Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 226-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0226 Ն. 14.12.22

 

14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 226-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ իրավաբանական անձ ներդրումային ֆոնդերի (կորպորատիվ ֆոնդ) իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 62.1-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ, հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

 

1) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ բաժնով.

 

«ԲԱԺԻՆ 6.

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:

46. Սույն կանոնակարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառու։

47. Սույն կանոնակարգի 46-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև կորպորատիվ ներդրումային ֆոնդի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Կորպորատիվ ներդրումային ֆոնդին (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչին (ֆոնդի կառավարումն իրականացնող անձին)) արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:

48. Կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:

59. Սույն կանոնակարգի 48-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառու համարվելու մասին կորպորատիվ ներդրումային ֆոնդի (ֆոնդի անունից հանդես եկող կառավարչի (ֆոնդի կառավարումն իրականացնող անձի)) տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

50. Անկախ սույն կանոնակարգի 49-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝

1) հաստատում առ այն, որ կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ

2) փոփոխված տեղեկություններ կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառուների վերաբերյալ։»։

 

2) Կանոնակարգը լրացնել Հավելված 8-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 226-Ն որոշման

 

«Հավելված 8

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն

որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/11-ի

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

________________________________________________________________

(կորպորատիվ ներդրումային ֆոնդի անվանումը)

իրական շահառուի վերաբերյալ

 

1. Անուն, ազգանուն, հայրանուն

2. Քաղաքացիություն

3. Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

4 Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Անձնագրի տվյալները

Գործող այլ անձնագրի

տվյալները (առկայության դեպքում)

5. Նշեք

Հանրային ծառայությունների համարանիշը (Հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

Կիրառելի չէ

6. Նշեք

Հաշվառման վայր

 

Փաստացի բնակության վայր

 

7. Կապի միջոցները

Նշեք հեռախոսահամար

բջջային

այլ

Էլեկտրոնային փոստի հասցե

8. Իրական շահառու դառնալու ամսաթիվը (օր/ամիս/տարի)

9. Իրական շահառու հանդիսանալու հիմքերը՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (ներկայացնել մանրամասներ, սույն կետի 1-4-րդ ենթակետերի լրացման դեպքում նշել նաև մասնակցության չափը): Մեկից ավելի հիմքերով իրական շահառու հանդիսանալու դեպքում նշում է կատարվում բոլոր հիմքերի մասով՝ համապատասխան կետերում.

1. ուղղակի տիրապետում է տվյալ ներդրումային ֆոնդի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ

2. անուղղակի տիրապետում է տվյալ ներդրումային ֆոնդի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ

3. ուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն ներդրումային ֆոնդի կանոնադրական կապիտալում, կամ

4. անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն ներդրումային ֆոնդի կանոնադրական կապիտալում, կամ

5. տվյալ ներդրումային ֆոնդի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

6. հանդիսանում է տվյալ ներդրումային ֆոնդի (ֆոնդի անունից հանդես եկող կառավարչի (ֆոնդի կառավարումն իրականացնող անձի)) գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.

 

10. Միջանկյալ իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ (միջանկյալ իրավաբանական անձը կորպորատիվ ներդրումային ֆոնդի և իրական շահառու շղթայում գործող ցանկացած այլ իրավաբանական անձ է»)՝

իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները

իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը

11. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

12. Սույնով հավաստիացնում ենք, որ տեղեկացված ենք և միաժամանակ տեղեկացրել ենք սույն հավելվածով իրական շահառու հանդիսացող անձին առ այն, որ

սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական,

տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության,

հայտարարագրով ներկայացված տվյալները՝ այդ թվում անձնական, Կենտրոնական բանկի կողմից կարող են փոխանցվել կամ բացահայտվել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին,

ներկայացված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) կտեղեկացնի Կենտրոնական բանկին:

 

Ֆոնդի կառավարչի կառավարման իրավասու մարմին՝ ________________________
_________________

   

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

______________________________
   

Ստորագրություն

______________________________
   
   
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան