Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1669
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 նոյեմբերի 2022 թ.

 

ԱԼԲԵՐՏ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՄԻՆՉԵՎ 08.12.2011 Թ. ՀՕ-319-Ն ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԾ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող) Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Ալբերտ Եդիգարյանի ներկայացուցիչներ Կ. Տոնոյանի, Ա․ Դաշյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ալբերտ Եդիգարյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 6-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1995 թվականի նոյեմբերի 16-ին և ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 28-ից:

Օրենքի՝ մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածով սահմանված էր.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

(...)»:

Ընդունումից ի վեր Օրենքի 17-րդ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ (խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն, լրաց., փոփ. 08.12.21 ՀՕ-393-Ն):

Գործի քննության առիթը Ալբերտ Եդիգարյանի (այսուհետ՝ նաև դիմող)՝ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ ՍԴԱՈ-180 աշխատակարգային որոշմամբ «Ալբերտ Եդիգարյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի մասով, կարճվել է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված այլ իրավանորմեր՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Ըստ դիմողի՝ սահմանադրաիրավական վեճի առարկա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ մինչև 08.12.2011 թ․ խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ մինչև 14 տարեկան երեխայի ծնողի կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու դեպքում երեխան ևս կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, եթե ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն։ Դիմողի պնդմամբ՝ իրավահարաբերության ծագման պահին սահմանված չէր, որ երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա, ինչպես սահմանել է Վճռաբեկ դատարանը։

Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի պահանջն այն մասին, որ մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրամանագիր, սահմանվել է միայն 07.05.2015 թվականին ընդունված ՀՕ-33-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 13.06.2015 թվականից, ինչից բխում է, որ մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ էր միայն 13.06.2015 թվականից հետո ծագած իրավահարաբերություններում: Սակայն թիվ ՎԴ/2279/05/17 վարչական գործով ընդունված որոշմամբ Վճռաբեկ դատարանը վիճարկվող նորմին տվել է այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն՝ ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ընդունման պահից սկսած։ Միայն այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում կատարված լրացմամբ սահմանվել է, որ երեխան քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիությունը դադարեցնելու հետևանքով, այլ կերպ՝ ՀՀ նախագահի հրամանագրով, ըստ դիմողի, վկայում է, որ կա՛մ մինչև 07.05.2015 թ․ ՀՕ-33-Ն օրենքի ընդունումը երեխայի կողմից քաղաքացիությունը կորցնելու համար անհրաժեշտ չէր ՀՀ նախագահի հրամանագիր, կա՛մ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածն ուներ իրավական որոշակիության խնդիր, և անհրաժեշտ էր այն հստակեցնել։

Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասը, բավարար չափով որոշակի չէ, հնարավորություն չի տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանզի հստակ չէ՝ արդյո՞ք մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար պարտադիր է, որ ծնողը դիմում ներկայացնի ՀՀ նախագահին, և ՀՀ նախագահն ընդունի հրամանագիր։

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված բովանդակությունը հանգեցրել է իր անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտման, ինչպես նաև իր համար առաջացրել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու/Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականություն: Ըստ դիմողի՝ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին հակասահմանադրական բովանդակություն հաղորդված չլինելու դեպքում վերը նշված պարտականությունը իր համար չէր առաջանա։

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Օրենքի իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Ազգային ժողովը (այսուհետ՝ նաև պատասխանող) նշում է, որ անձի՝ այլ պետության քաղաքացիություն ընդունելը դեռևս չի հանգեցնում իր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն, քանի որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով։

Պատասխանողը նշում է, որ քաղաքացիության դադարեցման հիմքերից քաղաքացիությունը փոխելու դեպքում անձը ներկայացնում է համապատասխան դիմում, որը բավարարվում կամ մերժվում է։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցը լուծում է ՀՀ նախագահը՝ իր հրամանագրի հիման վրա։ Հետևաբար՝ անձը դադարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալ այն դեպքում, երբ վերջինիս քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով, այն է՝ ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա։

Պատասխանողը գտնում է, որ Օրենքի 17-րդ հոդվածի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ դրույթով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու ակտը տեղի է ունենում ՀՀ նախագահի՝ քաղաքացիության դադարեցման վերաբերյալ հրամանագրի առկայության պայմաններում, քանի որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով։

Ելնելով վերոնշյալից՝ պատասխանողը գտնում է, որ Օրենքի վիճարկվող դրույթը բավարար չափով որոշակի է և համապատասխանում է Սահմանադրությանը:

 

3. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով վարչական դատարան՝ Ալբերտ Եդիգարյանը պահանջել է ճանաչել իր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը: Վարչական դատարանի 13.06.2018 թ. վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2019 թ. որոշմամբ Ա. Եդիգարյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, վարչական դատարանի 13.06.2018 թ. վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վճռաբեկ բողոքը վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2019 թ. որոշման դեմ՝ ըստ հայցի Ա. Եդիգարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, 03.03.2022 թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է՝ բեկանել է վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2019 թ. որոշումը և օրինական ուժ տվել վարչական դատարանի 13.06.2018 թ. վճռին:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ ներքոնշյալ հարցադրմանը.

- արդյոք Օրենքի վիճարկվող դրույթն ունի՞ ինքնավար բովանդակություն, թե՞ պետք է դիտարկվի/գնահատվի Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) վերաբերելի կարգավորումների հետ փոխկապակցվածության համատեքստում՝ հաշվի առնելով նաև Օրենքի վիճարկվող դրույթին՝ մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործողության պայմաններում, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ քաղաքացիությունը փոխելու սահմանադրական իրավունքին և սահմանադրական իրավունքների սահմանափակում նախատեսող նորմերի որոշակիության սկզբունքին համահունչ լինելու առումներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխայի (եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն)՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության՝ ինքնաշխատ կամ ոչ ինքնաշխատ եղանակով դադար(եց)ման հարցի համատեքստում:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը, հաշվի առնելով նաև վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, գնահատել, մասնավորապես, Սահմանադրության 47 և 79-րդ հոդվածներին համապատասխանության առումով:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթի, հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը նախ անհրաժեշտ է համարում ընդհանուր գծերով անդրադառնալ քաղաքացիության իրավունքի և վերջինիս բաղադրատարր՝ քաղաքացիությունը փոխելու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը:

Սահմանադրության 47-րդ հոդվածով ամրագրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքն արտացոլում է անձի և պետության կայուն իրավական կապը: Քաղաքացիության ինստիտուտը պետության և քաղաքացու համար առաջ է բերում փոխադարձ իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն, կանխորոշում պետության և անհատի փոխհարաբերությունների բովանդակությունը: Այլ կերպ՝ սահմանադրաիրավական մակարդակում անձի իրավունքների և պարտականությունների ծավալն ուղղակիորեն կախված է անձի և պետության միջև առկա կապի բնույթից: Քաղաքացիությունը ոչ միայն հիմնարար իրավունք է, այլև անհրաժեշտ նախապայման անհատի մի շարք այլ իրավունքների իրացման համար: Ձեռք բերելով պետության քաղաքացիություն՝ անձը պարտավորվում է դրսևորել այնպիսի վարքագիծ, որը համահունչ կլինի տվյալ պետության Սահմանադրությանը և օրենքներին, իսկ պետությունը սահմանադրաիրավական պարտավորություն է կրում իր հովանավորության և պաշտպանության ներքո պահել իր քաղաքացիներին:

Սահմանադրության 47-րդ հոդվածով ամրագրված կարգավորումների բովանդակային վերլուծությունից բխում է, որ քաղաքացիության իրավունքը բաղկացած է մի քանի բաղադրատարրերից՝

ա) յուրաքանչյուրի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ քաղաքացիությունը փոխելու իրավունքը,

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու արգելքը:

Սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից (համանման դրույթ արտացոլված էր նաև 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 30.1-ին հոդվածի 2-րդ մասում): Քաղաքացիությունը փոխելու իրավունքը քաղաքացիության հիմնարար իրավունքի բաղադրիչն ու անքակտելի մասն է: Անձն է որոշում, թե որ պետության իրավազորության և պաշտպանության ներքո է ցանկանում լինել: Պետության հետ կայուն իրավական կապը, որը հատուկ է քաղաքացիությանը, չի կարող դրսևորվել որևէ պետության իրավազորության ներքո անձին հարկադրաբար պահելու միջոցով։ Միաժամանակ, քաղաքացիությունը փոխելու իրավունքը բացարձակ չէ, և հաշվի առնելով քաղաքացիության իրավունքին բնորոշ հատկանիշները, մասնավորապես՝ երկկողմանի փոխադարձ իրավունքների և պարտականությունների առկայությունը՝ պետությունն իր հերթին պետք է արտահայտի իր կամքն անձի քաղաքացիությունը փոխելու առնչությամբ. ընդ որում՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրված են քաղաքացիությունը փոխելու իրավունքի սահմանափակման նպատակները: Անձի քաղաքացիությունը փոխելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝

ա) պետական անվտանգության,

բ) հանցագործությունների կանխման կամ բացահայտման,

գ) այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

Քաղաքացիությունը փոխելու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը անդրադարձ է կատարված Սահմանադրական դատարանի 2011 թվականի մարտի 15-ի ՍԴՈ-945 որոշման մեջ, որում նշված է. «Բացահայտելով ՀՀ քաղաքացիությունը փոխելու իրավունքի բովանդակությունը՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ քաղաքացիությունը փոխելու իրավունքը ներառում է նաև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու մտադրությամբ և այլ պետության քաղաքացիության ձեռքբերման երաշխիքների առկայությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը, որը ենթակա է իրացման քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ առկա իրավակարգավորումներին համապատասխան»:

Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 23-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հիմքերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

4) Օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն: Օրենքի (գործող խմբագրությամբ) 24-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար նախատեսված է այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ ունենալու հանգամանքը: Անձը, որը ցանկանում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և չունի այլ պետության քաղաքացիություն, պետք է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք) ունենա, որի հիման վրա էլ կդադարեցվի նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (1-ին, 3-րդ մասեր):

Այսպիսով, քաղաքացիությունը փոխելը քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերից մեկն է, որով անձի և պետության միջև իրավական կապը դադարում է՝ բնորոշ իրավունքներով և պարտականություններով հանդերձ, և որի կենսագործման համար էական նշանակություն ունի անձի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ձեռք բերելու հանգամանքը:

5.2. Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն: Սույն դրույթն արտացոլված է Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ)՝ «Երեխայի քաղաքացիությունը ծնողների քաղաքացիության փոփոխման կամ որդեգրման դեպքում» վերտառությամբ 3-րդ գլխում: Այդ առնչությամբ վիճարկվող օրինադրույթի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը մինչև 14 տարեկան երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը պայմանավորել է այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են նշված երեխայի ծնողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը, ինչպես նաև այդ երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը:

Մինչև 14 տարեկան երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու պահանջն ինքնանպատակ չէ. միտված է երեխայի ապաքաղաքացիությունը բացառելուն: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապաքաղաքացիության ինստիտուտին և այդ համատեքստում՝ երեխաների ապաքաղաքացիության հարցին: Ապաքաղաքացիության դեպքում անձը զրկվում է քաղաքացուն վերապահված իրավունքներից և քաղաքացիության պետության կողմից քաղաքացուն տրամադրվող պաշտպանությունից:

Սահմանադրությունն արգելում է Հայաստանի Հանրապետությանն իր քաղաքացուն զրկել քաղաքացիությունից (47-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասություն): Նշված սահմանադրաիրավական կարգավորման նպատակը բխում է միջազգային կոնվենցիաներից և ուղղված է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը կրճատելուն: «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի կոնվենցիան այն հիմնական միջազգային փաստաթուղթն է, որն ուղղված է ապաքաղաքացիության կանխարգելմանը և նվազեցմանը: Այսպես՝ նշված կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցանկացած պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է իր տարածքում ծնված ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ: Այդպիսի քաղաքացիություն շնորհվում է հիշյալ կոնվենցիայով նախատեսված դեպքերում:

Նշված կոնվենցիայի տրամաբանությունից բխում է, որ անձի քաղաքացիության կորստի համար կարևոր է, որ անձն ունենա կամ ձեռք բերի այլ պետության քաղաքացիություն: Պետության քաղաքացին, որը ցանկանում է ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն, չի կորցնում իր քաղաքացիությունը, քանի դեռ ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն կամ չի ստացել այդ պետության քաղաքացիության ձեռքբերման հավաստում:

Վերոնշյալի համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաների ապաքաղաքացիությանը վերաբերող իրավակարգավորումները։ Այսպես՝ «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք: Նշված կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են օրենքով նախատեսված կարգով՝ առանց անօրինական միջամտության, հարգել երեխայի իրավունքը՝ պահպանելու իր ինքնությունը՝ ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով:

Քաղաքացիությունը երեխայի ինքնության կարևոր կողմն է և կարևորագույն իրավունք է՝ պայմանավորելով երեխայի կողմից այլ իրավունքներից ազատորեն օգտվելու հնարավորությունը: Միաժամանակ, երեխաներն իրենց իրավունքների և ազատությունների խախտումների առնչությամբ ամենախոցելի խումբն են, և խիստ սահմանափակ հնարավորություն ունեն ինքնուրույն պաշտպանելու դրանք։ «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի կոնվենցիայում արտացոլված երեխայի լավագույն շահի սկզբունքի ուժով ցանկացած մարմին ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ոլորտում պարտավոր է գնահատել և հաշվի առնել երեխայի լավագույն շահը՝ որպես առաջնային նկատառում երեխայի քաղաքացիությանը վերաբերող բոլոր գործողություններում կամ որոշումներում, ինչը բազմիցս շեշտվել է նաև կոնվենցիայով նախատեսված՝ Երեխայի իրավունքների կոմիտեի՝ քաղաքացիությանն առնչվող զեկույցներում: Այս սկզբունքի իրացման նպատակով անհրաժեշտ է բավարար երաշխիքներ սահմանել նորմատիվ իրավական ակտերում, հատկապես երեխաների ապաքաղաքացիության վտանգը չեզոքացնելու նպատակով:

«Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի կոնվենցիայի բոլոր պայմանավորվող պետությունները «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի կոնվենցիայի կողմ են, որի համաձայն՝ պայմանավորվող պետությունները պարտավոր են ապահովել, որ երեխայի քաղաքացիության հետ կապված ձեռնարկվող բոլոր գործողությունները բխեն երեխայի լավագույն շահից։ «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թվականի կոնվենցիայով առանձնահատուկ կարգավորում է նախատեսված երեխաների վերաբերյալ՝ նպատակ ունենալով հնարավորինս կրճատել ապաքաղաքացիությունը նաև երեխաների շրջանակում։ Մասնավորապես՝ ուշադրության է արժանի հիշյալ կոնվենցիայի 1-ին հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ «(…) որևէ Պայմանավորվող պետության տարածքում ամուսնությունից ծնված երեխան, որի մայրն ունի այդ պետության քաղաքացիությունը, ծնվելիս ձեռք է բերում այդ քաղաքացիությունը, այլապես նա կդառնա քաղաքացիություն չունեցող անձ»։ Երեխաների շրջանում ապաքաղաքացիության բացառմանն են ուղղված նաև հիշյալ կոնվենցիայի 2-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 2-րդ կետը և 6-րդ հոդվածը։

Երեխաների շրջանում ապաքաղաքացիության դեպքերի բացառմանն են ուղղված նաև Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Սահմանադրական այս կարգավորումը, հիմնված լինելով քաղաքացիության ձեռքբերման արյան սկզբունքի վրա, նպատակ է հետապնդում երաշխավորելու երեխայի քաղաքացիությունը՝ Սահմանադրության ուժով այդ հանգամանքը կապակցելով ծնողների քաղաքացիության հետ։ Երեխաների ապաքաղաքացիության կարգավիճակում չհայտնվելուն է ուղղված նաև Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

Հաշվի առնելով սահմանադրական և միջազգային-իրավական վերաբերելի կարգավորումները՝ Օրենքով ևս նախատեսվել են մի շարք հատուկ կարգավորումներ, որոնք նպատակ են հետապնդում բացառելու երեխաների շրջանում ապաքաղաքացիությունը։ Այսպես՝ Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 9-րդ հոդվածն ամրագրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքերը, որտեղ, ի թիվս այլնի, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերումը ծննդով: Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 11-րդ հոդվածի համաձայն՝ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ (1-3-րդ մասեր): Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 12-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան, ում ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

«Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի կոնվենցիայի նախաբանում երեխան հռչակված է որպես ֆիզիկական և մտավոր անհասունության պատճառով հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության կարիք ունեցող առանձնահատուկ իրավասուբյեկտ, որի իրավունքները ունեն հատուկ պաշտպանության կարիք, որպիսի հանգամանքը հաշվի առնելով՝ օրենսդիրը երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու կանոնակարգումները սահմանել է որպես առանձնահատկություն՝ մարդասիրական նկատառումներով առաջնային համարելով երեխայի լավագույն շահի ապահովմանը չխոչընդոտելը։

Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Ըստ այդմ՝ օրենսդիրն առանձնացրել է երեխաների համապատասխան տարիքային խումբ՝ մինչև 14 տարեկան: Միաժամանակ, ծնողների քաղաքացիությունը փոխվելու դեպքում երեխայի քաղաքացիությունը փոխվելու հարցի առնչությամբ սահմանվել է այն տարիքը՝ 14 տարեկանից բարձր, որը լրացած լինելու պայմաններում երեխան համարվում է բավարար ընկալում ունեցող (Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 22-րդ հոդվածին համապատասխան՝ նշված դեպքում 14-18 տարեկան երեխաների քաղաքացիությունը փոխվում է երեխաների համաձայնության առկայության դեպքում):

5.3. Օրենսդիրը մինչև 14 տարեկան երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը պայմանավորել է նաև այնպիսի հանգամանքով, ինչպիսին է նշված երեխայի ծնողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը: Այդ համատեքստում առաջ է գալիս երեխայի նկատմամբ վերջինիս ծնող(ներ)ի կողմից իր(ենց) քաղաքացիությունը կորցնելու հետևանքների տարածման հարցը: Այդ առնչությամբ տարբերակվում են քաղաքացիության ձեռքբերման կամ դադարեցման ինքնաշխատ և ոչ ինքնաշխատ եղանակները:

Միջազգային վերաբերելի փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխայի կարգավիճակի առանձնահատկություններով պայմանավորված՝ երբեմն ծնողի քաղաքացիության փոխելն օրենքի ուժով ազդում է նաև երեխայի քաղաքացիության վրա։ Այս հանգամանքը հիմնավորվում է այն փաստարկով, որ երեխան իրական կապ չի կարող ստեղծել/ունենալ այն պետության հետ, որի քաղաքացիությունն իր ծնողն արդեն կորցրել է: Ինքնաշխատ եղանակների պարագայում քաղաքացիության (կարգավիճակի) փոփոխումը տեղի է ունենում օրենքի ուժով (ex lege): Նման դեպքերում քաղաքացիությունը ձեռք է բերվում կամ դադարում, երբ բավարարվում են օրենքով սահմանված չափանիշները, օրինակ, քաղաքացիության ձեռքբերումը երեխայի՝ տվյալ պետության տարածքում ծնվելու արդյունքում: Ոչ ինքնաշխատ (ավտոմատ) ռեժիմների դեպքում նախքան քաղաքացիության (կարգավիճակի) փոխելը պահանջվում են անձի կամ պետական մարմնի ակտիվ գործողություններ։

Վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը նաև վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) վերաբերելի այլ կարգավորումներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման հիմքերը սահմանված են Օրենքով, ինչն անմիջականորեն բխում է Սահմանադրության կարգավորումներից: Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ ընդհանուր դրույթ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է Օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով:

Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 23-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հիմքերը:

Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 26-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր հրամանագրով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը: Այդ առնչությամբ Սահմանադրության՝ «Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը» վերտառությամբ 134-րդ հոդվածով ամրագրված է, որ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը (ընդ որում՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետով ամրագրված էր, որ Հանրապետության նախագահը օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ կապված հարցերը): Սահմանադրական հիշյալ կարգավորումներին համապատասխան՝ Հանրապետության նախագահն է այն միակ սուբյեկտը, որն իրավասու է, մասնավորապես, քաղաքացիություն շնորհել և քաղաքացիությունը դադարեցնել:

Այսպիսով, քաղաքացիության դադարեցման հիմքերից մեկը քաղաքացիությունը փոխելն է, որի համար սահմանված է ընդհանուր կարգ առ այն, որ ցանկացած անձ իրավունք ունի փոխել իր քաղաքացիությունը՝ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն, որի համար անհրաժեշտ են անձի կողմից որոշակի ակտիվ գործողությունների կատարում: Այլ կերպ՝ անձը կարող է իրացնել իր քաղաքացիությունը փոխելու իրավունքը՝ հստակ արտահայտված կամահայտնության և օրենքով սահմանված ընթացակարգի հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչը բխում է համապատասխան սահմանադրաիրավական կարգավորումներից:

Օրենքի վիճարկվող իրավակարգավորման բովանդակային վերլուծությունից բխում է, որ այն հատուկ կարգավորում է, քանզի վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ պայմանավորված ծնողների քաղաքացիությամբ: Նշված իրավակարգավորման առանձնահատկությունն այն է, որ նախատեսում է նյութաիրավական պայմաններ, որոնց առկայության դեպքում երեխան կարող է կորցնել քաղաքացիությունը, այսինքն՝ մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով երեխայի տարիքը՝ գիտակցական մակարդակով պայմանավորված, նախատեսել է երկու հիմնական պայման՝ երեխայի ծնողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորուստ և երեխայի՝ այլ պետության քաղաքացիության ձեռքբերում, ինչով պայմանավորված՝ վիճարկվող իրավակարգավորումը տարբերվում է չափահաս տարիքի հասած անձի քաղաքացիությունը դադարեցնելու պայմաններից (Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է միայն այլ պետության քաղաքացիության ձեռքբերումը):

Հատկանշական է, որ Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 17-րդ հոդվածն ընդգրկված է «Երեխայի քաղաքացիությունը ծնողների քաղաքացիության փոփոխման կամ որդեգրման դեպքում» վերտառությամբ 3-րդ գլխում, որով կարգավորվում են նաև ծնողների կամ ծնողներից մեկի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու, որդեգրման ժամանակ՝ երեխայի քաղաքացիության, ծնողների հայտնի չլինելու դեպքում՝ երեխայի քաղաքացիության, երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն հաստատված լինելու դեպքում՝ երեխայի քաղաքացիության պահպանման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 19-րդ հոդվածն ամրագրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը որդեգրման դեպքում, որի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները կամ այնպիսի ամուսիններ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման դեպքում երեխան կարող է փոխել քաղաքացիությունը միայն որդեգրողների դիմումով:

Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 21-րդ հոդվածով նախատեսվում է երեխայի քաղաքացիության պահպանումն այն դեպքում, երբ այդ երեխայի նկատմամբ հաստատված է խնամակալություն կամ հոգաբարձություն. Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխան, որի նկատմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնամակալություն կամ հոգաբարձություն, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` անկախ նրա ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հանգամանքից: Նման դեպքում երեխան կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ծնողների դիմումով, եթե նրանք զրկված չեն ծնողական իրավունքից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի (2010 թվականի խմբագրությամբ) 3-րդ գլխով նախատեսված իրավակարգավորումները վերաբերում են երեխայի քաղաքացիությունը փոխելուն, կարելի է փաստել, որ մյուս բոլոր դեպքերում (երեխայի քաղաքացիության պահպանումը որդեգրման դեպքում, երեխայի քաղաքացիության պահպանումը խնամակալության կամ հոգաբարձության հաստատման դեպքում) երեխայի քաղաքացիությունը կարող է փոխվել միայն ծնողների/օրինական ներկայացուցիչների դիմումով: Այսինքն՝ օրենսդիրը, առաջնորդվելով երեխայի լավագույն շահով առ այն, որ երեխան ինքնաբերաբար չկորցնի իր պետության քաղաքացիությունը և արդյունքում չդառնա քաղաքացիություն չունեցող անձ, անհրաժեշտ է համարում ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կամահայտնությունը՝ երեխայի քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ:

Սահմանադրության 37-րդ հոդվածն ամրագրում է երեխայի իրավունքները, որի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

«Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը սույն դիմումով վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը գնահատելիս կարևորում է քաղաքացիության ինստիտուտի էությունն ու նշանակությունը հաշվի առնելու հանգամանքը, մասնավորապես՝ այն առումով, որ քաղաքացիությունը անձի (տվյալ դեպքում՝ երեխայի) և պետության միջև կայուն իրավական կապ է՝ իրեն բնորոշ փոխադարձ իրավունքներով և պարտականություններով, ուստի՝ այդ իրավական կապի դադարեցումը չի կարող միակողմանի լինել:

Սահմանադրական դատարանի 2011 թվականի մարտի 15-ի ՍԴՈ-945 որոշման մեջ նշված է. «Որպես կանոն, քաղաքացիությունը բնութագրվում է որպես անձի և պետության միջև առկա իրավական կայուն կապ, ինչն արտահայտվում է փոխադարձ իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության համակցության մեջ։ Քաղաքացիության ինստիտուտի նման բովանդակությունը ենթադրում է, որ քաղաքացի-պետություն հարաբերություններում, ուր նշված սուբյեկտները միմյանց նկատմամբ ունեն փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ, այդ հարաբերություններն ընդհատելու կապակցությամբ կողմերից որևէ մեկի միակողմանի կամաարտահայտությունը դեռևս բավարար հիմք չէ անձի քաղաքացիության դադարման համար։ Քաղաքացիության ինստիտուտի նշված բովանդակությունից է բխում նաև ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածով պետությանը հասցեագրված այն արգելքը, համաձայն որի՝ ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Նման արգելք նախատեսված է նաև միջազգային իրավական փաստաթղթերով» (Սահմանադրական դատարանի նշված որոշմամբ Օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը («Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն») և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը («Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա» (Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության համար միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչվելու առնչությամբ) ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող):

Սահմանադրական դատարանը սույն սահմանադրաիրավական վեճի լուծման համար կարևորում է խնդրո առարկա հարցին անդրադարձը՝ իրավական որոշակիության ապահովման առումով: Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված է որոշակիության սկզբունքը, որի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես, նշելով՝

- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշում),

- «ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ անորոշությունը սույն գործի քննության շրջանակներում ենթակա է քննարկման ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավակարգավորման, ինչպես նաև իրավական որոշակիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում: Նման մոտեցումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումներով, որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ» (2017 թվականի մարտի 14-ի ՍԴՈ-1357 որոշում),

- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց՝ իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49):» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշում (սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը վերահաստատվել է Սահմանադրական դատարանի 2019 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1452, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումներով),

- «(…) իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունն հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» (2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշում):

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու ու իրավական կարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին։

Սույն գործով Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/2279/05/17 վարչական գործով 03.03.2022 թ. որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու իրավասությունը վերապահված է ՀՀ նախագահին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Նախագահն իր հրամանագրով է լուծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, խմբային ձեռքբերման և դադարեցման հարցերը, ինչպես նաև սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը: Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորուստը կարող է լինել բացառապես ՀՀ նախագահի կողմից քաղաքացիության դադարեցման վերաբերյալ հրամանագրի արձակման դեպքում, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով կամ նույն օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կարգավորմամբ մինչև 14 տարեկան երեխան քաղաքացիությունը կորցնում է հետևյալ պայմանների առկայության դեպքում՝ նրա ծնողները կորցրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (նրանց քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով), երեխան ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, ինչպես նաև երեխայի քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ նախագահի հրամանագրով»:

Սույն դիմումով վիճակվող օրինադրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության առնչությամբ, ի պատասխան սույն գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավորի գրության՝ ՀՀ ոստիկանության 07.10.2022 թ. թիվ 8-83265 գրության մեջ, մասնավորապես, նշված է. «(…) ՀՀ քաղաքացիության դադարեցման համար օրենքը սահմանում է ՀՀ նախագահի համապատասխան իրավական ակտի պարտադիր առկայության պահանջ, որը հնարավոր է բացառապես քաղաքացու և իրավասու պետական մարմնի կողմից որոշակի գործողություններ կատարելու միջոցով (դիմում ներկայացնելու, դրա հիման վրա իրականացված վարչարարության և արդյունքում ՀՀ նախագահի կողմից հրամանագրի արձակմամբ):

(…) Օրենքի ուժի մեջ մտնելու պահից ի վեր բոլոր երեխաների քաղաքացիությունը դադարեցվել է բացառապես ՀՀ Նախագահի հրամանագրով՝ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ:

(…) երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար օրենսդրությամբ սահմանված ընդհանուր հիմունքներով՝ որպես դիմում ներկայացնելու սուբյեկտ դիտարկելով երեխայի օրինական ներկայացուցչին»:

Ի պատասխան սույն գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավորի մեկ այլ գրության՝ ՀՀ ոստիկանության՝ 25.10.2022 թ. Սահմանադրական դատարան մուտքագրված գրությանը կից ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի՝ մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործողության պայմաններում մինչև 14 տարեկան երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործից և նրա քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի պատճեններ:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով վիճարկվող իրավակարգավորման առնչությամբ նյութաիրավական պայմանները հստակ ամրագրված են Օրենքի նորմում, իսկ մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու (փոխելու) ընթացակարգն իրավակիրառ պրակտիկայում բխեցվել է Օրենքի վիճարկվող իրավակարգավորման՝ վերաբերելի այլ իրավակարգավորումների հետ փոխկապակցվածության մեջ դիտարկելու/գնահատելու, համակարգային մեկնաբանության արդյունքում՝ հաշվի առնելով քաղաքացիության ինստիտուտի էությունն ու բովանդակությունը: Հետևաբար՝ Օրենքի վիճարկվող դրույթը սահմանադրականության առումով խնդրահարույց չէ: Նշյալի հաշվառմամբ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին՝ մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործողության պայմաններում, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգել է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխայի (եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը չի դադարում ինքնաշխատ եղանակով, որպիսի մոտեցումը ևս Օրենքի վիճարկվող իրավակարգավորման՝ վերաբերելի այլ իրավակարգավորումների հետ համակարգային մեկնաբանության պայմաններում սահմանադրականության առումով խնդրահարույց չէ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

22 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1669

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան