ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 1999-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-20-րդ հոդվածները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) որոշման հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 14-20-րդ հոդվածներով» բառերով․
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ և 32-րդ կետերով՝
«31․ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չեն ենթարկվել մշակման (վերամշակման), Հայաստանի Հանապետությունից արտահանման դեպքում թույլատրվում է ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում՝ մաքսային հայտարարագիր և ծագման հավաստագիր, որոնք տրվել (ձևակերպվել) են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։
32․ Սույն կարգի 31-րդ կետով նախատեսված ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրման դեպքում N 4 ձևի հավաստագրի 5-րդ սյունակում կատարվում է հետևյալ գրառումը․ Հավաստագիրը տրամադրված է արտահանող երկրի կողմից տրված հավաստագրի հիման վրա (նշելով հավաստագիրը տրամադրող լիազոր մարմինը, հաշվառման համարը և ամսաթիվը):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|