Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-122-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.04.2007-05.11.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.769
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է անասնաբուծության ինտենսիվացման, տոհմանյութի ստացման, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստեղծման, վերարտադրության, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի պահպանման հետ կապված հարաբերությունները:


Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տոհմային անասնաբուծություն` սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն և օգտագործում.

տոհմանյութ` տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.

տոհմային կենդանի` փաստաթղթով ծագումը վավերացված, վերարտադրության համար օգտագործվող և սահմանված կարգով գրանցված որևէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի.

տոհմային արժեք` տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.

բոնիտավորում` հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների, ինչպես նաև տոհմանյութի գնահատում և դասակարգում.

հավաստագիր (վկայական)` տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը և այլ որակական ցուցանիշները, ինչպես նաև սաղմի կամ սերմնահեղուկի որակը հավաստիացնող փաստաթուղթ.

նշադրում` տոհմային կենդանու նշադրում, հաշվեպիտակի ամրացում, դաջում, խարանում, որոնք ապահովում են տոհմային կենդանու ճշգրիտ զանազանումը և հաշվառումը.

տոհմային գրանցում` տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրում.

տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ` սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիների բուծում և տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաև տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային ծառայություն մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձ.

տոհմային կենդանիների մթերատվություն` տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների և նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.

մաքրացեղ բուծում` միևնույն ցեղին պատկանող կենդանիների բուծում` այդ ցեղին յուրահատուկ հատկությունների կայունացման նպատակով.

տրամախաչում` տարբեր ցեղերի պատկանող կենդանիների զուգավորում.

տոհմային կենդանիների պետական գրանցում` տոհմային կենդանիների ծագման, անհատական մթերատու հատկանիշների, սերնդի որակի տվյալների գրանցում` «պետական տոհմային գրքում».

գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք` որևէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների և երամակների տվյալների հավաքածու.

գենոֆոնդային փոքրաթիվ ցեղ` գենետիկասելեկցիոն առանձնահատկություններով օժտված հազվադեպ հանդիպող և անհետացման վտանգի տակ գտնվող որևէ ցեղի կենդանիների խումբ:

Հոդված 2. Տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության հիմնական սկզբունքները

Տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեությունը հիմնվում է հետևյալ հիմնական սկզբունքների վրա`

ա) գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի կատարելագործում, արհեստական սերմնավորման կիրառում, նախիրների, հոտերի, երամակների վերարտադրության ապահովում.

բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի և ցեղախմբերի գենոֆոնդի պահպանում ու հարստացում:

Հոդված 3. Տոհմային անասնաբուծությունը կարգավորող օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

Գ Լ ՈՒ Խ  2

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) իրավասություններն են`

ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը.

բ) տոհմանյութի հավաստագրման կարգի սահմանումը.

գ) տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգի սահմանումը.

դ) տոհմանյութի ներկրման և արտահանման կարգի հաստատումը.

ե) պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների. նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը.

զ) տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիտորինգի) կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.

է) տոհմային անասնաբուծության զարգացման տնտեսական խթանումը.

ը) տոհմային անասնաբուծության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

թ) տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատումը.

ժ) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

Հոդված 5. Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները

Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման նպատակով կառավարության լիազորած պետական մարմնի իրավասություններն են`

 ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման և անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության ծրագրերի և տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը և իրականացումը.

բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) և գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը և իրականացումը.

գ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու և այլ ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների և կարգի հաստատումը.

դ) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)

ե) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)

զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի և տոհմային գրքերի վարման կարգի կազմակերպումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

(5-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-118-Ն)

Հոդված 6. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորմանը ներկայացվող պահանջները

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)

Հոդված 7. Տոհմային անասնաբուծության զարգացման խթանումը

Տոհմային անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու և նրա շարունակական գործընթացն ապահովելու նպատակով պետությունը կիրառում է տնտեսական խթանման միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Գ Լ ՈՒ Խ  3

ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ՆՐԱ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 8. Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանու օգտագործման պայմանները

Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանին օգտագործվում է, եթե օժտված է բարձր տոհմամթերատու հատկություններով, նշադրված է, գրանցված և ունի տոհմային վկայական:

Հոդված 9. Տոհմային կենդանիների բոնիտավորումը

Տոհմային կենդանիների բոնիտավորում անցկացվում է ամեն տարի բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ։

Հոդված 10. Տոհմային կենդանիների գնահատումը

Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու և էգ կենդանիները ենթակա են հետազոտման ու գնահատման` ըստ սերնդի որակի և մթերատվության:

Տոհմային կենդանիների հետազոտումն անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում և երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:

Տոհմային կենդանիները գնահատվում և հետազոտվում են կառավարության սահմանած կարգով:

Գ Լ ՈՒ Խ  4

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 11. Սույն օրենքի պահանջները խախտելը

Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում ծագած վեճերի լուծումը

Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում տոհմային անասնաբուծական սուբյեկտների միջև ծագած վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

Գ Լ ՈՒ Խ  5

 ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 13. Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը

Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Գ Լ ՈՒ Խ  6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-122-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2016, ՀՕ-142-Ն 05.11.2016, ՀՕ-122-Ն
22.02.2007, ՀՕ-118-Ն 05.04.2007, ՀՕ-122-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան