Գլխավոր տեղեկություն
Համար
N 465-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 դեկտեմբերի 2021 թվականի
ք. Երևան

N 465-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԿԱՆՉԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը», «իե» և «իէ» ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և նպատակ ունենալով բացառել մարդկանց կյանքի, առողջության, գույքի նկատմամբ սպառնալիքների, պետական անվտանգության ու հասարակական կարգի խախտման, հանցագործությունների, խարդախությունների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հուսալիության և անվտանգության խափանման նկատառումներով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի (հեռախոսազանգ, կարճ հաղորդագրություն) իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (այսուհետ՝ Օպերատոր) չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկման պահից բացառում է միջազգային կապուղիներից SIP կամ ISUP ազդանշանային համակարգով իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում չարտոնված կանչի վերջնավորման իրականացումը.

2) չարտոնված կանչերը Օպերատորի չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի միջոցով բացահայտված՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով իրականացված հետևյալ կանչերն են.

ա. չորոշված (չբացահայտված) «A» համարի ներկայացմամբ կանչ,

բ. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին համապատասխան՝ Օպերատորին հատկացված՝ հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային կոդերի համարային շարքերին պատկանող, սակայն ոչ իրական, փոխարինված կամ կեղծված «A» համարի ներկայացմամբ կանչ,

գ. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին համապատասխան՝ հանրային ամրակցված հեռախոսային ցանցի տարածաշրջանային և ոչ աշխարհագրական կոդերի համարային շարքերին պատկանող «A» համարի ներկայացմամբ կանչ՝ միջազգային կապուղիներից:

2. Օպերատորներին՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը (նկարագիրը) և սույն կետով նախատեսված համաձայնությունն ստանալուց հետո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել սույն որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկումը։

(2-րդ կետը փոփ. 05.10.22 N 392-Ն)

2.1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսող Օպերատորին՝ հեռախոսակապի ծառայությունների մատուցումը սկսելու պահից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը (նկարագիրը) և սույն կետով նախատեսված համաձայնությունն ստանալուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկումը:

(2.1-ին կետը լրաց. 21.12.22 N 548-Ն)

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն որոշման 2-րդ և 2.1.-ին կետերով նախատեսված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է՝ այն նախապես համաձայնեցնելով ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնի հետ, վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 21.12.22 N 548-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

 

ք. Երևան

 22 դեկտեմբերի 2021 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: