ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԴԵՐԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 69736/12)
ՎՃԻՌ
Հոդված 2 (նյութաիրավական) ● Պետական դպրոցը, տեղյակ չլինելով աշակերտի առողջության խոցելիության մասին, պատասխանատվություն չի կրել ուսուցչի բացակայության ընթացքում նախկինում բռնություն չգործադրած դասընկերների կողմից անսպասելի ծեծի ենթարկվելու հետևանքով առաջացած նրա մահվան համար ● Երեխայի կյանքին իրական և անմիջական վտանգ չի սպառնացել Հոդված 2 (դատավարական) ● Արդյունավետ քննություն չիրականացնելը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30 նոյեմբերի 2021 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ պրն Դերենիկ Գ. Մկրտչյանի (առաջին դիմումատու) և տկն Գայանե Մկրտչյանի (երկրորդ դիմումատու, միասին՝ դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 69736/12),
գանգատի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2021 թվականի հոկտեմբերի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Դիմումատուները պետական դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացած Դերենիկ Գ.-ի պապն ու մայրն են։ Դիմումատուները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա բողոք են ներկայացրել այն մասին, որ պետությունը չի ապահովել Դերենիկ Գ.-ի կյանքի պաշտպանությունն այն ընթացքում, երբ նա գտնվել է դպրոցի հսկողության տակ, ինչպես նաև Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա այն մասին, որ ներպետական մարմինները չեն իրականացրել նրա մահվան հանգամանքների արդյունավետ քննություն:
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1948 և 1976 թվականներին և բնակվում են Ալափարս գյուղում։ Նրանց իրավաբանական օգնություն է տրամադրվել, և Դատարանում նրանց ներկայացրել են Վանաձորում գործող իրավաբան պրն Ա. Զալյանը և Լոնդոնում գտնվող՝ Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնի իրավաբաններ տկն Ջ. Էվանսը, տկն Ջ. Գավրոնը, պրն Պ. Լիչը և տկն Կ. Լեվինը։
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերն այնպես, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
I. Դպրոցի միջադեպը
5. Տվյալ ժամանակահատվածում 10-ամյա Դերենիկ Գ.-ն Չարենցավանի թիվ 5 դպրոցի (դպրոց) 4-րդ դասարանի աշակերտ է եղել: Ըստ դիմումատուների՝ նա առողջ վիճակում է եղել։
6. 2010 թվականի հունիսի 5-ին` ժամը 9:30-ին, երկրորդ դիմումատուն Դերենիկ Գ.-ին տարել է դպրոց, որտեղ ժամը 11:00-ին նշանակված էր անցկացնել քննություն «Մաթեմատիկա» առարկայից։ Մինչ այդ երեխաները պետք է պատրաստվեին քննությանը:
7. Դասղեկը` Ս.Կ.-ն, աշակերտներին նստեցրել է դասասենյակում և գրատախտակին գրել առաջադրանքները: Այնուհետև նա դուրս է եկել դասասենյակից՝ զրուցելու մեկ այլ ուսուցչուհու՝ Ա.Ա.-ի հետ, որն աշակերտներից մեկի մայրն էր: Ըստ Կառավարության՝ դասղեկը դասասենյակից դուրս է եկել ընդամենը մի քանի րոպեով։ Դիմումատուները չեն համաձայնել, որ դա այդպես է եղել:
8. Մինչ դասղեկը բացակայել է, աշակերտների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով Դերենիկ Գ.-ն ծեծի է ենթարկվել իր երկու դասընկերների՝ Ի.Հ.-ի և Վ.Հ.-ի կողմից, որոնք եղբայրներ էին: Ծեծկռտուքի ժամանակ Դերենիկ Գ.-ն և մյուս աշակերտները բարձր բղավել են:
9. Լսելով աղմուկը՝ պահակը մտել է դասասենյակ։ Այնուհետև ներս են մտել դասղեկն ու մյուս ուսուցիչները: Նրանք Դերենիկ Գ.-ին գտել են հատակին անգիտակից պառկած։ Փորձելով ուշքի բերել նրան՝ ապտակել են դեմքին, տվել արհեստական շնչառություն, ջուր են ցողել նրա դեմքին ու փորձել լեզուն դուրս հանել բերանից։ Քանի որ Դերենիկ Գ.-ն գիտակցության չի եկել, նրան տարել են միջանցք, որտեղ էլ մեկ այլ պահակ միացել է նրանց, երբ վերջիններս փորձում էին ուշքի բերել նրան։ Քանի որ նրանց փորձերն անհաջող են եղել, պահակները Դերենիկ Գ.-ին դուրս են բերել դպրոցի շենքից։ Նրան ուշքի բերելու հետագա անհաջող փորձերից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։
10. Հիվանդանոց ընդունվելիս Դերենիկ Գ.-ն արդեն մահացած է եղել։
II. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
11. Նույն օրը ոստիկանությունը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Դերենիկ Գ.-ի մահվան պատճառը, նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը, գտնվելու տեղն ու տեսակը, դրանց պատճառման ժամանակն ու եղանակը և դրանց ծանրությունը։ Փորձագետից նաև պահանջվել է պարզել, թե արդյոք Դերենիկ Գ.-ն կենդանության օրոք տառապել է որևէ հիվանդությամբ, և եթե այո, ապա ինչպես է այդ հիվանդությունն ազդել նրա վրա, և ինչ հնարավոր կապ կարող է այն ունենալ նրա մահվան հետ:
12. 2010 թվականի հունիսի 12-ին ոստիկանությունը գրավոր բացատրություն է վերցրել Ա.Ա.-ից (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը) և Ս.Ա.-ից՝ դպրոցում աշխատող զինղեկից։
Ա.Ա.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքը խնդրել էր Ս.Կ.-ին դասասենյակից դուրս գալ միջանցք՝ խոսելու իր դստեր մասին, որը սովորում էր նույն դասարանում, ինչ որ Դերենիկ Գ.-ն։ Մինչ իրենք զրուցել են, ինքը և Ս.Կ.-ն քայլել են նույն հարկի զուգարանների ուղղությամբ, որոնք գտնվում էին դասասենյակից մոտ քսան մետր հեռավորության վրա։ Այնտեղից ինքը գնացել էր ուսուցչանոց, իսկ Ս.Կ.-ն վերադարձել էր դասասենյակ։
Ս.Ա.-ն նշել է, որ 2010 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, ինքն Ա.Ավ.-ի՝ ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ միասին գտնվել է դպրոցի տարածքից դուրս: Հանկարծ պատուհանից ձայներ են լսել ու վազել դպրոցի մուտքի ուղղությամբ։ Այնուհետև Ս.Ա.-ն տեսել է, թե ինչպես է Ա.Ավ.-ն, որն առաջինն էր հասել դպրոցի մուտքին, պահակների հետ միասին Դերենիկ Գ.-ին դուրս բերում դպրոցի շենքից։ Նրանք պառկեցրել էին նրան, և Ա.Ավ.-ն կատարել էր արհեստական շնչառություն և սրտի մերսում, իսկ Ս.Ա.-ն սկսել էր մերսել տղայի ոտքերը՝ փորձելով լավացնել նրա արյան շրջանառությունը։ Տեսնելով, որ Դերենիկ Գ.-ն գիտակցության չի գալիս, նրան տարել են դպրոցի դարպասների մոտ՝ շտապօգնության մեքենայի մեջ դնելու համար։ Սակայն քանի որ շտապօգնության մեքենան դանդաղ էր մոտենում, և որպեսզի ժամանակ չկորցնեին, նրանք Դերենիկ Գ.-ին հիվանդանոց էին տեղափոխել մոտակայքում կայանված ֆուրգոնով։
13. 2010 թվականի հուլիսի 6-ին դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է։ Փորձագետն իր եզրակացության մեջ նշել է, որ Դերենիկ Գ.-ն վաղ մանկությունից մի քանի անգամ բուժօգնություն էր ստացել հիմնականում վարակիչ հիվանդությունների դեպքում։ 2009 թվականի հունիսին Դերենիկ Գ.-ն հետազոտվել էր մանկաբույժի կողմից։ Ծնողները մանկաբույժին տեղեկացրել էին, որ երկու շաբաթ առաջ երեխան առանց որևէ պատճառի կորցրել էր գիտակցությունը սպորտային պարապմունքի ժամանակ։ Նրանք նաև հայտնել էին, որ երկու տարի առաջ նա դպրոցում ընկել ու հարված էր ստացել գլխին, ինչի հետևանքով կորցրել էր գիտակցությունը։ Լրացուցիչ հետազոտման նպատակով մանկաբույժը Դերենիկ Գ.-ին ուղեգրել էր Երևանում գտնվող մանկական հիվանդանոց, որտեղ ի վերջո նրա մոտ ախտորոշվել էր սինկոպ (ուշագնացություն), և նշանակվել էր ակտիվ հսկողություն։ Դրանից հետո չէր պատահել, որ ծնողները բողոքեին երեխայի ուշաթափությունից։ Փորձագետը եկել է այն եզրակացության, որ Դերենիկ Գ.-ի մահվան պատճառը եղել են սուր շնչառական անբավարարությունն ու սուր թթվածնային քաղցը, որոնք հետևանք են եղել նրա ներքին օրգաններում տեղի ունեցած մի շարք փոփոխությունների, որոնք հայտնաբերվել են դատաբժշկական փորձաքննությամբ և հաստատվել նրա հյուսվածքների դատական փորձագիտական վերլուծությամբ։ Եզրակացության մեջ նշվել է, որ նա տառապում էր ծանր տիպի մկանային դիստրոֆիայով և սրտի ճարպակալմամբ՝ պայմաններ, որոնք կապված էին նրա մահվան պատճառի հետ: Ավելին, սինկոպը (ուշագնացությունը) կարող էր նրա մահվանը նպաստող գործոն լինել։ Հայտնաբերվել է նաև արյունազեղում ձախ քունքի և այտի հատվածում։ Եզրակացվել է, որ դա պատճառվել է բութ կոշտ առարկայով, երբ նա դեռ ողջ էր, և այն անմիջականորեն կապված չի եղել մահվան պատճառի հետ:
14. 2010 թվականի հուլիսի 15-ին առաջին դիմումատուն հարցում է արել Գլխավոր դատախազին այն մասին, թե արդյոք քրեական գործ հարուցվել է իր թոռան մահվան դեպքի առթիվ, և խնդրել է իրեն տրամադրել համապատասխան որոշման պատճենը: Նա նաև խնդրել է իրեն ներգրավել գործի վարույթում որպես իր թոռան իրավահաջորդ։
15. 2010 թվականի հուլիսի 21-ին Դերենիկ Գ.-ին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով։
16. 2010 թվականի հուլիսի 26-ին առաջին դիմումատուն ներգրավվել է վարույթում որպես տուժողի իրավահաջորդ:
17. 2010 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ դիմումատուն հարցաքննվել է քննիչի կողմից և նշել, inter alia (ի թիվս այլնի), որ իր որդին առողջ է եղել: Քննիչի այն հարցին, թե արդյոք նախկինում եղել են Դերենիկ Գ.-ի ուշագնացության դեպքեր, երկրորդ դիմումատուն նշել է, որ նախկինում եղել է նման երկու դրվագ։ Ի պատասխան քննիչի այն հարցին, թե արդյոք նա խնդրել էր Դերենիկ Գ.-ի ուսուցիչներին ուշադիր լինել նրա նկատմամբ, երկրորդ դիմումատուն նշել է, որ ինքը երբեք նրանց չի դիմել նման խնդրանքով։
18. 2010 թվականի սեպտեմբերին առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Դերենիկ Գ.-ի մահվան և ոչ միայն նրա մահվանից առաջ ծեծի ենթարկվելու դեպքի առնչությամբ։ Նա նաև բողոք է ներկայացրել առ այն, որ ոստիկանությունն անմիջապես չի հարուցել քրեական գործ և չի իրականացրել անհրաժեշտ քննչական միջոցառումներ, օրինակ՝ վկաների հարցաքննություն կամ դեպքի վայրի զննություն։
19. 2010 թվականի սեպտեմբերի 15-ին առաջին դիմումատուն պահանջել է անցկացնել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն այն հիմքով, որ փորձագետը տրված հարցերին չի տվել վերջնական պատասխաններ։ Մասնավորապես, պարզված չէին եղել մահվան և վնասվածքների պատճառման ստույգ ժամանակը և դրանց ծանրության աստիճանը, ինչպես նաև հստակեցված չէր եղել Դերենիկ Գ.-ի առողջական վիճակի և մահվան պատճառի միջև կապը։ Բացի այդ, առաջին դիմումատուին չէր տրամադրվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, և նա չէր ունեցել փորձագետին հարցեր ուղղելու հնարավորություն։ Պահանջը մերժվել է:
20. Նախաքննության ընթացքում Դերենիկ Գ.-ի ծնողները 2010 թվականի հունիսի 5-ի դեպքերի առնչությամբ հարցաքննել են նրա երկու դասընկերներին և ձայնագրել նրանց պատասխանները։ Հարցաքննված երկու աշակերտները հիմնականում հաստատել են, որ իրենք ականատես են եղել այն դեպքին, թե ինչպես են իրենց համադասարանցիները՝ եղբայրներ Ի.Հ.-ն և Վ.Հ.-ն, ծեծի ենթարկում Դերենիկ Գ.-ին։ Ձայնագրությունները ներկայացվել են ոստիկանություն։
21. 2010 թվականի հոկտեմբերի 8-ին քննիչն ուսումնասիրել է ձայնագրությունները։
22. 2010 թվականի նոյեմբերի 3-ին քննիչը գրություն է ուղարկել Կրթության պետական տեսչության պետին։ Անդրադառնալով գործի լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությանը՝ նա խնդրել է Կրթության պետական տեսչությանն ուսումնասիրել 2010 թվականի հունիսի 5-ի դեպքը դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի գործողությունների մասով։
23. Կրթության պետական տեսչության պետը 2010 թվականի նոյեմբերի 15-ի գրությամբ հայտնել է, որ Դերենիկ Գ.-ի մահը չի կարելի վերագրել դպրոցի տնօրինության կամ ուսուցչական կազմի կողմից որևէ անգործության կամ բացթողման։ Գրության մեջ մասնավորապես նշվել է, որ Ա.Ա.-ն, նպատակահարմար չգտնելով Ս.Կ.-ի հետ զրուցել ամբողջ դասարանի ներկայությամբ, վերջինիս խնդրել էր մի քանի բառ փոխանակել դասասենյակից դուրս: Ս.Կ.-ի բացակայության ընթացքում մի քանի աշակերտ, այդ թվում՝ Դերենիկ Գ.-ն, ծեծկռտուք էին սկսել և հարվածել միմյանց։ Ինչ վերաբերում է աշակերտների անվտանգության ապահովման պահանջի պահպանմանը, ապա Կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանով սահմանված՝ պետական հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի 3-րդ մասի 1-ին կետի 9-րդ ենթակետը (տե՛ս ներքևում՝ 42-րդ պարբերությունը) ներառվել էր դպրոցի ներքին կանոնակարգում, և համապատասխան պայմանագիրը կնքվել էր բոլոր աշակերտների, այդ թվում՝ Դերենիկ Գ.-ի ծնողների հետ։ Դպրոցը վերանորոգվել էր, և առկա էին աշակերտների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները։
24. 2010 թվականի նոյեմբերի 18-ին քրեական գործի վարույթը դադարեցվել է։ Ըստ ոստիկանության՝ Դերենիկ Գ.-ն ծեծի էր ենթարկվել Ի.Հ.-ի և Վ.Հ.-ի կողմից ծեծկռտուքի ժամանակ, մինչ Ս.Կ-ն բացակայել էր դասասենյակից։ Ծեծկռտուքից հետո Դերենիկ Գ.-ն մոտեցել էր գրատախտակին՝ ավելի պարզ տեսնելու, թե ինչ է այնտեղ գրված։ Վերադառնալով իր նստարանի մոտ՝ նա հանկարծ ընկել էր հատակին և կորցրել գիտակցությունը։ Որոշման մեջ նաև անդրադարձ է կատարվել Ս.Կ.-ի այն բացատրությանը, որ ինքը դասասենյակից բացակայել էր ընդամենը հինգ րոպեով: Այնուհետև նշվել է, որ Ի.Հ.-ն և Վ.Հ.-ն Դերենիկ Գ.-ին ծեծի ենթարկելու համար չէին կարող քրեական պատասխանատվության ենթարկվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, քանի որ նրանց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը չէր լրացել։
25. 2010 թվականի նոյեմբերի 27-ին առաջին դիմումատուի կողմից Գլխավոր դատախազին բողոք է ներկայացվել ընդդեմ քննիչի՝ քրեական գործի վարույթը դադարեցնելու մասին որոշման։ Դիմումատուի բողոքը մերժվել է:
26. 2010 թվականի դեկտեմբերի 7-ին առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել Կոտայքի մարզային դատարան (Մարզային դատարան)՝ վիճարկելով քրեական գործի վարույթը դադարեցնելու մասին որոշումը։ Նա պնդել է մասնավորապես, որ Դերենիկ Գ.-ն մահացել էր երեխաների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով, երբ նրանք մենակ էին մնացել դասասենյակում՝ առանց ուսուցչի հսկողության։ Տնօրինությունը չէր ձեռնարկել որևէ միջոց՝ ծեծկռտուքը կանխելու համար։ Ավելին, ոստիկանությունը չէր հարուցել առանձին քրեական գործ Դերենիկ Գ.-ի մահվան դեպքի առթիվ։ Թեև հաստատվել էր, որ Դերենիկ Գ.-ն ծեծի էր ենթարկվել, սակայն ծեծի և նրա մահվան միջև պատճառահետևանքային կապը պատշաճ կերպով չէր քննվել։
27. 2011 թվականի մարտի 18-ին Մարզային դատարանը բավարարել է առաջին դիմումատուի բողոքը և վերացրել 2010 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը՝ գտնելով, որ ոստիկանությունը պատշաճ կերպով չի քննել մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ դասղեկի՝ դասասենյակից բացակայելու ստույգ ժամանակահատվածը, Դերենիկ Գ.-ի ծեծի ենթարկվելու ճշգրիտ ժամը, այն հարցը, թե արդյոք դեպքի պահին դպրոցում բժիշկ եղել է, թե՝ ոչ, և արդյոք հնարավոր կլիներ փրկել Դերենիկ Գ.-ի կյանքը, եթե նրան ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերվեր: Բացի այդ, որևէ փորձագիտական խմբի կողմից չէր իրականացվել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Դերենիկ Գ.-ի ներքին օրգաններում տեղի ունեցած փոփոխությունների պատճառը և այն փաստը, թե արդյոք նման փոփոխությունները կապված էին նրան հասցված հարվածների հետ, կամ պարզելու այդ փոփոխությունների և նրա մահվան վրա հասնելու ժամանակի միջև ընկած ժամանակահատվածը, այն միջամտության տեսակը, որն անհրաժեշտ կլիներ նրա կյանքը փրկելու համար, այն փաստը, թե արդյոք նրա մահը կարող էր վրա հասած լինել այլ հանգամանքներում, ինչպես կարող էին զարգանալ նրա հիվանդությունները, եթե նա ողջ մնար, և որքան ժամանակ անց դրանք կարող էին հանգեցնել նրա մահվան:
28. 2011 թվականի հունիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա ամբողջությամբ անփոփոխ է թողել Մարզային դատարանի որոշումը։ Ի լրումն Մարզային դատարանի կողմից արված եզրահանգումների՝ այն գտել է, որ Դերենիկ Գ.-ի մահվան պատճառը չի պարզվել նախաքննության ընթացքում, և դեռ պետք է պարզել, թե արդյոք ծեծկռտուքի ժամանակ նրա մարմնի տարբեր մասերին հասցված հարվածները կապված են եղել նրա մահվան հետ, թե՝ ոչ։ Ավելին, դպրոցի տնօրինության գործողություններին սեփական իրավական գնահատական տալու փոխարեն քննիչը հարցը փոխանցել էր Կրթության պետական տեսչությանը։
III. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
29. 2011 թվականի հուլիսի 7-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է։
30. 2011 թվականի հուլիսի 22-ին նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության անցկացում փորձագիտական խմբի կողմից՝ պարզելու Դերենիկ Գ.-ի մահվան և նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների պատճառը, ինչպես նաև նրա ունեցած հիվանդությունների տեսակները և այդ հիվանդությունների՝ նրա մահվան հետ կապված լինելու փաստը։ Փորձագիտական խմբից նաև պահանջվել է պարզել, թե արդյոք Դերենիկ Գ.-ի վնասվածքները, եթե դրանք պատճառվել էին նրան ծեծի ենթարկելու հետևանքով, ուղղակիորեն կապված են եղել նրա մահվան հետ, և արդյոք այդ վնասվածքներն ինչ-որ կերպ սրել կամ կարող էին սրած լինել նրա մահվան հետ ուղղակիորեն կապված հիվանդությունները:
31. 2011 թվականի նոյեմբերի 16-ին լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է։ Փորձագիտական խմբի կողմից տրված եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«...մարմնի [սկզբնական] դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ ձախ քունքի և այտի հատվածում հայտնաբերվել է արյունազեղում, որը բութ, կոշտ առարկայով հավանաբար մեկ կամ ավելի գործողությունների արդյունքում պատճառվել էր այն ժամանակ, երբ [Դերենիկ Գ.-ն] դեռ ողջ էր ...
Դեռևս կենդանության օրոք Դերենիկ Գ.-ն տառապել էր տուբուլյար ատրոֆիայից, լյարդի թեթև ... վարակից և սրտամկանի ատրոֆիկ փոփոխություններից, որոնք կարող էին զարգացած լինել 2010 թվականի հունիսի 5-ին տեղի ունեցած [նրա] էպիլեպտիկ նոպայի ժամանակ և դրանից հետո: [2010 թվականի հուլիսի 6-ի փորձագիտական եզրակացության մեջ] ... նշված՝ նրա ներքին օրգաններում տեղի ունեցած մյուս պաթոլոգիական փոփոխությունները կարող էին զարգացած լինել էպիլեպտիկ նոպայի ժամանակ և նրա մահվանից հետո:
Ներկայացված բժշկական ապացույցները և քրեական գործի նյութերը [ֆիզկուլտուրայի ուսուցչի և դպրոցի պահակների բացատրությունները] նույնպես հիմք են այն եզրահանգման, որ 2009 թվականին [Դերենիկ Գ.-ն] ունեցել է գիտակցության կորստով ուղեկցվող (երկու) նոպաներ, որոնք սակայն չեն ախտորոշվել որպես էպիլեպտիկ նոպաներ …, այլ գրանցվել են որպես սինկոպ (ուշագնացություն):
...
Ինչ վերաբերում է [Դերենիկ Գ.-ին] հասցված հարվածների, նրա առողջական վիճակի հանկարծակի վատթարացման, նոպայով ուղեկցվող գիտակցության կորստի և նրա մահվան միջև կապին, ապա հարկ է նշել, որ հաշվի առնելով նրա ներքին օրգաններում վերը նշված պաթոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել նրա կենդանության օրոք, [Դերենիկ Գ.-ի] հոգեբանական և հուզական վիճակի հետ զուգորդված հարվածները կարող էին տվյալ պահին նպաստել էպիլեպտիկ նոպայի և [նոպայի] հետ կապված սուր շնչառական անբավարարության և սրտի ֆունկցիայի խանգարման զարգացման, ինչն էլ առաջացրել է [նրա] մահը»։
32. 2011 թվականի դեկտեմբերի 7-ին քննիչը որոշել է դադարեցնել քրեական գործի վարույթը։ Որոշման մեջ նշվել է, inter alia, որ թեև փորձագիտական խմբի եզրակացությունը հաստատել էր Դերենիկ Գ.-ի մահվան և նրա՝ Ի.Հ.-ի և Վ.Հ.-ի կողմից ծեծի ենթարկվելու միջև առկա պատճառահետևանքային կապը, նրա վրա հարձակում գործած աշակերտները չէին կարող քրեական հետապնդման ենթարկվել սպանության համար, քանի որ բացակայում էր նրանց կողմից դիտավորության տարրը: Ամեն դեպքում չէր լրացել Ի.Հ.-ի և Վ.Հ.-ի՝ հանցագործության որևէ տեսակի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքը։ Որոշման մեջ նաև նշվել է, որ Ս.Կ.-ն և դպրոցի տնօրենը տեղյակ չեն եղել Դերենիկ Գ.-ի էպիլեպտիկ նոպաների մասին։ Այդ հանգամանքներում նրանք չէին գիտակցել և չէին կարող գիտակցել իրենց գործողությունների (կամ անգործության) պատճառով առաջացող վտանգը:
33. Առաջին դիմումատուն վիճարկել է քննիչի որոշումը դատախազին, որը մերժել է բողոքը։
34. 2012 թվականի հունվարի 9-ին առաջին դիմումատուն Մարզային դատարան բողոք է ներկայացրել ընդդեմ քննիչի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման։ Նա պնդել է մասնավորապես, որ Դերենիկ Գ.-ն մահացել էր դպրոցի տնօրինության կողմից իր աշակերտներին պաշտպանելու իր պարտականությունը պատշաճ կերպով չկատարելու հետևանքով։ Նա նաև բողոք է ներկայացրել այն մասին, որ Դերենիկ Գ.-ի մահվան դեպքի առթիվ չէր հարուցվել առանձին քրեական գործ՝ չնայած այն փաստին, որ հաստատվել էր ծեծի ենթարկվելու և նրա մահվան միջև առկա պատճառահետևանքային կապը։
35. 2012 թվականի փետրվարի 22-ին Մարզային դատարանը բավարարել է առաջին դիմումատուի բողոքը և վերացրել քրեական գործի վարույթը դադարեցնելու մասին որոշումը։ Այն վկայակոչել է 2011 թվականի մարտի 18-ի իր նախկին որոշումը (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը) և համարել, որ վարույթը վերսկսելուց հետո ոստիկանությունը դեռևս չէր պարզել, թե արդյոք դեպքի պահին դպրոցում եղել էր բժիշկ, թե՝ ոչ, և արդյոք հնարավոր կլիներ փրկել Դերենիկ Գ.-ի կյանքը, եթե նրան ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերվեր։
36. 2012 թվականի մարտի 1-ին դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ նշելով, մասնավորապես, որ քննությամբ պարզվել էր, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի տնօրենի համապատասխան հրամանով մեկ բժիշկ էր նշանակվել տվյալ դպրոցի և Չարենցավանում գտնվող մեկ այլ պետական դպրոցի համար պատասխանատու։ Դեպքի օրը, ըստ ժամանակացույցի, բժիշկը հերթապահություն իրականացնելիս է եղել մյուս դպրոցում։
37. 2012 թվականի ապրիլի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը և բեկանել Մարզային դատարանի 2012 թվականի փետրվարի 22-ի որոշումը։ Դատարանը գտել է, inter alia, որ ոստիկանությունն օբյեկտիվ պատճառներով չէր անդրադարձել այն հարցին, թե արդյոք Դերենիկ Գ.-ի կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե նրան բժշկի կողմից ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերվեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2010 թվականի հունիսի 5-ին վերջինս հերթապահություն էր իրականացրել մյուս դպրոցում։
38. 2012 թվականի մայիսի 3-ին առաջին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Նա մանրամասնորեն հիմնավորել է, որ արդյունավետ քննություն չէր իրականացվել հիմնականում այն պատճառով, որ ոստիկանությունը չէր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հայտնաբերելու Դերենիկ Գ.-ի մահվան համար պատասխանատու անձանց։ Նա հաստատել է իր նախկին փաստարկներն այն մասին, որ Դերենիկ Գ.-ի մահվան դեպքի առթիվ առանձին քրեական գործ չէր հարուցվել, թեև պարզվել էր, որ վերջինիս մահվան պատճառը եղել էր դասընկերների կողմից ծեծի ենթարկվելը։
39. 2012 թվականի հունիսի 8-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է առաջին դիմումատուի բողոքը հիմքերի բացակայության պատճառով:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
40. Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսվում է, որ ծեծելը կամ այլ բռնի գործողություն կատարելը, որը չի առաջացրել 117-րդ հոդվածով (դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում) նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
41. 2009 թվականի հուլիսի 10-ի «Հանրակրթության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ կրթական ծրագրի կատարման նպատակով ուսումնական հաստատությունը պետք է ապահովի, inter alia, դրա համար անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ:
42. Կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի «Պետական հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» հրամանով նախատեսվում է պետական դպրոցների և պետական դպրոցներում կրթություն ստացող սովորողների ծնողների (կամ օրինական ներկայացուցիչների) միջև կնքվելիք պայմանագրի օրինակ: Պայմանագրի օրինակելի ձևի 3-րդ մասով սահմանվում են կողմերի, այդ թվում՝ դպրոցի տնօրենի իրավունքներն ու պարտականությունները: 1-ին կետի 8-րդ ենթակետում նշվում է, որ դպրոցի տնօրենը պարտավոր է ստեղծել, ի թիվս այլնի, սովորողի առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ։ 1-ին կետի 9-րդ ենթակետում նշվում է, որ դպրոցի տնօրենը պարտավոր է ապահովել սովորողների կյանքի և անվտանգության պայմանները՝ միաժամանակ իրագործելով նրանց շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ, ինչպես նաև թմրեցնող նյութերից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ: 6-րդ մասով նախատեսվում է, որ կողմերը, ի թիվս այլնի, սովորողի կյանքի և անվտանգության ապահովման հետ կապված իրենց պարտականությունների չկատարման համար կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
43. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ Դերենիկ Գ.-ն մահացել է դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի կողմից նրա կյանքի և անվտանգության ապահովման իրենց պարտականությունը պատշաճ կերպով չկատարելու հետևանքով, մինչ նա գտնվել է նրանց հսկողության տակ: Նրանք նաև բողոքել են, որ իշխանության մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել նրա մահվան առնչությամբ։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 2-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների վրա։
44. Դատարանը, հանդես գալով որպես գործի փաստերին օրենքով տրվելիք որակավորման մասնագիտացված կառույց (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 114, 2018 թվականի մարտի 20), համարում է, որ նպատակահարմար է դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: ...»
Ա. Ընդունելիությունը
45. Դատարանը նշում է, որ սույն բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
46. Դիմումատուները պնդել են, որ պետությունը չի պաշտպանել Դերենիկ Գ.-ի կյանքի իրավունքը: Դեպքը տեղի է ունեցել դպրոցի շենքում և այն ժամանակահատվածում, երբ երեխաները վստահված են եղել գտնվելու դպրոցի հսկողության ներքո: Նրանց կարծիքով՝ դպրոցի տնօրինությունը, դեպքի օրը երեխաներին թողնելով դասասենյակում առանց հսկողության և չապահովելով պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում, երեխաների՝ իր հսկողության տակ գտնվելու ընթացքում չի կատարել նրանց ապահովությունն ու անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները: Նրանք պնդել են, որ դպրոցի տնօրինության, ներառյալ՝ Ս.Կ.-ի՝ որպես դասղեկի առաջնային պարտականությունն է եղել ապահովել աշակերտների պատշաճ հսկողությունը՝ նրանց պաշտպանելու ցանկացած բռնությունից, որին նրանք կարող էին ենթարկվել տնօրինության հսկողության տակ գտնվելու ընթացքում: Սակայն դպրոցի տնօրինությունը պատշաճ կերպով չէր կատարել այդ պարտականությունը։ Ավելին, դեպքից հետո Դերենիկ Գ.-ին բժշկական օգնություն ցույց տալու համար դպրոցում չէր եղել որևէ բժիշկ կամ բուժքույր:
Դիմումատուները նաև պնդել են, որ իշխանության մարմինները չեն իրականացրել արդյունավետ քննություն Դերենիկ Գ.-ի մահվան հանգամանքների առնչությամբ: Նրանք պնդել են, inter alia, որ քննությունը նրանց հասանելի չի եղել։
47. Կառավարությունը պնդել է, որ դպրոցի տնօրինությունը, այդ թվում՝ դպրոցի տնօրենը և դասղեկ Ս.Կ.-ն, տեղյակ չեն եղել Դերենիկ Գ.-ի առողջական խնդիրների մասին։ Այդ առնչությամբ նրանք վկայակոչել են երկրորդ դիմումատուի՝ քննիչին տված բացատրությունն այն մասին, որ նա երբեք Դերենիկ Գ.-ի ուսուցիչների ուշադրությունը չէր հրավիրել նրա առողջական խնդիրների վրա (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Հետևաբար նրանք չգիտեին և չէին կարող իմանալ նրա կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի մասին, և չէր կարելի նրանցից ակնկալել, որ հատուկ միջոցներ կձեռնարկեին այդպիսի վտանգը կանխելու համար։ Կառավարությունը պնդել է, որ Ս.Կ.-ն դասասենյակից բացակայել էր ընդամենը մի քանի րոպեով, և նա չէր կարող ենթադրել, որ իր բացակայության ընթացքում ծեծկռտուք տեղի կունենար, և ավելին, նման ծեծկռտուքը աշակերտի հիվանդության պատճառով կարող էր հանգեցնել վերջինիս մահվան։ Կառավարությունը նշել է, որ դեպքից անմիջապես հետո ուսուցիչները և դպրոցի անձնակազմի այլ անդամներ արել էին ամեն հնարավոր բան Դերենիկ Գ.-ին ուշքի բերելու համար։ Երբ նրանք չէին կարողացել նրան ուշքի բերել, տարել էին դպրոցի դարպասների մոտ, իսկ այնուհետև՝ հիվանդանոց։
Կառավարությունը նաև պնդել է, որ իշխանության մարմինները կատարել են Դերենիկ Գ.-ի մահվան հանգամանքների առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը։ Նրանք այդ կապակցությամբ նշել են, որ քննությունն իրականացվել է օպերատիվ, մանրակրկիտ, անկողմնակալ և դիմումատուներին հասանելի եղանակով: Մասնավորապես, առաջին դիմումատուի՝ որպես վարույթում ներգրավված՝ տուժողի իրավահաջորդի կարգավիճակը ճանաչվել էր 2010 թվականի հուլիսի 26-ին՝ քրեական գործով վարույթը հարուցելուց հինգ օր անց։ Ավելին, դեպքի օրը ոստիկանությունը նշանակել էր դատաբժշկական փորձաքննության անցկացում։ Այնուհետև քննիչը հարցաքննել էր Դերենիկ Գ.-ի համադասարանցիներին, Ս.Կ.-ին և այլ ուսուցիչների: Իրականացվել էին նաև այլ քննչական միջոցառումներ, ինչպես օրինակ՝ դեպքի վայրի զննություն և վկաների հարցաքննություն։ Կառավարությունը տրամադրել է դպրոցի երկու ուսուցիչների՝ 2010 թվականի հունիսի 12-ի գրավոր բացատրությունների պատճենները (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը):
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
48. 2-րդ հոդվածի համաձայն՝ պետության՝ կյանքի իրավունքը պաշտպանելու դրական պարտավորության վերաբերյալ հիմնական սկզբունքները սահմանվել են Մեծ պալատի կողմից Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի ընդդեմ Ռումինիայի [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania] ([[ՄՊ] GC] թիվ 47848/08, § 130-31, ՄԻԵԴ 2014) և բոլորովին վերջերս Կուրտն ընդդեմ Ավստրիայի [Kurt v. Austria] ([[ՄՊ] GC], թիվ 62903/15, §§ 157-160, 2021 թվականի հունիսի 15) գործերում:
49. Պարզվել է, որ 2-րդ հոդվածով սահմանված՝ պետության դրական պարտավորությունն ընդգրկված է հանրակրթության համատեքստում: Այսպիսով, Դատարանը գտել է, որ դպրոցի տնօրինությունը պարտավոր է ապահովել աշակերտների, մասնավորապես՝ առանձնահատուկ խոցելի և իր բացառիկ հսկողության ներքո գտնվող փոքր երեխաների առողջության և բարեկեցության պահպանումը (տե՛ս Իլբեյի Քեմալօղլուն և Մերիյե Քեմալօղլուն ընդդեմ Թուրքիայի [Ilbeyi Kemaloğlu and Meriye Kemaloğlu v. Turkey], թիվ 19986/06, § 35, 2012 թվականի ապրիլի 10, և Կայակն ընդդեմ Թուրքիայի [Kayak v. Turkey], թիվ 60444/08, § 59, 2012 թվականի հուլիսի 10):
50. Նկատի ունենալով ժամանակակից հասարակությունների կառավարման դժվարությունները, մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը և առաջնահերթությունների ու ռեսուրսների առումով կատարվելիք օպերատիվ ընտրությունները՝ դրական պարտավորության շրջանակը պետք է այնպես մեկնաբանվի, որ անհնարին կամ անհամաչափ բեռ չպարտադրի իշխանության մարմիններին: Հետևաբար կյանքին սպառնացող ամեն վտանգ չէ, որ կարող էր իշխանության մարմինների համար առաջացնել այդ ռիսկի իրագործումը կանխելու համար օպերատիվ միջոցներ ձեռնարկելու՝ Կոնվենցիայով սահմանված պահանջ: Այս դրական պարտավորության առաջացման համար պետք է հաստատվի, որ իշխանության մարմինները համապատասխան պահին գիտեին կամ պետք է իմանային երրորդ կողմի հանցավոր գործողությունների հետևանքով նույնականացված անձի կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայության մասին, և որ նրանք չեն ձեռնարկել միջոցներ իրենց լիազորությունների շրջանակներում, որոնք, եթե ողջամտորեն գնահատենք, կարող էին ակնկալվել այդ վտանգը շրջանցելու համար (այսպես կոչված «Օսմանի թեստը». տե՛ս Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Osman v. the United Kingdom], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 116, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998‑VIII) (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուրտի գործը, § 158): Ավելին, վտանգի բնույթի և մակարդակի գնահատումը կանխարգելիչ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու պարտականության անբաժանելի մասն է այն դեպքում, երբ վտանգի առկայությունն այդպես է պահանջում: Այսպիսով, 2-րդ հոդվածի համաձայն պետության կողմից այս պարտականության կատարման քննությունը պետք է ներառի ինչպես ներպետական մարմինների կողմից իրականացված՝ վտանգի գնահատման համարժեքության, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումների համարժեքության վերլուծություն այն դեպքում, երբ բացահայտվել է կամ պետք է բացահայտված լիներ գործելու պարտականությանը նպաստող համապատասխան վտանգ (նույն տեղում, § 159):
51. Դատարանն այս կապակցությամբ կրկնում է, որ 2-րդ հոդվածով սահմանված դրական պարտավորությունների ապահովման միջոցների ընտրությունն սկզբունքորեն մի հարց է, որը Պայմանավորվող պետության հայեցողության շրջանակներում է: Գոյություն ունեն կոնվենցիոն իրավունքներն ապահովելու տարբեր ուղիներ, և եթե նույնիսկ պետությունը չի կիրառել ներպետական իրավունքով նախատեսված որևէ կոնկրետ միջոց, ապա այն դեռ կարող է կատարել իր դրական պարտավորությունն այլ միջոցներով (տե՛ս վերևում հիշատակված՝ Իլբեյի Քեմալօղլուն և Մերիյե Քեմալօղլուն ընդդեմ Թուրքիայի գործը, § 37):
52. Ավելին, Դատարանը համարել է, որ պետության՝ կյանքի իրավունքը պաշտպանելու պարտականությունը նաև պահանջում է, որ լուրջ վնասվածքի կամ մահվան դեպքում գործի արդյունավետ անկախ դատական համակարգ, որը կապահովի փաստերը հրատապ հաստատելու կարողությամբ իրավական միջոցների հասանելիությունը, պատասխանատվության կենթարկի մեղավորներին և համապատասխան փոխհատուցում կտրամադրի տուժողին: Պարտադիր չէ, որ այս պարտավորությամբ յուրաքանչյուր դեպքում պահանջվի քրեական գործով իրավական պաշտպանության միջոցի ապահովում: Եթե դրսևորվել է անփութություն, ապա պարտավորությունը, օրինակ, կարող է նաև կատարվել, եթե իրավական համակարգը քաղաքացիական դատարաններում տուժողներին տրամադրում է իրավական պաշտպանության միջոց՝ կա՛մ առանձին, կա՛մ քրեական դատարաններում պաշտպանության միջոցի հետ միասին: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջը չի բավարարվի, եթե ներպետական իրավունքով նախատեսված պաշտպանությունը գոյություն ունենա միայն տեսականորեն. առաջին հերթին, այն պետք է արդյունավետ լինի նաև գործնականում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի գործը, §§ 132-33):
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
i) Դպրոցի տնօրինության կողմից Դերենիկ Գ.-ի կյանքի իրավունքը պաշտպանելու պարտականության ենթադրյալ չկատարումը
53. Սույն գործում տվյալ ժամանակ 10 տարեկան Դերենիկ Գ.-ն զրկվել է կյանքից դասասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով, որի ընթացքում նա ծեծի է ենթարկվել իր երկու դասընկերների կողմից, մինչ դասղեկը բացակայել է դասասենյակից (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը): Ինչպես այնուհետև պարզվել է, նրա մահվան պատճառը եղել է սուր շնչառական անբավարարության և սրտի ֆունկցիայի խանգարման զարգացումը, որն առաջացել է հավանաբար ծեծի ենթարկվելու և նրա հոգեբանական ու հուզական վիճակի հետ կապված էպիլեպտիկ նոպայի պատճառով (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը):
54. Դատարանը նշում է, որ Դերենիկ Գ.-ի մահվան պատճառն ու դրան առնչվող հարցերը պարզելու համար նշանակվել է երկու դատաբժշկական փորձաքննություն (տե՛ս վերևում՝ 11-րդ և 30-րդ պարբերությունները), որոնք երկուսն էլ հաստատել են այն փաստը, որ նրա ներքին օրգաններում տեղի են ունեցել պաթոլոգիական փոփոխություններ, որոնք հավանաբար զարգացել են էպիլեպտիկ նոպաների ժամանակ և դրանցից հետո (տե՛ս 13-րդ և 31-րդ պարբերությունները):
55. Կողմերի միջև չի վիճարկվում այն հարցը, որ դպրոցի տնօրինությունը տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առողջական խնդիրների հետ կապված նրա առանձնահատուկ խոցելիության մասին։ Դատարանն այս առնչությամբ նշում է, որ ծնողները դիմել էին բժշկական խորհրդատվության համար այն բանից հետո, երբ Դերենիկ Գ.-ն ուշագնաց էր եղել երկրորդ անգամ, սակայն չէր ախտորոշվել, որ նա տառապում է էպիլեպտիկ նոպաներով, և չէին տրվել կոնկրետ ցուցումներ (տե՛ս վերևում՝ 13-րդ և 31-րդ պարբերությունները): Այդ հանգամանքներում դպրոցի տնօրինությանը չէր ներկայացվել որևէ պահանջ Դերենիկ Գ.-ին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու կապակցությամբ (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը):
56. Կառավարությունը պնդել է, որ տեղյակ չլինելով Դերենիկ Գ.-ի առողջական խնդիրների մասին՝ դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը չգիտեին և չէին կարող իմանալ նրա կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայության մասին, և չէր կարելի ակնկալել, որ նրանք կձեռնարկեին հատուկ միջոցներ՝ այդ վտանգը կանխելու համար (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը):
57. Դատարանը կրկնում է վերը նշված այն սկզբունքը, որ կյանքին սպառնացող ամեն վտանգ չէ, որ կարող է իշխանության մարմինների համար առաջացնել այդ վտանգի իրագործումը կանխելու համար օպերատիվ միջոցներ ձեռնարկելու՝ Կոնվենցիայով սահմանված պահանջ (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը):
58. Կողմերը հանդես են գալիս այն ընդհանուր դիրքորոշմամբ, որ դպրոցի տնօրինությունը տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առողջական վիճակի հետ կապված առանձնահատուկ խոցելիության մասին։ Անվիճելի է նաև այն փաստը, որ դեպքի օրը դպրոցում հասանելի չի եղել բուժանձնակազմ՝ Դերենիկ Գ.-ին բուժօգնություն ցուցաբերելու համար: Այս հանգամանքներում Դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը հետևյալն են. առաջինը՝ արդյո՞ք դասղեկը, այնուամենայնիվ, գիտեր կամ պետք է իմանար, որ իր՝ դասասենյակից բացակայելու ընթացքում Դերենիկ Գ.-ն կենթարկվեր կյանքին սպառնացող վտանգի, ինչն էլ պետք է նրան հուշեր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նրա կյանքը պաշտպանելու համար, և երկրորդ՝ դեպքի օրը դպրոցի տարածքում բուժանձնակազմի ներկայությունը չապահովելով՝ արդյո՞ք ներպետական մարմինները չեն ձեռնարկել միջոցներ, որոնք կարող էին շրջանցել Դերենիկ Գ.-ի կյանքին սպառնացող այդպիսի վտանգը:
59. Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա Դատարանի կարծիքով անհրաժեշտ էր տեղեկացնել խոցելիության կոնկրետ աստիճանի մասին, որպեսզի ուսուցչին խիստ պահանջ ներկայացվեր դասարանը որևէ պահի և որևէ պարագայում առանց ուշադրության չթողնելու մասին: Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է Կայակի գործում արտահայտած իր այն դիրքորոշումը (վերևում հիշատակված, § 60), համաձայն որի՝ թեև ուսումնական հաստատությունը սկզբունքորեն պարտավոր է վերահսկել աշակերտներին իր հսկողության ներքո գտնվելու ընթացքում, այնուամենայնիվ, չի կարելի ակնկալել ուսուցչական կազմի անդամներից, որ կապահովեն յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ մշտական հսկողություն՝ անհապաղ արձագանքելու ցանկացած անկանխատեսելի վարքագծի դրսևորման: Դատարանը լիովին գիտակցում է այն վտանգների շրջանակը, որոնց կարող են ենթարկվել երեխաները, և դպրոցի տնօրինության՝ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու առաջնային պարտականությունը, այն է՝ ապահովել աշակերտների անվտանգությունն ու պաշտպանել նրանց բռնության այն բոլոր ձևերից, որոնց նրանք կարող են ենթարկվել դպրոցի հսկողության տակ գտնվելու ընթացքում (տե՛ս, օրինակ՝ վերևում հիշատակված Կայակի գործը): Այնուամենայնիվ, չկա որևէ հիմք ենթադրելու, որ դեպքի օրը եղել է դասղեկի կողմից հատուկ ուշադրությունը կամ միջոցներ ձեռնարկելը երաշխավորող որևէ գործոն (համեմատի՛ր և հակադրի՛ր երկուսն էլ, վերևում հիշատակված՝ Կայակի, §§ 61-62, ու Իլբեյի Քեմալօղլուի և Մերիյե Քեմալօղլուի գործերը, § 41), քանի որ, ինչպես արդեն նշվել է, նա տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առողջական վիճակի հետ կապված առանձնահատուկ խոցելիության մասին (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը): Նույն կերպ չկա որևէ հիմք ենթադրելու, որ Դերենիկ Գ.-ի դասարանում աշակերտների միջև բռնության որևէ դեպք նախկինում տեղի էր ունեցել: Այս հանգամանքներում Դատարանը դժվարանում է պնդել, որ ընդամենը դասասենյակից բացակայելով՝ դասղեկը, կարելի է ասել, ռիսկի է ենթարկել Դերենիկ Գ.-ի անվտանգությունը՝ դրանով իսկ ստանձնելով դպրոցի տնօրինության պատասխանատվությունը՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի:
60. Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա Դատարանը նշում է, որ այն արդեն եկել է այն եզրակացության, որ սույն գործում չի հաստատվել այն փաստը, որ դպրոցի տնօրինությունը գիտեր կամ պետք է իմանար վերաբերելի ժամանակահատվածում Դերենիկ Գ.-ի կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայության մասին: Հետևաբար չկա Դատարանի կողմից Օսմանի թեստի երկրորդ մասը գնահատելու որևէ անհրաժեշտություն (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը), այն է՝ արդյո՞ք դպրոցի տնօրինությունը ձեռնարկել էր այն միջոցները, որոնք ողջամտորեն կարելի էր նրանցից ակնկալել (տե՛ս Ռազնատովիչն ընդդեմ Մոնտենեգրոյի [Ražnatović v. Montenegro], թիվ 14742/18, §§ 43-44, 2021 թվականի սեպտեմբերի 2):
61. Այս պատճառաբանությամբ Դատարանը համարում է, որ Դատարան ներկայացված ապացույցներում չկան բավարար տարրեր եզրակացնելու, որ դպրոցի տնօրինությունը չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունը, այն է՝ ապահովել Դերենիկ Գ.-ի կյանքի պաշտպանության անհրաժեշտ չափանիշը:
Հետևաբար Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում տեղի չի ունեցել։
ii) Դատական համակարգի արձագանքի ենթադրյալ անարդյունավետությունը
62. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուները Դերենիկ Գ.-ի մահվան կապակցությամբ օգտվել են միայն քրեաիրավական պաշտպանության միջոցներից։ Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի պնդել, թե դիմումատուների համար հասանելի են եղել քրեաիրավական միջոցներից բացի իրավական պաշտպանության այլ արդյունավետ միջոցներ: Դատարանի նախադեպային իրավունքում ներկայացված ընդհանուր դիրքորոշումն այն է, որ քննության ձևը, որը կնպաստի 2-րդ հոդվածի նպատակների իրագործմանը, կարող է տարբեր լինել՝ կախված հանգամանքներից (տե՛ս Ռիբչևան և այլք ընդդեմ Բուլղարիայի [Ribcheva and Others v. Bulgaria], թիվ 37801/16 և 2 այլ վճիռներ, § 139, 2021 թվականի մարտի 30): Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով սույն գործի հանգամանքները՝ քրեական գործով արդյունավետ քննության իրականացումը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար սկզբունքորեն պատշաճ միջոց է եղել: Որպեսզի նման քննությունն արդյունավետ համարվի, այն պետք է ունենա անկախության, անհապաղության, ողջամիտ արագությամբ իրականացման, համարժեքության, համապարփակության, օբյեկտիվության և մերձավորների բավարար ներգրավվածության հատկանիշներ (նույն տեղում):
63. Դատարանը նշում է, որ դեպքի օրը՝ 2010 թվականի հունիսի 5-ին, ոստիկանության կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննության անցկացում՝ Դերենիկ Գ.-ի մահվան պատճառը պարզելու նպատակով (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Սակայն միայն 2010 թվականի հուլիսի 21-ին (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)՝ դպրոցում տեղի ունեցած դեպքից մեկուկես ամիս անց (տե՛ս վերևում՝ 6-10-րդ պարբերությունները) են քննչական մարմինները հարուցել քրեական վարույթ: Նույնիսկ այդ ժամանակ քրեական վարույթը հարուցվել է առաջին դիմումատուի՝ Գլխավոր դատախազին ուղղված հարցումից հետո (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը) և միայն տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ: Դատարանի կարծիքով՝ դա անխուսափելիորեն նեղացրել է քննության շրջանակը՝ այն ուղղորդելով միայն դեպի ծեծկռտուքի դեպքը՝ առանց պահանջելու պատշաճ կերպով ուսումնասիրել Դերենիկ Գ.-ի մահվանը հանգեցրած իրադարձությունների ողջ շղթան, այդ թվում՝ դպրոցի տնօրինության կողմից միջադեպի համար պատասխանատվություն կրելու ավելի լայն հարցը: Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ թեև քրեական գործի վարույթը դադարեցնելու մասին որոշումները հակիրճ անդրադարձել են դպրոցի տնօրինության հնարավոր պատասխանատվությանն առնչվող հարցերին, սակայն դա արվել է բավականին մակերեսային ձևով և հղում կատարելով Կրթության պետական տեսչության պետի հասարակ գրությանը, որը Կրթության նախարարությանը կից գործող վերահսկողության մարմին է, որը պատասխանատու է ուսումնական հաստատությունների՝ հանրակրթության ոլորտում իրավական դրույթներին համապատասխանությունը վերահսկելու համար (տե՛ս վերևում՝ 23-րդ, 24-րդ և 32-րդ պարբերությունները):
64. Ավելին, Դատարան ներկայացված նյութերում չկա որևէ նշում այն մասին, որ քննչական մարմինները դեպքի վայրում ապացույցներ են հավաքել և ժամանակին հարցաքննել են վկաներին՝ Դերենիկ Գ.-ի մահվան հանգամանքները պարզելու համար։ Թեև Կառավարությունը պնդել է, որ քննիչն իրականացրել է դեպքի վայրի զննություն (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը), սակայն այդ փաստը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։ Ավելին, դպրոցի անձնակազմի երկու անդամների գրավոր բացատրություններից (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) երևում է, որ նրանց բացատրությունները տրվել են 2010 թվականի հունիսի 12-ին՝ դեպքից մեկ շաբաթ անց։ Նույն կերպ չկա որևէ նշում այն մասին, որ քննչական մարմինները նախքան քրեական վարույթ հարուցելն իրականացրել են որևէ այլ քննչական միջոցառում։
65. Դատարանը նաև նշում է, որ միայն Դերենիկ Գ.-ի ծնողների կողմից նրա դասընկերներին հարցաքննելու միջոցով իրականացված իրենց անձնական քննությամբ է պարզվել, որ դասասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Դերենիկ Գ.-ն Ի.Հ.-ի և Վ.Հ.-ի կողմից է ծեծի ենթարկվել (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը): Անգամ այդ ժամանակ՝ 2010 թվականի հոկտեմբերի 8-ին, ստանալով այդ հայտարարությունների համապատասխան ձայնագրությունները, քննիչը դիմել է Կրթության պետական տեսչությանը գրեթե մեկ ամիս անց՝ 2010 թվականի նոյեմբերի 3-ին, դեպքի հանգամանքները քննելու խնդրանքով (տե՛ս վերևում՝ 21-րդ և 22-րդ պարբերությունները): Դատարանն այս առնչությամբ նշում է, որ քննչական մարմինն արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից քննադատվել է՝ դպրոցի տնօրինության գործողություններին ինքնուրույն գնահատական տալու փոխարեն հարցը Կրթության պետական տեսչությանն ուղղելու համար (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Այդ ժամանակ դեռևս քննությունը շարունակվել է միայն ծեծկռտուքի դեպքի առնչությամբ (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը): Արդյունքում, գալով այն եզրահանգման, որ Ի.Հ.-ն և Վ.Հ.-ն ենթակա չէին քրեական հետապնդման, քննչական մարմինը 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման մեջ հակիրճ նշել է, որ դպրոցի տնօրինությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել տվյալ դեպքի համար, քանի որ տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առողջական վիճակի մասին (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը):
66. Այնուամենայնիվ, ոչինչ չի վկայում այն մասին, որ քննչական մարմինը երբևէ քննել է այն հարցը, թե արդյոք դպրոցի տնօրինությունը պատշաճ կերպով կատարել է աշակերտների՝ իր վերահսկողության և հսկողության տակ գտնվելու ընթացքում նրանց մասին հոգ տանելու իր պարտականությունը, որպեսզի խուսափեր այնպիսի միջադեպից, ինչպիսին էր Դերենիկ Գ.-ի՝ բռնության ենթարկվելը։ Ոչ էլ քննության ընթացքում անդրադարձ էր կատարվել նաև դեպքի օրը դպրոցում բժշկական օգնության հասանելիության հարցին՝ ներառյալ այն հարցին, թե արդյոք տղայի մահը հնարավոր կլիներ կանխել, եթե նրան բժշկական օգնություն ցուցաբերվեր, կամ էլ անդրադարձ չէր կատարվել այդպիսի օգնության տեսակին ու ժամանակին՝ չնայած այն հանգամանքին, որ Մարզային դատարանը երկու անգամ քննչական մարմնի ուշադրությունը հրավիրել էր տվյալ հարցի վրա (տե՛ս վերևում՝ 27-րդ և 35-րդ պարբերությունները): Միևնույն ժամանակ, 2012 թվականի ապրիլի 3-ի իր որոշմամբ Վերաքննիչ դատարանը պատրաստակամորեն ընդունել է մեղադրող կողմի փաստարկը, որը ներկայացրել էր Մարզային դատարանի 2012 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ իր այն բողոքում, որ դեպքի օրը դպրոցի բժիշկը բացակայել է դպրոցից մեկ այլ դպրոցում հերթապահելու պատճառով՝ առանց քննելու այն հարցը, թե արդյոք դեպքի օրը բժշկական օգնության անհասանելիության հետևանքով վատթարացել էր Դերենիկ Գ.-ի առողջական վիճակը, թե՝ ոչ (տե՛ս վերևում՝ 36-րդ, 37-րդ և 60-րդ պարբերությունները): Այդ հանգամանքներում Դատարանը գտնում է, որ քննությամբ չի բավարարվել համապարփակության պահանջը (տե՛ս վերևում՝ 62-րդ պարբերությունը):
67. Հաշվի առնելով վերը նշված լուրջ բացթողումներն ու թերությունները՝ Դատարանը գտնում է, որ Դերենիկ Գ.-ի մահվան պատճառ դարձած՝ դպրոցում տեղի ունեցած դեպքի հանգամանքների քննությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Հաշվի առնելով այդ եզրակացությունը՝ Դատարանը ավելորդ է համարում քննել այն հարցը, թե արդյոք քննության մյուս ասպեկտները համապատասխանել են Կոնվենցիայի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia], թիվ 32631/09 և 53799/12, § 272, 2019 թվականի օգոստոսի 27, և Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia], թիվ 3673/11, § 101, 2020 թվականի մայիսի 7)։
68. Հետևաբար տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
69. Դիմումատուները բողոքել են, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առնչությամբ իրենց տրամադրության տակ չեն ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցներ։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 13–րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
70. Իրենց գանգատում դիմումատուներն ի սկզբանե բողոք էին ներկայացրել այն մասին, որ ներպետական մարմինները չէին իրականացրել արդյունավետ քննություն Դերենիկ Գ.-ի մահվան հանգամանքների առնչությամբ: Կառավարության դիտարկումներին ի պատասխան 2016 թվականի փետրվարի 12-ին իրենց կողմից ներկայացված դիտարկումներում նրանք, վկայակոչելով միևնույն դրույթը, բողոքել են, որ Հայաստանի իրավունքով չի սահմանվում իրենց համար որևէ իրավական հնարավորություն, որը թույլ կտար պահանջել վնասի փոխհատուցում այնպիսի իրավիճակում, երբ ոչ ոք պատասխանատվություն չի կրում մահվան համար՝ չնայած այն հանգամանքին, որ Դերենիկ Գ.-ն մահացել էր դպրոցի տնօրինության հսկողության տակ գտնվելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։
71. Կառավարությունը վիճարկել է դիմումատուների՝ քննության անարդյունավետությանն առնչվող փաստարկները։ Ինչ վերաբերում է փոխհատուցում պահանջելու իրավական հիմքերի բացակայության վերաբերյալ բողոքին, ապա Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները Դատարան ներկայացրած իրենց նախնական գանգատում նման բողոք չեն ներկայացրել:
72. Դատարանը նշում է, որ դիմումատուների բողոքն այնքանով, որքանով այն վերահաստատում է նրանց բողոքն այն մասին, որ ներպետական մարմինները չեն իրականացրել արդյունավետ քննություն Դերենիկ Գ.-ի մահվան առնչությամբ, կապված է վերևում քննարկված բողոքների հետ և հետևաբար պետք է հայտարարվի ընդունելի:
73. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետին առնչվող եզրակացությունները (տե՛ս վերևում՝ 67-րդ և 68-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա քննելու այն հարցը, թե արդյոք տվյալ դեպքում տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, § 161, 2016 թվականի նոյեմբերի 24, և վերևում հիշատակված՝ Անահիտ Մկրտչյանի գործը, § 105):
74. Ինչ վերաբերում է դիմումատուների կողմից ներկայացված այն բողոքին, որ Հայաստանի իրավունքով չեն սահմանվում իրավական հիմքեր, որոնք թույլ կտան պահանջել ընտանիքի անդամի մահվան հետևանքով կրած վնասի փոխհատուցում, ապա, հաշվի առնելով դիմումատուների կողմից իրենց գանգատում ներկայացված նախնական պնդումները (տե՛ս վերևում՝ 70-րդ պարբերությունը), Դատարանը համարում է, որ դա հավասարազոր է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն նոր և հստակ բողոք ներկայացնելուն (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռադոմիլյայի և այլոց գործը, § 135): Թեև ոչինչ չի խոչընդոտում դիմումատուի կողմից Դատարանում իրականացվող վարույթի ընթացքում նոր բողոք ներկայացնելուն, այնուամենայնիվ, այդպիսի բողոքը, ինչպես ցանկացած այլ բողոք, պետք է համապատասխանի ընդունելիության պահանջներին (նույն տեղում):
75. Դատարանը նշում է, որ սույն գործով ներպետական վարույթն ավարտվել է 2012 թվականի հունիսի 8-ին (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերևում, դիմումատուներն այս բողոքը ներկայացրել են ավելի ուշ՝ 2016 թվականի փետրվարի 12-ի իրենց դիտարկումներում (տե՛ս վերևում՝ 70-րդ պարբերությունը), այն է՝ վերջնական ներպետական որոշումն ընդունելու օրվանից հետո վեցամսյա ժամկետից ուշ։
76. Թեև վեցամսյա ժամկետի կանոնի պահպանման մասով անընդունելիության վերաբերյալ հայտարարություն Կառավարությունն իր դիտարկումներում չի ներկայացրել (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը), Դատարանը կրկնում է, որ այն դեմ է վերացնել վեցամսյա ժամկետի կանոնի կիրառումը միայն այն պատճառով, որ Կառավարությունը չի ներկայացրել նախնական առարկություն այդ առնչությամբ (տե՛ս, օրինակ՝ Սաբրի Գյունեզն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Sabri Güneş v. Turkey [GC]], թիվ 27396/06, §§ 28-31, 2012 թվականի հունիսի 29):
77. Վերոգրյալից հետևում է, որ դիմումատուների կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքն այնքանով, որքանով այն վերաբերում է նրանց նոր փաստարկին այն մասին, որ հնարավոր չէր փոխհատուցում պահանջել Դերենիկ Գ.-ի՝ դպրոցի տնօրինության հսկողության տակ գտնվելու ընթացքում վրա հասած մահվան համար, անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վեցամսյա ժամկետի կանոնին չհամապատասխանելու համար, և այն, հետևաբար, պետք է մերժվի՝ համաձայն 35-րդ հոդվածի 4-րդ կետի:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
78. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
79. Դիմումատուները ոչ նյութական վնասի դիմաց պահանջել են 50 000 եվրո։
80. Կառավարությունը վիճարկել է նրանց պահանջը։
81. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով գործի առանձնահատուկ հանգամանքները, դիմումատուներին միասին շնորհում է 24 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
82. Դիմումատուներին իրավաբանական օգնություն է տրամադրվել Դատարանի կողմից, և նրանք չեն փորձել փոխհատուցում ստանալ լրացուցիչ ծախսերի կամ ծախքերի համար: Հետևաբար Դատարանն այս մասով ոչինչ չի շնորհում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
83. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Միաձայն հայտարարում է Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների համաձայն Դերենիկ Գ.-ի մահվան և նրա մահվան առնչությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու մասով ներկայացված բողոքներն ընդունելի, իսկ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն դիմումատուների՝ փոխհատուցում պահանջելու հնարավորության բացակայության վերաբերյալ ներկայացված բողոքը՝ անընդունելի.
2. Վճռում է ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում տեղի չի ունեցել
3. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում.
4. Միաձայն վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն Դերենիկ Գ.-ի մահվան առնչությամբ արդյունավետ քննության ենթադրյալ չիրականացման վերաբերյալ ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.
5. Միաձայն վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին միասին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 24 000 եվրո (քսանչորս հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Միաձայն մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Անդրեա Տամիետտի |
Յոնկո Գրոզև |
Քարտուղար |
Նախագահ |
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում է դատավոր Հարությունյանի և դատավոր Պաստոր Վիլանովայի համատեղ առանձին կարծիքը։
Յ.Գ.Ռ.
Ա.Ն.Տ.
ԴԱՏԱՎՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐ ՊԱՍՏՈՐ ՎԻԼԱՆՈՎԱՅԻ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՐԾԻՔԸ
Գործը վերաբերում է ուսուցչի կողմից երեխաներին դասասենյակում առանց հսկողության թողնելու ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ երիտասարդ դպրոցականի՝ իր դասընկերների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով վրա հասած ողբերգական մահվան դեպքին: Դիմումատուները պնդել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտում:
Ստորև ներկայացված պատճառներով ես ամենայն հարգանքով չեմ համաձայնում մեծամասնության այն եզրահանգման հետ, որ սույն գործի շրջանակներում տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:
Թեև կան մի շարք փաստեր, որոնք դեռևս անհայտ են մնում՝ կապված ներպետական մարմինների կողմից Դերենիկ Գ.-ի մահվանն առնչվող հանգամանքները պատշաճ կերպով քննելու իրենց պարտականությունը չկատարելու հետ (տե՛ս վճռի 63-66-րդ պարբերությունները), մեզ հայտնի է հետևյալը: Մինչ դասղեկը բացակայել է դասասենյակից, որտեղ աշակերտներին նստեցրել էին քննության համար, Դերենիկ Գ.-ն ենթարկվել է բռնության։ Նա այնքան մոտ չի գտնվել, որ լսեր դասասենյակից լսվող աղմուկը, և միայն պահակն է եղել, որն առաջինը հայտնաբերել է, թե ինչ է տեղի ունենում: Ինչպես այնուհետև հաստատվել է դատաբժշկական փորձագետների կողմից, Դերենիկ Գ.-ն այդ օրն էպիլեպտիկ նոպա է ունեցել։ Ավելին, նրա մահը վրա է հասել հավանաբար ծեծի և նրա հուզական ու հոգեբանական վիճակի հետ կապված էպիլեպտիկ նոպայի պատճառով առաջացած սուր շնչառական անբավարարության և սրտի ֆունկցիայի խանգարման հետևանքով: Հաստատվել է նաև, որ երեխան բութ առարկայով մի քանի հարված է ստացել քունքին։ Ուսուցչի ներկայությամբ դա հավանաբար տեղի չէր ունենա։ Վերջապես, դպրոցի տարածքում հասանելի չի եղել որևէ բուժքույր կամ բժիշկ՝ Դերենիկ Գ.-ին բուժօգնություն ցուցաբերելու համար (տե՛ս վճռի 7-9-րդ, 13-րդ և 30-րդ պարբերությունները):
Մեծամասնության գնահատականում հաշվի է առնվել այն փաստը, թե արդյոք տվյալ պահին դպրոցի տնօրինությունը գիտեր կամ պետք է իմանար, որ Դերենիկ Գ.-ի կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգ է եղել (այսպես կոչված «Օսմանի թեստը». տե՛ս Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Osman v. the United Kingdom], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 116, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VIII). մի հարց, որին նրանք բացասական պատասխան են տվել՝ հիմնվելով հայտնի փաստերի վրա: Մասնավորապես, հաշվի առնելով այն փաստը, որ դպրոցի տնօրինությունը տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առողջության հետ կապված առանձնահատուկ խոցելիության մասին, մեծամասնությունը եզրակացրել է, որ Օսմանի թեստի առաջին հայեցակետը, այն է՝ ռիսկի գնահատումը, չի բավարարվել, և հետևաբար անհրաժեշտություն չի եղել քննելու, թե արդյոք պետք է ձեռնարկվեր որևէ կանխարգելիչ միջոցառում: Սակայն, իմ կարծիքով, սույն գործը հարմար չէր այդ խիստ թեստի կիրառման համար՝ հաշվի առնելով գործի կոնկրետ համատեքստը, այսինքն՝ հաշվի առնելով դպրոցի տնօրինության՝ աշակերտների, մասնավորապես՝ հատկապես խոցելի և իր բացառիկ հսկողության ներքո գտնվող փոքր երեխաների առողջության և բարեկեցության պահպանումն ապահովելու պարտավորությունը (տե՛ս Իլբեյի Քեմալօղլուն և Մերիյե Քեմալօղլուն ընդդեմ Թուրքիայի [Ilbeyi Kemaloğlu and Meriye Kemaloğlu v. Turkey], թիվ 19986/06, § 35, 2012 թվականի ապրիլի 10), այդ թվում՝ առաջնային պարտականությունը, ինչպես սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքով, վերահսկողության միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու աշակերտների անվտանգությունը և պաշտպանելու նրանց բռնության բոլոր ձևերից, որոնց նրանք կարող են ենթարկվել տնօրինության հսկողության տակ գտնվելու ընթացքում (տե՛ս Կայակն ընդդեմ Թուրքիայի [Kayak v. Turkey], թիվ 60444/08, § 59, 2012 թվականի հուլիսի 10):
Մեծամասնությունը հիմնականում կենտրոնացել է Դերենիկ Գ.-ի կյանքին սպառնացող վտանգի կանխատեսելիության վրա և հաշվի չի առել ուսումնական հաստատության առաջնային պարտականությունը, այն է՝ կատարել իր բացարձակ հսկողության տակ գտնվող երեխաների պատշաճ հսկողությունն իրականացնելու իր առաջնահերթ պարտականությունը: Այդ պարտականության կատարումն այդքան փոքր տարիքի երեխաների դեպքում էլ ավելի մեծ աչալրջություն է պահանջում (համեմատի՛ր և հակադրի՛ր Էրջանքանն ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Ercankan v. Turkey (dec.)], թիվ 44312/12, § 51, 2018 թվականի մայիսի 15): Ես գտնում եմ, որ սույն գործի հանգամանքներում, երբ դեպքը տեղի է ունեցել դասասենյակի ներսում դասի ժամանակ, ողջամտորեն կարելի էր ակնկալել, որ տվյալ առարկայի ուսուցիչը ներկա կլիներ դասասենյակում՝ վերահսկելու աշակերտներին կամ համոզվելու, որ հեռանալու անհրաժեշտության դեպքում նրանք մի քանի վայրկյանից ավելի չէին մնա առանց հսկողության:
Ուստի համարում եմ, որ հաշվի առնելով Դերենիկ Գ.-ի և նրա դասընկերների համեմատաբար երիտասարդ տարիքը (մոտ տասը տարեկան)՝ նրանց դասասենյակում առանց հսկողության թողնելն ինքնին նրանց կարող էր ենթարկել նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգի, քանի որ նրանց վարքագիծն այդ տարիքում կարող էր անկանխատեսելի լինել:
Թեև չի վիճարկվում այն փաստը, որ չի որոշվել ուսուցչուհու՝ դասասենյակից բացակայելու ժամանակահատվածը, սակայն ես հատկապես խնդրահարույց եմ համարում այն փաստը, որ նա հեռացել է դասասենյակից բավականին երկար ժամանակով, որի ընթացքում երեխաների միջև կարող էր ծեծկռտուք սկսվել, ինչի հետևանքով էլ ցանկացած երեխա կարող էր ենթարկվել բռնության՝ անկախ այն հանգամանքից՝ ուներ նա կոնկրետ առողջական խնդիրներ, թե՝ ոչ: Մասնավորապես ոչինչ հիմք չի տալիս ենթադրելու, որ ուսուցչուհին դասասենյակից հեռացել է կարևոր պատճառով: Եթե մահը սովորաբար անկանխատեսելի է լինում, դասասենյակում տեղի ունեցող ծեծկռտուքը կամ դժբախտ պատահարը՝ ոչ:
Ինչ վերաբերում է դեպքի օրը Դերենիկ Գ.-ին բժշկական օգնություն չցուցաբերելու հարցին, ապա նշեմ, որ իրականում չի պարզվել, թե արդյոք Դերենիկ Գ.-ի կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե նրան ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերվեր որակավորված բուժաշխատողի կողմից։ Թեև, իմ կարծիքով, աշակերտների ապահովության ու անվտանգության պահպանման պարտականությունը ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես բուժանձնակազմի մշտական ներկայություն դպրոցի տարածքում, սակայն նշեմ, որ ներպետական իրավունքի համաձայն՝ դպրոցը, ըստ էության, ունի աշակերտների առողջությունը պահպանելու նպատակով նրանց համար հասանելի բժշկական օգնության ապահովման պարտականություն (տե՛ս վճռի 41-րդ պարբերությունը): Փոխարենը պահակը, այնուհետև դպրոցի ուսուցիչներն են փորձել օգնել ուշքի բերել Դերենիկ Գ.-ին՝ ապտակելով նրա դեմքին, արհեստական շնչառություն կատարելով, վրան ջուր ցողելով և փորձելով լեզուն դուրս հանել բերանից։ Ամեն դեպքում Կառավարության կողմից չի վիճարկվել այն հարցը, որ դպրոցի տնօրինությունը նման պարտականություն ունի։ Նրանք նաև չեն վիճարկել այն հարցը, թե արդյոք անձնակազմի համապատասխան անդամներն անհրաժեշտ պատրաստվածություն են ունեցել շտապ առաջին օգնություն ցուցաբերելու համար:
Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ սույն գործի կոնկրետ հանգամանքներում պատշաճ կերպով չի կատարվել դպրոցի խնամքի տակ գտնվող աշակերտների նկատմամբ հսկողության իրականացման պարտականությունը։ Դպրոցի տնօրինությունը չի ցուցաբերել անհրաժեշտ մակարդակի աչալրջություն՝ դասաժամի ընթացքում բռնության դեպքը կանխելու համար, և չի կատարել բժշկական օգնություն ցուցաբերելու իր պարտականությունը: Ուստի դպրոցի տնօրինությունը չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված իր դրական պարտավորությունները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|