Գլխավոր տեղեկություն
Համար
N 1228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2022-13.06.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.20/62(1002).1 Հոդ.1113.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1228-Ն

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ` ՄՐՑՈՒՅԹՈՎ ԼԻԱԶՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.12.22 N 1947-Ն)

1. Հաստատել սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1228-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ` ՄՐՑՈՒՅԹՈՎ ԼԻԱԶՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները, ինչպես նաև այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

2. Սույն կարգով չի կարգավորվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին դրամաշնորհների հատկացմամբ իրականացվող փորձարկումների հետ կապված հարաբերությունները:

3. Սույն կարգով կարգավորվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի համաձայն անցկացվող մրցույթի հետ կապված հարաբերությունները:

4. Սույն կարգի վրա չի տարածվում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթները:

5. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) լիազոր մարմին` սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

2) պատվիրատու` սննդամթերք և (կամ) կենդանական ծագման մթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտ.

3) փորձաքննություն` պատվիրատուի հատուցմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի անվտանգությունը, պիտանիությունը պարզելու նպատակով իրականացվող հետազոտություններ.

4) փորձաքննության ձեռքբերման գործընթաց` փորձաքննություն կատարելու նպատակով սույն կարգով նախատեսված գործընթացների, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն.

5) շրջանակային համաձայնագիր` փորձաքննություն կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.

6) մասնակից` շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով փորձաքննության ձեռքբերման գործընթացին մասնակցող անձ.

7) ընտրված մասնակից` շրջանակային համաձայնագիր կնքած մասնակից, որին պատվիրվում է փորձաքննությունը.

8) հրավեր` շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

9) գրանցման հայտ` շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

10) բնութագիր` փորձաքննության անցկացման տեխնիկական հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ.

11) գնացուցակ` լիազոր մարմնի կողմից` ըստ փորձաքննության անցկացման տեսակների հաստատված փորձաքննության վճար:

(5-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

6. Սույն կարգի նպատակն է ապահովել փորձաքննության ծառայությունների ձեռքբերման գործընթացի`

1) արդյունավետ, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպումը.

2) միասնական կանոնների սահմանումը.

3) շրջանակային համաձայնագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնումը:

 

II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի փորձաքննության ձեռքբերման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:

8. Փորձաքննության ձեռքբերման գործընթացին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք`

1) դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) ունեն ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով:

9. Փորձաքննության ձեռքբերման գործընթացին մասնակցելու համար մասնակիցն ապահովում է հրավերով սահմանված որակավորման չափանիշները և պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող հետևյալ պայմանները`

1) մասնագիտական փորձառություն.

2) տեխնիկական միջոցներ.

3) ֆինանսական միջոցներ.

4) աշխատանքային ռեսուրսներ:

10. Հրավերով չեն կարող սահմանվել մասնակցի` որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`

1) խտրական են և անհիմն կերպով բարդացնում կամ պարզեցնում են հնարավոր մասնակցությունը փորձաքննության ձեռքբերման գործընթացին.

2) ուղղակիորեն չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

11. Մասնակիցների` սույն կարգով նախատեսված «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատելիս` եթե մասնակիցը հայտով ներկայացրել է սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու փորձաքննության ձեռքբերման ընթացակարգին:

12. Բացի հայտարարությունից` սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում` ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:

13. Մասնակիցների` սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշը գնահատելիս` մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն այն մասին, որ մասնակիցը հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է նմանատիպ փորձաքննություն: Նախկինում կատարված պայմանագիրը (պայմանագրերը) գնահատվում է (գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատուցված փորձաքննության ծառայության ծավալը` գումարային արտահայտությամբ, պակաս չէ 10.000.000 դրամից: Մասնակիցը սույն կետով նախատեսված հայտարարության հիմնավորման նպատակով ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի պատճենը, իսկ դրա պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը: Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

14. Մասնակիցների` սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշը գնահատելիս` մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն` պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին: Մասնակիցը սույն կետով նախատեսված հայտարարության հիմնավորման նպատակով ներկայացնում է նաև այն տեխնիկական միջոցների տվյալները, որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ` կցելով դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները: Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

15. Մասնակիցների` սույն կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված «Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշը գնահատելիս` մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին: Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջը:

16. Մասնակիցների` սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշը գնահատելիս` մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին: Մասնակիցը սույն կետով նախատեսված հայտարարության հիմնավորման նպատակով ներկայացնում է նաև պայմանագրի կատարման համար մասնակցի կողմից առաջարկվող աշխատակազմում ներգրավված մասնագետների հաստատած գրավոր համաձայնությունների` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավման մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճենները: Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

17. Մասնակիցը, իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել այլ լրացուցիչ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր:

18. Լիազոր մարմինը կարող է ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա փորձաքննության ձեռքբերման գործընթացին տվյալ մասնակցի մասնակցությունը դադարեցվում է:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Լիազոր մարմինը, համապատասխան փաստաթղթեր կազմելով, ապահովում է փորձաքննության ձեռքբերման գործընթացին վերաբերող տեղեկությունների գրառումը և պահպանումը: Փաստաթղթերը կազմվում և սույն կարգով նախատեսված դեպքերում հրապարակվում են հայերեն:

20. Հրավերով մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում միաժամանակ ներկայացվում են այդ տեղեկության վավերապայմանները:

 

IV. ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

21. Բնութագրերում ամբողջությամբ և հստակ նկարագրվում են փորձաքննության, դրա իրականացման և վճարման պայմանները, որոնք ընդգրկվում են պայմանագրում: Ընդ որում, մասնակիցների համար բնութագրերով ապահովվում են մրցակցության հավասար պայմաններ:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Յուրաքանչյուր տարվա մինչև նոյեմբերի 1-ը լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվում են տվյալ տարվան հաջորդող տարվա ընթացքում ձեռք բերվելիք փորձաքննության ծառայության տեսակները և գնացուցակը: Նախքան գնացուցակի հաստատումը` լիազոր մարմինն իրեն հայտնի փորձաքննություն իրականացնող անձանց առաջարկում է տրամադրել տեղեկատվություն իրականացվող փորձաքննությունների գների մասին:

23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված փորձաքննության ծառայության տեսակները հաստատվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարը`

1) հաստատում է ըստ փորձաքննության տեսակների մրցույթների հայտարարության և հրավերի տեքստերը.

2) նշանակում է մրցույթների կազմակերպման քարտուղարներ (այսուհետ` քարտուղար):

24. Մրցույթի հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) մրցույթի ծածկագիրը.

3) շրջանակային համաձայնագրի և բնութագրի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.

4) մասնակիցների` մրցույթին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

5) թղթային ձևով հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.

6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.

7) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.

8) գրանցման հայտեր ներկայացնելու ձևը, տեղը և ժամկետը.

9) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

25. Հրավերը պարունակում է`

1) հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը.

2) գրանցման հայտերի պատրաստման հրահանգները.

3) որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը.

4) բնութագրերը.

5) գրանցման հայտի գնահատման կարգը և ժամկետները.

6) շրջանակային համաձայնագրի (պայմանագրի) նախագիծը.

7) հայտերը ներկայացնելու պայմանները` ներառյալ ձևը, տեղը, ժամկետը և հայտի լեզուն.

8) հրավերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, ինչպես նաև մրցույթի քարտուղարի անունը և ազգանունը.

9) շրջանակային համաձայնագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.

10) լիազոր մարմնի` մրցույթի հետ կապված գործողությունները (անգործությունը) և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու` մասնակցի իրավունքը և կարգը.

11) գրանցման մասին հայտը մերժելու հիմքերը.

12) գրանցման մասին հայտի նախապատրաստման, ներկայացման, գնահատման, ինչպես նաև մրցույթի անցկացման վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն.

13) գնացուցակը:

26. Մրցույթի հայտարարության և հրավերի տեքստերը հաստատվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը դրանք հրապարակում է լիազոր մարմնի ինտերնետային կայքում, ինչպես նաև www.azdarar.am հասցեով ինտերնետային կայքում հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Միաժամանակ քարտուղարն ապահովում է մրցույթի հայտարարության հրապարակումը` առնվազն երեք հազար օրինակ տպաքանակ ունեցող տպագիր մամուլում` կայքում սույն կետով նախատեսված փաստաթղթերը հրապարակվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

27. Հայտերը ներկայացվում են լիազոր մարմնի ինտերնետային կայքում մրցույթի հայտարարությունը և հրավերը հրապարակվելուց հետո` 40 օրվա ընթացքում:

28. Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձը` որպես տվյալ մրցույթի հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում գրանցման մասին հայտ, որը ներառում է`

1) մրցույթին մասնակցելու մասին գրավոր դիմում.

2) մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին.

3) հրավերով սահմանված` որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր.

4) հայտի ապահովում` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով, որի չափը չի կարող պակաս լինել 400.000 դրամից և որը սահմանվում է համաձայնագրով:

29. Գրանցման մասին հայտը գնահատում է քարտուղարը` սույն կարգով սահմանված կարգով և ժամկետներում:

30. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը գնահատում է գրանցման մասին հայտերը:

31. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանող մասնակցի (մասնակիցների) հետ լիազոր մարմնի ղեկավարը կնքում է շրջանակային համաձայնագիր և մասնակիցը (մասնակիցները) գրանցվում է (գրանցվում են) շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում, իսկ սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին չհամապատասխանող մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին լիազոր մարմինը ծանուցում է գրանցման մասին հայտ ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:

32. Եթե գրանցման մասին հայտում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանց մատնացույց է անում` հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում հայտատուին իրազեկելով դրա մասին: Եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմինը հայտատուին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այդ ցանկը:

33. Մասնակիցը կարող է դադարեցնել շրջանակային համաձայնագիրը` դրա մասին գրավոր ծանուցելով լիազոր մարմնին: Շրջանակային համաձայնագիրը դադարում է, դրա մասին դիմումը լիազոր մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, եթե դիմումատուն շրջանակային համաձայնագրի դադարման վերաբերյալ այլ ժամկետ չի նշում:

34. Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև, որ մասնակիցը պարտավոր է շրջանակային համաձայնագիր կնքելուց հետո, սույն կարգով նախատեսված մասնակցության իրավունքի և (կամ) հրավերով նախատեսված որակավորման չափանիշների նկատմամբ իր հատկանիշների փոփոխության դեպքում, լիազոր մարմին ներկայացնել շրջանակային համաձայնագիրը դադարեցնելու մասին դիմում: Սույն կետի պահանջները չկատարելու, ինչպես նաև պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու դեպքում`

1) մասնակիցը պարտավոր է լիազոր մարմնի համապատասխան ծանուցումն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս վճարել հայտի ապահովման չափով գումար.

2) մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը լուծվում է:

35. Շրջանակային համաձայնագրերի միջոցով փորձաքննության ծառայություններ ձեռք բերելու յուրաքանչյուր դեպքում լիազոր մարմնի տեսուչը համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրությամբ, շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցներից ընտրում է ընտրված մասնակից և նույն օրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշմամբ սահմանված ուղեկցող նամակով (N 2 ձև) պատվիրում է փորձաքննությունը:

36. Եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է տվյալ փորձաքննության կատարումից, լիազոր մարմինը սույն կարգով նախատեսված կարգով կազմակերպում է ընտրության նոր գործընթաց:

 

VI. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

37. Պայմանագրի կատարման արդյունքն ընդունվում է լիազոր մարմնի և պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման ակտի (այսուհետ` ակտ) ստորագրմամբ:

38. Արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, արձանագրություն չի ստորագրվում և լիազոր մարմինը`

1) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար պայմանագրով նախատեսված միջոցները.

2) կատարողի նկատմամբ կիրառում է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

39. Մատուցված ծառայության դիմաց վճարումները, պատվիրատուի անունից ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի փորձաքննության վճարները հավաքագրելու և հետագայում փորձաքննություն կատարած կազմակերպություններին փոխանցելու նպատակով բացված արտաբյուջետային հաշվին, իրականացնում է լիազոր մարմինը` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատվիրատուի կողմից փոխանցված վճարի հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի 39.1-ին և 39.2-րդ կետերով սահմանված կարգով:

 

VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

40. 2014 թվականի ընթացքում ձեռք բերվելիք փորձաքննության ծառայությունների համար`

1) փորձաքննության ծառայության տեսակները և գնացուցակը լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը.

2) լիազոր մարմնի ղեկավարը փորձաքննության տեսակների մրցույթների հայտարարության և հրավերի տեքստերը հաստատում է և քարտուղար է նշանակում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում.

3) գրանցման մասին հայտերը ներկայացվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մրցույթի հայտարարության և հրավերի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում:

(հավելվածը փոփ. 14.01.21 N 47-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան