փաստացի տիրապետում և օգտագործում է միայն հայցվորը, մշակել է հողամասը, ծառատունկ է արել, տեղադրել է տնակ, պատասխանողին չի ճանաչում, բացի հայցվորից այլ անձի ինքը չի տեսել վիճելի հողամասում, որպես գույքի սեփականատեր ինքը ճանաչում է միայն հայցվորին, և վերջինիս հորը, վեճեր հողամասի հետ կապված չեն եղել:
13) Գործով վկա` Արման Ահարոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը հանդիսանում է հայցվորի հողամասերի աշխատակիցը, 2003 թվականից սկսած մինչև վերջին 2 տարին ինքն աշխատել է հայցվորի մոտ վիճելի հողամասում, հողամասերը, այդ թվում վիճելի հողամասը` 1 հա մակերեսից ավել հողամասերը մշակել է ինքը հայցվորի հետ միասին, տնկել է լոլիկ, ձմերուկ, ծառեր, ցանել են գարի և ցորեն, իր աշխատանքի դիմաց վճարել է հայցվորը, որպես հողամասի սեփականատեր ինքը ճանաչում է հայցվորին և վերջինիս հորը, ջրի, էլ. էներգիայի վճարումները, հարկերը վճարում է հայցվորը, այդ հողամասերի միջև որևէ սահմանազատում չի եղել, այդ թվում նաև վիճելի հողամասի հետ կապված, հայցվորը տնկել էր կեչիներ, սակայն ջուր չլինելու պատճառով ծառերը չորացել են:
14) Երրորդ անձի ներկայացուցիչ` Ա.Գրիգորյանը Դատարանին հայտնել է, որ վիճելի հողամասը սեփականաշնորհվել է և պատկանել է Նշան Գրիգորյանի դստերը` Անահիտ Գրիգորյանին, մինչև հողամասի օտարելն այն տիրապետել և օգտագործել է Նշան Գրիգորյանը, Անահիտ Գրիգորյանը հողամասն օտարել է պատասխանողին, 1996 թվականից մինչև օրս ինքն աշխատում է Աշտարակ համայնքում, ինքը, որպես հողամասի փաստացի տիրապետող և օգտագործող, ճանաչել և ճանաչում է միայն հայցվորին և Նշան Գրիգորյանին, միշտ տեսել է հայցվորին հողամասն օգտագործելիս, պատասխանողին երբևէ չի տեսել, երբևէ պատասխանողը չի օգտագործել վիճելի հողամասը, հայցվորն է միշտ մշակել և ծառատունկ արել վիճելի հողամասում, վերջին տարիներին ջուր չլինելու պատճառով այգին չորացել է, հողամասը բաց առվով ոռոգել է հայցվորը, որպես սեփական գույք հողամասը մշակել է միայն հայցվորը, որպես հողամասի սեփականատեր ինքը ճանաչում է միայն հայցվորին: Նշել է, որ հայցվորի անվամբ գրանցված 0,72հա հողամասը գտնվում է վիճելի հողամասի հարևանությամբ և դրանք սահմանազատված չեն, երկու հողամասերն էլ տիրապետում և օգտագործում է միայն հայցվորը:
15) Թիվ ԱՐԱԴ/2538/02/19 դատական գործով հայցադիմումը ներկայացվել է 02.08.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1-2)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի և 280-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմանների դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, իսկ նույն օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` գույքը հետ չպահանջելով: Նույն օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների սեփականատերը հայտնի չլինելու դեպքում դրանք ներմուծելու պահից մեկ տարի լրանալը հիմք է սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը ճանաչելու համար:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: (տե՛ս, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների, Օֆելյա Բոդուրյանի թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը, Խոսրովիկ Հովհաննիսյանը և Հասմիկ Պետրոսյանն ընդդեմ Գառնիկ, Արմեն, Հայկազ Հովհաննիսյանների, Կարինե Մարգարյանի և Հասմիկ Ալեքսանյանի` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գառնիկ Հովհաննիսյանի, Կարինե Մարգարյանն ընդդեմ Խոսրովիկ Հովհաննիսյանի և Հասմիկ Պետրոսյանի` տունը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԱԴԴ/0439/02/12 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ «(...) Ա.Սիմոնյանի կողմից վիճելի գույքի 10 տարվա տիրապետման անընդմեջությունը և բացահայտությունը ուղակիորեն հիմնավորվում է վկաների կողմից տրված ցուցմունքներով, այդ հանգամանքը հաստատվել է նաև երրորդ անձի կողմից: Վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ 2002թ. հայցվորը տիրապետել է վիճելի հողամասը: Բացի այդ հայցվորի կողմից նշված գույքը փաստացի, որպես սեփական գույք տիրապետելու ընթացքում պատասխանողը գույքի տիրապետումը դադարեցնելու վերաբերյալ որևէ պահանջ չներկայացնելով փաստացի կատարել է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են իր կողմից այդ գույքից հրաժարվելու մասին: Ինչ վերաբերում է վիճելի գույքը, որպես սեփական գույք տիրապետմանն, ապա այն հիմնավորվում է այն հանգամանքով, որ հայցվորը վիճելի գույքի տիրապետման ընթացքում իրականացրել է դրա պահպանման ծախսերը, որը հաստատվել է վկաների կողմից տրված ցուցմունքներով, երրորդ անձի ներկայացուցչի ցուցմունքներով: (...)»:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանելով և գործն ուղարկելով նոր քննության, նշել է, որ Դատարանը եկել է սխալ եզրահանգման, պատճառաբանելով, որ «(...)գործում առկա փաստերով հիմնավորվում է, որ Արմեն Սիմոնյանը 2002 թվականի դեկտեմբերի 02-ին կնքված թիվ 3753 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում 7200քմ մակերեսով հողամաս, որից 4520քմ-ն՝ վարելահող, 2680քմ-ն՝ պտղատու այգի: Հողամասի ձեռքբերման պահին նախկին սեփականատերը հայցվորին հանձնել է նաև հողամասի հարակից հողամասը՝ 5400քմ մակերեսով, ու միաժամանակ հայցվորին է հանձնել այդ հողամասի սեփականության վկայականի պատճենը:
Ըստ հայցվորի պնդման՝ հողամասի ձեռքբերման պահից 2002 թվականի դեկտեմբեր ամսից վերջինս տիրապետել ու օգտագործել է թե իր անվամբ գրանցված հողամասը, թե հողամասի հետ պատասխանողի կողմից իրեն հանձնված մյուս հողամասը՝ որպես մեկ ամբողջական գույք:
Հայցվորի այն պնդումը, որ 2002 թվականից ի վեր հայցվորը վիճելի գույքը օգտագործել է որպես իր սեփականը՝ պաշտպանելով այն երրորդ անձանց ոտնձգություններից, բարեկարգելով այն, կատարելով լրացուցիչ անհրաժեշտ աշխատանքներ, մասնավորապես՝ հիմնել այգի, ծառապատել այն, վերահաստատել են նաև գործով որպես վկաներ հարցաքննված Նշան Գրիգորյանը, Վահե Գևորգյանը, Խաչատուր Զազյանն ու Արման Ահարոնյանն իրենց ցուցմունքներով, երրորդ անձ Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցչը /Ա. Գևորգյան/ իր ցուցմունքով: (...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանող Գայանե Աբգարյանը թե գործի քննության ընթացքում, թե վերաքննիչ բողոքով պնդում է, որ վիճելի հողամասի համար վճարումները կատարվել են իր կողմից, ի հիմնավորումն որի՝ ներկայացրել է գյուղատնտեսական նշանակության հողի համար կատարված 75000 ՀՀ դրամ գումարի վճարման փաստն հավաստող թիվ 000009 վճարման հանձնարարագրի անդորրագիր (հատոր 1-ին, գ.թ. 66): Գործում առկա ապացույցներից, մասնավորապես՝ 10.07.2019 թվականի թիվ 18531 վճարային հանձնարարականի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվոր Արմեն Ալբերտի Սիմոնյանի կողմից կատարվել է մեկ միանվագ վճարում 46.068 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ գործարքի նպատակը դաշտում նշված է՝ «561-005 ծածկ. 5400քմ. հողամասի 2008-2019թթ. հողի հարկի վճար /ապառք/»(հատոր 1-ին, գ.թ. 26): Այսինքն՝ տվյալ դեպքում հարց է առաջանում, թե եթե վիճելի հողամասը դեռևս 2002 թվականից սկսած տիրապետել է անձամբ հայցվորը, ապա այդ դեպքում ինչով է պայմանավորված եղել հայցվորի կողմից վիճելի հողի հարկի վճարումները 2008 թվականի համար կատարելը, իսկ մինչև այժմ նշված հողամասի հողի հարկի մասով վճարումները արդյոք կատարվել են պատասխանող Գայանե Աբգարյանի կողմից, թե ոչ:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի մոտ ձեռքբերման վաղեմության հիմքով վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ վավերապայմաններից բարեխղճության մասով Առաջին ատյանի դատարանը պատշաճ քննություն չի իրականացրել և չի պարզել, թե Արմեն Սիմոնյանը վիճելի գույքը իրեն հատկացվելու պահից է արդյոք իրականացրել գույքի ամբողջական տիրապետում ու օգտագործում՝ կատարելով հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարումները և, որպես սեփականատեր Գայանե Աբգարյանն արդյոք հրաժարվել է իր գույքից, թե ոչ: (...)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցի տեսակներն են`
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատկապես ընդգծել, որ թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին: Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը
Վերաքննիչ դատարանի եզրահանգումներից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից՝ բարեխղճության պայմանը Վերաքննիչ դատարանը համարել է չբացահայտված, իր եզրահանգումը պայմանավորելով պատասխանողի կողմից թիվ 000009 վճարման հանձնարարագրով գյուղատնտեսական նշանակության հողի համար կատարված 75․000 ՀՀ դրամ գումարի վճարման փաստով: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նշված ապացույցը, արդյունքում անտեսել է, որ պատասխանողի կողմից հողի համար վճարումը կատարվել է 12.11.2019 թվականին, գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելուց 3 ամիս հետո, այսինքն՝ հողի սեփականատիրոջ կողմից վճարումը կատարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության 10-ամյա ժամկետն անցնելուց հետո, վերջինիս կողմից Դատարան հայց ներկայացնելուց հետո, այսինքն` այն ժամանակ, երբ հայցվորի մոտ ձեռքբերման վաղեմության հիմքով ծագել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված ապացույցն ապացուցողական նշանակություն չէր կարող ունենալ հայցվորի մոտ՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման վավերապայմաններից՝ ձեռքբերման բարեխղճության բացակայության և գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարված լինելու հանգամանքները հաստատելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը։ Գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում է ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ, այլև բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ և տիրապետողի, և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):
Սույն գործով վկաներ Նշան Գրիգորյանի, Վահե Գևորգյանի, Խաչատուր Զազյանի, Արման Ահարոնյանի, երրորդ անձ Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից տրված ցուցմունքների համաձայն՝ 2002 թվականից սկսած մինչև օրս վիճելի հողամասը փաստացի տիրապետում և օգտագործում է հայցվորը, տեղադրել է տնակ, ծառեր է տնկել, մշակել է հողամասը, ոռոգել է հողամասը, պարսպապատել է այն, որպես գույքի սեփականատեր ճանաչել են միայն հայցվորին, հողամասի հետ կապված որևէ վեճեր չեն եղել, բացի հայցվորից այլ անձի չեն տեսել վիճելի հողամասում և այլն: Ներկայացվել են նաև վիճելի հասցեի հողի լուսանկարները, հողի հարկի վճարման անդորրագրեր: Պատասխանող Գայանե Աբգարյանը ըստ էության ընդունել է այն փաստը, որ հողամասը ձեռքբերելուց հետո՝ սկսած 2002 թվականից որևէ գործողություն չի կատարել անշարժ գույքի նկատմամբ՝ նշելով, որ հայցվոր Արմեն Սիմոնյանի հետ աշխատել են համատեղ, և շահավետ առաջարկի պայմաններում միաժամանակ գնել են հողամասեր, որոնք գտնվում են հարևանությամբ: Գայանե Աբգարյանն իր անգործությունը բացատրել է նրանով, որ կին էր և չէր կարող զբաղվել հողագործությամբ, հողամասը ձեռք է բերել որպես կապիտալ իր սերունդների համար, կողմերը եղել են երկար տարիների գործընկերներ և ընկերներ, ուստի հայցվորի կողմից եթե անգամ որոշակի հոգատարություն ցուցաբերվել է պատասխանողի հողամասի նկատմամբ, ապա պատասխանողն այն ընկալել է բացառապես ընկերոջ կողմից իր գույքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ բոլոր ապացույցները հիմնավորում են հայցվորի կողմից վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը, միաժամանակ վկայակոչված ապացույցներով հաստատվում է նաև այն հանգամանքը, որ գույքի սեփականատիրոջ կողմից թույլ է տրվել անգործություն, որն ակնհայտ վկայում է գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին։
Ինչ վերաբերում է պատասխանողի կողմից իր գույքի նկատմամբ տասը տարուց ավելի անտարբեր վերաբերմունք դրսևորելու վկայակոչված պատճառներին մասնավորապես՝ հայցվորի կողմից այդ գույքի նկատմամբ դրսևորված հայտարարությունն իբրև ընկերոջ կողմից ցուցաբերվող ուշադրություն ընկալելուն, ապա սույն գործի լուծման տեսանկյունից այդ հանգամանքն էական նշանակություն չունի, այլ էական է գույքի նկատմամբ անտարբեր վարքագիծ դրսևորելու փաստը, ինչը հիմք է հանդիսացել հայցվորի մոտ ձևավորելու համոզմունք, որ սեփականատերը հրաժարվել է իր գույքից՝ առանց սեփականության իրավունքը պահպանելու մտադրության։
Վերոգրյալ փաստերի գնահատումը սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ Դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման՝ հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար Արմեն Սիմոնյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամը, Գայանե Աբրահամյանից պետք է բռնագանձել հօգուտ Արմեն Սիմոնյանի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13․05․2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2020 թվականի վճռին։
2. Գայանե Աբրահամյանից հօգուտ Արմեն Սիմոնյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ, որպես վերջինիս կողմից վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: