Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-107-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.413
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-112) 1-ին հոդվածը «խրախուսել» բառից հետո լրացնել «ազատ» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն նպատակաուղղված գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

2. Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման նպատակով:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 4. Հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն՝ ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները.

ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.

փոխադարձ փոխարինելի ապրանքներ՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռքբերողը փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.

ապրանքային շուկա` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով.

ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.

ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, երթուղի` օդային, ջրային, ցամաքային և այլն), որի շրջանակներում գնորդի համար տնտեսապես հնարավոր ու նպատակահարմար է ձեռք բերել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները և առկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Հայաստանի Հանրապետության (կամ դրա մի մասի) և այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.

ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) և ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը).

ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.

իրացում` վաճառք, մատակարարում, օտարում, մատուցում, կատարում.

ձեռքբերում` գնում, ստացում, ընդունում.

տնտեսվարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր), իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ.

անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,

- անձն իրավունք ունի նշանակելու կազմակերպության միանձնյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձն իրականացնում է կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,

- նույն կազմակերպության առաջարկությամբ ընտրված նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին կամ նույն կազմակերպությունների առաջարկությամբ ընտրված են մեկից ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին,

- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) կազմակերպությունները իրավունք են ստանում տնօրինելու մեկից ավելի կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

- ֆիզիկական անձը (անձինք) և (կամ) կազմակերպությունը (կազմակերպությունները) ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով տնօրինում են մեկ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը կամ նույն կազմակերպության կողմից առաջարկված անձինք կազմում են կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր.

վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում` թղթակցությունը հասցեատիրոջ գտնվելու, բնակվելու կամ գործունեության վայրի կամ փոստային հասցեով կամ նրա նշած այլ հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված (հանձնված) թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, անկախ այն հանգամանքից, թե ում է այն տրամադրվել: Ոչ ճիշտ հանձնված թղթակցության պատճառով հասցեատիրոջը պատճառված վնասի համար նրա առջև պատասխանատվություն է կրում փոստային կապի ծառայություն մատուցող կազմակերպությունը.

ակտիվի արժեք` հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն ակտիվի հաշվարկվող արժեք.

փայաբաժին՝ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ):

2. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով:

3. Սույն օրենքում նշված մյուս հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:»:

 

Հոդված 4. Օրենքի 2-4-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների կողմից ընդունված որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

ա) իրացման կամ ձեռքբերման խտրական և (կամ) տարբերակված գների սահմանմանը.

բ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված բարձրացում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի բարձրացումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված իջեցում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի իջեցումը:

Սույն ենթակետի իմաստով գնի չհիմնավորված պահպանում է համարվում երկու կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ այդ գնի` մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.

գ) շուկայի բաժանմանը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, իրացնողների կամ ձեռքբերողների խմբերի կամ այլ եղանակով.

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

ե) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը, եթե դրանք նպատակաուղղված են այլ տնտեսվարող սուբյեկտի շուկայից դուրս մղմանը.

զ) մրցույթների կամ աճուրդների պայմանների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).

է) այնպիսի պայմանների առաջարկմանը կամ կիրառմանը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ.

ը) այլ տնտեսվարող սուբյեկտների առևտրի կամ արտադրության արդիականացման կամ զարգացման կամ ներդրումների սահմանափակմանը.

թ) պայմանագրի կողմին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրմանը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

ժ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը:

3. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

ա) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).

բ) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող ու ձեռքբերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն):

4. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

ա) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

բ) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կամ վարքագիծը:

5. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

6. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը:

7. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով):

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ


Հոդված 6. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը

 

1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) չունի մրցակից:

2. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

3. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը:

4. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

5. Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, ինչպես նաև գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

6. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվում, ինչպես նաև այդ դիրքը կորցնելու դեպքում` գրանցումից հանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը

 

1. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:

2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝

ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական և (կամ) տարբերակված գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.

բ) այլ տնտեսվարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.

գ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը.

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը.

ե) պայմանագրի կողմին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

զ) տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.

է) այլ տնտեսվարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

ը) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին.

թ) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ


Հոդված 8. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը

 

Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում՝

ա) տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը.

բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը.

գ) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

Հոդված 9. Համակենտրոնացման հայտարարագրումը

 

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

ա) մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

բ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

գ) մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

դ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ:

2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

ա) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.

բ) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ.

գ) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.

դ) հայտարարագրողի ցանկությամբ` նաև ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ:

3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:

Հոդված 10. Համակենտրոնացման պետական կարգավորումը

 

1. Գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումն արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ այն նպաստում է սպառողների շահերին և (կամ) տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացմանը:

2. Հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա:

3. Արգելվում է հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ համակենտրոնացմանը մասնակցելը՝ մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:

4. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում 2-րդ մասի և 15-րդ հոդվածում 2-րդ մասի «կետում» բառերը փոխարինել «մասում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի «կետում» բառը փոխարինել «մասում» բառով, իսկ «կետով» բառը` «մասով» բառով.

բ) 4-րդ մասի «դ» կետի «ենթակետերում» բառը փոխարինել «կետերում» բառով.

գ) 7-րդ մասի «բ» կետի առաջին պարբերության «սույն կետի «ա» ենթակետում նշված» բառերը փոխարինել «սույն մասի «ա» կետում նշված» բառերով, իսկ երկրորդ պարբերության «կետի» բառը` «մասի» բառով:

 

Հոդված 7. Օրենքը 5-րդ գլխից հետո լրացնել հետևյալ 51-րդ գլխով`

 

«Գ Լ ՈՒ Խ  51

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 161. Պետական օժանդակությունը, դրա արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում կառավարության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կամ պետական մասնակցությամբ կազմակերպության կողմից կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբի տրամադրվող ցանկացած օժանդակությունը (ներառյալ` ֆինանսական միջոցներ, այդ թվում` օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ կամ այլ պայմաններ):

2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով:

3. Սույն հոդվածը չի տարածվում պետական այն օժանդակությունների վրա, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:

4. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությանը) կամ դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչև պետական օժանդակություն տրամադրելը կամ դրա ստացման համար դիմելը, եզրակացություն ստանալու համար իրավասու են դիմելու Հանձնաժողով:

5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:»:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողով» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «բ» կետը «բարեխիղճ» բառից հետո լրացնել «և ազատ» բառերով.

բ) 2-րդ մասի «Սույն նպատակներն» բառերը փոխարինել «Իր խնդիրներն» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանձնաժողովն իրավունք ունի՝

ա) ընդունելու որոշումներ՝

- սույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների,

- ապրանքային շուկաների ուսումնասիրության,

- վարչական վարույթ հարուցելու կամ իրականացնելու կապակցությամբ հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն և (կամ) դիտանցում իրականացնելու,

- ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,

- գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),

- տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման,

- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաև համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու,

- համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ուժը կորցրած ճանաչելու,

- տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

բ) իրականացնելու վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.

գ) տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացնելու հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն և (կամ) դիտանցում.

դ) դիմելու դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով.

ե) դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները դադարեցնելու միջնորդությամբ.

զ) նշանակելու տուգանքներ, կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ.

է) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, ինչպես նաև ապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր.

ը) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.

թ) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:».

բ) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12. Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, հետազոտության, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք չներկայացնելու համար պատասխանատվությունից:»:

 

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում 1-ին մասի «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, իսկ «ենթակետերում» բառը` «կետերում» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


«Հոդված 22. Հանձնաժողովի աշխատակազմը

 

Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:»:

 

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև».

բ) «դ» կետը լրացնել «, հաստատում նիստի օրակարգը» բառերով.

գ) «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատակիցների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, իրականացնում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով և Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանձնաժողովի կանոնադրությունը սահմանում է Հանձնաժողովի գործունեության կարգը:»:

 

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածում 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Վարույթ, հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` ապրանքային շուկայի ուսումնասիրության) և (կամ) դիտանցում իրականացնելու կամ տնտեսվարող սուբյեկտներին առնչվող այլ հարցի կապակցությամբ Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

3. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռք բերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` ընթացիկ տարվա հուլիսի 1-ի և հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ` համապատասխանաբար մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը և հաջորդ տարվա փետրվարի 15-ը:»:

 

Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանձնաժողովի նախագահը «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սահմանված ժամկետում Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

Բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված, ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում, որի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում նաև հայտը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում նաև բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:»:

 

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


«Հոդված 30. Աշխատանքների կազմակերպման կարգը

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն հինգը:

3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:

4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ:

5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:

6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում:

Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատակազմին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:

Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:

Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

7. Վարչական ակտի ընդունումից հետո հասցեատիրոջն է հանձնվում դրա պատճենը` 5 օրվա ընթացքում:

8. Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Հանձնաժողովի կողմից ընդունված մյուս անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե դրանցով այլ ժամկետ սահմանված չէ:

9. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

10. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:»:

 

Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


«Հոդված 31. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման կարգը

 

Սույն օրենքի խախտման դեպքում, նախնական ծանուցմամբ, Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ տալու նախազգուշացում և խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարություն և (կամ) նշանակելու օրենքով նախատեսված չափերով տուգանք և (կամ) որոշակի ժամկետով կասեցնելու համակենտրոնացումը և (կամ) ուժը կորցրած ճանաչելու այն:»:

 

Հոդված 19. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 32-րդ հոդվածը:

 

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածում վերնագիրը, 1-ին մասը և 3-րդ մասը «առևտրային» բառերից հետո լրացնել «, բանկային կամ ծառայողական» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «կատարվում է» բառերը հանել, իսկ «կողմից» բառից հետո ավելացնել «ենթակա է կատարման» բառերը.

բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը):»:

 

Հոդված 22. Օրենքի 36-րդ հոդվածի տեքստը 1-ին մասից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելն) առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մասնակցելու) նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում, սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում, սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը (այդ համակենտրոնացմանը մասնակցելը) առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

5. Անբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար դրամի չափով:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ միլիոն դրամի չափով:

6. Արգելված պետական օժանդակություն ստանալն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:

7. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հայուր հազար դրամի չափով:

Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ երկու միլիոն դրամի չափով:

8. Հանձնաժողովի անդամներին կամ աշխատակիցներին սույն օրենքով, կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:»:

 

Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 37. Հանձնաժողովի որոշումը չկատարելը

 

Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշումը (բացառությամբ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու մասին որոշման) չկատարելը` որոշման մեջ նշված ժամկետում` առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ միլիոն դրամի չափով:»:

 

Հոդված 24. Օրենքի 38-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «փոխհատուցման» բառը փոխարինել «հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից» բառերով.

բ) 2-րդ մասի «իշխանության գործադիր, այդ թվում` Հանձնաժողովի» բառերը փոխարինել «պետական» բառով:

 

Հոդված 25. Օրենքի 40-րդ հոդվածի վերնագրից և տեքստից «ֆիզիկական կամ» բառերը հանել:

 

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 23
Երևան
ՀՕ-107-Ն