Գլխավոր տեղեկություն
Համար
N 755-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.12.2022-01.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 18.07.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 755-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով և հաշվի առնելով, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը վերակազմավորվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարին՝ ապահովել տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական ակտերի նախագծեր ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 11
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 11-ի N 755
որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 03.07.20 N 768-Լ)

2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Տեսչական մարմինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Տեսչական մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ԱԱՏՄ.

2) ռուսերեն` Инспекционный Орган Здравоохранения и труда Республики Армения, ИОЗТ.

3) անգլերեն` Health and labor Inspection body of the Republic of Armenia, HLIB.

4) ֆրանսերեն՝ L'inspection de la santé et du travail de la République d'Arménie, IST:

(4-րդ կետը փոփ. 03.07.20 N 768-Լ)

5. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները։ Տեսչական մարմինը կարող է ունենալ տարածքային ստորաբաժանումներ:

7. Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Տեսչական մարմնի գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, Ա. Արմենակյան փող., շ. 129:

II. ՏԵՍՉԱԿԱՆ մարմնի ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով առողջապահության բնագավառի իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման ապահովումն է:

(9-րդ կետը խմբ. 03.07.20 N 768-Լ)

10. Տեսչական մարմնի խնդիրներն են՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։

(10-րդ կետը խմբ. 03.07.20 N 768-Լ)

 

III. ՏԵՍՉԱԿԱՆ մարմնի ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Տեսչական մարմնի լիազորություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը, որը ներառում է՝

ա. տնտեսավարող սուբյեկտների կողմից (բացառությամբ սննդամթերքի և ոչ պարենային արտադրանքի անվտանգության բնագավառների օրենսդրության պահանջների) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ. վարակիչ, մասնագիտական (պրոֆեսիոնալ) ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) և դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը,

գ. վերահսկողության շրջանակներում սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառումը և գործիքային չափումների իրականացումը,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություն ներկայացնելը,

ե. նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկված անձանց օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի չթույլատրելու մասին որոշման կայացում,

զ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարգադրագիր տալը, ախտահանման, միջատների կամ կրծողների ոչնչացման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ վարակիչ հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ,

է. օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պետական սահմանի անցման կետերում կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների իրականացումը,

ը. մարդու կյանքին և առողջությանն էական վտանգ սպառնացող խախտումների արձանագրման արդյունքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով ուսումնական և կրթական հաստատությունների, առողջապահական և մշակութային օբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին կարգադրագիր տալը՝ մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը,

թ. իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված դեպքերում և կարգով խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալը,

ժ. բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը,

ժա. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը,

ժբ. սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացումը և դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքներում համագործակցությունը,

ժգ. վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը և վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.

2) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝ բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության, ինչպես նաև առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ.

4) «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. արյան ռեեստրի վարման տեղեկատվության տրամադրման և ստացման նկատմամբ,

բ. դոնորին տրամադրվող տեղեկատվության և համաձայնության ստացման նկատմամբ,

գ. արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջների նկատմամբ,

դ. արյան պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների նկատմամբ,

ե. արյան բաղադրամասերի պատրաստման նկատմամբ,

զ. արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման և ներմուծման նկատմամբ,

է. դոնորական արյան պատրաստուկների արտադրության և շրջանառության նկատմամբ,

ը. դոնորին տրվող արտոնությունների պահպանման նկատմամբ,

թ. արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման նկատմամբ,

ժ. արյան պաշարների ապահովման և արյան բաղադրամասերի տրամադրման նկատմամբ.

5) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. սեռաբջիջների և սաղմի պահպանման նկատմամբ,

բ. հղիության արհեստական ընդհատման և կամավոր բժշկական ամլացման նկատմամբ,

գ. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ,

դ. վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորության նկատմամբ.

6) «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման պահանջների պահպանման նկատմամբ,

բ. հոսպիտալացման՝ ներառյալ ոչ հոժարակամը, բուժման և դուրսգրման նկատմամբ.

7) «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ,

բ. օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ,

գ. դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ.

8) «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման՝ ներառյալ պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության նկատմամբ.

9) իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝

ա. մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդի նկատմամբ,

բ. դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նկատմամբ,

գ. բժշկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության, դեղերի արտադրության գովազդի նկատմամբ,

դ. մարդու օրգանների և հյուսվածքների գովազդի նկատմամբ,

ե. արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության գովազդի նկատմամբ.

10) աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում՝

ա. աշխատատեղում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների, այդ թվում` աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը, վերլուծումը և դրանց կանխարգելման նպատակով գործատուին միջնորդություններ և (կամ) առաջարկություններ ներկայացնելը,

գ. գործատուներին, աշխատողներին և նրանց ներկայացուցիչներին աշխատողների անվտանգության ապահովմանը և առողջության պահպանմանը, աշխատանքային հարաբերություններին առնչվող օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ տեղեկատվության և (կամ) խորհրդատվության տրամադրումը,

դ. մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ե. աշխատանքային օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքների ժամանակավորապես դադարեցումը՝ մինչև խախտումները վերացնելը,

զ. գործատուների, աշխատողների և նրանց ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարների կազմակերպումը,

է. աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ լիազորված մարմին առաջարկության ներկայացումը,

ը. կազմակերպությունների լուծարման ընթացքում աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ իր լիազորությունների շրջանակներում,

թ. կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժ. օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթներ իրականացնելիս՝ գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից աշխատողների իրավունքներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ պահանջելն ու ստանալը և փաստաթղթերի կրկնօրինակներ վերցնելը,

ժա. աշխատանքային պայմանագրերի կնքման և (կամ) լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժբ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի ու մասնագիտական հիվանդությունների հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժգ. աշխատանքային օրենսդրությամբ սահմանված խտրականության արգելքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

10.1) (ենթակետն ուժը կորցրել է 23.07.21 N 781-Լ)

10.2) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ.

11) իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականներ տալը` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար.

12) առողջապահության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

13) առողջապահության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը. 

14) իր իրավասության սահմաններում իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերը լիցենզավորող մարմիններ ներկայացնելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ միջնորդագրերի ներկայացումը թույլտվություն տրամադրող մարմիններին.

15) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, իր իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

16) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, իր վերահսկողության բնագավառում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.

17) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

17.1) «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողության իրականացումը.

17.2) իր իրավասության սահմաններում մասնակցությունը զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացմանը:

18) օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(11-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 03.07.20 N 768-Լ, փոփ., լրաց. 23.07.21 N 781-Լ, խմբ. 25.11.22 N 1395-Լ)

 

IV. ՏԵՍՉԱԿԱՆ մարմնի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

12. Տեսչական մարմնի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, որը կազմված է տասն անդամից:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է տեսչական մարմնի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը և դրանցում կատարում փոփոխություններ.

2) հաստատում է տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ.

3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները.

4) իրականացնում է տեսչական մարմնի գործունեության վերահսկողությունը.

5) լսում է տեսչական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) վերահսկողություն է իրականացնում տեսչական մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանման նկատմամբ.

7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ռոտացիոն կարգով նախագահում է առողջապահության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը կամ աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

15. Խորհուրդը`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

2) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.

3) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

4) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

5) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.

6) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

7) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

8) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

9) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

16. Տեսչական մարմինը ղեկավարում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

17. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

(17-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)

18. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:

19. Տեսչական մարմնի ղեկավարը`

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալների թեկնածությունը.

4) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին, խորհրդի դրական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների թիվը.

6) հաստատում է խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

8) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

9) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, իր տեղակալների, տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

11) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

12) խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

20. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տեսչական մարմնում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

21. Տեսչական մարմնի ղեկավարն ունի երեք տեղակալներ, որոնց պաշտոնը վարչական է, նրանց պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

22. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

(22-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)

23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը`

1) գործում է տեսչական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջնակներում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) կատարում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

24. Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականը կատարում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները և իրականացնում պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունները:

25. Տեսչական մարմնի ղեկավարի օգնականն կատարում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները:

26. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականն կատարում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հանձնարարականները:

V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

27. Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն.

2) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն.

3) հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն.

4) ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչություն.

5) (ենթակետն ուժը կորցրել է 03.10.20 N 1121-Լ)

6) իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն.

7) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին.

8) որակի ապահովման վարչություն.

9) Զորահավաքային բաժին.

10) աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն։

(27-րդ կետը խմբ., լրաց. 03.07.20 N 768-Լ, փոփ., լրաց. 03.10.20 N 1121-Լ)

28. Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումներն են՝

1) Երևան քաղաքի տարածքային կենտրոն.

2) հյուսիսային տարածքային կենտրոն.

3) արևմտյան տարածքային կենտրոն.

4) արևելյան տարածքային կենտրոն.

5) հարավային տարածքային կենտրոն.

6) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.22 N 1395-Լ)

7) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.22 N 1395-Լ)

8) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.22 N 1395-Լ)

9) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.22 N 1395-Լ)

10) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.22 N 1395-Լ)

11) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.22 N 1395-Լ)

12) (ենթակետն ուժը կորցրել է 25.11.22 N 1395-Լ)

(28-րդ կետը փոփ. 03.07.20 N 768-Լ, 25.11.22 N 1395-Լ)

29. Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը` հաստատելով դրանց կանոնադրությունները:

VI. ՏԵՍՉԱԿԱՆ Մարմնի ԳՈՒՅՔԸ

30. Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

31. Տեսչական մարմնի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

32. Տեսչական մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

VII. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

33. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:

VIII. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

34. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

35. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հավանությանը, որից հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

36. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն խորհրդի համաձայնությամբ:

(հավելվածը խմբ. 02.08.18 N 1037-Լ, փոփ., խմբ., լրաց. 03.07.20 N 768-Լ, փոփ., լրաց. 03.10.20 N 1121-Լ, 23.07.21 N 781-Լ, փոփ., խմբ. 25.11.22 N 1395-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան