Գլխավոր տեղեկություն
Համար
N 1989-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1989-Նուղղ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ. 201 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 282.210.04662) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 282.210.04694):

2. Սահմանել, որ`

1) «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան, Ավան Աճառյան փողոց 40 հասցեում գտնվող՝ 0.947888 հա մակերեսով հողամասը՝ 4111.8 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքով, 263.6 քառ. մետր մակերեսով կաթսայատնով, 248.1 քառ. մետր մակերեսով արհեստանոցով, 8.4 քառ. մետր մակերեսով պահակակետով, 14.02 քառ. մետր մակերեսով կաթսայատնով (իրավունքի գրանցման 2019 թվականի նոյեմբերի 18-ի N 18112019-01-0123 վկայական) հետ վերցնել «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը, ինչպես նաև կանոնադրությունում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.

2) «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը, սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լուծել «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի մայիսի 5-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 38/0017 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 3-րդ կետում նշված` Երևան, Ավան Աճառյան փողոց 40 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 122-րդ կետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2022 թվական: