ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2018 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին և 313-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 15-րդ կետի 42-րդ ենթակետի քսաներորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ապրանքների հայտարարագրի գրանցման համարը՝ առավել վաղ ներմուծված նույնական ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մաքսային արժեքի հսկողության առանձնահատկությունների մասին» հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված դեպքում».
բ) 43-րդ կետի 4-րդ ենթակետի քսանութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«տարր 6՝ նշվում է այն ժամկետի ավարտի ամսաթիվը, որի ընթացքում հայտարարատուն պետք է մաքսային մարմին ներկայացնի ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` մաքսային մարմնի կողմից հայտարարատուից հարցված փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ:»:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 283 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը` ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի հիման վրա որոշելու մեթոդը (մեթոդ 1) կիրառելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 14–րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության իրականացման ընթացքում մաքսային մարմնի կողմից չեն հայտնաբերվում փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա՝ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության հատկանիշներ, որոնք հիմք են` ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքն անընդունելի համարելու համար, ապա ապրանքների մաքսային արժեքի սխալ որոշման այլ հատկանիշների բացակայության պարագայում գործարքի արժեքն ընդունվում է որպես ապրանքների մաքսային արժեք:».
բ) 15-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակության պարբերությամբ՝
«15. Եթե մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության իրականացման ընթացքում մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա՝ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության հատկանիշներ, և վաճառքին զուգորդված հանգամանքներն արտացոլող՝ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները չեն վերացնում այդպիսի հայտնաբերված հատկանիշները, ապա հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) իրավունք ունի ներկայացնելու փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք հաստատում են, որ ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքը մոտ է ստուգիչ մեծություններից մեկին:».
գ) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
4. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգերի մասին» թիվ 376 որոշման 1-ին կետի երրորդ և չորրորդ պարբերությունները.
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԿ 16.10.18 թիվ 160)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու և Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի» 11-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը, ինչպես նաև նշված որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 2-րդ կետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 38 որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 9-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 139 որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 2-րդ կետը.
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 16.10.18 թիվ 160)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունների մասին
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում են այն ապրանքների՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (այսուհետ՝ համապատասխանաբար՝ ապրանքների մաքսային արժեքի հսկողություն, ներմուծվող ապրանքներ)։
2. Սույն Հիմնադրույթը կիրառվում է ինչպես նախքան ներմուծվող ապրանքների բացթողումը, այնպես էլ դրանից հետո սկսված՝ ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս։
Սույն Հիմնադրույթի 6-րդ կետի պահանջները կիրառվում են ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս, որն սկսվել է նախքան այդ ապրանքների բացթողումը, իսկ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բաց թողնված ապրանքների առնչությամբ՝ ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս, որն սկսվել է նախքան մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթուղթը հայտարարատուին ուղարկելը կամ նախքան թղթային կրիչով ներկայացված ապրանքների հայտարարագրի և (կամ) առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա համապատասխան նշումներ կատարելը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 120-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան։
3. Ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս կիրառվում է մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տեղեկատվությունը, որն առավելագույնս համադրելի է ներմուծվող ապրանքների առնչությամբ առկա տեղեկությունների հետ՝ ներառյալ ուսումնասիրվող գործարքի պայմանների և հանգամանքների, ներմուծվող ապրանքների ֆիզիկական բնութագրերի, որակի ու համբավի մասին տեղեկությունները, այդ թվում՝ հետևյալի մասին.
ա) նույնական, համանման ապրանքների, միևնույն դասի կամ տեսակի ապրանքների հետ կատարվող գործարքների մասին տեղեկատվությունը, որն ստացվել է նաև մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների օգտագործմամբ,
բ) բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների մասին տեղեկատվությունը, գնային կատալոգներից ստացված տեղեկությունները։
4. Սույն Հիմնադրույթի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը մաքսային մարմինը կարող է ստանալ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ երրորդ երկրներում գտնվող պետական ներկայացուցչություններից (առևտրային ներկայացուցչություններից) (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), անդամ պետությունների պետական մարմիններից, կազմակերպություններից, այդ թվում՝ մասնագիտական միավորումներից (ընկերակցություններից), տրանսպորտային և ապահովագրական ընկերություններից, ներմուծվող, նույնական, համանման ապրանքների մատակարարներից ու արտադրողներից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված ցանկացած եղանակով, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի օգտագործմամբ։
5. Ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս, այդ թվում՝ դրանց բացթողումից հետո, ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի որոշելու հատկանիշներ են համարվում, մասնավորապես` հետևյալ հանգամանքները՝
ա) ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի վրա ազդեցություն ունեցող և մեկ փաստաթղթում պարունակվող տեղեկությունների՝
նույն փաստաթղթում պարունակվող այլ տեղեկությունների հետ անհամապատասխանությունը հայտնաբերելը, ինչպես նաև՝ այլ փաստաթղթերում, այդ թվում՝ ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հետ անհամապատասխանությունը, անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից և (կամ) անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների և (կամ) ստուգում իրականացնելու պահի դրությամբ մաքսային մարմնի տրամադրության տակ եղած այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ անհամապատասխանությունը, մաքսային կարգավորման ոլորտում Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ այլ եղանակներով ստացված տեղեկությունների հետ անհամապատասխանությունը հայտնաբերելը.
բ) նույնական կամ համանման ապրանքների գնի համեմատությամբ՝ ներմուծվող ապրանքների ավելի ցածր գին հայտնաբերելը՝ դրանց ներմուծման համադրելի պայմանների դեպքում.
գ) նույնական կամ համանման ապրանքների գնի համեմատությամբ՝ ներմուծվող ապրանքների ավելի ցածր գին հայտնաբերելը, որը որոշվել է բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների, աճուրդների գների մասին տեղեկատվությանը, գնային կատալոգներից ստացված տեղեկատվությանը համապատասխան.
դ) այն բաղադրիչների (այդ թվում՝ հումքային) գնի համեմատությամբ ներմուծվող ապրանքների ավելի ցածր գին հայտնաբերելը, որոնցից արտադրված (կազմված) են ներմուծվող ապրանքները.
ե) ներմուծվող ապրանքների վաճառողի և գնորդի փոխկապակցվածության առկայությունը՝ զուգորդված ներմուծվող ապրանքների ավելի ցածր գնի հետ՝ նույնական կամ համանման այն ապրանքների գնի համեմատությամբ, որոնց վաճառքն ու գնումն իրականացվել են անկախ վաճառողի և գնորդի կողմից.
զ) այն հիմքերի առկայությունը, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի կառուցվածքը չի պահպանվել (օրինակ՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չեն ավելացվել կամ ամբողջ ծավալով չեն ավելացվել մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և նմանատիպ այլ վճարներ, ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը, ապահովագրական ծախսերը և նմ.)։
6. Սույն Հիմնադրույթի 5-րդ կետում նշված հանգամանքները չեն դիտարկվում որպես ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի ոչ հավաստի որոշման հատկանիշներ այն դեպքում, երբ այդ ապրանքները ներմուծվում են արտաքին տնտեսական այն պայմանագրի շրջանակներում, որին համապատասխան ավելի վաղ ներմուծվել են դրանց հետ նույնական ապրանքներ՝ միաժամանակ պահպանելով հետևյալ պայմանները՝
ա) ներմուծվող ապրանքները և ավելի վաղ ներմուծված ապրանքները նույնական են, ներմուծվել են գործարքի անփոփոխ պայմաններով մեկ արտաքին տնտեսական պայմանագրի շրջանակներում (այդ թվում՝ ապրանքների գնի և դրանց մատակարարման պայմանների մասով).
բ) ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս հայտնաբերվել են սույն Հիմնադրույթի 5-րդ կետում նշված նույն հանգամանքները, ինչ ավելի վաղ ներմուծված նույնական ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս.
գ) ավելի վաղ ներմուծված նույնական ապրանքների մասով՝
ապրանքների մաքսային արժեքը որոշվել է ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի հիման վրա ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդով (մեթոդ 1).
ապրանքների մաքսային արժեքի հսկողության արդյունքներով հաստատվել են ստուգվող տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը.
դ) ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է այն մաքսատան գործունեության շրջանում, որի գործունեության շրջանում իրականացվել է ավելի վաղ ներմուծված նույնական ապրանքների մաքսային հայտարարագրումը.
ե) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի վերաբերյալ» հրահանգին համապատասխան ներմուծվող ապրանքների մասով ապրանքների հայտարարագրում հայտագրված է սույն կետում նշված պայմաններին համապատասխանող՝ ավելի վաղ ներմուծված նույնական ապրանքների մասով ապրանքների հայտարարագրի գրանցման համարը:
զ) ավելի վաղ ներմուծված նույնական ապրանքների բացթողման ամսաթվից, իսկ եթե նույնական ապրանքները բաց են թողնվել Օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան, ապա մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտելու և մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման վերադարձի (հաշվանցման) հնարավորության մասին տեղեկատվությունը, Օրենսգրքի 325-րդ հոդվածի 19-րդ կետին համապատասխան, հայտարարատուին ուղարկելու ամսաթվից մինչև ներմուծվող ապրանքների մասով ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթիվն ընկած ժամկետը չի գերազանցում ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ որոշվող ժամկետը (սակայն ոչ ավելի, քան 180 օրացուցային օրը):
7. Ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ կետին և 326-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, մաքսային մարմնի կողմից հայտարարատուից հարցվող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների ցանկը սահմանվում է՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի որոշելու հայտնաբերված հատկանիշները, ինչպես նաև գործարքի պայմաններն ու հանգամանքները, ներմուծվող ապրանքների ֆիզիկական բնութագրերը, որակը և համբավը:
Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների հարցումը պետք է լինի հիմնավորված և պետք է պարունակի այն հատկանիշների ցանկը, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունները և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները պատշաճորեն չեն հաստատվել կամ կարող են լինել ոչ հավաստի, հարցվող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը, ինչպես նաև այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, այդ թվում՝ գրավոր պարզաբանումները ներկայացնելու ժամկետները:
8. Ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության իրականացման ընթացքում մաքսային մարմնի կողմից կարող են հարցվել (պահանջվել) հետևյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները՝ ներառյալ գրավոր պարզաբանումները՝
ա) ներմուծվող ապրանքների արտադրողի գնացուցակներ, նրա կոմերցիոն առաջարկներ.
բ) ներմուծվող, նույնական, համանման ապրանքների, ինչպես նաև նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառողների գնացուցակներ, կոմերցիոն առաջարկներ, օֆերտաներ.
գ) ապրանքների ուղարկման (ծագման, տարանցման) երկրի մաքսային հայտարարագիր, եթե այդպիսի մաքսային հայտարարագրի լրացումը նախատեսված է ապրանքների ուղարկման (ծագման, տարանցման) երկրում.
դ) ներմուծվող ապրանքների դիմաց վճարման մասին փաստաթղթեր.
ե) բեռնառաքման (փաթեթավորման) թերթիկներ.
զ) ներմուծվող, նույնական, համանման ապրանքները հաշվառման ընդունելու մասին հաշվապահական փաստաթղթեր.
է) ներմուծվող ապրանքների արժեքի մասին տեղեկություններ՝ առևտրային նշանների (բրենդների), մոդելների, արտիկուլների կտրվածքով.
ը) պայմանագրեր, որոնց համապատասխան ներմուծվող, նույնական, համանման ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածքում.
թ) վաճառողի կողմից գնորդին զեղչեր տրամադրելու հիմքերի և պայմանների վերաբերյալ պարզաբանումներ.
ժ) փաստաթղթեր և տեղեկություններ՝ ներմուծվող ապրանքների ֆիզիկական և տեխնիկական բնութագրերի, որակի և համբավի, ինչպես նաև ներմուծվող ապրանքների գնի վրա դրանց ազդեցության մասին.
ժա) փաստաթղթեր և տեղեկություններ՝ ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման, ու ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործառնությունների իրականացման մասին.
ժբ) փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք հաստատում են Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումից հետո այնպիսի ապրանքների մասով իրականացվող շինարարության, կառուցման, հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության տրամադրման հետ կապված ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերական տեղակայանքները, մեքենաները կամ սարքավորումները (մոնտաժման և գործարկման-կարգավորման աշխատանքների նախահաշիվ ու ժամանակացույց, կատարված աշխատանքների ակտեր և նմ.).
ժգ) փաստաթղթեր, որոնք հաստատում են վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացակայությունը կամ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի վրա վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը, այդ թվում՝
փաստաթղթեր և տեղեկություններ՝ անդամ պետությունների և երրորդ երկրների կազմակերպությունների՝ վաճառողին և (կամ) գնորդին պատկանող քվեարկող բաժնետոմսերի մասին.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքը՝ դրանք Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառողի հետ փոխկապակցված անձ չհանդիսացող գնորդներին վաճառելու դեպքում.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների՝ հանման մեթոդով (4-րդ մեթոդ) որոշված մաքսային արժեքը.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների՝ գումարման մեթոդով (5-րդ մեթոդ) որոշված մաքսային արժեքը.
այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք բնութագրում են վաճառքին զուգորդող հանգամանքները, այդ թվում՝ գնորդի և վաճառողի կողմից իրենց առևտրային հարաբերությունները կազմակերպելու եղանակը, և այն, թե ինչպես էր սահմանվել ապրանքների գինը.
ժդ) լիցենզիոն պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, բանկային վճարային փաստաթղթեր, ներմուծվող ապրանքներին դասվող մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվապահական և այլ փաստաթղթեր.
ժե) այլ փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում՝ հայտարարատուի կողմից՝ այլ անձանցից՝ ներառյալ ներմուծվող ապրանքների արտադրությանը, փոխադրմանը (տրանսպորտային փոխադրմանը) և իրացմանն առնչվող անձանցից ստացվածները:
9. Մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների հետ միաժամանակ հայտարարատուի կողմից կարող են ներկայացվել այլ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ, ապրանքների հայտարարագրում ներկայացված տեղեկությունների և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության և լիարժեքության հաստատման, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրության և կիրառման ճշտության, ապրանքների մաքսային արժեքի կառուցվածքի և մեծության հաստատման նպատակով:
10. Որպես այն պատճառների բացատրություն, որոնց հիման վրա ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս մաքսային մարմնի կողմից հայտարարատուից հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, դիտարկվում են հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, այդ թվում՝ գրավոր պարզաբանումները, որոնք հաստատում են, որ՝
ա) հարցված փաստաթուղթը բացակայում է կամ չի կիրառվում գործարքի շրջանակներում.
բ) այն անձը, որի մոտ առկա են հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, հրաժարվել է դրանք հայտարարատուին տրամադրելուց կամ հայտարարատուն չի ստացել պատասխան այն անձից, որի մոտ առկա են հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները:
11. Ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման և դրանց կիրառման ճշտության նկատմամբ հսկողության նպատակով ապրանքների մաքսային արժեքը համարվում է ընդունված մաքսային մարմնի կողմից հետևյալ դեպքերում՝
ա) նախքան ապրանքների բացթողումը՝ դրանց մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի որոշելու հատկանիշներ չեն հայտնաբերվել, և այդ ապրանքները մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել՝ պայմանով, որ ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ դրանց մաքսային արժեքի մասին տեղեկությունները չեն փոփոխվել (չեն լրացվել) Օրենսգրքի 112-րդ հոդվածին համապատասխան.
բ) ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են Օրենսգրքի 112-րդ հոդվածին համապատասխան.
գ) ապրանքները բաց են թողնվել Օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան՝ մինչև մաքսային փաստաթղթերի, այդ ապրանքների մաքսային արժեքին առնչվող այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ավարտը, և մաքսային հսկողության արդյունքներով հաստատված են ստուգվող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2022, թիվ 9 | 01.10.2022, թիվ 42 | |
06.04.2021, թիվ 41 | 09.05.2021, թիվ 42 | |
21.05.2019, թիվ 83 | 01.02.2020, թիվ 42 | |
16.10.2018, թիվ 160 | 01.07.2019, թիվ 42 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|