Գլխավոր տեղեկություն
Համար
N 1746-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1746-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած՝ օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 14032022-01-0191 վկայական. այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի ապրիլի 18-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 2 592 490 000 դրամ.

2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված՝ հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 1 579 135 000 դրամ.

3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 309 497 262 դրամ.

4) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ 1 600 000 000 դրամ.

5) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 80 000 000 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարվելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

6) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 1 726 860 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.

7) աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։

3. Կոմիտեի նախագահին՝

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

3) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.

4) պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան տեղեկատվությունը տրամադրել ծառայությանը՝ գնորդի հետ գույքի հանձնմանընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։

5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում՝ աճուրդում առաջարկված գինը նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի շուկայական արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ