Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-116-Ո-Կ-27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-116-Ո-Կ-27

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝
Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Կ. Անդրեասյանի


մասնակցությամբ՝ անդամներ


Հ. Գրիգորյանի
Ե. Թումանյանցի

 

Դ․ Խաչատուրյանի

 

Ն. Հովսեփյանի

 

Մ Մակյանի

 

Ա. Մխիթարյանի

 

Վ. Քոչարյանի


Արդարադատության նախարարի տեղակալ


Ա
. Սարգսյանի


Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ


Ա. Սուջյանի

Հ. Սանոյանի


Երևան
քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր


Ա. Փիլոսյանի


Երևան
քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր
Ա. Փիլոսյանի ներկայացուցիչ


Ռ. Մելիքյանի


քարտուղարությամբ՝

 

Թ. Ղուկասյանի

 

2022 թվականի դեկտեմբերի 26-ին  ք. Երևանում

 

Դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 103-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի հրապարակումը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից գործարկվող «iravaban.net» լրատվական կայքում 2022 թվականի հուլիսի 25-ին հրապարակված փաստաբան Գայանե Պապոյանի (այսուհետ նաև՝ Փաստաբան) հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարությունը):

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը 2022 թվականի հուլիսի 27-ին ներկայացրել է զեկուցագիր (այսուհետ՝ Զեկուցագիր)՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Աննա Փիլոսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:

Զեկուցագրի ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձածի հիման վրա Արդարադատության նախարարն Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը հանձնարարել է Հայտարարության առիթով իրականացնել Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության պարզմանն ուղղված ուսումնասիրություն:

Ի կատարումն Արդարադատության նախարարի հանձնարարականի՝ Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հ. Սանոյանի կողմից փաստաբանին ուղղված 2022 թվականի հուլիսի 28-ի գրությամբ վերջինիս առաջարկվել է Հայտարարությամբ ներկայացվածի վերաբերյալ հաղորդել մանրամասներ՝ հայտնել Դատավորի կողմից պարզեցված վարույթի կարգով քննված գործի համարը և հնարավորության դեպքում տրամադրել գործի վերաբերելի նյութերը, այդ թվում՝ համապատասխան դատական ակտերը: Նշվածին ի պատասխան՝ փաստաբան Գայանե Պապոյանը 2022 թվականի օգոստոսի 24-ի գրությամբ (Արդարադատության նախարարությունում այն ստացվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին) հայտնել է Հայտարարությամբ հիշատակված քաղաքացիական գործի համարը, և ի լրումն փաստական տվյալներ է ներկայացրել թվով 3 քաղաքացիական գործերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի թույլ տված առերևույթ խախտումների վերաբերյալ:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 90-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 103-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը, ներկայացրած միջնորդությամբ նշել է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ հոդվածի 6-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 296-րդ հոդվածի 1-ին մասի, 300-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի, 302-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում կայացնելու և հրապարակելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի՝ վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ:

Անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման տեսանկյունից կարևորվում է անձի մասնակցությամբ գործին ըստ էության լուծում տվող դատական ակտը ողջամիտ ժամկետում հրապարակելը և գործին մասնակցող անձին այն ուղարկելը: Համապատասխանաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, այդ թվում՝ թիվ ԵԴ/18537/02/20, թիվ ԵԴ/9653/02/21, թիվ ԵԴ/30517/02/20, թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործերով վճիռները Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում հրապարակելը և գործին մասնակցող անձանց վճիռների օրինակներն ուղարկելը կամ առձեռն հանձնելը դատարանի պարտականությունն է: Դրան համապատասխան անձն ունի լեգիտիմ ակնկալիք, որ դատարանն իր կողմից ներկայացված պահանջներին ըստ էության լուծում տվող դատական ակտ կկայացնի և այն իրեն հասանելի կդարձնի ողջամիտ ժամկետներում (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հասանելի դարձնելը ենթադրում է դատական ակտն անձին ուղարկելը կամ առձեռն հանձնելը):

Գործով վճիռ կայացնելու, հրապարակելու և այն գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու դատավարական գործողություններն իրականացնելու համար օրենսդրի կողմից դատավարական իմպերատիվ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի կողմից իր մասնակցությամբ գործով վերջնական դատական ակտ ունենալու, ըստ այդմ՝ իր իրավունքների դատական պաշտպանությունը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու անհրաժեշտությամբ: Ուստի անհրաժեշտ է դիտարկել դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունը անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում:

Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը: Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Հիմնարար այս իրավունքի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներին1:

Քննարկվող դեպքում Դատարանը թիվ ԵԴ/18537/02/20, թիվ ԵԴ/9653/02/21, թիվ ԵԴ/30517/02/20, թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործերով թույլ է տվել դատավարական ժամկետների հետևյալ խախտումները. թիվ ԵԴ/18537/02/20 գործով 2020 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը հրապարակվել է և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Հայցվոր) կողմից ստացվել է շուրջ մեկուկես տարի անց: Թիվ ԵԴ/9653/02/21 գործով 2021 թվականի հուլիսի 23-ի վճիռը հրապարակվել է և Հայցվորի կողմից ստացվել է շուրջ մեկ տարի անց: Թիվ ԵԴ/30517/02/20 գործով 2021 թվականի փետրվարի 26-ի վճիռը հրապարակվել է և Հայցվորի կողմից ստացվել է շուրջ մեկուկես տարի անց: Թիվ ԵԴ/12290/02/20 նշված գործով 2020 թվականի սեպտեմբերի 4-ի վճիռը հրապարակվել է և Հայցվորի կողմից ստացվել է ավելի քան երկու տարի անց:

Հարուցված կարգապահական վարույթով առկա փաստերի և վկայակոչված քաղաքացիադատավարական նորմերի համադրումից հետևում է, որ հիշատակված թվով չորս քաղաքացիական գործերով Դատարանի կողմից չեն պահպանվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները: Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով խախտվել է Հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը: Նշվածը դրսևորվել է նաև նրանով, որ Հայցվորը տևական ժամանակ օբյեկտիվորեն զրկված է եղել իր մասնակցությամբ գործերով վճիռները բողոքարկելու իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից: Մասնավորապես թիվ ԵԴ/9653/02/21 քաղաքացիական գործով Հայցվորը 2021 թվականի հուլիսի 23-ի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու իր իրավունքն իրականացրել է միայն 2022 թվականի օգոստոսի 19-ին, իսկ թիվ ԵԴ/30517/02/20 քաղաքացիական գործով 2021 թվականի փետրվարի 26-ի վճիռը` միայն 2022 թվականի հունիսի 30-ին: Սա վկայում է, որ Հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտումն առաջացրել է ինչպես դատավարական հետևանքներ՝ Հայցվորի՝ վճիռները բողոքարկելու իրավունքն իրականացնելու հնարավորությունից տևական ժամանակ զրկված լինելու ձևով, այնպես էլ՝ նյութաիրավական հետևանքներ՝ Հայցվորի՝ գումարի բռնագանձման պահանջի իրավունքի իրականացմամբ իրեն հասանելիք ֆինանսական միջոցները վերադարձնելու հնարավորությունից տևական ժամանակ զրկված լինելու ձևով: Ավելին, թիվ ԵԴ/18537/02/20 քաղաքացիական գործով պատասխանող «Դավիթ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունը սնանկ է ճանաչվել (թիվ ՍնԴ/1813/04/21 սնանկության գործ), ինչը Հայցվորի համար իրեն հասանելիք ֆինանսական միջոցները վերադարձնելու հնարավորության տեսանկյունից առաջացրել է ոչ միայն ժամանակային սահմանափակումներ, այլև՝ էական դատավարական խոչընդոտներ՝ Հայցվորի՝ նշված սնանկության գործով որպես պարտատեր իր պահանջը գրանցելու և դրա բավարարում ստանալու տեսանկյունից:

Վարույթ հարուցող մարմինը սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորին վերագրվող խախտումների առնչությամբ անհրաժեշտ է համարել վկայակոչել Խորհրդի 2022 թվականի հունիսի 6-ի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10, 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները և նշել, որ վերոգրյալ իրավական վերլուծության ամփոփմամբ հիմնավորվում է այն, որ Դատարանը, չպահպանելով սույն միջնորդությամբ հիշատակված թվով չորս, պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործերով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները, խախտել է նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի պահանջները:

Վկայակոչելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 6.5-րդ կետերը՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքն ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում: Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները առանց ոչ խելամիտ հետաձգումների2:

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Վարքագծի քննարկվող կանոնը դատավորին պարտավորեցնում է իր պարտականությունները կատարել ողջամիտ ժամկետներում: Այս պահանջը ներառում է երկու ասպեկտ՝ գործերի արագ քննությունը և դատարանի աշխատանքների արագ կազմակերպումը: Ընդ որում, դատավորի վարքագծի քննարկվող կանոնի պահանջն ավելի խիստ է, քան դատավարական ժամկետները պահպանելու օրենքի պահանջը: Եթե դատավարական նորմեր նախատեսող օրենքներով գործերի կամ ընթացիկ հարցերի լուծման համար սահմանված են որոշակի ժամկետներ, ապա դա չի նշանակում, որ այդ գործերն ու հարցերն անպայման պետք է լուծվեն այդ ժամկետների վերջում, եթե դրանց լուծումը հնարավոր է ավելի շուտ3:

Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված եզրափակիչ դատական ակտը գործի մասնակիցներին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը:

Տվյալ պարագայում Հայցվորի մասնակցությամբ թվով չորս քաղաքացիական գործերով կայացված վճիռները հրապարակելու և վճիռների օրինակները Հայցվորին ուղարկելու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը Հայցվորի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ: Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում է դատական իշխանությունը:

Վերոգրյալից բխում է, որ թվով չորս քաղաքացիական գործերով դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով Դատավորի կողմից խախտվել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնները:

Անդրադառնալով մեղքի ձևին՝ վարույթ հարուցող մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը, 143-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ հարուցված վարույթի փաստերի և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում, Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ այնքանով, որքանով Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ հարուցած մարմնի կողմից հակառակը չի ապացուցվել (նշված խախտումները դիտավորությամբ կատարելու մասով): Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում հրապարակելու և նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պահանջների խախտումը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կատարել սույն միջնորդությամբ հիշատակված թվով չորս քաղաքացիական գործերով վճիռները Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում հրապարակելու և Հայցվորին ուղարկելու դատավարական պարտականությունները:

Վերոգրյալից նաև հետևում է, որ սույն միջնորդությամբ ներկայացված՝ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տվել նաև վարքագծի կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը բացատրություն չի ներկայացրել վարույթ հարուցող մարմնին և պատասխան՝ Խորհրդին:

Դատավորը Խորհրդում հանդես եկած եզրափակիչ ելույթով, ի թիվս այլնի, հայտնել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու միջնորդությունները կառուցվում և իրականացվում են դատավորի կողմից թույլ տրված բացթողումների շուրջ, նույն ինքը բարձրաձայնվում է այն, ինչը չի արել դատավորը կամ ինչում թերացել է դատավորը։

Դատավորը, վկայակոչելով դատավորների թվակազմի և ստացված գործերի քանակի վերաբերյալ տվյալներ, նշել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարող դատավորը ծանրաբեռնված է առնվազն թույլատրելիից եռակի անգամ ավելին։

Դատավորը ներկայացրել է 2020-2022թթ. իր կողմից ստացված գործերի և բողոքարկված դատական ակտերի քանակի վերաբերյալ քանակական տվյալներ, հավելել է, որ 2021 թվականին իր գործունեությունը երկու օբյեկտիվ իրողությամբ պայմանավորված է խաթարվել, դրանք են՝ գործերի քանակի անկանխատեսելի աճը, ներքին կազմակերպական խնդիրը՝ կապված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավորների արձակուրդների գրաֆիկի կազմման և հաստատման հետ, որը կազմվում և հաստատվում է այնպես, որ յուրաքանչյուր տարի ապրիլ-մայիս, հուլիս-օգոստոս և դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին բաժին ընկնող ծանրաբեռնվածությունը, որը պետք է բաշխվեր առանց այդ էլ կրկնակի պակաս թվակազմով 35 դատավորների միջև, բաշխվում է 5-8 դատավորի միջև։ Դրան գումարվել է դատավորի օգնականի համակարգչի հետ կապված խնդիրը, որը չի պահպանել ստացված գործերով դատական ակտերի նախագծերի առնվազն 50 տոկոսը, և անհրաժեշտություն է առաջացել կրկին դրանք կազմելու, ինչն օբյեկտիվորեն ազդել է օգնականի աշխատանքի, որպես հետևանք, նաև դատավորի աշխատանքի վրա։ Նշել է, որ հենց այսօր էլ ստեղծված է նույնանման իրավիճակ, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Արաբկիր» նստավայրում պաշտոնավարող 12 դատավորներից մակագրությանը մասնակցում է միայն ինքը։

Դատավորը նշել է, որ ինքը գերծանրաբեռնվածության պայմաններում պաշտոնավարել է շուրջ ութ տարի, իր պաշտոնավարումը սկսել է քսան օրվա ընթացքում շուրջ 1600 քաղաքացիական գործի քննության ստանձնմամբ, ուստի նշված հանգամանքները վկայում են այն մասին, որ ինքը դատական ակտերի ուշացման ողջ ժամանակահատվածում գործել է ի շահ հարյուրավոր դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման՝ ապահովելով հիշյալ հիմնախնդիրներն այնքանով, որքանով հնարավոր է ապահովել ստեղծված և առաջադրվող պայմաններում և գործունեության արդյունքում ստացված պրոդուկտը վկայում է այն մասին, որ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից բացակայում է ժամկետների պահպանման նկատմամբ իր անտարբերության, դատավարության մասնակիցներից որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը։

Անդրադառնալով իրեն վերագրվող արարքի խախտման բնույթին, դրա ծանրությանը և արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին՝ Դատավորը նշել է, որ գործերի քննություններն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ, անընդունելի ժամկետով ուշացվել են եզրափակիչ դատական ակտերը: Հայցվորը, թեկուզ ուշացմամբ, սակայն բոլոր գործերով հնարավորություն է ունեցել իրացնելու բողոքարկման իրավունքը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի համապատասխան որոշումներով բողոքներն ընդունվել են վարույթ, ընդ որում բողոքներից մեկը մերժվել է օրինական ուժի մեջ թողնելով իր կողմից կայացված եզրափակիչ դատական ակտը, մյուսով հայցվոր ընկերության տնօրենը հրաժարվել է ներկայացված բողոքից, բոլոր չորս գործերով իր կողմից կայացված որոշումներով վերականգնվել են կատարողական թերթեր ստանալու համար դիմումների ներկայացման ժամկետները։

Անդրադառնալով «Դավիթ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության սնանկ ճանաչված լինելուն՝ Դատավորը նշել է, որ ըստ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ստացված տվյալների համադրման՝ լավագույն դեպքում Հայցվորի պահանջի բավարարում ստանալու հերթը կհասներ պետական բյուջեի նկատմամբ պարտավորության ամբողջությամբ մարումից, այնուհետև հարուցված մյուս 84 կատարողական վարույթներով պարտատերերի պահանջների բավարարում տրամադրելուց հետո, բացի այդ չվճարված գումարի նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսների հաշվարկը դադարելու էր օրենքի ուժով անկախ դատական ակտի ուշ կամ ժամանակին ստանալու փաստից:

Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը միջնորդել է իրեն վերագրվող արարքները կարգապահական խախտում որակելիս և խախտման համար տույժ ընտրելիս ելնել վերոշարադրյալ իրավական վերլուծություններից և փաստական հանգամանքներից։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. Թիվ ԵԴ/18537/02/20 քաղաքացիական գործով հայցադիմում է ներկայացվել Դատարան 2020 թվականի հունիսի 24-ին, որի կապակցությամբ Դատավորի կողմից կայացվել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշում: Նշված որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 6-ը, սակայն վճիռը «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) հրապարակվել է 2022 թվականի հունիսի 2-ին, իսկ Հայցվորին տրամադրվել է 2022 թվականի հունիսի 14-ին (հիմք՝ գործի նյութերում առկա փոստային ծառայության անդորրագիրը):

2022 թվականի հունիսի 14-ին Դատարանում ստացվել է Փաստաբանի գրությունը՝ գործին առնչվող դատավարական փաստաթղթերը և առկայության դեպքում նաև վճիռն օրենքով սահմանված ժամկետներում տրամադրելու և Հայցվորի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը չխախտելու վերաբերյալ:

2022 թվականի հուլիսի 6-ին ստացվել է Փաստաբանի դիմում-միջնորդությունը՝ կատարողական թերթ տալու ժամկետի բացթողումը հարգելի համարելու, այն վերականգնելու և կատարողական թերթ տալու պահանջի վերաբերյալ, որը Դատարանի 2022 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ բավարարվել է՝ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է ճանաչվել և բաց թողնված ժամկետը վերականգնվել է: Նշված որոշմամբ Դատարանն արձանագրել է հետևյալը. «Քաղաքացիական գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատարանի՝ 06.11.2020 թվականի վճիռը հայցվոր ընկերության կողմից ստացվել է 14.06.2022 թվականին:

Վերոհիշյալը հիմք ընդունելով, դատարանը արձանագրում է, որ դիմումատուն հնարավորություն չի ունեցել դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետում և գտնում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը կարող է հարգելի ճանաչվել և այն կարող է վերականգնվել, քանի որ բաց թողնված ամբողջ ժամանակահատվածում հայցվորը օբյեկտիվ պատճառներով չի կարողացել և հնարավորություն չի ունեցել կատարողական թերթը ներկայացնել կատարման»:

2022 թվականի հուլիսի 28-ին Դատարանը կատարողական թերթ է տրամադրել:

2022 թվականի սեպտեմբերի 16-ին ստացվել է Փաստաբանի գրությունը՝ կատարողական վարույթի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստացված չլինելու և կատարողական թերթը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկված լինելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

Սույն գործի առնչությամբ Փաստաբանը 2022 թվականի օգոստոսի 24-ի գրությամբ նաև հայտնել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին նշված գործով պատասխանող «Դավիթ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունը սնանկ է ճանաչվել (թիվ ՍնԴ/1813/04/21 սնանկության գործ), և եթե տվյալ գործով կայացված վճիռը ժամանակին տրամադրվեր Հայցվորին, ապա կատարողական թերթ տալու դիմում կներկայացվեր դատարան, և վճռով սահմանված գումարը կբռնագանձվեր, մինչդեռ այս պայմաններում անորոշ է՝ առհասարակ գումարը կբռնագանձվի սնանկ ճանաչված ընկերությունից թե ոչ, և եթե այո, ապա անորոշ է, թե երբ: Չպետք է անտեսել նաև այն, որ սնանկ ճանաչվելու պարագայում Հայցվորն այլևս զրկված է պահանջելու չվճարված գումարի նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսագումարները:

4.2. Թիվ ԵԴ/9653/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի մարտի 12-ին ստացված հայցադիմումը նույն օրը մակագրվել է Դատավորին (տրամադրվել է 2021 թվականի մարտի 16-ին): Դատավորի կողմից 2021 թվականի մարտի 24-ին կայացվել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշում: Նշված որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ը, սակայն վճիռը Համակարգում տեղադրվել է 2022 թվականի օգոստոսի 10-ին, իսկ Հայցվորին տրամադրվել է 2022 թվականի օգոստոսի 11-ին (հիմք՝ գործի նյութերում առկա փոստային ծառայության անդորրագիրը):

2022 թվականի օգոստոսի 25-ին ստացվել է Փաստաբանի դիմում-միջնորդությունը՝ կատարողական թերթ տալու ժամկետի բացթողումը հարգելի համարելու, այն վերականգնելու և կատարողական թերթ տալու պահանջի վերաբերյալ, որը Դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ բավարարվել է՝ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը և կատարողական թերթ ստանալու համար դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնվել է:

2022 թվականի հոկտեմբերի 5-ին Դատարանը կատարողական թերթեր է տրամադրել: Նշված որոշումը 2022 թվականի սեպտեմբերի 8-ի ելից գրությամբ ուղարկվել է կողմերին, սակայն վերջիններիս կողմից այն ստացված լինելը հավաստող ապացույց (փոստային ծառայության անդորրագիր) գործի նյութերում առկա չէ:

Փաստաբանի կողմից վճռի դեմ 2022 թվականի օգոստոսի 19-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավոր Նարեկ Գաբրիելյան) 2022 թվականի հոկտեմբերի 31-ին կայացրել է «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և վերաքննիչ վարույթը կարճելու մասին» որոշում:

4.3. Թիվ ԵԴ/30517/02/20 քաղաքացիական գործով 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ստացված հայցադիմումը վերաբաշխման արդյունքում մակագրվել է Դատավորին (տրամադրվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին): Դատավորի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 27-ին կայացվել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշում: Նշված որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2021 թվականի փետրվարի 26-ը, սակայն Համակարգում հրապարակվել է 2022 թվականի մայիսի 31-ին, իսկ Հայցվորին տրամադրվել է 2022 թվականի հունիսի 14-ին (հիմք՝ գործի նյութերում առկա փոստային առաքանու պատմության արտատպումները):

Փաստաբանի կողմից վճռի դեմ 2022 թվականի հունիսի 30-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր Լենդրուշ Հովհաննիսյան) 2022 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտը հրապարակելու օր է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 5-ին:

4.4. Թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործով 2020 թվականի ապրիլի 21-ին ստացված հայցադիմումը նույն օրը մակագրվել է Դատավորին (տրամադրվել է 2020 թվականի ապրիլի 28-ին): Դատավորի կողմից 2020 թվականի մայիսի 7-ին կայացվել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշում: Նշված որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 4-ը, սակայն վճիռը Համակարգում հրապարակվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին, իսկ Հայցվորին տրամադրվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին (հիմք՝ գործի նյութերում առկա փոստային ծառայության անդորրագիրը):

2022 թվականի հունիսի 13-ին ստացվել է Փաստաբանի գրությունը՝ վճիռը և այլ դատավարական փաստաթղթերն օրենքով սահմանված ժամկետներում տրամադրելու և Հայցվորի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը չխախտելու վերաբերյալ:

2022 թվականի հոկտեմբերի 31-ին Դատարանը կայացրել է «Թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործի վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու վերաբերյալ» որոշում:

2020 թվականի սեպտեմբերի 4-ի վճիռը և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի վրիպակն ուղղելու վերաբերյալ որոշումն ուղարկման են հանձնվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ի ելից գրությամբ:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի ու նրա ներկայացուցչի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թիվ ԵԴ/18537/02/20, թիվ ԵԴ/9653/02/21, թիվ ԵԴ/30517/02/20, թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում,

5.2. արդյո՞ք թիվ ԵԴ/18537/02/20, թիվ ԵԴ/9653/02/21, թիվ ԵԴ/30517/02/20, թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործերով կատարված դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3. արդյո՞ք թիվ ԵԴ/18537/02/20, թիվ ԵԴ/9653/02/21, թիվ ԵԴ/30517/02/20, թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման,

5.4 արդյո՞ք թիվ ԵԴ/18537/02/20, թիվ ԵԴ/9653/02/21, թիվ ԵԴ/30517/02/20, թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև Արդարադատության նախարարի տեղակալի և ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի ու ներկայացուցչի դիրքորոշումը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Ավելին, Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության»4, քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը5:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան6:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը7:

Եվրոպական դատարանը անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ (…) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը8:

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով9:

ՀՀ վճռաբեկ դատարանը «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի գործով նշել է, որ ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն10:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը (...) օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում կայացնելու և հրապարակելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի՝ վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ:

Խորհուրդն արձանագրում է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումներից բխում է, որ թիվ ԵԴ/18537/02/20, թիվ ԵԴ/9653/02/21, թիվ ԵԴ/30517/02/20, թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործերով վճիռները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում հրապարակելը և գործին մասնակցող անձանց վճիռների օրինակներն ուղարկելը կամ դրանք առձեռն հանձնելը դատարանի պարտականությունն է: Ավելին, անձն ունի օրինական ակնկալիք, որ դատարանն իր կողմից ներկայացված պահանջներին ըստ էության լուծում տվող դատական ակտ կկայացնի և այն իրեն հասանելի կդարձնի ողջամիտ ժամկետներում:

Խորհուրդն արձանագրում նաև, որ հիշյալ չորս քաղաքացիական գործերով Դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարզեցված վարույթի կարգով քննվող գործով վճիռ հրապարակելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները, ինչի հետևանքով խախտվել է Հայցվորի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը:

Խորհուրդն ինչպես նախկին գործերով, սույն գործով կրկին արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:

Խորհուրդն արձանագրում է նաև, որ թե Դատավորի և թե վերջինիս ներկայացուցչի կողմից Խորհրդի նիստում խախտման փաստն ընդունվեց՝ պատճառաբանելով Դատավորի գերծանրաբեռնվածությամբ:

Միաժամանակ Խորհուրդը կրկին արձանագրում է, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում:

Անդրադառնալով սույն վարույթի շրջանակներում Դատավորի կողմից վկայակոչված այն փաստարկին, ըստ որի՝ Դատարանի կայացրած դատական ակտերը դատավարության կողմերին օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկվելը պայմանավորված է եղել Դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքներով, Խորհրդի գնահատմամբ, ըստ էության, չեն բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ կամ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում Դատավորի կողմից կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ սույն կարգապահական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած թվով 4 քաղաքացիական գործերը Դատավորի վարույթում քննվել են պարզեցված վարույթի կարգով, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ Դատավորը պարտավոր էր և կարող էր սահմանված ժամկետների պահպանմամբ կատարել բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները:

Ավելին, Խորհուրդը հարկ է համարում նշել, որ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ԲԴԽ-64-Ո-146 որոշմամբ, Խորհուրդը, հաշվի առնելով գործերի քննության ողջամիտ ժամկետներում քննություն իրականացնելու անհրաժեշտությունը, որոշում է կայացրել Դատավորի անուն-ազգանունը շուրջ երկու ամսով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 22-ը ներառյալ, գործերի բաշխման ցանկից հանելու մասին, ինչպես նաև Խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԲԴԽ-90-Ո-265 որոշմամբ կրկին նույն հիմնավորմամբ որոշում է կայացրել Դատավորի անուն-ազգանունը տասնհինգ օրով՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ից նոյեմբերի 17-ը ներառյալ գործերի բաշխման ցանկից հանելու մասին:

Խորհուրդը, անդրադառնալով դատավորի կողմից կատարված խախտումների բազմակիությանը, կարևորում է այն, որ դատավորի կողմից երկու և ավելի դատական գործերով թույլ տրված դատավարական կամ նյութական նորմերի խախտումները վկայում են խախտման արդյունքում արդարադատության հեղինակազրկման վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Խորհուրդը բազմիցս կարևորել է նաև, որ դատական գործընթացը չպետք է դիտարկվի որպես մեխանիկական կամ զուտ ընթացակարգային գործողությունների շղթա: Այն մշտապես գտնվում է դինամիկ վիճակում և պահանջում է առավելագույն ճկունություն, քանի որ յուրաքանչյուր գործով, անկախ դրանց նմանություններից և տարբերություններից, վերջին հաշվով, դատարանը առնչվում է անձի իրավունքների և ազատությունների իրացման ապահովման հետ: Արդարադատություն իրականացնելը չպետք է ընկալվի զուտ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող դատական ակտի կայացման ձևով: Ուստի Դատավորի այն պատճառաբանությունը, որ պատշաճ դատական ակտեր կայացնելն իր կողմից առավել կարևոր է դիտարկվում, քան դրանից հետո իրականցվող գործողությունները, իմաստազուրկ են, քանի որ դատական ակտի կայացման համար օրենսդրությունը սահմանել է հստակ պահանջներ, որի խստիվ պահպանմամբ արդարադատության իրականացումը դատավորի առաջնային պարտականությունն է: Արդարադատության իրականացումը ոչ ամբողջական, այլ փուլային ձևաչափով դիտարկելու պարագայում, հստակ է, որ յուրաքանչյուր գործով և յուրաքանչյուր փուլում դատարանի կողմից իրականացված ցանկացած ոչ պատշաճ գործողություն կարող է խաթարել արդարադատության իրականացումը, ինչպես նաև դրա ողջ տրամաբանությունը: Դատավորը, կայացնելով համապատասխան որոշում, թե օրենքով նախատեսված կարգով և թե իրավունքի իրացման ամբողջական տրամաբանության լույսի ներքո պարտավոր է դատավարության բոլոր շահագրգիռ կողմերին տեղյակ պահել իր կայացրած դատական ակտի մասին11:

Խորհուրդը կարևոր է համարում փաստել, որ անկախ ծանրաբեռնվածության աստիճանից՝ դատավորը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը. արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը:

Խորհրդի գնահատմամբ Դատավորի կողմից թիվ ԵԴ/18537/02/20, թիվ ԵԴ/9653/02/21, թիվ ԵԴ/30517/02/20, թիվ ԵԴ/12290/02/20 քաղաքացիական գործերով համապատասխանաբար՝ շուրջ մեկուկես, մեկ, մեկուկես և ավելի քան երկու տարի անց վճիռները հրապարակելը և Հայցվորին ուղարկելը ոչ իրավաչափ գործողություն է, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը, էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը:

Գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին մեղսագրվող դատավարական նորմի խախտումների առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկներով: Խնդրո առարկա դատական գործերի շրջանակներում կիրառելի իրավանորմերի հստակությունը և իմպերատիվ բնույթը թույլ է տալիս եզրակացնել, որ Դատավորն ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր տեղյակ լինել վերաբերելի իրավակարգավորումներին և դրանք խախտելու հնարավոր հետևանքներին: Նշվածը թույլ է տալիս ողջամտորեն եզրահանգել, որ Դատավորի կողմից վերոնշյալ դատավարական նորմի խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ:

Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք Դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։

Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Խորհուրդն արձանագրում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու և Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու պահանջների խախտում:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել արդարադատությունն առանց անհարկի ձգձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ դատավարական հստակ ժամկետների խախտումները և ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի խախտումը վտանգում և խաթարում են արդարադատության արդյունավետությունը և ամբողջ դատական համակարգի վստահելիությունը: Եթե որոշման հրապարակումը և որոշման ամբողջական տեքստի մշակումը տեղի են ունենում առանձին ժամանակներում, ապա վարույթն ավարտված չի կարող համարվել, քանի դեռ պատճառաբանված որոշումը չի հրապարակվել և շահագրգիռ կողմերը չեն ծանուցվեն որոշման մասին:

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նշված երկու գործողությունների միջև առկա ժամանակահատվածները խնդրո առարկա քաղաքացիական գործերով այնքան երկար էին, որ անխուսափելիորեն հեղինակազրկում են դատական իշխանությունը՝ հանրության աչքերում արդարադատության իրականացումը դարձնելով անկանխատեսելի և անարդյունավետ իրավունքի պաշտպանության միջոց:

Միաժամանակ Խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է և պայմանավորված է դատավորի դրսևորած այնպիսի վարքագծով, որն անխուսափելիորեն հեղինակազրկում է դատական իշխանությունը, էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը: Այսինքն՝ սույն դեպքում խոսքը վերաբերում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքին:

Դատավորի կողմից Օրենսգրքի 142-րդ հոդվածի իմաստով «արարք» կատարելը ենթադրում է նաև դատական գործունեության ընթացքում դատավորի կողմից այնպիսի վարքագծի (ներառյալ` անգործության) դրսևորումը, որն ակնհայտորեն կարող է կասկածի տակ դնել արդարադատությունը Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական չափորոշիչներին համապատասխանելու հանգամանքը՝ խեղաթյուրելով դրա բուն էությունը։ Եթե դատավորի պաշտոնավարման ընթացքում դատավորի վարքագիծը շեղվում է իրավական նորմերի մեկնաբանման և կիրառման ընդհանուր կանոններից, և դատավորը, դրսևորելով ոչ պատշաճ արհեստավարժություն ու մասնագիտական պատրաստվածություն, դուրս է գալիս իրավական նորմի գործողության շրջանակներից ոչ թե զուտ նորմի սխալ մեկնաբանման կամ կիրառման արդյունքում, այլ իր սահմանադրաիրավական լիազորությունների վերազանցման պայմաններում, ապա այդպիսի արարքը կարող է բնութագրվել որպես դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի։

Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գ. Մինասյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

_______________________________________________________

1 Տե´ս H.-ն ընդդեմ Ֆրանսիայի, § 58, Katte Klitsche de la Grange-ն ընդդեմ Իտալիայի, § 61, König-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 6232/73, § 98, Comingersoll S.A.-ն ընդդեմ Պորտուգալիայի, գանգատ թիվ 35382/97, Frydlender-ն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 30979/96, §43, Sürmeli-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 75529/01, § 128, Obermeier-ն ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 11761/85, § 72, Beaumartin-ն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 15287/89, § 33

2 Տե՛ս Դատավորի վարքագծի բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, կետ 207, 209, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf

3 Տե՛ս Դ.Զ.Ավետիսյան, Տ.Ռ.Պետրոսյան, Գ.Մ.Խաչատրյան, Ա.Լ.Կուբանյան, Վ.Գ.Ենգիբարյան, ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանություններ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով և ՀՀ դատավորների միության խորհուրդ, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան:

4 Տե՛ս, օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010):

5 Տե՛ս, Սահմանադրական դատարանի 2021թ. մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշումը:

6 Տե՛ս, Սահմանադրական դատարանի 2021թ. մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշումը:

7 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:

8 Տե՛ս, Իվանովան և Իվաշովան ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46:

9 Տե՛ս, Զավոդնիկն ընդդեմ Սլովենիայի գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71:

10 Տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թ. մայիսի 30-ի որոշումը:

11 Տես, Բարձրագույն դատական խորհրդի 22.09.2022թ. թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշումը:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

Անդամներ`

Հ. Գրիգորյան

Ե. Թումանյանց

 

Դ. Խաչատուրյան

 

Ն. Հովսեփյան

 

Մ Մակյան

 

Ա. Մխիթարյան

 

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան