Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.12.2022-16.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 18.06.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 968-Լ

 

ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

1) համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը.

2) առաջարկություններ ներկայացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի կիրարկումն ապահովող ծրագրային ապահովության (համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքի) ստեղծման վերաբերյալ։

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիս ամսին և 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ:

(3-րդ կետը լրաց. 14.10.21 N 1678-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 968-Լ որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ր Ե Ր

 

ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդ ժամանակահատվածում արձանագրված՝ ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, նախատեսվում է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։

3. Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորությունը։

4. Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է իրականացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության նպատակային ծրագրեր (այսուհետ՝ նպատակային ծրագրեր)։

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվել և իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով պետական աջակցություն է տրամադրվում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին։

6. Մասնավորապես՝

1) «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է հիփոթեքային վարկ՝ առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից սուբսիդավորվում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5).

2) «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոթեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին (ծրագիրն ավարտվել է).

3) «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմեններին (ծրագիրն ավարտվել է).

4) «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում կառուցվում են բազմաբնակարան շենքային համալիրներ, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին.

5) «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովում» ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին և այլն:

7. Գործում է նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանված դրույթների պահանջների։

 

III. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Բնակարանային ապահովության պետական աջակցության վերը նշված ծրագրերի հիմնական մասն իրականացվում է նպատակային բնակարանաշինության միջոցով։ Արդյունքում այդ ծրագրերը հասանելի չեն մարզերում։

9. Բացառությամբ առանձին դեպքերի՝ բնակարանային ապահովության պետական աջակցության գործող ծրագրերով էական արտոնություններ սահմանված չեն երեխա ունեցող ընտանիքների համար։

10. Առանձին դեպքերում, այդ ծրագրերի նպատակներին համահունչ, սահմանված են տարիքային սահմանափակումներ, սակայն արտոնություններ (աջակցություն) սահմանված չեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքներում երեխա ծնվելու դեպքում, ինչն էապես նվազեցնում է այդ ընտանիքում երեխա ծնվելու հավանականությունը, հատկապես այն դեպքում, երբ կինն աշխատում է։

11. Երեխա ունեցող ընտանիքների դեպքում խնդրո առարկա է նաև կանխավճարը, հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիմնականում անշարժ գույքը ձեռք է բերվում երկրորդային շուկայից (այսինքն՝ բարձր է կանխավճարը)։

12. Մյուս կողմից, երեխայի խնամքը ենթադրում է նաև ծախսեր, ինչն օբյեկտիվորեն սահմանափակում է կանխավճար կատարելու համար անհրաժեշտ միջոցները խնայելու հնարավորությունը։

 

IV. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

13. Նպատակային ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝

1) աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար.

2) խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում.

3) երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեքային վարկ մարող ընտանիքներում։

 

V. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

14. Նպատակային ծրագրերն են՝

1) միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր).

2) կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն ընտանիքներին (այսուհետ՝ կանխավճարի ապահովագրության ծրագիր).

3) երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին (այսուհետ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագիր)։

(14-րդ կետը լրաց. 09.07.20 N 1169-Լ)

15. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը։ Ծնողը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։

(15-րդ կետը լրաց. 09.07.20 N 1169-Լ, 18.03.21 N 351-Լ)

16. Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է՝

1) մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը.

2) մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Անձը, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում) միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։

(16-րդ կետը խմբ. 09.07.20 N 1169-Լ, լրաց. 18.03.21 N 351-Լ)

17. Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝

1) բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվում է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո.

2) ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.

3) կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին).

4) շահառուն ունի իրենից սերված՝ առնվազն 2 անչափահաս երեխա.

5) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը, իսկ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի դեպքում՝ այն հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, որի վրա անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրվել է հիփոթեքային վարկը, գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) անունով.

6) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ հողամասը (որի վրա անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրվել է հիփոթեքային վարկը) կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

(17-րդ կետը լրաց., փոփ. 09.07.20 N 1169-Լ, փոփ., լրաց. 18.03.21 N 351-Լ, փոփ. 15.07.21 N 1134-Լ)

18. Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է՝

1) ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար.

2) անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար։

(18-րդ կետը խմբ. 09.07.20 N 1169-Լ, փոփ. 01.12.22 N 1828-Լ)

19. Միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ շահառուից սերված՝ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը) կազմում է 2 մլն դրամ։ Եթե հիփոթեքային վարկը տրամադրվում է փուլերով, ապա 18-րդ կետում և սույն կետում նշված առավելագույն չափը կիրառվում է հիփոթեքային վարկի ամբողջ գումարի նկատմամբ։ Եթե շահառուի 30 տարին չի լրացել, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։

(19-րդ կետը խմբ. 09.07.20 N 1169-Լ, լրաց. 18.03.21 N 351-Լ, փոփ. 01.12.22 N 1828-Լ)

20. Կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում հիփոթեքով բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերող շահառուին պետական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։ Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել (փոխհատուցման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույք կարող է ձեռք բերել) մեկ անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում) կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։

(20-րդ կետը լրաց. 18.03.21 N 351-Լ)

21. Կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են՝

1) բնակելի անշարժ գույքը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո.

2) ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.

3) կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս.

4) շահառուն ունի իրենից սերված՝ առնվազն 1 անչափահաս երեխա:

(21-րդ կետը լրաց., փոփ. 18.03.21 N 351-Լ)

22. Կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակներում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը կազմում է ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը) 30 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի, քան վեց միլիոն դրամի չափով, բացառությամբ ծրագրային, այդ թվում՝ վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորված և փուլային վարկերի, որոնց դեպքում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը որոշվում է տվյալ ծրագրի իրականացման ընթացակարգին համապատասխան։

(22-րդ կետը խմբ. 01.12.22 N 1828-Լ)

23. Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։

24. Դրամական աջակցության վճարումը դադարում է այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի արժեքի (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը) հարաբերակցությունը հիփոթեքային պարտավորության ապահովագրման պահին կազմում է 70 տոկոսից ցածր, բացառությամբ ծրագրային, այդ թվում՝ վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորված և փուլային վարկերի, որոնց դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է տվյալ ծրագրի իրականացման կարգով սահմանված՝ կանխավճարի ապահովագրման գործընթացի դադարեցման դեպքում։

(24-րդ կետը խմբ. 01.12.22 N 1828-Լ)

25. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ (այդ թվում՝ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ) մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից, այդ թվում, եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։ Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեքային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեքային վարկեր)։

(25-րդ կետը լրաց. 09.07.20 N 1169-Լ, փոփ., լրաց. 18.03.21 N 351-Լ)

26. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝

1) երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո և սույն հավելվածի 30-րդ կետի 4-րդ ենթակետում կամ 9-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված տեղեկանքը նախարարություն է ներկայացվում մինչև երեխայի 1 տարին լրանալը.

2) ձեռք բերված անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.

3) դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը, իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, նաև կազմակերպության կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել, 

4) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

(26-րդ կետը լրաց., փոփ. 09.07.20 N 1169-Լ, 18.03.21 N 351-Լ, փոփ. 15.07.21 N 1134-Լ, 01.12.22 N 1828-Լ)

27. Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝

1) վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը), եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է.

2) վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը), եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է.

3) վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 8 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը), եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի 25 տարին չի լրացել.

4) վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 35 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը), եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի 30 տարին չի լրացել։

(27-րդ կետը փոփ., լրաց. 09.07.20 N 1169-Լ, փոփ. 15.07.21 N 1134-Լ, 14.10.21 N 1678-Լ, 01.12.22 N 1828-Լ)

27.1. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 570.1-ին հոդվածով սահմանված կառուցապատողից ձեռք է բերվում (բերվել) կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք, ապա սույն հավելվածի 17-րդ կետի 2-րդ, 21-րդ կետի 2-րդ և 26-րդ կետի 2-րդ ենթակետերում նշված՝ անշարժ գույքի գնահատվող (գնահատված) շուկայական գինը չի պահանջվում (հաշվի չի առնվում)։

(27.1-ին կետը լրաց. 18.03.21 N 351-Լ)

27.2. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի դեպքում սույն հավելվածի 26-րդ կետում նշված երեխաների թվում հաշվի են առնվում նաև շահառուից սերված չափահաս զավակները, իսկ 26-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ անշարժ գույքի գնահատված շուկայական գինը որոշվում է գործարքի շրջանակներում կատարված գնահատման արդյունքներով։ Ընդ որում, այս դեպքում, եթե անշարժ գույքը ձեռք բերելուց հետո շահառուն փոխել է հիփոթեքային վարկը տրամադրած կազմակերպությունը, ապա անշարժ գույքի գնահատված շուկայական գինը որոշվում է վարկի տեղափոխության շրջանակներում կատարված գնահատման արդյունքներով։

(27.2-րդ կետը լրաց. 18.03.21 N 351-Լ)

27.3. Միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում հաշվի են առնվում միայն ողջ (շահառուի խնամքին գտնվող) երեխաները։

(27.3-րդ կետը լրաց. 18.03.21 N 351-Լ)

27.4. Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը նոր ծնված երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար հաշվարկվում է սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված եղանակով՝ որպես մնացորդային մայր գումար դիտարկելով դիմելու օրվա դրությամբ մնացորդային մայր գումարի և նոր ծնված առաջին երեխայի համար հաշվարկված աջակցության չափի տարբերությունը:

(27.4-րդ կետը լրաց. 14.10.21 N 1678-Լ)

28. Միանվագ դրամական աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) շահառուն դիմում է սույն կետի 8-րդ ենթակետում նշված պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն).

2) կազմակերպությունն ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը և, ներկայացված փաստաթղթերի համաձայն, շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին).

3) եթե կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն).

4) նախարարությունը, ստացված հարցման հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին.

5) ընդունված որոշման մասին նախարարությունն էլեկտրոնային եղանակով եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով.

6) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե շահառուն համապատասխանում է ծրագրի չափորոշիչներին.

7) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց (իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, վարկը փաստացի հատկացնելուց) հետո, եթե շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքելու օրվա դրությամբ կազմակերպությունը կնքել է նաև սույն կետի 8-րդ ենթակետում նշված պայմանագիրը, ապա նախարարությունը կազմակերպության բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները՝ շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնելով դրա մասին.

8) կազմակերպության և նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով, որի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

(28-րդ կետը փոփ., լրաց. 09.07.20 N 1169-Լ, փոփ., լրաց. 18.03.21 N 351-Լ)

28.1. (կետն ուժը կորցրել է 15.07.21 N 1134-Լ)

29. Կանխավճարի ապահովագրության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) շահառուն դիմում է կազմակերպությանը.

2) կազմակերպությունն ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը (այդ թվում՝ հաշվի առնելով կանխավճարի ապահովագրության պայմանագիրը).

3) եթե կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, առերևույթ համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա կազմակերպությունը համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում նախարարություն.

4) նախարարությունը, ստացված հարցման հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին.

5) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե առկա են կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմանները, տվյալ տարվա առաջին օրվա դրությամբ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը չի գերազանցում կանխավճարի ապահովագրության ծրագրով սահմանված սահմանաչափը.

6) ընդունված որոշման մասին նախարարությունն էլեկտրոնային եղանակով եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով.

7) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց և տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո, նախարարությունը դրամական աջակցության գումարները փոխանցում է կազմակերպության բանկային հաշվին՝ շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնելով դրա մասին.

8) կազմակերպությունը համապատասխան գումարները փոխանցում է ապահովագրական կազմակերպությանը։

(29-րդ կետը փոփ. 18.03.21 N 351-Լ)

30. Երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) շահառուն, երեխայի ծնվելուց հետո, դիմում է հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն).

2) կազմակերպությունը շահառուին է տրամադրում տեղեկանք հիփոթեքային վարկի և մնացորդային գումարների վերաբերյալ (այսուհետ՝ տեղեկանք).

3) տեղեկանքում ներառվում են՝

ա. շահառուի անձնագրային տվյալները,

բ. ձեռք բերվող կամ կառուցվող բնակելի անշարժ գույքի գտնվելու վայրը, անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը,

գ. հիփոթեքային վարկի սկզբնական չափը, վերջին 12 ամիսների ընթացքում հիփոթեքային վարկի մարումները և մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը,

դ. հիփոթեքային վարկի մնացորդային չափը դիմելու օրվա դրությամբ,

ե. եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, ապա կազմակերպության հավաստումը, որ իր կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել (մոնիթորինգի իրականացման օրը, ամիսը, տարեթիվը),

զ. կազմակերպության ՀՎՀՀ-ն և բանկային հաշիվը, որին փոխանցվում են պետական աջակցության գումարները.

4) շահառուն տեղեկանքը ներկայացնում է նախարարություն.

5) նախարարությունը, ստացված տեղեկանքի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին.

6) ընդունված որոշման մասին նախարարությունը գրավոր տեղեկացնում է կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով.

7) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե շահառուն համապատասխանում է ծրագրի չափորոշիչներին (ծրագրի հիմնական պայմաններին).

8) շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում նախարարությունը եռօրյա ժամկետում կազմակերպության բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները՝ շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնելով դրա մասին.

9) եթե կազմակերպությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա՝

ա. շահառուին տեղեկանք չի տրամադրվում և շահառուն նախարարություն չի դիմում, իսկ շահառուին ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկությունները նախարարությանն է տրամադրում կազմակերպությունը՝ էլեկտրոնային եղանակով,

բ. նախարարությունը շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) որոշման մասին կազմակերպությանը տեղեկացնում է էլեկտրոնային եղանակով,

գ. կազմակերպության և նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով։

(30-րդ կետը փոփ., լրաց. 09.07.20 N 1169-Լ, փոփ., լրաց., խմբ. 18.03.21 N 351-Լ, փոփ. 14.10.21 N 1678-Լ)

30.1. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա սույն հավելվածի 28-րդ կետի 4-րդ, 29-րդ կետի 4-րդ և 30-րդ կետի 5-րդ ենթակետերում նշված դեպքերում երեխայի՝ շահառուից սերված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է՝ հիմք ընդունելով երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում ներառված՝ երեխայի ծնողների վերաբերյալ տեղեկությունները և շահառուի տվյալները (անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը)։

(30.1-ին կետը լրաց. 18.03.21 N 351-Լ)

30.2. Եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է արտարժույթով, ապա սույն հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված՝ հիփոթեքային վարկի մնացորդային չափը տրվում է դրամով՝ հիմք ընդունելով տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը:

(30.2-րդ կետը լրաց. 18.03.21 N 351-Լ)

 

VI. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

31. Նպատակային ծրագրերի մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը` հիմք ընդունելով ծրագրերի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները։

32. Նախարարությունը եռամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է վարչական և վիճակագրական տեղեկատվություն նպատակային ծրագրերում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ` ըստ մարզերի և բնակավայրերի։

 

VII. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

33. Նպատակային ծրագրերի կապակցությամբ առկա հիմնական ռիսկերն են՝

1) նպատակային ծրագրերի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն՝ պայմանավորված ծրագրերի բարձր պահանջարկով (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն լրացուցիչ միջոցներ).

2) նպատակային ծրագրերի ցածր պահանջարկ (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, համապատասխան փոփոխություններ կկատարվեն նպատակային ծրագրերի հիմնական պայմաններում)։

34. Նպատակային ծրագրերի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել։

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

35. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526,760.0 հազ. դրամ։

36. Յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով նպատակային ծրագրերի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը:

 

IX. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

37. Նպատակային ծրագրերի արդյունքներն արտացոլվելու են 2022-2023 թվականների ծնելիության ընդհանուր ցուցանիշներում։

38. 2020 թվականին նախատեսվում է՝

1) միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի.

2) կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն տրամադրել 540 շահառուի.

3) երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։

39. Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվի շահառուների նախատեսվող թիվը՝ ըստ նպատակային ծրագրերի։

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 09.07.20 N 1169-Լ, 18.03.21 N 351-Լ, փոփ. 15.07.21 N 1134-Լ, լրաց., փոփ. 14.10.21 N 1678-Լ, փոփ., խմբ. 01.12.22 N 1828-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան