Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23859/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23859/02/19

Նախագահող դատավոր՝  Գ Խանդանյան

Դատավորներ՝

 Ա Մկրտչյան

 Հ. Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Երևանի Վ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02122020 թվականի որոշման դեմ ըստ հայցի Արփինե Մկրտչյանի ընդդեմ ՀՀ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ)` Հիմնադրամի գիտական խորհրդի 16.05.2019 թվականի թիվ 15 նիստի որոշումը մասնակի՝ Արփինե Մկրտչյանի մասով, անվավեր ճանաչելու և դոցենտի թափուր պաշտոնում բ.գ.թ., դոցենտ Արփինե Մկրտչյանին հաստատելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արփինե Մկրտչյանը պահանջել է Հիմնադրամի գիտական խորհրդի 16.05.2019 թվականի թիվ 15 նիստի որոշումը մասնակի՝ Արփինե Մկրտչյանի մասով, ճանաչել անվավեր և հաստատել դոցենտի թափուր պաշտոնում բ.գ.թ. դոցենտ Արփինե Մկրտչյանին։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 06082020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02122020 թվականի որոշմամբ Արփինե Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 06082020 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը (ռեկտոր՝ Կ Հարությունյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածը, չի կիրառել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը և ԲՊՀ-ի կանոնադրության 48-րդ կետի 8-րդ ենթակետը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բավարարելով վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից չի կատարվել հայցի առարկայի և հիմքերի հստակ բացահայտում, դրա հիմքով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հնարավոր շրջանակի, վիճելի իրավահարաբերության բնույթի ու կիրառման ենթակա օրենսդրության պարզում, որից ելնելով էլ պետք է կատարվեր գործին մասնակցող անձանց միջև ապացուցման բեռի բաշխում՝ հաշվի առնելով կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմով էական համարվող փաստերի համակցությունն ամբողջությամբ: Այնուհետև Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ԲՊՀ-ի գիտական խորհուրդը քվեարկության 14 կողմ, 19 դեմ, 7 ձեռնպահ արդյունքներով չի հաստատել Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտի թափուր պաշտոնում բ.գ.թ. դոցենտ Արփինե Մկրտչյանին ընտրելու վերաբերյալ թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի խորհրդի մայիսի 8-ի թիվ 9 նիստի ընտրության արդյունքները՝ առանց որևէ պատճառաբանության և հիմնավորվածության: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Արփինե Մկրտչյանն իրավասու էր տեղեկացված լինելու, թե ինչ պատճառաբանությամբ և հիմնավորմամբ են դոցենտի թափուր պաշտոնի համար իրեն դեմ քվեարկել, ինչը բխում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ համաչափության և որոշակիության սկզբունքներից։ Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածը, և մեկնաբանելով սահմանվածը, եզրահանգել է, որ ԲՊՀ-ի գիտական խորհրդի ցուցաբերածը վկայում է կամայականության մասին:

Վերաքննիչ դատարանը գործի քննության ընթացքում դուրս է եկել բերված բողոքի շրջանակներից և ԲՊՀ-ի գիտական խորհրդի համար սահմանել է նոր՝ պատճառաբանելու և հիմնավորվածություն ներկայացնելու լիազորություն, որը սահմանված չէ ոչ «Կրթության մասին» և ոչ էլ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև ԲՊՀ-ի կանոնադրությամբ:

Վերաքննիչ դատարանը նույնացրել է նաև «կամայականություն» և «կամքի ազատ արտահայտություն» եզրույթները, ԲՊՀ-ին, ի դեմս գիտական խորհրդի, ծանրաբեռնելով որևէ իրավական ակտով չնախատեսված արհեստական պարտականություններով, որոնց կատարումն ի սկզբանե բնութագրվում է անհնարինությամբ: Այսինքն, ԲՊՀ գիտական խորհրդում մինչև քվեարկության անցկացումը յուրաքանչյուր քվեարկող իրավունք ու հնարավորություն ունի արտահայտվելու և բարձրաձայնելու, թե ինչ պատճառներով է այս կամ այն թեկնածուի մասով կողմ կամ դեմ քվեարկելու: Անվիճելի է նաև յուրաքանչյուր քվեարկողի՝ ելնելով իր ներքին համոզմունքից, տվյալ անձի թեկնածությունն արժանի կամ ոչ արժանի համարելով, առանց բարձրաձայն արտահայտվելու, կողմ կամ դեմ քվեարկելու իրավունքը, որը նրան տրված է ՀՀ Սահմանադրությամբ և վերը նշված մյուս իրավական նորմերով: Նման պայմաններում ստիպել պատասխանողին, որպեսզի հայտնաբերի պատասխանողի թեկնածության դեմ քվեարկած գիտական խորհրդի 16 անդամներին և ստիպի նրանց պատճառաբանել, թե ինչ շարժառիթներով են դեմ քվեարկել, պարզապես անհնարին է այն պարզ պատճառով, որ գիտական խորհրդի որևէ անդամի համար որևէ իրավական ակտով կամ այլ փաստաթղթով, բացի ներքին համոզմունքով պայմանավորված, կողմ կամ դեմ քվեարկելու լիազորությունից, այլ պարտավորություն սահմանված չէ:

Վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ խաթարել է արդարադատության բուն էությունը՝ չկիրառելով վերոնշյալ իրավական ակտերի համապատասխան դրույթները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2020 թվականի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 06082020 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը 06082020 թվականին վճիռ է կայացրել Արփինե Մկրտչյանի հայցը մերժելու մասին։ Նշված վճռի պատճառաբանական մասը պարունակում է՝

- գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

- եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել.

- ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա փաստի շարադրմամբ, և նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա.

- Դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ.

- եզրահանգում` Արփինե Մկրտչյանի պահանջի չհիմնավորվածության վերաբերյալ.

- գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը (հատոր 1-րդ, գ.թ. 154-157).

2) Դատարանի 06082020 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արփինե Մկրտյանը՝ իր բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմք նշելով Դատարանի վճռի պատճառաբանական մաս չունենալը (հատոր 2-րդ, գ.թ. 5-14).

3) Վերաքննիչ դատարանը 02122020 թվականին որոշում է կայացրել Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի 06082020 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին՝ Դատարանի 02122020 թվականի վճիռը թերի պատճառաբանված լինելու հիմնավորմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 52-57):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի, 365-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտը պատճառաբանական մաս չունենալու հիմքով անվերապահ բեկանելու պայմաններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը չունի պատճառաբանական մաս։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին՝ առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս, Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի գործով կայացված որոշմամբ գտել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2. ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավանորմերը և իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված` դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հանգամանքը նույն հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը դասել է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի շարքին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իրավիճակում, երբ դատական ակտը չունի պատճառաբանական մաս, վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

Անդրադառնալով դատարանի վճիռը որպես պատճառաբանական մաս չունեցող գնահատելու պայմաններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝

1) վերլուծություն` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում,

2) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը,

3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից,

4) ապացուցման ենթակա փաստերը`

ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,

բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,

գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.

5) գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի կամ ոչ վերաբերելի համարելու դեպքում`

ա. հղում այն իրավական նորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի կամ ոչ վերաբերելի,

բ. այն փաստերի շարադրանքը, որոնց հիման վրա դատարանը հանգել է եզրահանգման.

6) եզրակացություն` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավոր լինելու վերաբերյալ,

7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ իրավական դիրքորոշումն է արտահայտել՝ նշելով, որ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար։

Վերը վկայակոչված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի վճիռը պետք է պարտադիր պարունակի նաև պատճառաբանական մաս։ Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ կետում բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը: Այսինքն՝ միայն այդ պահանջները պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն այդ դեպքում կարող են վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե որևէ վճիռ ամբողջությամբ չի համապատասխանում կամ թերի է համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին, այդ թվում նաև՝ դատարանն ընդհանրապես չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները, ապա միայն նման վճիռը կարող է գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող կամ թերի պատճառաբանված (տե՛ս, Նելլի Միքայելյանի հայցի ընդդեմ ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ՎԴ/7104/05/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26022021 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 06082020 թվականին վճիռ է կայացրել Արփինե Մկրտչյանի հայցը մերժելու մասին։ Նշված վճռի պատճառաբանական մասը պարունակում է՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել, Դատարանի եզրակացությունը գործով փաստերի ապացուցված լինելու վերաբերյալ, եզրահանգում` Արփինե Մկրտչյանի պահանջի չհիմնավորվածության վերաբերյալ, գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը։

Դատարանի 06082020 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արփինե Մկրտյանը՝ իր բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմք նշելով Դատարանի վճռի պատճառաբանական մաս չունենալը։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «(․․․) առաջին ատյանի դատարանն օրենսդրորեն ամրագրված՝ վերոգրյալ պահանջները կատարել է թերի, քանզի չի կատարել հայցի առարկայի և հիմքի հստակ բացահայտում և դրա հիմքով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հնարավոր շրջանակի, վիճելի իրավահարաբերության բնույթի ու կիրառման ենթակա օրենսդրության պարզում, այնուհետև՝ ապացուցման պարտականության ընդհանուր և հատուկ կանոնների պահանջների պահպանմամբ, գործին մասնակցող անձանց միջև ապացուցման բեռի բաշխում: Վերաքննիչ դատարանը կարևորում է հայցի հարուցումից հետո՝ առաջին ատյանի դատարանի կողմից հայցի առարկայի և հիմքի հստակ բացահայտումը, դրա հիմքով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հնարավոր շրջանակի, վիճելի իրավահարաբերության բնույթի ու կիրառման ենթակա օրենսդրության պարզումը, որից ելնելով էլ պետք է կատարվի գործին մասնակցող անձանց միջև ապացուցման բեռի բաշխում՝ հաշվի առնելով կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմով էական համարվող փաստերի համակցությունն ամբողջությամբ։ (․․․) Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել հայցվորի կողմից առարկությունների վերաբերյալ ներկայացված դիրքորոշմանը, չի անդրադարձել պատասխանողի կողմից առարկություններում վկայակոչվող այն հիմնավորմանը, որ բաց քվեարկությունը նախատեսվում է այն նպատակով, որ յուրաքանչյուր քվեարկող արտահայտի իր դիրքորոշումը, որն հիմնված է իր կարծիքի վրա, ապա այս մասով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ միայն գործի նոր քննությամբ՝ հայցի առարկայի և հիմքի հստակ բացահայտման, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հնարավոր շրջանակն ուրվագծելու, վիճելի իրավահարաբերության բնույթն ու կիրառման ենթակա օրենսդրությունը պարզելու, այնուհետև՝ ապացուցման պարտականության ընդհանուր և հատուկ կանոնների պահանջների պահպանմամբ, գործին մասնակցող անձանց միջև ապացուցման բեռը բաշխելու արդյունքում է հնարավոր քննարկման առարկա դարձնել, թե որ փաստն է դատարանը հիմնավորել կամ չհիմնավորել, և նյութական իրավունքի որ նորմն է կիրառել ու սխալ կամ ճիշտ մեկնաբանել», 02122020 թվականին որոշում է կայացրել Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարելու, և Դատարանի 06082020 թվականի վճիռը բեկանելու ու գործը նոր քննության ուղարկելու մասին՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի կարգավորումը։ Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում Դատարանի 06082020 թվականի վճռի բովանդակությունից, քանի որ վկայակոչված վճռի պատճառաբանական մասը պարունակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի վկայակոչմամբ, որոնք Դատարանը վերաբերելի է համարել, ապացուցման ենթակա փաստերը` ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի շարադրմամբ, և նշմամբ այն մասին, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա, Դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված չլինելու վերաբերյալ, եզրահանգում` Արփինե Մկրտչյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ և գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը, որի պայմաններում վճիռը չի կարող գնահատվել որպես չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ Դատարանի 06082020 թվականի որոշման դեմ Արփինե Մկրտրյանի վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02122020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան