ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2015-Ն
2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2023 թվականի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 7400 հատից ոչ ավելի ծավալով:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման 1-ին և 3-րդ կետերի կիրարկման իմաստով:
3. Հաստատել ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2015-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:
2. Սույն որոշմամբ նախատեսված՝ մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտարարատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը:
3. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման 1-ին և 3-րդ կետերի կիրարկման իմաստով:
4. Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։
5. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:
6. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:
7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում 2023 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման մասին տեղեկատվություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: