Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1408/02/16

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1408/02/16

Նախագահող դատավոր՝

 Ս Թորոսյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Գ. Խանդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

2022 թվականի մարտի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ազնիվ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31․08․2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ազնիվ Ղազարյանի ընդդեմ Մարիամ Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Լարիսա Հարությունյանի, Սամվել Հարությունյանի, Վելիզա Եսայանի՝ Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինության և դրանով ծանրաբեռնված, սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ազնիվ Ղազարյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինության և դրանով ծանրաբեռնված սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ՝ ըստ կից ներկայացված 25.12.2015 թվականի կադաստրային որակավորում ունեցող մասնագետ Արտյոմ Հարությունյանի կողմից կազմված հատակագծի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 05022021 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը Վելիզա Եսայանի մասով կարճվել է, հայցը մնացած մասով՝ մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 3108.2021 թվականի որոշմամբ Ազնիվ Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 05022021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ազնիվ Ղազարյանը (ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածներով սահմանված՝ դատական ակտին ներկայացվող պահանջները:

 

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով բողոքաբերը ներկայացրել և ապացուցել է իր վրա դրված ապացուցման պարտականությամբ սահմանված փաստերը, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ չեն գնահատվել։

Վերաքննիչ դատարանը, անտեսելով գործում եղած իրավական և փաստական հանգամանքները, որոնցով ակնհայտ հիմնավորվում է հայցվորի կողմից անշարժ գույքի զբաղեցված տարածքը տիրապետելու բարեխղճությունը՝ կայացրել է անհիմն դատական ակտ և դրա հիմքում դրել է այնպիսի փաստեր, որոնք իրավական տեսանկյունից ենթակա չեն որակման։

Վերաքննիչ դատարանը խեղաթյուրել է իրականությունը, քանի որ վարձակալության հիմունքներով ի սկզբանե բնակվել է բողոքաբերի ամուսինը, դեռևս ուսանողական տարիների ընթացքում, իսկ արդեն ամուսնությունից հետո բողոքաբերն ու վերջինիս հանգուցյալ ամուսինը անշարժ գույքը գնել են պատասխանողների իրավանախորդներից: Ավելին, պատասխանողների կողմից գույքից հրաժարվելով առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրությունն էլ ապացուցվել է հարևանների կողմից տրված հայտարարություններով, ովքեր բողոք բերած անձին և նրա ընտանիքին ճանաչում են որպես խնդրո առարկա անշարժ գույքի միակ սեփականատերեր դեռևս 1966 թվականից: 

Սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքներով, ձեռք բերված գրավոր ապացույցներով, ինչպես նաև վկաների ցուցմունքներով հաստատվում է բողոքաբերի` վիճելի հասցեում գտնվող օրինական հողամասը և օրինական շինությունը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը:

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման, որի արդյունքում սույն գործով չի պարզվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը: Ավելին, Վերաքննիչ դատարանը պարզապես կրկնել է Դատարանի կողմից կայացված վճռի բովանդակությունը:

Մինչդեռ հայցադիմումին կից ներկայացված, իսկ այնուհետև գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցներով հիմնավորվել են պատասխանողների և նրանց իրավանախորդի կողմից իրենց անշարժ գույքի մի մասից հոժարակամ հրաժարվելու, հայցվորին և նրա ընտանիքի անդամներին հանձնելու, իսկ վերջիններիս կողմից այդ գույքն օրինական հիմքերով ձեռք բերելու և որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու հանգամանքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 3108.2021 թվականի որոշումը և հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1) Հռիփսիմե Սարուխանյանը, Ռիմա Ջրաղացպանյանը, Ազնիվ Մշեցյանը, Արմեն Չատինյանը 25.12.2015 թվականին տրված և Արաբկիրի տարածքային շրջանի թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Մ. Վարդանյանի կողմից հաստատված հայտարարության համաձայն՝ Ասքանազ Չատինյանը և Ազնիվ Ղազարյանը, 1966 թվականից գնելով Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տունը, Ասքանազ Չատինյանը մինչև մահը՝ 2014 թվականը, իսկ Ազնիվ Ղազարյանը մինչև օրս տիրապետում է նշված գույքը որպես սեփական գույք, կրում դրա պահպանման հոգսը (հատոր 1-ին, գթ 22):

 2) Երևանի Արաբկիր համայնքի թիվ 09 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 03.12.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Ազնիվ Ղազարյանը 1969 թվականից գրանցված բնակվում է Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 տանը, որտեղ բնակվել է ինքը, տղան՝ Արման Չատինյանը, աղջիկները՝ Նելլի և Ռուզաննա Չատինյանները (հատոր 1-ին, գթ 27):

3) «Երևան Ջուր» ՓԲԸ-ի և Ասքանազ Չատինյանի միջև 23.02.2012 թվականին կնքվել է Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեի վերաբերյալ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր ( հատոր 1-ին, գթ 15):

4) «Էկոար» ՓԲԸ-ի և Ասքանազ Չատինյանի միջև 04.08.2010 թվականին կնքվել է Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեի վերաբերյալ աղբահանության ծառայությունների մատուցման մասին պայմանագիր (հատոր 1-ին, գթ 16):

5) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և Ասքանազ Չատինյանի միջև 06.08.2005 թվականին կնքվել է Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեի վերաբերյալ կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման պայմանագիր ( հատոր 1-ին, գթ 17):

6) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և Ասքանազ Չատինյանի միջև 18.07.2005 թվականին կնքվել է Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեի վերաբերյալ գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման մասին պայմանագիր (հատոր 1-ին, գթ 24):

7) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.02.1990 թվականի վկայագրի համաձայն՝ Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակի պետական նոտար Է. Շաբոյանը հաստատել է, որ Հայկական ԽՍՀ Քաղաքացիական օրենսգրքի 535 հոդվածի հիման վրա քաղ. Վարդուհի Հարությունյանի մահից հետո մնացած (մահացած՝ 29.02.1988 թվականին) գույքի ժառանգներ են հանդիսանում թոռները՝ Սամվել և Վահագն Սուրենի Հարությունյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է բնակելի տան 5/24 բաժնից, որը գտնվում է Երևան, Արաբկիր 8-րդ փողոց թիվ 6 հասցեում (հատոր 1-ին, գթ 29):

8) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.02.1990 թվականի վկայագրի համաձայն՝ Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակի պետական նոտար Է. Շաբոյանը հաստատել է, որ Հայկական ԽՍՀ Քաղաքացիական օրենսգրքի 535 հոդվածի հիման վրա քաղ. Վարդուհի Մելքոնի Հարությունյանի մահից հետո մնացած (մահացած՝ 29.02.1988 թվականին) գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում աղջիկները՝ Մարիամ և Լարիսա Անդրանիկի Հարությունյանները:

Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է բնակելի տան 5/16 բաժնից, որը գտնվում է Երևան, Արաբկիր 8-րդ փողոց թիվ 6 հասցեում (հատոր 1-ին, գթ 31):

9) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.02.1990 թվականի վկայագրի համաձայն՝ Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակի պետական նոտար Է. Շաբոյանը հաստատել է, որ Հայկական ԽՍՀ Քաղաքացիական օրենսգրքի 535 հոդվածի հիման վրա քաղ. Սուրեն Անդրանիկի Հարությունյանի մահից հետո մնացած (մահացած՝ 27.01.1988 թվականին) գույքի ժառանգներ են հանդիսանում կինը՝ Վելիզա Եսայանը, տղաները՝ Սամվել և Վահագն Սուրենի Հարությունյանները:

Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է բնակելի տան 1/8 բաժնից, որը գտնվում է Երևան, Արաբկիր 8-րդ փողոց թիվ 6 հասցեում (հատոր 1-ին, գթ 30):

10) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 20.08.2014 թվականի թիվ ԱՏ-15/08/2014-3-0078 տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Անդրանիկ Հարությունյանին պատկանող գույքը ժառանգաբար փոխանցվել է և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գույքագրվել է Մարիամ Հարությունյանի 1/3, Լարիսա Հարությունյանի 1/3, Սամվել Հարությունյանի 1/8, Վահագն Հարությունյանի 1/8, Վելիզա Եսայանի 1/12 անվամբ (հատոր 1-ին, գթ 28):

11) Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 21.01.2016 թվականի վկայագրի համաձայն՝ Ասքանազ Չատինյանի՝ մահացած 28.12.2014 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը՝ Ազնիվ Ղազարյանը (հատոր 1-ին, գթ 33):

12) Սեփականության իրավունքի 21.01.2016 թվականին տրված վկայագրի համաձայն՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանը հաստատել է, որ Ազնիվ Ղազարյանը հանդիսանում է Ասքանազ Չատինյանի, մահացած 28.12.2014 թվականին, կենդանի մնացած ամուսինը սեփականության իրավունք ունի հիշյալ ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ:

Ընդհանուր համատեղ գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արա լեռ այգետարածք 2-րդ զանգված թիվ 18 տեղամասի 12 հասցեում գտնվող անշարժ գույքից (հատոր 1-ին, գթ 32):

13) Թաղային լիազորի և թաղային կոմիտեի նախագահի կողմից 13.06.1989 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 տան բնակիչ Ա. Չատինյանը և նրա հինգ անձից բաղկացած ընտանիքը ապրում է նշված հասցեում (հատոր 1-ին, գթ 58):

14) Ըստ Երևան քաղաքի գազի տնտեսության վարչության թիվ 2 շահագործման գրասենյակի 13.12.1974 թվականի, 24.10.1980 թվականի, 30.10.1973 թվականի, 15.08.1972 թվականի, 28.01.1975 թվականի հաշվարկային գրքույկների՝ Ասքանազ Չատինյանը վճարել է Երևան, Արաբկիր 8-րդ փողոցի թիվ 6 տան սպառված գազի գումարները (հատոր 1-ին, գթ 39-41):

15) Ըստ Էներգոսբիտ-Էլեկտրոէներգիայի հաշվի 18.07.1972 թվականի, 01.03.1975 թվականի թիվ 25-3153 աբոնենտի՝ Ասքանազ Չատինյանը վճարել է Երևան, Արաբկիրի 8-րդ փողոցի թիվ 6 տան համար սպառված էլեկտրաէներգիայի գումարները (հատոր 1-ին, գթ 45):

16) Ըստ 2000 թվականի, 2001 թվականի, 2003 թվականի, 2010 թվականի, 2011 թվականի անդորրագրերի՝ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 տան աղբահանության վճարները վճարել է Ասքանազ Չատինյանը (հատոր 1-ին, գթ 47-49):

17) Գործում առկա են Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեի տան գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ծառայությունների վճարման անդորրագրերը (հատոր 1-ին, գթ 43):

18) Մահվան վերաբերյալ ակտի գրանցման 04.01.2005 թվականի թիվ 130 ակտի համաձայն՝ Վելիզա Եսայանը մահացել է 04.01.2005 թվականին (վկայական՝ ԱԱ թիվ 004037) (հատոր 1-ին, գթ 176):

19) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի 09.11.2015 թվականի գրությամբ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա. Հայրապետյանին հայտնվել է, որ բնակչության պետական ռեգիստրի պահոցում առկա տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 տուն հասցեում հաշվառված են եղել 11 անձ, նշված հասցեում փաստացի հաշվառված են 3 անձ և հաշվառումից հանված են 4 անձ (հատոր 2-րդ, գթ 50):

20) Ըստ չափագրող Արտյոմ Հարությունյանի (վկայական՝ թիվ 065) կողմից 25.12.2015 թվականի կազմված Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեի 27.02.1990 թվականին տրված հողամասի և շինության հատակագծի՝ տան սեփականատերերն են հանդիսանում Մարիամ Հարությունյանը, Լարիսա Հարությունյանը, Սամվել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը, Վելիզա Եսայանը, որոնց հատկացված հողի S = 900քմ, օրինական շին S = 168.8քմ, որից S =35.7քմ օգտագործվում է Ազնիվ Ղազարյանի կողմից, ինչպես նաև օգտագործվում է S =9.4քմ ինքնակամ շինություն (հատոր 3-րդ, գթ 136-137):

21) Վկա Արմեն Չատինյանը (նույնականացման քարտ՝ 001396936), ցուցմունք տալով Դատարանում, հայտնել է, որ Գուլակյան փողոցում բնակվում է 1957 թվականից, և այն հասցեում, որտեղ բնակվում է հայցվորը, մինչև մահը բնակվել է նաև վերջինիս ամուսինը՝ Ասքանազ Չատինյանը: Հայտնել է, որ իր իմանալով Ասքանազը և Ազնիվը համատեղ այդ հասցեում բնակվում են 1965 թվականից: Հայտնել է, որ ինքը չի կարող հստակ ասել, որ այդ բնակարանը գնել է Ասքանազը, թե՝ ոչ, սակայն ինքը հիշում է, որ Ասքանազն իրեն ասել է, որ որոշակի գումար են վճարել, ինքը ենթադրել է, որ բնակարանը գնել են:

22) Վկա Հռիփսիկ Սարուխանյանը (նույնականացման քարտ՝ 001680412), ցուցմունք տալով Դատարանում, հայտնել է, որ ինքը բնակվում է Գուլակյան փողոցում 1963 թվականից: Ազնիվը բնակվում է Գուլակյան թիվ 6 հասցեում: Ասքանազին ճանաչել է որպես հարևան: Ինքը չի հիշում, թե կոնկրետ երբ են եկել այդ հասցե, սակայն, իր հիշելով, տեղափոխվել են իրենից հետո: Հայտնել է, որ Ասքանազը մինչև մահը բնակվել է այդ հասցեում, իսկ Ազնիվը մինչ օրս բնակվում է այդտեղ, սակայն ինքը չի հիշում, թե նրանք այդ հասցեում մշտապես են բնակվել, թե՝ ընդհատումներով: Հայտնել է, որ ինքը չգիտի, թե Ասքանազն ու Ազնիվը արդյոք գնել են տունը, թե՝ ոչ:

23) Վկա Վարսենիկ Պողոսյանը (անձնագիր՝AN 0700887), ցուցմունք տալով Դատարանում, հայտնել է, որ ինքը կողմերին ճանաչում է որպես հարևանների: Հայտնել է, որ Գուլակյան փողոց տեղափոխվել է բնակության 1982 թվականին, այդ հասցեում Ասքանազ Չատինյանը և Ազնիվ Ղազարյանն արդեն իսկ բնակվում էին:

24) Հայցվոր Ազնիվ Ղազարյանը, ցուցմունք տալով Դատարանում, հայտնել է, որ մինչ ամուսնանալը, 1965 թվականին իր ամուսինը վարձով է ապրել այդ հասցեում, հետագայում 1966 թվականին ամուսնացել են և համատեղ կյանք են վարել այդ հասցեում: Առաջին երեխան ունենալուց հետո իրենց առաջարկել են տունը գնել: Տունը գնելու համար 3.000 ռուբլի են պահանջել, սակայն ամուսինը պարտքով 2.000 ռուբլի գումար է կարողացել հավաքել և քանի որ 3.000 ռուբլի միանվագ չեն կարողացել վճարել, մինչև պակաս վճարված 1.000 ռուբլին վճարելը, իրենք այդ հասցեում վարձով են ապրել ու վարձի գումար են վճարել: Այդ 1.000 ռուբլին վճարելուց հետո իրենք այդ տանը բնակվել են որպես իրենց սեփականը:

25) Պատասխանող Սամվել Հարությունյանը, ցուցմունք տալով Դատարանում, հայտնել է, որ իրենք մեծ հորեղբայր ունեն, ով բնակվում է ԱՄՆ-ում, ինքը կտրականապես ժխտում է այն փաստը, որ որևէ գումարային հարաբերություններ են առաջացել Ա. Չատինյանի հետ, որովհետև ինքն ամեն ինչից տեղյակ է եղել: Հայտնել է, որ իրենք բարեգործություն են արել՝ թույլատրելով, որպեսզի հայցվորն իր ընտանիքով ընդամենը բնակվեն նկուղում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ մասով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը եղել է բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին՝ արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ՝ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը (տե՛ս, Աշխեն Առաքելյանի ընդդեմ Արայիկ Ավետիսյանի, Համլետ և Մելանյա Ավետիսյանների, երրորդ անձինք Աշոտ Ավետիսյանի, Քաջիկ Ստեփանյանի թիվ ԵԿԴ/3299/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20072017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե´ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների, Օֆելյա Բոդուրյանի թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, եկել է այն եզրահանգման, որ գործի քննության ողջ ընթացքում այդպես էլ իր հաստատումը չի ստացել հայցի հիմքում դրված այն պնդումը, որ Ասքանազ Չատինյանը և Ազնիվ Ղազարյանը 1966 թվականից գնել են Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տունը, քանի որ գործում առկա չէ գնման փաստը հավաստող գրավոր ապացույց կամ ի հավաստումն այդ գործարքի կնքման փաստի՝ բավարար և թույլատրելի ապացույցներ: Դատարանը եկել է այն հետևության, որ հայցվորը չի ապացուցել, որ իր և իր ամուսնու տիրապետմանը գույքն անցնելու պահից սկսած, իրենց մոտ եղել է այն համոզմունքը, որ այն ձեռք են բերում որպես սեփականը և օրինական հիմքերով, ինչպես նաև չի ապացուցվել, որ չեն ունեցել գույքը բարեխղճորեն տիրապետելու համոզմունք, քանի որ մշտապես գիտակցել են, որ ենթադրյալ առուծախի համաձայնության հիմքով պետք է կատարվի անվանափոխություն, որն այդպես էլ տեղի չի ունեցել, և այդ ուղղությամբ հայցվորն ու իր ամուսինը 48 տարվա ընթացքում քայլեր չեն ձեռնարկել: Ակնհայտ է, որ նրանք չէին կարող ունենալ համոզմունք առ այն, որ գույքն իրենց սեփականն է, քանի որ գումար վճարելով՝ ընդունել են, որ գույքն իրենց սեփականը չէ, իսկ գումարը վճարելուց հետո պայմանագիր կնքելուն հետամուտ չլինելով հանդերձ՝ շարունակել են հաշտվել այն մտքի հետ, որ իրենք գույքի սեփականատերերը չեն և նախկինի պես բնակվում են այնտեղ միայն ժամանակավոր՝ սեփականատերերի կամոք ու համաձայնությամբ:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռն անփոփոխ է թողել՝ պատճառաբանելով, որ պատասխանողների կողմից սեփական գործողություններով գույքն իրենցից մեկուսացնելու վերաբերյալ հայցվորի պնդումը գործով հիմնավորված չէ, քանի որ վեճի առարկա բնակելի տան հասցեի գույքահարկը հիմնականում վճարվել է Սամվել Հարությունյանի կողմից: Բացի դրանից, գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ պատասխանողները դրսևորել են այնպիսի անգործություն, որը նրանց կմեկուսացներ գույքի տիրապետումից։ Իսկ այն հանգամանքը, որ պատասխանողները երբևէ չեն փորձել վտարել հայցվորին իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տնից, ինքնին չի կարող վկայել այն մասին, որ պատասխանողները հրաժարվել են իրենց սեփական գույքից առանց դրա նկատմամբ իրավունք պահպանելու մտադրության:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, պատճառաբանելով, որ հայցվորի կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, համակցության մեջ չի գնահատել գործում առկա ապացույցները և դրանցով հիմնավորվող փաստական հանգամանքները։ Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա հասցեում հայցվորի բնակության փաստը պայմանավորված է եղել պատասխանողների իրավանախորդների թույլտվությամբ, որով վեճի առարկա գույքը սկզբում վարձակալական հիմունքներով հատկացվել է հայցվորի ամուսնուն՝ բնակվելու համար, իսկ հետագայում վերջինս հայցվորի հետ ամուսնանալուց հետո բնակվել է նույն հասցեում առանց վարձակալության գումար վճարելու։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ թեև վեճի առարկա գույքը հայցվորի հանգուցյալ ամուսնու տիրապետմանն անցնելու սկզբնական ժամանակահատվածում բացառվել է վերջինիս մոտ իր տիրապետման վերաբերյալ բարեխղճության համոզմունքը, այդուհանդերձ, վերը վկայակոչված իրավական դիրքորոշումների ուժով, այդ համոզմունքը ձևավորվել է գույքի տիրապետման հետագա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցվորն ամուսնանալով հանգուցյալ Ասքանազ Չատինյանի հետ 1966 թվականից առ այսօր բնակվում է վիճելի հասցեում, վերջինս և նրա ընտանիքի անդամները հաշվառված են նշված հասցեում, այդ հասցեի էլեկտրամատակարարման և ջրօգտագործման ծառայությունների դիմաց վճարումները կատարվել են հայցվորի կողմից։ Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վիճելի գույքի գրանցված սեփականատերերը երբևէ միջոցներ են ձեռնարկել վիճելի գույքի՝ Ազնիվ Ղազարյանի, իսկ մինչ այդ նրա ամուսնու Ասքանազ Չատինյանի տիրապետմանը խոչընդոտելու կամ գույքը հետ վերադարձնելու ուղղությամբ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերը թվարկված հանգամանքները ժամանակի ընթացքում, այն է ՝ մոտ 48 տարիների ընթացքում Ազնիվ Ղազարյանի մոտ ողջամտորեն կարող էին համոզմունք ձևավորել առ այն, որ նա վեճի առարկա գույքը տիրապետում է որպես իր սեփականություն:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ վեճի առարկա գույքի սեփականատերերը երբևէ չեն հրաժարվել տվյալ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքից, քանի որ գույքահարկի վճարումները կատարվել է պատասխանող Սամվել Հարությունյանի կողմից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վիճելի հասցեի գույքահարկը վճարելը չի կարող բավարար որակվել վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականատիրոջ կողմից բավարար հոգածություն ցուցաբերելու փաստը գնահատելու համար։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև գույքի գրանցված սեփականատերերն իրավաբանորեն տնօրինել են վեճի առարկա գույքի ճակատագիրը, մասնավորապես վճարել են հարկեր, ընդունել են ժառանգություն և ստացել ժառանգության իրավունքի վկայագրեր, սակայն փաստացի մեկուսացել են այդ գույքի տնօրինումից՝ որևէ կերպ չհոգալով դրա պահպանման ծախսերը, ինչպես նաև չխոչընդոտելով երրորդ անձանց կողմից այդ գույքի տիրապետմանն ու օգտագործմանը։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման հետևությունը վերաբերում է Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեի՝ Ազնիվ Ղազարյանի կողմից տիրապետվող մակերեսին և վերջինիս տիրապետումը չխոչընդոտելուն, այլ ոչ թե ընդհանրական կերպով նշված հասցեի գույքն այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելուն՝ նկատի ունենալով նաև այն, որ գործում առկա ապացույցներից միանշանակ կերպով չի հետևում, թե արդյոք այդ գործողությունները վերաբերել են նաև Ազնիվ Ղազարյանի կողմից տիրապետվող մակերեսին։ Հետևաբար առնվազն 1990 թվականից, եթե ոչ 1966 թվականից, այսինքն՝ վիճելի հասցեի գույքի գրանցված սեփականատերերի կողմից իրենց գույքի նկատմամբ դրսևորված անգործությունից Ազնիվ Ղազարյանի մոտ կարող էր համոզմունք ձևավորվել առ այն, որ վիճելի մակերեսը տիրապետում է որպես սեփական գույք։

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների եզրահանգումներին այն մասին, որ հայցադիմումում պատասխանողների կողմից գույքից հրաժարվելու փաստը հայցվորը կապել է բացառապես գրավոր գործարքի կնքման հետ, սակայն գործի քննության ընթացքում չի հաստատվել այն պնդումը, որ Ասքանազ Չատինյանը և Ազնիվ Ղազարյանը 1966 թվականից գնել են Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պնդումը ևս անհիմն է, քանի որ նախ՝ հայցվորը հայցապահանջում, որպես հայցի փաստական հիմք վկայակոչել է նաև այն հանգամանքը, որ շինության և հողամասի նախկին սեփականատերը թույլատրել է հողամասի վրա կառուցել և ավելացնել բնակելի տուն, որը հայցվորին բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նա անշարժ գույքը տիրապետելու է որպես սեփական գույք, իսկ այն պահից, երբ պատասխանողները ստացել են ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրեր (26.02.1990 թվական), նրանք նույնպես անշարժ գույքը հետ չեն պահանջել հայցվորից։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը վկայակոչված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ վեճի առարկա գույքի նկատմամբ տիրապետողի բարեխղճությունը կարող է պայմանավորվել գույքի սեփականատիրոջ անգործությամբ, քանի որ ստորադաս դատարանները, ի հակառակ վերն արտահայտած դիրքորոշման, արժևորել են կողմերի միջև կնքված գրավոր գործարքի առկայության կամ բացակայության հանգամանքը, այնինչ գնահատման առարկա պետք է դարձվեր վեճի առարկա գույքի նկատմամբ գույքի գրանցված սեփականատերերի կողմից դրսևորված վարքագիծը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդյունքում ստորադաս դատարանները պատշաճ կերպով չեն գնահատել սույն գործով ներկայացված ապացույցները: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացված՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 20.08.2014 թվականի թիվ ԱՏ-15/08/2014-3-0078 տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Անդրանիկ Հարությունյանին պատկանող գույքը ժառանգաբար փոխանցվել է և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գույքագրվել է Մարիամ Հարությունյանի 1/3, Լարիսա Հարությունյանի 1/3, Սամվել Հարությունյանի 1/8, Վահագն Հարությունյանի 1/8, Վելիզա Եսայանի 1/12 անվամբ: Մինչդեռ, հաշվի առնելով վերոշարադրյալ դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գույքի նախկին սեփականատիրոջ կողմից դրսևորված անգործությունը պատշաճ կերպով գնահատման չարժանացնելուց բացի, չի պարզել նաև գույքի ներկայիս սեփականատերերի կողմից, արդեն ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալուց հետո դրսևորած վարքագիծը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով այդ հանգամանքը պարզելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ազնիվ Ղազարյանի՝ վեճի առարկա գույքը տիրապետելու բարեխղճությունը տիրապետման տասը տարիների ընթացքում, գնահատման էր ենթակա պատասխանողների՝ որպես սեփականատիրոջ վարքագծի համատեքստում: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատկապես ընդգծել, որ այդ հանգամանքը պարզելուց հետո էր հնարավոր գնահատել պատասխանողներին պատկանող, վեճի առարկա գույքը Ազնիվ Ղազարյանի կողմից տասը տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքները պատշաճ հետազոտման չեն արժանացվել Դատարանի կողմից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները չեն ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման՝ հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, որի արդյունքում սույն գործով չի պարզվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը, ուստի առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու։

 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31082021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1408/02/16

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1408/02/16

Նախագահող դատավոր՝

 Ս Թորոսյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Գ. Խանդանյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/1408/02/16 քաղաքացիական գործով 04.032022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«04» մարտի, 2022 թ. ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 04.03.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Ազնիվ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31082021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ազնիվ Ղազարյանի ընդդեմ Մարիամ Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Լարիսա Հարությունյանի, Սամվել Հարությունյանի, Վելիզա Եսայանի՝ Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինության և դրանով ծանրաբեռնված, սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի 31082021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով 04.03.2022 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է՝ Ազնիվ Ղազարյանի կողմից Մարիամ Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Լարիսա Հարությունյանի, Սամվել Հարությունյանի, Վելիզա Եսայանի անվամբ գրանցված Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինությունը և դրանով ծանրաբեռնված, սպասարկման համար անհրաժեշտ հողամասը բարեխիղճ տիրապետելու, կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

 2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Վճռաբեկ դատարանը, Որոշման պատճառաբանական մասում հարկ համարելով անդրադառնալ «ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին», արձանագրել է, որ վերահաստատում է «նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները»: Մինչդեռ Ազնիվ Ղազարյանի կողմից Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինությունը և դրանով ծանրաբեռնված՝ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը բարեխիղճ տիրապետելու կապակցությամբ Որոշման մեջ ներկայացված եզրահանգումները չեն բխում ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ վավերապայմաններից բարեխղճության կապակցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187) (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):

Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով անձը կարող է հավակնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, եթե որպես իր սեփականը՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այն անշարժ գույքը, որը չունի սեփականատեր, կամ ունի սեփականատեր, բայց նա անհայտ է կամ հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այդ ուղղությամբ ակնհայտ գործողություններ կատարելով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են.

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին, և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Այս հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե´ս, Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյաններն և Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե´ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Տիրապետման բարեխղճության հարց քննարկելիս Վճռաբեկ դատարանը կարևորել է նախ՝ տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը և պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա՝ գույքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքը՝ թե՛ իր գույքի և թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Տվյալ դեպքում Ազնիվ Ղազարյանի կողմից ոչ միայն չեն ներկայացվել Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինությունը և դրանով ծանրաբեռնված՝ սպասարկման համար անհրաժեշտ հողամասն իր կողմից տիրապետելու բարեխղճությունը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, այլև հակառակը՝ գործում եղած ապացույցներով հերքվել է հայցվորի այն պնդումը, որ պատասխանողները մեկուսացել են նշված գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից՝ առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, ինչը հայցվորի մոտ ձևավորվել է այն օրինական հիմքերով ձեռքբերելու համոզմունք, համապատասխանաբար նաև՝ որպես իր սեփականություն այն տիրապետելու ենթադրության հանգելու բավարար հիմքեր: Նշված եզրակացությունը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.

(Ա) Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի, այդ թվում՝ Ազնիվ Ղազարյանի զբաղեցրած նկուղի և օգտագործվող հողամասի, գույքահարկն ամբողջությամբ վճարել է պատասխանող Սամվել Հարությունյանը, իսկ հայցվոր Ազնիվ Ղազարյանի և հանգուցյալ Ասքանազ Չատինյանի կողմից գույքահարկ չի վճարվել (հայցվորը նշված փաստերը չի վիճարկել և հակառակի մասին ապացույցներ չի ներկայացրել)՝ համաձայն Դատարանում որպես վկա հարցաքննված Վարսենիկ Պողոսյանի և պատասխանող Սամվել Հարությունյանի ցուցմունքների:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքահարկ վճարող են համարվում (…) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, (…):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով նույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Նշված նորմերից բխում է, որ գույքահարկ վճարելու պարտականություն են կրում այն անձինք, ում սեփականության իրավունքով պատկանում է հարկվող օբյեկտը, այսինքն՝ այդ գույքի սեփականատերերը, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բոլոր սեփականատերերը՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Գույքահարկն անմիջականորեն սեփականատիրոջ կողմից վճարման ենթակա լինելու կանոնի հաստատմանն է ծառայում նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը գույքահարկ վճարելու պարտավորություն առաջանալու և դադարելու հանգամանքը պայմանավորում է հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման և դադարման փաստի հետ:

Տվյալ դեպքում վճարելով Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի, այդ թվում՝ Ազնիվ Ղազարյանի զբաղեցրած նկուղի և օգտագործվող հողամասի, նկատմամբ հաշվարկվող գույքահարկը, պատասխանողները՝ ի դեմս Սամվել Հարությունյանի, ժառանգությունն ընդունելուց՝ 1990 թվականից, հետո կատարել են իրենց, որպես սեփականատերերի, վրա օրենքով դրված պարտականությունը՝ ի ցույց դնելով նաև էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ իրենք նշված գույքը շարունակել են ընդունել որպես իրենց սեփականություն և շարունակական կերպով կատարել են դրա նկատմամբ իրենց, որպես սեփականատերերի, վրա «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով անմիջականորեն դրված պարտականությունը: Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացած լինելու կամ նման մտադրություն ունենալու դեպքում պատասխանողները կդադարեին իրենց, որպես սեփականատերերի, վրա դրված գույքահարկը վճարելու պարտականությունը կատարելուց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ գույքից հրաժարված լինելու պայմաններում իրենց չէին համարի նշված գույքի սեփականատերեր և իրենց չէին վերագրի նշված օրենքով անմիջականորեն սեփականատերերի վրա դրված պարտավորության կատարումը:

 Ավելին՝ պատասխանող Սամվել Հարությունյանն իր ցուցմունքներում նշել է, որ իրենք գույքահարկ վճարելու պահանջով երբևէ չեն դիմել հայցվոր Ազնիվ Ղազարյանին կամ նրա հանգուցյալ ամուսնուն, ինչը վկայում է այն մասին, որ տեղյակ լինելով Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինությունը և դրանով ծանրաբեռնված՝ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը Ազնիվ Ղազարյանի, իսկ մինչև մահը նաև վերջինիս ամուսնու կողմից տիրապետելու մասին, նրանց կողմից տիրապետվող հատվածը պատասխանողները շարունակել են համարել իրենց սեփականությունը և կատարել Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում գտնվող ամբողջ գույքի նկատմամբ հաշվարկվող գույքահարկի վճարումները: Հակառակ դեպքում հայցվորի կողմից տիրապետվող հատվածի մասով չէին կատարի վճարումներ՝ որպես իրենց սեփականությունից մեկուսացված հատված, և գույքահարկը վճարելու պահանջով կդիմեին հայցվորին՝ որպես այդ հատվածի՝ իրենց ընկալմամբ սեփականատիրոջ:

Պատասխանող Սամվել Հարությունյանի կողմից գույքահարկ վճարված լինելու փաստը Վճռաբեկ դատարանը չի դիտարկել վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականատերերի կողմից բավարար հոգածություն ցուցաբերելու փաստը գնահատելու բավարար հիմք, մինչդեռ այն վկայում է սեփականատեր հանդիսանալու կարգավիճակի և այդ դրանից բխող պարտականությունների կատարումը պատասխանողների կողմից շարունակական կերպով և գիտակցաբար պահպանված ու կատարված լինելու մասին:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մինչև 1988 թվականը պատասխանողների իրավանախորդին վճարվել են գույքահարկի գումարներ, ապա տվյալ դեպքում գնահատման են ենթակա 26.02.1990 թվականին սեփականության իրավունքի վկայագրեր ստացած պատասխանողների, որպես Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերերի, գործողությունները՝ ուղղված այդ գույքի պահպանությանն ու հոգածությանը:

(Բ) Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքները, որ «(…) հայցվորն ամուսնանալով հանգուցյալ Ասքանազ Չատինյանի հետ 1966 թվականից առ այսօր բնակվում է վիճելի հասցեում, վերջինս և նրա ընտանիքի անդամները հաշվառված են նշված հասցեում, այդ հասցեի էլեկտրամատակարարման և ջրօգտագործման ծառայությունների դիմաց վճարումները կատարվել են հայցվորի կողմից»։

Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում հաշվառված լինելը չի կարող համարվել այդ հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինությունը և դրանով ծանրաբեռնված՝ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հայցվոր Ազնիվ Ղազարյանի կողմից բարեխիղճ տիրապետելու փաստի հաստատմանը ծառայող հանգամանք՝ այն պատճառով, որ հաշվառումն ընդամենը անձի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի տրամադրումն է համապատասխան մարմնին, ինչը վկայում է այդ հասցեում բնակվելու փաստի մասին և ոչ թե այդ գույքը որպես սեփականություն տիրապետելու մասին: Սույն գործի փաստերից բխում է և Որոշման մեջ ևս նշվել է, որ Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում Ազնիվ Ղազարյանի և նրա ընտանիքի անդամների բնակության փաստը պայմանավորված է եղել պատասխանողների իրավանախորդների թույլտվությամբ, քանի որ վեճի առարկա գույքը սկզբում բնակվելու համար վարձակալական հիմունքներով է հատկացվել հայցվորի ամուսնուն (անվիճելի փաստ): Ընդ որում՝ հայցվորը չի վիճարկել պատասխանող Սամվել Հարությունյանի կողմից որպես ցուցմունք տրված այն փաստը, որ նշված հասցեում հայցվորի և նրա ընտանիքի անդամների հաշվառումը կատարվել է պատասխանողների թույլտվությամբ: Այսինքն՝ տվյալ հասցեում հաշվառվելիս հայցվոր Ազնիվ Ղազարյանը սույն գործով պատասխանողներին ընդունել է որպես վեճի առարկա բնակելի տան սեփականատերեր և դիմել նրանց՝ խնդրելով հաշվառել իր զավակներին և հարսին Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում։

Ինչ վերաբերում է Ասքանազ Չատինյանի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման, աղբահանության, կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման և գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման պայմանագրեր կնքված լինելու և դրանց դիմաց վճարումներ կատարված լինելու փաստերին (տե՛ս Որոշման «Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» բաժնի 3-6-րդ և 14-17-րդ կետերը), ապա դրանք ուղղված են Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի բնականոն օգտագործման համար անհրաժեշտ կենցաղային պայմաններ ապահովելուն և հայցվորի հանգուցյալ ամուսնու կողմից կատարվել են այդ անշարժ գույքում իրենց տիրապետած հատվածը բնակության համար անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: Ուստի այդ հանգամանքները չեն կարող գնահատվել որպես հայցվորի և նրա հանգուցյալ ամուսնու կողմից անշարժ գույքը որպես իրենց սեփականը տիրապետելու կամ դրա մասին հոգալու փաստը հաստատող ապացույցներ:

(Գ) Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատել ստորադաս դատարանների այն պնդումը, որ գործի քննության ընթացքում չի հաստատվել Ասքանազ Չատինյանի և Ազնիվ Ղազարյանի կողմից 1966 թվականից Երևան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տունը գնված լինելու փաստը՝ պատճառաբանելով, որ «նախ՝ հայցվորը հայցապահանջում, որպես հայցի փաստական հիմք վկայակոչել է նաև այն հանգամանքը, որ շինության և հողամասի նախկին սեփականատերը թույլատրել է հողամասի վրա կառուցել և ավելացնել բնակելի տուն, որը հայցվորին բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նա անշարժ գույքը տիրապետելու է որպես սեփական գույք, իսկ այն պահից, երբ պատասխանողները ստացել են ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրեր (26.02.1990 թվական), նրանք նույնպես անշարժ գույքը հետ չեն պահանջել հայցվորից»։

Նշված պնդումով չի կարող հաստատվել Ազնիվ Ղազարյանի մոտ վեճի առարկա գույքը որպես իր սեփականը տիրապետելու մասին համոզմունք ձևավորելու հնարավորությունը: Նշվածից պարզ է, որ իր կողմից տիրապետվող հողամասի վրա բնակելի տուն կառուցելու և ավելացնելու համար հայցվորը ստացել է Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի նախկին սեփականատիրոջ թույլտվությունը, ուստի գիտակցել է, որ այդ գույքն ինքը չի տիրապետում որպես սեփականություն, չի կարող սեփական հայեցողությամբ բնակելի տուն կառուցել այնտեղ և պարտադիր է այլ անձ հանդիսացող սեփականատիրոջ թույլտվությունը: Իսկ ինչ վերաբերում է 26.02.1990 թվականին պատասխանողների կողմից սեփականության իրավունքի վկայագրեր ստանալու և գույքը հայցվորից հետ չպահանջելու փաստերին, ապա գործով նշվել է, որ գույքի համատեղ սեփականության մասնակից պատասխանողները հայցվորի և նրա ընտանիքի կողմից վիճելի գույքի տիրապետումը պայմանավորել են իրենց իրավանախորդի ցուցաբերած կամահայտնությամբ, երբ վերջինս թույլատրել է հայցվորի ամուսնուն իր ընտանիքի հետ բնակվել այդ հասցեում՝ վարձակալական հիմունքներով, իսկ հետո պարզապես բարեգործական նպատակներով՝ մշտապես ունենալով համոզմունք այդ հասցեում նրանց ժամանակավոր բնակության մասին: Հայցվորն իր ցուցմունքներում ևս նշել է, որ ինքը եղել է տան տերը, սակայն «տնվորի», այսինքն՝ ուրիշի տանը վարձով ապրող մարդ, կենվորի դերում:

Միայն այն փաստը, որ ժառանգությունն ընդունելուց հետո պատասխանողները չեն առարկել իրենց իրավանախորդի գործողությունների, մասնավորապես Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեում հայցվորի և նրա հանգուցյալ ամուսնու բնակվելու դեմ, դեռևս չի նշանակում, որ հրաժարվել են գույքից, մեկուսացել դրա տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից կամ բավարար հոգածություն չեն ցուցաբերել դրա նկատմամբ:

Շարադրված պատճառաբանություններով հերքվում են նաև Վճռաբեկ դատարանի այն եզրահանգումները, որ «(…) գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վիճելի գույքի գրանցված սեփականատերերը երբևէ միջոցներ են ձեռնարկել վիճելի գույքի՝ Ազնիվ Ղազարյանի, իսկ մինչ այդ նրա ամուսնու Ասքանազ Չատինյանի տիրապետմանը խոչընդոտելու կամ գույքը հետ վերադարձնելու ուղղությամբ»:

Շարադրվածը վկայում է այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինությունը և դրանով ծանրաբեռնված՝ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տիրապետելու հարցում հայցվոր Ազնիվ Ղազարյանի բարեխղճությունը չի ապացուցվել Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացրած իր որոշումներում կարևորված՝ նրա սուբյեկտիվ ընկալման տեսանկյունից, իսկ վիճելի գույքի սեփականատերեր Մարիամ Հարությունյանը, Վահագն Հարությունյանը, Լարիսա Հարությունյանը և Սամվել Հարությունյանը չեն ցուցաբերել այնպիսի վարքագիծ, որը թույլ կտար արձանագրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ իրենց պատկանող գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացված լինելու փաստը: Ավելին՝ վերևում ներկայացված հանգամանքները որոնք հաստատվել են գործում առկա ապացույցներով, վկայում են պատասխանողների կողմից իրենց պատկանող գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացված չլինելու և դրա նկատմամբ բավարար ու շարունակական հոգածություն ցուցաբերելու մասին:

Հիմք ընդունելով ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունք ձեռք բերելու պայմաններից բարեխղճության կապակցությամբ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները և այն հանգամանքները, որ Ազնիվ Ղազարյանի կողմից Երևան քաղաքի Գուլակյան թիվ 6 հասցեի 35.7 քմ ներքին մակերեսով օրինական շինությունը և դրանով ծանրաբեռնված՝ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը բարեխիղճ տիրապետելու փաստի առկայությունը մնացել է վիճելի, Վճռաբեկ դատարանը պետք է մերժեր Ազնիվ Ղազարյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի 31082021 թվականի որոշումը:

(Դ) Վճռաբեկ դատարանի որոշման ազդեցությունը սեփականության իրավունքի պաշտպանվածության վրա.

Որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, սակայն մեկուսացված փաստերով գործերի քննության արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացրած իր որոշումներում տրված մեկնաբանություններից շեղվելն ի չիք է դարձնում ոչ միայն օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու, այլև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու՝ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունները կյանքի կոչելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը Որոշմամբ չի հիմնավորել ձեռքբերման վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունների կապակցությամբ նախկինում ներկայացված իր իրավական դիրքորոշումներից շեղվելը՝ այն դեպքում, երբ վեճը լուծելիս թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանն առաջնորդվել են Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով:

Որոշմամբ տրված մեկնաբանությունը կարող է էական նշանակություն ունենալ սեփականության իրավունքի պաշտպանվածության հանրային ընկալման տեսանկյունից, քանզի կարող է ձևավորվել ընդհանրացված մոտեցում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գույքի սեփականատիրոջ համաձայնությամբ և թույլտվությամբ՝ վճարովի կամ անվճար հիմունքներով, բնակվել որևէ հասցում և հետագայում պնդել, որ առկա են սեփականության իրավունքի ծագման հիմքեր: Մյուս կողմից սեփականատերը, ով այդ գույքը ձեռք է բերել իրավանախորդից ժառանգելու կամ իրավական այլ հիմքով և կատարել է դրա հետ կապված օրենքով սահմանված պարտականությունները, չի կարող ունենալ իրավաչափ համոզում, որ իր սեփականության իրավունքը պաշտպանված է երրորդ անձանց կամայական վարքագծից:

Ավելին՝ Որոշման հետևանքով կարող է նաև ձևավորվել հանրային ընկալում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հիմքով ծագած սեփականության իրավունքը կարող է դադարել այլ անձի կամայականության հետևանքով, իսկ նման ազդեցությունն անթույլատրելի է իրավական պետությունում, որը կրում է յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքը պաշտպանելու պոզիտիվ պարտականություն Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով:

 

Դատավորներ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: