Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/4393/02/16

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/4393/02/16

Նախագահող դատավոր՝

 Ն. Մարգարյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ա. Մկրտչյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

2021 թվականի դեկտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մարգարիտ Սուքիասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարգարիտ Սուքիասյանի ընդդեմ Բավական Հովհաննիսյանի, երրորդ անձ ՀՀ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, գույքի 1/2 մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Բավական Հովհաննիսյանի ընդդեմ Մարգարիտ Սուքիասյանի, երրորդ անձ ՀՀ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Մարգարիտ Սուքիասյանը պահանջել է անվավեր ճանաչել Հրաչիկ Առաքելյանի և Բավական Հովհաննիսյանի միջև Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված Կադաստրի պետական գրանցումը, ինչպես նաև ճանաչել 1/2 մասնաբաժնի նկատմամբ իր սեփականության իրավունքը։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Բավական Հովհաննիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` անվավեր ճանաչել Հրաչիկ Առաքելյանի և Բավական Հովհաննիսյանի միջև Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և վերջինի հիման վրա Բավական Հովհաննիսյանի անվամբ Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ՀՀ ԱԳԿ ՊԿ-ում կատարված պետական գրանցումը: Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ ճանաչել Մարգարիտ Վելիխանի Սուքիասյանի սեփականության իրավունքը: Հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է հայցից հրաժարվելու հիմքով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2018 թվականի որոշմամբ Բավական Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 18.07.2018 թվականի վճիռը մասնակի` հայցը բավարարելու, դատական ծախսերի բաշխման ու հայցի ապահովման մասով բեկանվել և փոփոխվել է. Մարգարիտ Սուքիասյանի հայցն ընդդեմ Բավական Հովհաննիսյանի, երրորդ անձ ՀՀ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի, Կադաստրի՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 1/2 մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին մերժվել է հայցային վաղեմության հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտ Սուքիասյանը (ներկայացուցիչ՝ Սերգեյ Ադիբեկյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բավական Հովհաննիսյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

 Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը սակայն սխալ է մեկնաբանել։

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի հիմքում դրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումն այն դեպքում, երբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գոյության մասին իրազեկված լինելու հանգամանքը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների տրամաբանությունից:

Վերաքննիչ դատարանը կիրառել է վերոգրյալ իրավանորմը` հաշվի չառնելով, որ դա վերաբերում է գույքի նկատմամբ «գրանցված իրավունքների և սահմանափակումների» մասին իրավունքի սուբյեկտների` տեղեկացված լինելու կանխավարկածին, այլ ոչ թե գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար հիմք հանդիսացած իրավաբանական փաստերին:

Վերաքննիչ դատարանը հետազոտման և գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ գործում բացակայում է որևէ փաստ այն մասին, որ հայցվորը մինչ ամուսնու մահը իմացել է կամ կարող էր իմանալ վիճելի գործարքի և դրա հիման վրա պատասխանողի կողմից կատարված պետական գրանցման մասին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս առանձին են բնակվել:

Արդյունքում Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ խաթարվել են հայցվորի` դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.07.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ակնհայտ է, որ 25.07.2014 թվականից սկսած, երբ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է պատասխանողի սեփականության իրավունքը, Մարգարիտ Սուքիասյանը եթե նույնիսկ չի իմացել, ապա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմպերատիվ պահանջի ուժով պետք է իմացած լիներ և համարվել է տեղեկացված իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, ուստի այդ պահից էլ սկսած Մարգարիտ Սուքիասյանի մոտ ծագել է պահանջի իրավունք, և սկսել է հոսել հայցային վաղեմության ժամկետը: Հայցվորը չուներ և չէր կարող ունենալ որևէ սահմանափակում իր ակտիվ գործողություններով պարզելու համար, թե ինչպիսի հանգամանքներում է Կադաստրում 25.07.2014 թվականին պատասխանողի սեփականության իրավունքը Նոր Խարբերդ 23 փողոցի թիվ 460 հասցեի անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում ստացել: Մինչդեռ, վերջինս հայց է ներկայացրել 06.10.2016 թվականին՝ ավելի քան 2 տարի 3 ամիս անց, որպիսի պարագայում բաց է թողել հայցային վաղեմության մեկամյա ժամկետը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարգարիտ Սուքիասյանի և Հրաչիկ Առաքելյանի ամուսնությունը գրանցվել է 24.12.1973 թվականին Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ԶԱԳՍ-ի բաժնում (հատոր 1-ին, գ.թ. 14):

2) Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ 23 փողոցի թիվ 460 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով 30.03.2006 թվականին գրանցված է եղել Հրաչիկ Առաքելյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 17-22):

3) Հրաչիկ Առաքելյանը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ 23 փողոցի թիվ 460 հասցեի անշարժ գույքը 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով նվիրել է Բավական Հովհաննիսյանին, ում իրավունքն անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում է ստացել 25.07.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15-16, 23-24):

4) 15.07.2014 թվականին Հրաչիկ Առաքելյանը նոտարական վավերացմամբ հայտարարություն է տվել առ այն, որ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ 23 փողոցի թիվ 460 հասցեի անշարժ գույքը ձեռք բերելու պահին գրանցված ամուսնության մեջ չի գտնվել և այդ գույքի նկատմամբ այլ անձինք չունեն սեփականության կամ այլ իրավունքներ (հատոր 2-րդ, գ.թ. 94):

5) Հրաչիկ Առաքելյանը մահացել է 31.08.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը. և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորման համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ընդհանուր համատեղ սեփականության մասնակցի՝ իր իրավունքի խախտման մասին տեղեկացված լինելու պահը որոշելու առանձնահատկություններին:

 

 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար: 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներից մեկով անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին, նշել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն և բացառիկ հիմք է: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սակայն, հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցային վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունները, գտնել է, որ հայցը մերժելու նշված հիմքի առկայությունը որոշակիորեն պայմանավորված է վիճելի իրավահարաբերության ճիշտ որակմամբ, դրա առանձին տարրերի` սուբյեկտի, օբյեկտի և բովանդակության բացահայտմամբ: (...) Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը (տե՛ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է այն եզրահանգման, որ օրենսդիրն ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգ, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե´ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

Անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորմանը՝ ՀՀ սահմանադրական դատարանը 11.10.2013 թվականի ՍԴՈ-1120 որոշմամբ հայտնել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ դրանք վերաբերում են գույքի նկատմամբ «գրանցված իրավունքների և սահմանափակումների» մասին իրավունքի սուբյեկտների` տեղեկացված լինելու կանխավարկածին, այլ ոչ թե գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտերի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածին: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կամ ընդհանրապես ՀՀ օրենսդրության մեջ առկա չէ որևէ դրույթ, որ թույլ կտար պնդելու հակառակը կամ այն, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները կարող են դրվել [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` դիմում ներկայացնելու համար սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկման հիմքում: Ավելին, օրենքի վիճարկվող դրույթների առնչությամբ ՀՀ կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իր հիմնավորումներում նշել է, որ «սահմանվել է նաև նոր` գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածը, որը ևս բավականին կարևոր նշանակություն ունի գրանցված իրավունքների ճանաչման և պաշտպանության սկզբունքի ապահովման առումով»:

Ի թիվս նշված որոշման մեջ տեղ գտած այլ վերլուծությունների՝ ՀՀ սահմանադրական դատարանը որոշման եզրափակիչ մասում գտել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածը չի ներառում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած և երրորդ անձի իրավունքներին անմիջականորեն առնչվող դատական ակտերի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածը և չի հանդիսանում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտի բողոքարկման համար դատավարական օրենսգրքերով սահմանված ժամկետների հաշվարկման հիմք:

Վճռաբեկ դատարանն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածի համատեքստում հարկ է համարում անդրադառնալ իրավունքը խախտված անձի՝ իր իրավունքի խախտման մասին իմանալու պահին կամ դրա իրական հնարավորությանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անշարժ գույքի նկատմամբ կատարվել է գործարք և դրանից ծագող իրավունքները գրանցվել են, ապա օրենսդիրն ամրագրել է, որ գործում է իրավունքների պետական գրանցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկացված լինելու կանխավարկածը, սակայն նման կանխավարկածի գործողությունը, հիմք ընդունելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների տրամաբանությունը, չպետք է տարածվի պետական գրանցում ստացած՝ իրավունքների և սահմանափակումների առաջացման հիմքի (օրինակ՝ պայմանագիր, դատական ակտ) մասին տեղեկացված լինելու վրա: Այլ կերպ ասած, միայն այն, որ անձը համարվում է տեղեկացված իրավունքների և սահմանափակումների գրանցման մասին, դեռևս չի նշանակում, որ տվյալ սուբյեկտը տեղեկացված է իրավունքի կամ սահմանափակման հիմքում ընկած գործարքի մասին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կանխավարկածին անդրադառնալ նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման էության համատեքստում: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է մի քանի խնդիրներ, որոնցից են մասնավորապես՝ անշարժ գույքի բնականոն շրջանառության ապահովումը, գործարքների մասնակիցների և երրորդ անձանց իրավունքների ճանաչումը, պաշտպանությունը և երաշխավորումը, անշարժ գույքի շուկայի կայունությունը և զարգացումն ապահովելը և այլն: Պետությունը, սահմանելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթարկելու պահանջ, միաժամանակ ստանձնել է պարտավորություն երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն է հենց այն կառուցակարգը, որի միջոցով պետությունը ճանաչում է անձանց այս կամ այն իրավունքն անշարժ գույքի նկատմամբ, ստեղծում է միասնական տեղեկատվական բազա այդ իրավունքների և դրանք կրող սուբյեկտների վերաբերյալ և համապատասխանաբար հնարավորություն է ունենում երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները:

Այսպիսով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման նպատակների համատեքստում մեկնաբանելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կանխավարկածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ կանխավարկածն ուղղված է նախ և առաջ ապահովելու անշարժ գույքի շուկայի կայունությունը, ինչպես նաև խոչընդոտելու անշարժ գույքի նկատմամբ կատարվող գործարքների միջոցով սուբյեկտների՝ իրենց իրավունքների չարաշահմանը, և չի կարող մեկնաբանվել այնպես, որ սահմանափակի անձի դատական պաշտպանության իրավունքը:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներից: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով գտել է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին: Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած՝ շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում՝ անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է: ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական պաշտպանության իրավունքն ունի իրացման որոշակի պայմաններ, որոնց չարաշահումը կարող է անբարենպաստ հետևանքներ առաջացնել այդ իրավունքից անբարեխիղճ օգտված անձի համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետում օրենսդրի կողմից կիրառված «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» արտահայտությունը չպետք է մեկնաբանվի այնպես, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կարող է սկսվել հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորություն ունենալու օրվանից, ընդհակառակը՝ «պետք է իմացած լիներ» ձևակերպմամբ, ինչպես և «իմացել է» ձևակերպման պարագայում օրենսդիրը կարևորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե՛ս, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

Վկայակոչված որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է միայն այն պահից, երբ իրավատերը հաստատապես է իմանում իր իրավունքի խախտման մասին: Ուստի, ասվածն ուղղակիորեն նշանակում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կանխավարկածի ուժով համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի մասին տեղեկացված լինելը դեռևս չի նշանակում, որ իրավատերը հաստատապես գիտի իր իրավունքի խախտման մասին: Ավելին, Վճռաբեկ դատարանը հատկապես հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ օրենսդրության մեջ առկա չէ այնպիսի ընթացակարգ, որի միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ գրանցելիս կամ դադարեցնելիս համապատասխան իրավատերը կծանուցվեր այդ համապատասխան գործողության մասին: Ուստի, հաշվի առնելով օրենսդրական նման ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաև այն, որ սուբյեկտի վրա չի կարող դրվել պարտականություն պարբերաբար հետևելու իր այս կամ այն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների՝ տվյալ պահին առկա կարգավիճակին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձն իր իրավունքի խախտման մասին իրապես և հաստատապես կարող է և իմանալ ավելի ուշ, քան իր իրավունքը խախտող գործարքից բխող իրավունքների գրանցման պահն է:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մարգարիտ Սուքիասյանը դիմել է դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Հրաչիկ Առաքելյանի և Բավական Հովհաննիսյանի միջև Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի կողմից կատարված պետական գրանցումը և վեճի առարկա անշարժ գույքի 1/2 մասնաբաժնի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Բավական Հովհաննիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը։

Դատարանը, 18.07.2018 թվականի վճռով հայցը բավարարելով, վճռել է անվավեր ճանաչել Հրաչիկ Առաքելյանի և Բավական Հովհաննիսյանի միջև Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և վերջինի հիման վրա Բավական Հովհաննիսյանի անվամբ Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի ՀՀ ԱԳԿ ՊԿ-ում կատարված պետական գրանցումը, Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ ճանաչել Մարգարիտ Վելիխանի Սուքիասյանի սեփականության իրավունքը։

Դատարանը գտել է, որ Մարգարիտ Սուքիասյանի և Հրաչիկ Առաքելյանի ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվել է 24.12.1973 թվականին, վիճելի գույքն էլ Հրաչիկ Առաքելյանի անվամբ գրանցվել է նրանց ամուսնության ընթացքում` 30.03.2006 թվականին, հետևաբար այդ գույքի նկատմամբ ծագել է նաև հայցվորի սեփականության իրավունքը, և այն ամուսինների համատեղ սեփականությունն է: Կնոջ համաձայնության անհրաժեշտության մասին գիտակցել են նաև Հրաչիկ Առաքելյանն ու պատասխանողը և նշված պատճառաբանությամբ էլ նոտարական գրասենյակում Հրաչիկ Առաքելյանը հայտնել է նոտարին, որ ամուսնացած չէ և Բավական Հովհաննիսյանն էլ չի հերքել։ Հրաչիկ Առաքելյանի և պատասխանողի վարքագիծը հաստատում է, որ նրանք գիտակցել և ընդունել են, որ Հրաչիկ Առաքելյանը միանձնյա սեփականատեր չէ և նշվածից ելնելով էլ` նրանք նոտարից թաքցրել են Հրաչիկ Առաքելյանի ամուսնության մեջ գտնվելու փաստը: Հետևաբար նշված պատճառաբանությամբ էլ հակընդդեմ հայցապահանջը ենթակա է մերժման:

Դատարանը նշել է նաև, որ Հրաչիկ Առաքելյանը, կնքելով նվիրատվության գործարք հայցվորի համաձայնության բացակայությամբ, զրկված էր ոչ միայն հայցվորի, այլև իր բաժինն անհատույց օտարելու հնարավորությունից, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 599-րդ հոդվածների պահանջն է, որ համատեղ սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օտարման համար անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի համաձայնությունը, որը վիճարկվող դեպքում բացակայում է։

Անդրադառնալով հայցային վաղեմության հարցին՝ Դատարանը գտել է, որ վիճարկվող դեպքում հայցվորն իր խախտված իրավունքի մասին իմացել է ամուսնու` Հրաչիկ Առաքելյանի մահից` 31.08.2016 թվականից հետո, ժառանգությունն ընդունելու հետ կապված և 06.10.2016 թվականին դիմել է դատարան, այսինքն՝ գործարքի մասին իմանալուց հետո մեկ տարին չլրացած դիմել է դատարան, հետևաբար պատասխանողի առարկությունը` հայցապահանջը մերժելու հայցային վաղեմությամբ, նույնպես անհիմն է:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 18.07.2018 թվականի վճիռը մասնակի` հայցը բավարարելու, դատական ծախսերի բաշխման ու հայցի ապահովման մասով, բեկանել և փոփոխել է: Վերաքննիչ դատարանը, հայցային վաղեմության հիմքով մերժելով Մարգարիտ Սուքիասյանի հայցը, նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 1/2 մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը, նշել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե՝ ոչ: 15.07.2014 թվականի նվիրատվության պայմանագրով տվյալ գույքն օտարվել է, իսկ 25.07.2014 թվականին գրանցվել է Բավական Հովհաննիսյանի անվամբ: Հետևաբար, 25.07.2014 թվականից սկսած՝ երբ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Բավական Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, Մարգարիտ Սուքիասյանն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, ուստի՝ այդ պահից էլ սկսած Մարգարիտ Սուքիասյանի մոտ ծագել է պահանջի իրավունք և սկսել է հոսել հայցային վաղեմության ժամկետը, մինչդեռ վերջինս հայցը ներկայացրել է 06.10.2018 թվականին՝ ավելի քան 2 տարի 3 ամիս անց, որպիսի պարագայում Մարգարիտ Սուքիասյանը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության մեկամյա ժամկետը:

Հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը հայցային վաղեմության կիրառման հիմքով հիմնավոր լինելու պարագայում բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կանխավարկածը տվյալ իրավիճակում վերաբերում է վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին տեղեկացված լինելուն, ինչը դեռևս չի վկայում այն մասին, որ իրավատերը, տվյալ իրավիճակում Մարգարիտ Սուքիասյանը, տեղյակ է եղել Երևանի Նոր Խարբերդ 23-րդ փողոցի թիվ 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Բավական Հովհաննիսյանի իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած նվիրատվության պայմանագրի և այդ պայմանագրի կնքման հետևանքով իր իրավունքի խախտման մասին: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգավորման՝ Վերաքննիչ դատարանի կողմից տրված վերոնշյալ մեկնաբանությունը Մարգարիտ Սուքիասյանի՝ որպես վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատիրոջ վրա անհարկի կերպով պարտականություն կդներ պարբերաբար տեղեկատվություն հայցելու համապատասխան իրավասու մարմնից ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով նաև իրեն պատկանող գույքի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ անձի՝ իր խախտված իրավունքի պաշտպանության համար նախատեսված ժամկետի բացթողնման մասին կարելի է պնդել միայն այն դեպքում, երբ իրավունքը խախտված անձն իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու պահից սկսած օրենքով նախատեսված ժամկետում չի ներկայացրել հայց` իր իրավունքի պաշտպանության համար: Ուստի, սույն իրավիճակում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ այլ անձի իրավունքի պետական գրանցման մասին տեղեկացված լինելու կանխավարկածը դեռևս չի նշանակում, որ Մարգարիտ Սուքիասյանը հաստատապես տեղեկացված է եղել իր իրավունքը խախտող գործարքի՝ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի վերաբերյալ:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանի կողմից անդրադարձ չի կատարվել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին այն պատճառաբանությամբ, որ բողոքը հայցային վաղեմության կիրառման հիմքով հիմնավոր լինելու պարագայում բողոքարկվող դատական ակտը ենթակա էր բեկանման, որպիսի պայմաններում առկա է վերաքննիչ բողոքի մյուս հիմքերի և հիմնավորումների գնահատման անհրաժեշտություն:

Ուստի, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար՝ վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՇԴ/4393/02/16 քաղաքացիական գործով 23122021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 23122021 թվականին քննելով Մարգարիտ Սուքիասյանի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարգարիտ Սուքիասյանի ընդդեմ Բավական Հովհաննիսյանի, երրորդ անձ ՀՀ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, գույքի 1/2 մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Բավական Հովհաննիսյանի ընդդեմ Մարգարիտ Սուքիասյանի, երրորդ անձ ՀՀ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Է Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Մարգարիտ Սուքիասյանը պահանջել է անվավեր ճանաչել Հրաչիկ Առաքելյանի և Բավական Հովհաննիսյանի միջև Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված Կադաստրի պետական գրանցումը, ինչպես նաև ճանաչել 1/2 մասնաբաժնի նկատմամբ իր սեփականության իրավունքը։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Բավական Հովհաննիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` անվավեր ճանաչել Հրաչիկ Առաքելյանի և Բավական Հովհաննիսյանի միջև Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և վերջինի հիման վրա Բավական Հովհաննիսյանի անվամբ Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ՀՀ ԱԳԿ ՊԿ-ում կատարված պետական գրանցումը: Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ ճանաչել Մարգարիտ Վելիխանի Սուքիասյանի սեփականության իրավունքը: Հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է հայցից հրաժարվելու հիմքով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2018 թվականի որոշմամբ Բավական Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 18.07.2018 թվականի վճիռը մասնակի` հայցը բավարարելու, դատական ծախսերի բաշխման ու հայցի ապահովման մասով բեկանվել և փոփոխվել է. Մարգարիտ Սուքիասյանի հայցն ընդդեմ Բավական Հովհաննիսյանի, երրորդ անձ ՀՀ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի, Կադաստրի՝ նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 1/2 մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին մերժվել է հայցային վաղեմության հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտ Սուքիասյանը (ներկայացուցիչ՝ Սերգեյ Ադիբեկյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բավական Հովհաննիսյանը։

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը սակայն սխալ է մեկնաբանել։

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի հիմքում դրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումն այն դեպքում, երբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գոյության մասին իրազեկված լինելու հանգամանքը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների տրամաբանությունից:

Վերաքննիչ դատարանը կիրառել է վերոգրյալ իրավանորմը` հաշվի չառնելով, որ դա վերաբերում է գույքի նկատմամբ «գրանցված իրավունքների և սահմանափակումների» մասին իրավունքի սուբյեկտների` տեղեկացված լինելու կանխավարկածին, այլ ոչ թե գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար հիմք հանդիսացած իրավաբանական փաստերին:

Վերաքննիչ դատարանը հետազոտման և գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ գործում բացակայում է որևէ փաստ այն մասին, որ հայցվորը մինչ ամուսնու մահը իմացել է կամ կարող էր իմանալ վիճելի գործարքի և դրա հիման վրա պատասխանողի կողմից կատարված պետական գրանցման մասին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս առանձին են բնակվել:

Արդյունքում Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ խաթարվել են հայցվորի` դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.07.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

 

2.1. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի պատասխանը քննել է հետևյալ հիմնավորումներով.

Ակնհայտ է, որ 25.07.2014 թվականից սկսած, երբ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է պատասխանողի սեփականության իրավունքը, Մարգարիտ Սուքիասյանը եթե նույնիսկ չի իմացել, ապա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմպերատիվ պահանջի ուժով պետք է իմացած լիներ և համարվել է տեղեկացված իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, ուստի այդ պահից էլ սկսած Մարգարիտ Սուքիասյանի մոտ ծագել է պահանջի իրավունք, և սկսել է հոսել հայցային վաղեմության ժամկետը: Հայցվորը չուներ և չէր կարող ունենալ որևէ սահմանափակում իր ակտիվ գործողություններով պարզելու համար, թե ինչպիսի հանգամանքներում է Կադաստրում 25.07.2014 թվականին պատասխանողի սեփականության իրավունքը Նոր Խարբերդ 23 փողոցի թիվ 460 հասցեի անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում ստացել: Մինչդեռ, վերջինս հայց է ներկայացրել 06.10.2016 թվականին՝ ավելի քան 2 տարի 3 ամիս անց, որպիսի պարագայում բաց է թողել հայցային վաղեմության մեկամյա ժամկետը:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) Մարգարիտ Սուքիասյանի և Հրաչիկ Առաքելյանի ամուսնությունը գրանցվել է 24.12.1973 թվականին Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ԶԱԳՍ-ի բաժնում (հատոր 1-ին, գ.թ. 14):

2) Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ 23 փողոցի թիվ 460 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով 30.03.2006 թվականին գրանցված է եղել Հրաչիկ Առաքելյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 17-22):

3) Հրաչիկ Առաքելյանը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ 23 փողոցի թիվ 460 հասցեի անշարժ գույքը 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով նվիրել է Բավական Հովհաննիսյանին, ում իրավունքն անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում է ստացել 25.07.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15-16, 23-24):

4) 15.07.2014 թվականին Հրաչիկ Առաքելյանը նոտարական վավերացմամբ հայտարարություն է տվել առ այն, որ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ 23 փողոցի թիվ 460 հասցեի անշարժ գույքը ձեռք բերելու պահին գրանցված ամուսնության մեջ չի գտնվել և այդ գույքի նկատմամբ այլ անձինք չունեն սեփականության կամ այլ իրավունքներ (հատոր 2-րդ, գ.թ. 94):

5) Հրաչիկ Առաքելյանը մահացել է 31.08.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 25):

 

4 Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը. և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորման համատեքստում անհրաժեշտ է համարել անդրադառնալ ընդհանուր համատեղ սեփականության մասնակցի՝ իր իրավունքի խախտման մասին տեղեկացված լինելու պահը որոշելու առանձնահատկություններին:

Այսպես սույն գործի փաստերի համաձայն՝ Մարգարիտ Սուքիասյանը դիմել է դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Հրաչիկ Առաքելյանի և Բավական Հովհաննիսյանի միջև Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի կողմից կատարված պետական գրանցումը և վեճի առարկա անշարժ գույքի 1/2 մասնաբաժնի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Բավական Հովհաննիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը։

Դատարանը, 18.07.2018 թվականի վճռով հայցը բավարարելով, վճռել է անվավեր ճանաչել Հրաչիկ Առաքելյանի և Բավական Հովհաննիսյանի միջև Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և վերջինի հիման վրա Բավական Հովհաննիսյանի անվամբ Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի ՀՀ ԱԳԿ ՊԿ-ում կատարված պետական գրանցումը, Երևանի Նոր Խարբերդ 23 փողոցի 460 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ ճանաչել Մարգարիտ Վելիխանի Սուքիասյանի սեփականության իրավունքը։

Դատարանը գտել է, որ Մարգարիտ Սուքիասյանի և Հրաչիկ Առաքելյանի ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվել է 24.12.1973 թվականին, վիճելի գույքն էլ Հրաչիկ Առաքելյանի անվամբ գրանցվել է նրանց ամուսնության ընթացքում` 30.03.2006 թվականին, հետևաբար այդ գույքի նկատմամբ ծագել է նաև հայցվորի սեփականության իրավունքը, և այն ամուսինների համատեղ սեփականությունն է: Կնոջ համաձայնության անհրաժեշտության մասին գիտակցել են նաև Հրաչիկ Առաքելյանն ու պատասխանողը և նշված պատճառաբանությամբ էլ նոտարական գրասենյակում Հրաչիկ Առաքելյանը հայտնել է նոտարին, որ ամուսնացած չէ և Բավական Հովհաննիսյանն էլ չի հերքել։ Հրաչիկ Առաքելյանի և պատասխանողի վարքագիծը հաստատում է, որ նրանք գիտակցել և ընդունել են, որ Հրաչիկ Առաքելյանը միանձնյա սեփականատեր չէ և նշվածից ելնելով էլ` նրանք նոտարից թաքցրել են Հրաչիկ Առաքելյանի ամուսնության մեջ գտնվելու փաստը: Հետևաբար նշված պատճառաբանությամբ էլ հակընդդեմ հայցապահանջը ենթակա է մերժման:

Դատարանը նշել է նաև, որ Հրաչիկ Առաքելյանը, կնքելով նվիրատվության գործարք հայցվորի համաձայնության բացակայությամբ, զրկված էր ոչ միայն հայցվորի, այլև իր բաժինն անհատույց օտարելու հնարավորությունից, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 599-րդ հոդվածների պահանջն է, որ համատեղ սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օտարման համար անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի համաձայնությունը, որը վիճարկվող դեպքում բացակայում է։

Անդրադառնալով հայցային վաղեմության հարցին՝ Դատարանը գտել է, որ վիճարկվող դեպքում հայցվորն իր խախտված իրավունքի մասին իմացել է ամուսնու` Հրաչիկ Առաքելյանի մահից` 31.08.2016 թվականից հետո, ժառանգությունն ընդունելու հետ կապված և 06.10.2016 թվականին դիմել է դատարան, այսինքն՝ գործարքի մասին իմանալուց հետո մեկ տարին չլրացած դիմել է դատարան, հետևաբար պատասխանողի առարկությունը` հայցապահանջը մերժելու հայցային վաղեմությամբ, նույնպես անհիմն է:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 18.07.2018 թվականի վճիռը մասնակի` հայցը բավարարելու, դատական ծախսերի բաշխման ու հայցի ապահովման մասով, բեկանել և փոփոխել է: Վերաքննիչ դատարանը, հայցային վաղեմության հիմքով մերժելով Մարգարիտ Սուքիասյանի հայցը, նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 1/2 մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը, նշել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե՝ ոչ: 15.07.2014 թվականի նվիրատվության պայմանագրով տվյալ գույքն օտարվել է, իսկ 25.07.2014 թվականին գրանցվել է Բավական Հովհաննիսյանի անվամբ: Հետևաբար, 25.07.2014 թվականից սկսած՝ երբ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Բավական Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, Մարգարիտ Սուքիասյանն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, ուստի՝ այդ պահից էլ սկսած Մարգարիտ Սուքիասյանի մոտ ծագել է պահանջի իրավունք և սկսել է հոսել հայցային վաղեմության ժամկետը, մինչդեռ վերջինս հայցը ներկայացրել է 06.10.2018 թվականին՝ ավելի քան 2 տարի 3 ամիս անց, որպիսի պարագայում Մարգարիտ Սուքիասյանը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության մեկամյա ժամկետը:

Հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը հայցային վաղեմության կիրառման հիմքով հիմնավոր լինելու պարագայում բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կանխավարկածը տվյալ իրավիճակում վերաբերում է վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին տեղեկացված լինելուն, ինչը դեռևս չի վկայում այն մասին, որ իրավատերը, տվյալ իրավիճակում Մարգարիտ Սուքիասյանը, տեղյակ է եղել Երևանի Նոր Խարբերդ 23-րդ փողոցի թիվ 460 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Բավական Հովհաննիսյանի իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած նվիրատվության պայմանագրի և այդ պայմանագրի կնքման հետևանքով իր իրավունքի խախտման մասին: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգավորման՝ Վերաքննիչ դատարանի կողմից տրված վերոնշյալ մեկնաբանությունը Մարգարիտ Սուքիասյանի՝ որպես վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատիրոջ վրա անհարկի կերպով պարտականություն կդներ պարբերաբար տեղեկատվություն հայցելու համապատասխան իրավասու մարմնից ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով նաև իրեն պատկանող գույքի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ անձի՝ իր խախտված իրավունքի պաշտպանության համար նախատեսված ժամկետի բացթողնման մասին կարելի է պնդել միայն այն դեպքում, երբ իրավունքը խախտված անձն իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու պահից սկսած օրենքով նախատեսված ժամկետում չի ներկայացրել հայց` իր իրավունքի պաշտպանության համար: Ուստի, սույն իրավիճակում Վճռաբեկ դատարանը գտել է, որ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ այլ անձի իրավունքի պետական գրանցման մասին տեղեկացված լինելու կանխավարկածը դեռևս չի նշանակում, որ Մարգարիտ Սուքիասյանը հաստատապես տեղեկացված է եղել իր իրավունքը խախտող գործարքի՝ 15.07.2014 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի վերաբերյալ:

 

Դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չենք հետևյալ պատճառաբանությամբ

Հայցային վաղեմություն կիրառելու առնչությամբ տարբեր փաստական հանգամանքների պայմաններում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների վկայակոչումը չի կարող պայմանավորել ներկայացված վճռաբեկ բողոքի բավարարումը և դատական ակտի բեկանումը հետևյալ նկատառումներից ելնելով

Նախ և առաջ պետք է փաստել, որ հայցվորը հայցային վաղեմության դիմումի առնչությամբ ներկայացված առարկության հիմքում դրել է ոչ թե սեփականության իրավունքը խախտող գործարքի մասին իմանալ-չիմանալու, այլ տվյալ դեպքի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելի չլինելու հանգամանքն, այսինքն այս հարցի վերաբերյալ հայցվորի արտահայտած իրավական դիրքորոշումը չէր կարող դրվել դատարանի վճռի պատճառաբանություններում։

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը թերի է պատճառաբանված, քանի որ խախտված իրավունքի պահը համարելով անշարժ գույքի վերաբերյալ 25072014 թվականին կադաստրում իրավունքի գրանցումը, չի անդրադարձել պետական գրանցման համար հիմք հանդիսացող գործարքի մասին իմանալու պահը որոշելուն, քանի որ այդ դեպքում օրենսդիրը կարևորել է նաև որոշակի դեպքերում խախտված իրավունքի սուբյեկտի կողմից այդ հանգամանքի մասին իմանալու պարտականությունը։

Այսինքն, անշարժ գույքի ենթադրյալ համասեփականատիրոջ կողմից առանց մյուս համասեփականատիրոջ համաձայնության ընդհանուր գույքի օտարման դեպքում անհասկանալի է խախտված իրավունքի մասին «հաստատապես» իմանալու մասին եզրույթը, քանի որ այս դեպքում իրավունքի խախտման մասին կասկած չի հարատում։ Գույքի համասեփականատերը կրելով նաև գույքի պահպանման հոգսը ակնհայտորեն պարտականություն է կրում նաև հետևելու իր գույքի ճակատագրին կամ կրելու մյուս համասեփականատիրոջ գործողությունների իր համար անբարենպաստ իրավական հետևանքները, որն արտահայտվել է ընդհանուր գույքն օտարելու փաստով։

Գտնում ենք, որ անշարժ գույքի օտարման գործարքով խախտված իրավունքի մասին հաստատապես իմանալու հանգամանքը չի կարող «հաստատապես» իմացվել մյուս համասեփականատիրոջ մահով պայմանավորված ժառանգության բացման փաստով, քանի որ դատական ակտում վկայակոչված «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համար հիմք են ծառայել պարտավորական իրավահարաբերություններից բխող հանգամանքներ, որոնց առկայությունը կամ բացակայությունը դեռևս հաստատված չի եղել դատական պաշտպանություն հայցելու համար։ Մինչդեռ անշարժ գույքի սեփականության իրավունքի խախտման դեպքում պետք է գործի սեփականատիրոջ կողմից իր գույքի հոգսը կրելու կանխավարկածը։

Հայցադիմումի պահանջի փաստական հիմքերի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորը պահանջել է նաև ճանաչել վիճելի գույքի 1/2-ի նկատմամբ իր սեփականության իրավունքը և այդ մասով անվավեր ճանաչել գործարքը։

Հետևաբար, հայցային վաղեմության հարցը քննարկելիս պետք է հաշվի առնվեր, որ հայցվորի իրավունքները խախտվել են երկու առանձին և ինքնուրույն փաստական հանգամանքով՝ հայցվորի հանգուցյալ ամուսնու կողմից այգեգործական նշանակության գույքը սեփականաշնորհելու արդյունքում միայն իր անվամբ սեփականության իրավունք գրանցելու և այդ գույքում հայցվորի բաժինը օտարելու գործարքով։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը խախտված իրավունքի պահը որոշելու հարցում չէր կարող հիմք ընդունել հայցվորի կողմից բացառապես ժառանգության ընդունման պահը, հայցվորն իրեն համարելով սեփականատեր, պետք է տեղեկացված լինի սեփականության իրավունքի խախտման մասին, և հետամուտ լիներ անշարժ գույքի պետական գրանցմամբ և դրա հիմքում ընկած վարչական ակտի մասին և դրա հիմքում ընկած գործարքի մասին ձեռնարկելով անհրաժեշտ իրավական գործընթացներ իրավունքի խախտումները օրենքով նախատեսված ժամկետներում վերացնելու համար։

 

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման՝ վերը շարադրված պատճառաբանություններով։

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: