ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 դեկտեմբերի 2022 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ CAM 1016 01 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Հովհաննիսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1783-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2022 թվականի նոյեմբերի 24-ին:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին` բյուջետային աջակցությամբ ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորման նպատակով:
2. Ըստ դիմումին կից ներկայացված Ֆինանսների նախարարության հիմնավորման` բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ և, հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է վերջինիս հետ` 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
- հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
- պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
- պետական գնումների համակարգի արդիականացումը,
- կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
- կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
- ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
- կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
3. 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ C20220628 որոշման համաձայն՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ կամ Վարկատու) համաձայնել է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել հարյուր միլիոն եվրո (100.000.000 եվրո) առավելագույն ընդհանուր գումարի չափով Վարկային միջոցներ՝ Համաձայնագրի պայմաններին համապատասխան:
Համաձայնագրով վճարման ենթակա յուրաքանչյուր գումարի արժույթը եվրոն է՝ բացառությամբ 14.6-րդ կետով (Վճարման վայրը) նախատեսված դեպքերի:
4. Համաձայնագիրն ունի հավելվածներ և հավելվածների ներածական դրույթներ, որոնք կազմում են Համաձայնագրի մաս և ունեն նույն իրավաբանական ուժը, մասնավորապես` Հավելված 1Ա. «Սահմանումները», Հավելված 1Բ. «Մեկնաբանումը», Հավելված 2. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 3Ա. «Ֆինանսավորման պլանը», Հավելված 3Բ. «Քաղաքականության աղյուսակը», «Քաղաքականության մատրիցա», Հավելված 4. «Նախապայմանները», Հավելված 5Ա. «Մասհանման հայտի ձևը», Հավելված 5Բ. «Մասհանման և դրույքաչափի հաստատման ձևը», Հավելված 5Գ. «Դրույքաչափի փոխարկման հայտի ձևը», Հավելված 5Դ. «Դրույքաչափի փոխարկման հաստատման ձևը» և Հավելված 6. «Տեղեկություններ, որոնք կարող են հրապարակվել Ֆրանսիայի կառավարության կայքում և վարկատուի կայքում»:
5. Վարկային միջոցների նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության՝ Ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջեն, ինչպես նկարագրված է 2-րդ հավելվածում (Ծրագրի նկարագրությունը), 3Ա հավելվածում (Ֆինանսավորման պլանը) նկարագրված Ֆինանսավորման պլանին և 3Բ հավելվածում (Քաղաքականության աղյուսակը, Քաղաքականության մատրիցա) նկարագրված պետական քաղաքականության աղյուսակին համապատասխան:
6. Վարկային միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են Վարկի տրամադրման ժամանակահատվածում՝ երկու (2) Մասհանմամբ, և առաջարկվող Մասհանման գումարը պետք է լինի առնվազն հիսուն միլիոն եվրո (50. 000.000 եվրո) կամ Վարկային սահմանաչափի մնացորդին հավասար գումար, եթե այդպիսի գումարը հիսուն միլիոն եվրոյից (50. 000.000 եվրո) պակաս է:
Մասհանումների միջոցները պետք է փոխանցվեն Հայաստանի կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության հաշվին, որի վերաբերյալ մանրամասները Հայաստանի Հանրապետության կողմից պետք է պատշաճ ծանուցվեն Վարկատուին՝ Մասհանման Հայտում:
7. Համաձայնագրի 5.1-ին կետով սահմանված է, որ եթե Շուկայի ապակայունացման դեպքն ազդում է եվրագոտու միջբանկային շուկայի վրա, և հնարավոր չէ ֆիքսված Տոկոսադրույքի դեպքում Մասհանման նկատմամբ կիրառելի ֆիքսված Տոկոսադրույքը որոշելը, կամ լողացող Տոկոսադրույքի դեպքում Տոկոսների հաշվարկման համապատասխան ժամանակահատվածում կիրառելի EURIBOR-ը որոշելը, ապա Վարկատուն այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությանը, և նկարագրված իրավիճակի դեպքում համապատասխան Մասհանման կամ Տոկոսների հաշվարկման համապատասխան ժամանակահատվածի համար, ըստ իրավիճակի, կիրառելի Տոկոսադրույքը կլինի՝ Թույլատրելի սահմանաչափի, և տարեկան տոկոսադրույքի գումարը, որը հավասար է Վարկատուի կողմից համապատասխան Մասհանումը (Մասհանումները) ֆինանսավորելու հետ կապված ծախսերին՝ անկախ այն աղբյուրից, որն այն կարող է ողջամտորեն ընտրել: Այդ դրույքաչափի մասին Հայաստանի Հանրապետությունը ծանուցվում է հնարավորինս շուտ, սակայն ցանկացած դեպքում՝ նախքան ֆիքսված Տոկոսադրույքի մասով այդ Մասհանման հետ կապված վճարման ենթակա տոկոսների առաջին Վճարման ամսաթիվը կամ լողացող Տոկոսադրույքի մասով Տոկոսների հաշվարկման տվյալ ժամանակահատվածում վճարման ենթակա տոկոսների Վճարման ամսաթիվը:
8. Համաձայնագրով սահմանված է, որ Համաձայնագրի 5.2-րդ կետի (Հրապարակված դրույքաչափի փոխարինում) դրույթները գերակայում են 5.1-ին կետի (Շուկայի ապակայունացումը) դրույթների նկատմամբ:
Համաձայնագրի 13.1-ին կետով սահմանված յուրաքանչյուր դեպք կամ հանգամանք համարվում է Պարտավորությունների չկատարման դեպք:
Պարտավորությունների չկատարման դեպք տեղի ունենալուց հետո և ցանկացած ժամանակ Վարկատուն կարող է, առանց որևէ պաշտոնական պահանջ ներկայացնելու կամ որևէ դատական կամ արտադատական վարույթ սկսելու, Հայաստանի Հանրապետությանը գրավոր ծանուցելու միջոցով՝ չեղարկել Վարկային սահմանաչափի մնացորդը և (կամ) հայտարարել, որ վարկային միջոցներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը ցանկացած հաշվեգրված կամ վճարման ենթակա տոկոսի հետ միասին, ինչպես նաև Համաձայնագրով վճարման ենթակա բոլոր մյուս գումարները ենթակա են անհապաղ վճարման:
9. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.
9.1. ստորագրման ամսաթվից ոչ ուշ Վարկատուին տրամադրել Համաձայնագրի 4-րդ հավելվածի (Նախապայմանները) I մասով սահմանված բոլոր փաստաթղթերը,
9.2. յուրաքանչյուր Վճարման ամսաթվին վճարել Մասհանման (Մասհանումների) համար հաշվեգրված տոկոսագումարը,
9.3. վճարել Համաձայնագրի 4.3-րդ կետով (Ժամկետանց վճարման և պարտավորությունների չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսը) սահմանված ցանկացած չմարված տոկոս Վարկատուի կողմից ներկայացված պահանջից անմիջապես հետո կամ չմարված գումարի վճարման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր Վճարման ամսաթվին,
9.4. ստորագրման ամսաթվից սկսած 6 ամիս հետո՝ Վարկատուին վճարել տարեկան զրո ամբողջ հինգ տոկոս (0.5%) պարտավորության վճար, որը հաշվարկվում է Վարկային սահմանաչափի մնացորդի գումարի նկատմամբ, որը համամասնորեն գնահատվում է օրերի փաստացի քանակի համար և ավելացվում է Վարկատուի կողմից տրամադրվող Մասհանման գումարի չափով` ակնկալվող Մասհանման հայտի համաձայն,
9.5. արտոնյալ ժամկետը լրանալուց հետո, յուրաքանչյուր Վճարման ամսաթվին, երեսուն (30) կիսամյակային վճարումներով` սկսած 2028 թվականի մայիսի 15-ից մինչև 2042 թվականի նոյեմբերի 15-ը, Վարկատուին վճարել Վարկային միջոցների մայր գումարը,
9.6. մինչև Մասհանման ժամանակահատվածի ավարտը չկատարել կանխավճարի ձևով Վարկային միջոցների ամբողջական կամ դրա որևէ մասի վճարում, իսկ Մասհանման ժամանակահատվածի ավարտին հաջորդող օրվանից կանխավճարի ձևով Վարկային միջոցների ամբողջական կամ դրա որևէ մասի վճարումը կատարել Համաձայնագրի 8.1-ին կետի 1-ին մասի «ա»-«զ» պարբերություններում սահմանված պայմանների պահպանմամբ,
9.7. կանխավճարի ձևով չվճարել կամ չչեղարկել Վարկային միջոցներն ամբողջությամբ կամ դրանց որևէ մաս՝ բացառությամբ Համաձայնագրով հստակորեն նախատեսված դեպքերի և կարգի,
9.8. եթե Համաձայնագրում փոփոխություն անելու անհրաժեշտություն է առաջանում, ապա Վարկատուին հատուցել բոլոր այն ծախսերը (ներառյալ՝ իրավաբանական ծառայությունների համար վճարները), որոնք ողջամտորեն առաջացել են այդպիսի անհրաժեշտությանն արձագանքելու, այն գնահատելու, դրա շուրջ բանակցելու կամ համապատասխանելու համար. այս վճարներն ու ծախսերը կսահմանափակվեն մինչև տասնհինգ հազար եվրո (15.000 եվրո)՝ առանց Հայաստանի ԱԱՀ-ի,
9.9. Վարկատուին հատուցել բոլոր այն ծախսերն ու ծախքերը (ներառյալ՝ իրավաբանական ծառայությունների համար վճարները), որոնք այն կրել է Համաձայնագրով նախատեսված իր ցանկացած իրավունքի իրականացման կամ պահպանման համար,
9.10. ուղղակիորեն վճարել կամ անհրաժեշտության դեպքում Վարկատուին հատուցել վերջինիս կողմից կատարված՝ կանխավճարի հետ կապված բոլոր ծախսերի և ծախքերի (ներառյալ՝ իրավաբանական ծառայությունների համար վճարները) գումարները, Համաձայնագրի և դրա ցանկացած հնարավոր փոփոխության հետ կապված բոլոր պետական տուրքերը, գրանցման և նմանատիպ այլ հարկերի ծախսերը,
9.11. ապահովել, որ Համաձայնագրի համաձայն Վարկատուին արվող բոլոր վճարումները զերծ լինեն Պահվող հարկերից,
9.12. Հայաստանի Հանրապետության հաշվին Վարկատուին հատուցել բոլոր այն ծախքերը և (կամ) Հարկերը, որոնք վճարվել են Վարկատուի կողմից (եթե կիրառելի է)՝ բացառությամբ Ֆրանսիայում վճարման ենթակա որևէ Հարկի,
9.13. Համաձայնագրի 10-րդ կետով (Հայտարարությունները և երաշխիքները) սահմանված բոլոր հայտարարություններն ու երաշխիքները հօգուտ Վարկատուի կատարել և տալ Ստորագրման ամսաթվին,
9.14. երաշխավորել, որ պարտավորությունների չկատարման որևէ դեպք չի շարունակվի կամ ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա,
9.15. անհապաղ ձեռք բերել կիրառելի իրավունքով կամ կարգավորմամբ պահանջվող ցանկացած Թույլտվություն` ներառյալ, բայց չսահմանափակվելով վավերացումով, ապահովել դրա հետ համապատասխանություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ այն ուժի մեջ պահելու և դրա գործողության համար, որպեսզի կարողանա կատարել Համաձայնագրով նախատեսված ՀՀ պարտավորությունները և ապահովել դրանց օրինականությունը, վավերականությունը, կատարումն ու ընդունելիությունը որպես ապացույց,
9.16. իրականացնել Ծրագիրը՝ համաձայն լայնորեն ընդունված անվտանգության սկզբունքների և գործող տեխնիկական չափանիշների, և պահպանել Ծրագրի ակտիվները՝ կիրառելի բոլոր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ինչպես նաև գործառնական և սպասարկման լավ պայմաններում, և օգտագործել այդպիսի ակտիվներն իրենց նպատակին և կիրառելի բոլոր օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան,
9.17. չլրամշակել կամ չփոփոխել Ֆինանսավորման պլանը՝ առանց Վարկատուի նախնական գրավոր համաձայնության, և ֆինանսավորել Ֆինանսավորման պլանով չնախատեսված ցանկացած լրացուցիչ ծախս այն պայմաններով, որոնք կապահովեն Վարկի մարումը,
9.18. ապահովել, որ Համաձայնագրով նախատեսված իր վճարման պարտավորությունները մշտապես առնվազն ըստ pari passu սկզբունքի դասակարգվեն Հայաստանի Հանրապետության մյուս ներկա և ապագա չապահովված և ոչ առաջնահերթ վճարման պարտավորությունների հետ, որևէ այլ վարկատուի չտրամադրել առաջնահերթություն կամ երաշխիքներ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նույն առաջնահերթությունը կամ երաշխիքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կողմից հօգուտ Վարկատուի՝ վերջինիս կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու դեպքում,
9.19. լիազորել Վարկատուին և նրա ներկայացուցիչներին տարեկան կտրվածքով ստուգումներ իրականացնել, որի նպատակն է Ծրագրի և Մշտադիտարկման աղյուսակի իրականացումն ըստ տեխնիկական և ինստիտուցիոնալ հայեցակետերի գնահատելը, և այդպիսի ստուգումներ իրականացնելիս համագործակցում և Վարկատուին և նրա ներկայացուցիչներին է տրամադրում ողջամիտ ամբողջական աջակցություն և տեղեկություններ. այդ ստուգումների ժամկետները և ձևաչափը սահմանվում են Վարկատուի կողմից Հայաստանի Հանրապետության հետ խորհրդակցելուց հետո,
9.20. Վարկատուին տրամադրել այնպիսի տեղեկություն, որը Վարկատուն կարող է ողջամտության սահմաններում պահանջել՝ կապված Հայաստանի Հանրապետության արտաքին և ներպետական պարտքերի, ինչպես նաև երաշխավորված վարկի կարգավիճակի հետ,
9.21. Վարկատուին տրամադրել այնպիսի իրադարձության կամ հանգամանքի մանրամասները, որը համարվում է կամ կարող է համարվել Պարտավորությունների չկատարման դեպք կամ կարող է ունենալ Էական բացասական ազդեցություն, ինչպես նաև տեղեկություններ՝ այդ դեպքի բնույթի և այն կարգավորելու համար ձեռնարկված կամ ձեռնարկվելիք բոլոր գործողությունների վերաբերյալ (առկայության դեպքում)՝ դրանց մասին տեղեկանալուց անմիջապես հետո,
9.22. առանց Վարկատուի նախնական համաձայնության չբացահայտել Համաձայնագրի բովանդակությունը որևէ երրորդ կողմի, բացառությամբ Համաձայնագրի 15.9-րդ կետի «ա» պարբերությամբ սահմանված դեպքերի:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
2 դեկտեմբերի 2022 թվականի ՍԴՈ-1670 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2022 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ CAM 1016 01 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1670 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1670 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1670 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախ՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1670 որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։
Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը1։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:
Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը։
Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ։
Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը։
Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում։ Մասնավորապես՝ էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը՝ խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները։ Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ։ Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար։
Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն՝ կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված՝ էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով։
Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։ Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը։ Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։
Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Այսպես՝ էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով։
Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.
Էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.
էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.
էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.
էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.
էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
________________________
1 Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը։
Դատավոր՝ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
2 դեկտեմբերի 2022 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: